ՈՒՂԵՐՁԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ. ՍԱ՛ Է ԿԱՐԵՒՈՐԸ

Հայաստանի բոլոր երեք նախագահները իւրաքանչիւր ապրիլ 24-ին գրաւոր ուղերձ են յղում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ կապակցութեամբ: Այս տարուայ ուղերձում եւս, ինչպէս նախորդներում, թոյլ տրուեց պատմական ու պատմագիտական լրջագոյն սխալ եւ նոյնքան կարեւոր բացթողում: Նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձում ասւում էր, որ` «Օսմանեան կայսրութեան կողմից պետականօրէն իրականացուել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր»:

Առաջին. հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիրը իրականացուել է ոչ միայն Օսմանեան կայսրութեան, այլ նաեւ քեմալականների` այսօրուայ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրների կողմից: Միայն մէկ փաստ ներկայացնենք. 1920թ. հոկտեմբեր-նոյեմբերին Քեազիմ Քարապեքիրի գլխաւորութեամբ գրաւելով Հայաստանի առաջին հանրապետութեան անքակտելի մաս կազմող Արեւելեան Հայաստանի մի քանի շրջաններ, այդ թւում` Կարսի մարզը (Անի մայրաքաղաք-աւերակների հետ միասին), Սուրմալուի գաւառը (հայ ժողովրդի խորհրդանիշ Արարատ սարի հետ միասին) եւ Ալեքսանդրապոլի շրջանը, քեմալականները վեց ամիս շարունակ` մինչեւ 1921թ. ապրիլի վերջերը, սպանդ ու աւէր էին իրականացնում:

Ապրիլի վերջերին ներքին գործերի ժողովրդային կոմիսար Պօղոս Մակինցեանը «Կոմունիստ» թերթի հետ զրոյցում  ներկայացնում է Ալեքսանդրապոլի եւ գաւառի վիճակը. «Քաղաքն աւերուած է: Ահա առաջին տպաւորութիւնը, որ ստանում ես քաղաքից` թուրքերի գնալուց յետոյ: Գտնուել են մեծ կոտորածների հետքեր: Միայն Նալբանդ կայարանի մօտ ձորում, որտեղով ես անձամբ անցայ ու տեսայ, կան մօտ 3000 դիակներ»: Թուրքերի կոտորածներն ուսումնասիրելու նպատակով ստեղծուած յատուկ յանձնաժողովի թուերը, որքան էլ լինէին սարսափազդու, չէին կարող ներկայացնել սպանդի ու աւերի ողջ պատկերը: Մեծ Քեափանակ գիւղում սպաննուել, սրի էր քաշուել մօտ 1500 մարդ` տղամարդ, կին ու երեխայ, դիակները փռուած էին խրճիթներում, գոմերում, մարագներում եւ հորերում: Մօտ 1500 մարդ էր սպաննուել Հաճի Նազար-Ղուլի գիւղում, որից 500 դիակը` մօտակայ ձորում: Փոքր Քեափանակում եւ Չոռլիում սպաննուածների թիւը հասնում էր 1000-ի իւրաքանչիւրում, Դիրաքլարում` 300, Ջաջուռում` մինչեւ 100 մարդ: Փրկուած եւ ականատես բնակիչները նշել են թուրքական մի քանի զօրամասերի եւ Ազրպէյճանի հեծելազօրի գազանութիւնները:

Ընդհանուր առմամբ, քեմալականները` Կիւլի, Էրտողանի նախորդները, Արեւելեան Հայաստանում սրի են քաշել մինչեւ 200 հազար հայերի:

Երկրորդ սխալը կամ բացթողումը, որ ամէն տարի թոյլ է տրւում Հայաստանի նախագահների ուղերձում, Հայոց ցեղասպանութեան վայրերը չնշելն է: Իսկ դա ամենակարեւորն է: Հայոց ցեղասպանութիւնը իրականացուել է Օսմանեան կայսրութեան, Արեւմտեան Հայաստանի եւ Արեւելեան Հայաստանի տարածքում: Ժամանակ առ ժամանակ Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաները եւ դիւանագէտները աւելի կոպիտ սխալ են թոյլ տալիս` յայտարարելով, թէ հայերը ցեղասպանութեան են ենթարկուել Անատոլիայում: Ինչպէս աշխարհագրօրէն, այնպէս էլ` պատմականօրէն, Անատոլիան Արեւմտեան Հայաստանը չէ:

Հայոց ցեղասպանութեան իրականացման վայրերի սահմանումը ճշդօրէն տրուած է մի քանի փաստաթղթերում, այդ թւում` ոչ միայն հայկական:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհրդի ընդունած Անկախութեան հռչակագրի 11-րդ կէտում ասւում է. «Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»: Հռչակագիրը շատ կարեւոր իրաւական փաստաթուղթ է` սահմանադրութեան հիմքը, եւ Հայաստանի նախագահը, բարձրաստիճան միւս պաշտօնեաներն ու դիւանագէտները պէտք է հաւատարիմ մնան այդ փաստաթղթի տառին ու ոգուն:

1995թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Պետական տուման ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Ընդունուած բնագրում մասնաւորապէս ասւում էր. «Յենուելով անհերքելի պատմական փաստերի վրայ, որոնք վկայում են Արեւմտահայաստանի տարածքում (ընդգծումը մերն է – Թ. Յ.) 1915-1922թթ. հայերի բնաջնջման մասին, նշելով, որ իր պատմական հայրենիքում (ընդգծումը մերն է – Թ. Յ.)  եղբայրական հայ ժողովրդի ֆիզիքական բնաջնջումը կատարուել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով…»:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES