Փախուստից Սփիւռք Չի Ծնւում
Զրուցեց` Յ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ
Սպարտակ Ղարաբաղցեան: Գրող հրապարակախօս, բեմագիր: Խորհրդային տարիներին աշխատել է Սփիւռքի հետ մշակութային կապերի կոմիտէում: Մշակոյթի նախարարութիւնում ղեկավարել է սփիւռքի հետ կապերի վարչութիւնը: Սպարտակ Ղարաբաղցեանի հետ մեր զրոյցը նպատակայարմար գտանք բաժանել երկու մասի: Առաջին մասը, որ արծարծում է սուրիահայութեան եւ արտագաղթի խնդիրները, ներկայացնում ենք ստորեւ:
ՀԱՐՑՈՒՄ.- Աշխատանքի բերումով շատ ես եղել հայկական գաղթօճախներում: Կարելի է ասել` սփիւռքը ճանաչում ես հինգ մատի պէս: Աւելի ճիշդ` սփիւռքը կրում ես հոգուդ մէջ: Նաեւ քո` «Ուր գնում եմ` Հայաստանը հետս է» առաջին գրքի բոլոր պատմուածքներում, էսսէներում Հայաստանն էր, հայութիւնն ու հայ գաղթօճախները:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես գրքի վերնագիրը պատահական չեմ ընտրել, որովհետեւ ես երբեք սփիւռքը Հայաստանից չեմ առանձնացրել: Սփիւռքը Հայաստանի անբաժան մասն է, հայութեան ճակատագիրը: Վերջին իրադարձութիւններն էլ փաստեցին, որ եթէ ինչ-որ մի տեղ սփիւռքին վտանգ է սպառնում, այդ վտանգը նաեւ Հայաստանին է սպառնում: Նոյն արեան գիծն է, նոյն արեան շրջագայութիւնը: Մի պարզ օրինակ բերեմ բժշկութիւնից. եթէ մի տեղ արեան շրջագայութիւնը խաթարւում է, օրկանիզմը հիւանդանում է: Բայց մենք միայն օրկանիզմ չենք, մենք հոգեւոր միասնութիւն ենք: Շատերը դա չեն զգում:
Հ.- Ի՞նչն է պատճառը, որ չեն զգում:
Պ.- Ըստ իս, պատճառներից հիմնականը նիւթապաշտութիւնն է, որ համաշխարհային հիւանդութիւն է դարձել: Դա մարդկութեան հիւանդութիւնն է, եւ մենք որքան էլ ցանկանանք մեզ այդ հիւանդութիւնից դուրս դնել, չի ստացւում: Ա՛յ, ոնց որ վարչապետը ցանկանում էր մեզ դուրս դնել համաշխարհային ճգնաժամից, չեղաւ, չէ՞: Վերջում խոստովանեց, որ ճգնաժամն է հիմնական պատճառը, որ ո՛չ կարողանում ես աշխատավարձ բարձրացնել, ո՛չ աշխատատեղ ստեղծել, բայց սկզբում անտեսում էին, ուրիշ բաներից էին խօսում` առանց հարցի մէջ խորանալու: Սա միայն ֆիզիքական կողմն է, բայց դրանից աւելի շատ տուժում է նաեւ հոգեւորը: Մենք միշտ սփիւռքին նայել ենք որպէս նիւթական բարիքներ ունեցող հատուածի, դրա համար ես միշտ ասում եմ, որ մենք դեռ սփիւռքի գրպանից վերեւ չենք բարձրացել: Հէնց վերեւ ես բարձրանում, տեսնում ես, որ սփիւռքը ցաւ ունի, որ սփիւռքը հոգսեր ունի: Սուրիայում կատարուած դէպքերը դրա վառ ապացոյցն են: Շատերի մօտ մտայնութիւն կար, որ կը գան սփիւռքից, գումարներ կը ներդնեն, բայց սփիւռքը միայն փողի տոպրակ չի: Սփիւռքն էլ մեզանից տարբեր չի: Այնտեղ էլ շերտեր կան, առանց չափազանցութեան` օրուայ հացի կարօտ են:
Հ.- Ոմանց համար սփիւռքը պարծենալու առիթ է: Որքանո՞վ է տեղին պատեհ-անպատեհ պարծենալ սփիւռքի գոյութեամբ:
Պ.- Եթէ նկատի ունեն բարձունքների հասած սփիւռքահայերին, ի հարկէ կարելի է հպարտանալ, եւ այդ հպարտութիւնը քեզ պէտք է մղի աւելի լաւ բաների: Օրինակ` Շարլ Ազնաւուրով ինչպէ՞ս կարելի է չհպարտանալ կամ, ասենք, Գառզուով: Անուններ շատ կան, բայց հո միայն սփիւռքի ցուցափեղկով հպարտանալը չէ, այդ ցուցափեղկից ներս աշխարհ կայ, որը պէտք է ճանաչես: Խորհրդային տարիներին Սփիւռքի հետ մշակութային կապի կոմիտէ ստեղծուեց: Որքան էլ փնովում ենք խորհրդային տարիները, բայց այդ տարիներին Սփիւռքի կոմիտէն աւելի շատ գործ արեց, քան` արտաքին գործերի նախարարութիւնը: Որովհետեւ բաներ կային, որ պետութիւնն ի վիճակի չէր անել, իսկ կազմակերպութիւնները կարողանում էին անել:
Հ.- Բայց այդ նոյն կոմիտէն, որ այն ժամանակ ստեղծուեց, արդեօ՞ք խորհրդային գաղափարախօսութեան կրողը չէր եւ չէ՞ր ուղղորդւում, ինչո՞ւ չէ, նաեւ ղեկավարւում ՊԱԿ-ի Քէյ.Ճի.Պի.ի կողմից:
Պ.- Բայց այն ժամանակ ի՞նչը գաղափարական կնիքի տակ չէր:
Հ.- Այդ դէպքում ի՞նչն է պատճառը, որ այն ժամանակ աւելի շատ գործ էր արւում, աւելի ուշադիր էինք սփիւռքի հանդէպ, քան հիմա: Համաձա՞յն ես, որ հիմա աւելի կրաւորական ենք:
Պ.– Ոչ թէ կրաւորական ենք, այլ ինչ-որ տեղ շփոթուած ենք: Կրաւորականութիւնն աւելի վտանգաւոր բան է, բայց եթէ ինչ-որ տեղ խուճապի ես մատնուել, ուրեմն քո անելիքը չգիտես: Այսօր մենք աւելի մեծ կառոյց ունենք` սփիւռքի նախարարութիւնը: Այսինքն պետութիւնն է ներկայ այս հարցում: Պետական կառոյց կայ, եւ քեզ աւելի ապահով պէտք է զգաս: Ես չգիտեմ` Իսրայէլը ունի՞ սփիւռքի նախարարութիւն, թէ՞ ոչ, բայց նրանց գործունէութիւնն ու մերը եթէ կողք կողքի դնենք, հսկայական տարբերութիւն կայ: Ճակատագրով մենք այնքան նման ենք իրար, բայց… Նրանք իրենց սփիւռքը ոնց են օգտագործում, մենք` ոնց: Իսրայէլի սփիւռքը նպաստեց պետութիւն ունենալուն, իսկ մենք, պետութիւն ունենալով հանդերձ, չենք կարողանում սփիւռքը ