Մենք. Երբ Հայրենիքը Սոսկ Աշխարհագրութիւն Չի

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Երբեմն մտածում եմ, թէ Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքում էլ ի՞նչ պիտի կատարուի, որ անկանխատեսելի ու անբացատրելի լինի կամ կարողանայ զարմացնել:

(Չկարծէք, թէ չեմ գիտակցում, թէ անհատի ու յատկապէս հասարակութեան համար որքան ամայացնող է զարմանալու յատկութիւնը կորցնելը):

Նոյնքան էլ չենք զարմանում կամ անակնկալի գալիս նաեւ, երբ հայաստանեան իրողութիւններին քաղաքական, ընկերային, մշակութաբանական կամ բարոյական գնահատականներ են տրւում:

Գրեթէ ամէն ինչ ասուած է եւ` վաղուց. ըստ էութեան, ախտորոշման ու վերլուծութեան պակաս նոյնպէս չկայ: Յոռետեսութիւն, յուսահատութիւն, արտագաղթ, անտարբերութիւն, ընտրակաշառք, փտածութիւն, քաղաքական ու բարոյական ճգնաժամ, ոչ օրինականութիւն, քաղաքական հաստատութիւնների արժեզրկում, անկայուն հասարակութիւն® Այսպիսի գնահատականներով ու վերլուծութիւններով տարիներ շարունակ լիքն է հայրենի մամուլն ու քաղաքական միտքը: Նոյնիսկ վտանգաւոր չափով լիքը, որովհետեւ յամառ ու կենսունակ ախտորոշման, իսկ որոշ քաղաքական ուժերի համար նաեւ անփոփոխ քաղաքական օրակարգի պայմաններում, երբ նոյն յամառութեամբ էլ աննահանջ են մնում խնդիրներն ու էլ աւելի են թանձրանում հարցերը, տեղի է ունենում անենասարսափելին` մեռնում կամ արժեզրկւում են գաղափարներն ու հասարակութիւնը դառնում է ընդամէնը յուսալքուած հաւաքական դիմանկար` առանց նեարդի, առանց գրգիռի ու տեսլականի, երբ հայրենիքը սոսկ աշխարհագրական կօօրդինատ է, որի նկատմամբ ոչ պարտք ունես, ո՛չ պահանջ, ո՛չ էլ` յանձնառութիւն:

Անցնող կիրակի Ազգային ժողովի թափուր տեղերի համար մեծամասնական ընտրակարգով ընտրութիւններ էին Երեւանում եւ Գիւմրիիում:

Երեւանի Աւան թաղամասում, տխրահռչակ Ռուբեն Հայրապետեանի հրաժարականից յետոյ, պատգամաւորական աթոռի համար պայքարում էր «ժառանգութիւնից» Ստեփան Սաֆարեանը` նախորդ խորհրդարանի ամենաաշխուժ ընդդիմադիրներից մէկը, տասնեակ օրէնքների հեղինակը, հանրային, բնապահպանական ու քաղաքաշինական բոլոր նախաձեռնութիւնների աշխուժ մասնակիցը, միջազգային պատուիրակութիւններում Հայաստանի շահը նուիրումով ու բարձր արհեստավարժութեամբ պաշտպանած եզակիներից մէկը: Շատերն էին փայփայում այն միամիտ յոյսը, թէ իշխանութիւնները «կը թողնեն», որ Սաֆարեանն անցնի, թէկուզեւ նախագահական ընտրութիւնների նախօրեակին ժողովրդավարական «թօզ» փչելու համար, թէկուզեւ միջազգային կառոյցներին ապացուցելու համար, որ Հայաստանում ընդդիմութեան կամ այլընտրանքի փոքրիկ լուսանցք այնուամենայնիւ կայ:

Եւ եղաւ ինչպէս միշտ. Ստեփան Սաֆարեանը հաւաքեց 3000 ձայն, իսկ իշխանութեան թեկնածուն, որին ընտրողներից ոչ մէկը դէմքով անգամ չգիտէր, եւ որի միակ խաղաթուղթն ու քաղաքական հմայքը գործող քաղաքապետի աներձագ լինելն էր, իսկ գաղափարական հաւատարմութեան ու պատկանելութեան աղբիւրը բաճկոնի ՀՀԿ-ականի նշան ունենալը, 18000 ձայնից աւելի հաւաքեց: Եւ ամենակարեւորը, եւ ոչ մի ընտրակեղծիք: Ես չեմ զարմանում. այն, որ Հայաստանը վաղուց բդեշխութեան է վերածուել ու մեծամասնականով ընտրւում են տարածքային բդեշխ-սակաւապետները, նորութիւն չէ:

Գիւմրիիում ձայների ջախջախիչ մեծամասնութեամբ դարձեալ «ընտրուեց» իշխանութեան ներկայացուցիչը: Այն Գիւմրիում, ուր հանրապետութիւնում աղքատութեան ամենաբարձր տոկոսն է` 40 առ հարիւից աւելի,  եւ ուր ամենաբարձրն է նաեւ արտագաղթի ցուցանիշը: Եւ ոչ մի խախտում: Ես էլի չեմ զարմանում, բայց չեմ կարողանում նաեւ ինքս ինձ մեղադրելով` հարց չտալ` մեր ժողովրդի մէջ այսքան համակերպուած ծառայ ու հանդուրժող, այն էլ անկախութեան 22 տարիներին, ինչպէ՞ս ծնեցինք, մարդկային, քաղաքական ու հոգեբարոյական այս բեռով ո՞ւր ենք գնում:

Խաղի այսպիսի կանոններ սահմանածների համար պետութեան եւ իշխանութեան որակներն անկարեւոր, գուցէ եւ չգիտակցուող արժէքներ են: Նրանք լուծում են իշխանութիւն պահելու այսրոպէական խնդիրը: Իսկ «ընտրուած» երկուսն, ինչպէս` խորհրդարանում այսպիսի տասնեակներ, մէկ հիմնական դեր ունեն, նրանց միակ արժանիքը հնազանդ լռութիւնն է ու հանրապետութիւնում աղքատութիւնն ու արտագաղթը խթանող, բարոյական ու քաղաքական ճգնաժամը խորացնող օրէնքների քուէարկութիւնը:

Իսկ ժամանակը, վիճակագրի յանձնառութեամբ, արձանագրում է հայաստանեան համայնապատկերի հերթական դրուագը: Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի մականունաւոր բդեշխներից մէկի` Թոխմախի Մհերի թիկնապահները ծեծել են երկու երիտասարդի, որոնցից մէկը Երեւանի Ստանիսլաւսկու անուան թատրոնի դերասան է:

Անցնող կիրակի միայն ընտրական չէր, անցնող շաբաթավերջ Հայաստանում էր նաեւ Եւրոխորհրդարանի ամենամեծ խորհրդարանական խմբակցութեան` Եւրոպայի Ժողովրդավարական կուսակցութեան պատուիրակութիւնը. այն նոյն ԵԺԿ-ի ղեկավարութիւնը, որին տարօրինակօրէն անդամակցում են գաղափարական ու արժէքային տարբեր բեւեռներ ներկայացնող հայաստանեան երեք կուսակցութիւններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու Ժառանգութիւնը: Հայաստանում ընտրական գործընթացները կազմակերպւում են միջազգային չափանիշներին համահունչ, առանց էական խախտումների, բարձրաձայնում են ժողովրդավար եւրոպացիները:

Միջազգային յարաբերութիւններում կրկնակի չափանիշներին  սովոր եւ զարմանալու յատկութիւնը գրեթէ կորցրած Հայաստանի քաղաքացու համար ոչինչ չասող, զաւեշտական ու անպտուղ գնահատական:

Իսկ Հայաստանում, այնուամենայնիւ, թէեւ քիչ, բայց կան կողմնորոշուած քաղաքացիներ, (թէկուզ Աւանի այն 3000-ը), որոնք խաղի կանոնը փոխելու յամառութիւն ունեն ու նրանց ուղենիշը երկիր-հայրենիքի նկատմամբ տիրոջ յանձնառու պատասխանատուութիւնն է:

Ի դէպ, անցնող կիրակի նաեւ ստալինեան (1936թ.) սահմանադրութեան օրն էր, իսկ այդ սահմանադրութեամբ երաշխաւորւում էին խօսքի եւ հաւաքների ազատութիւնները, նաեւ` ազատ ընտրութիւնները:

 

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )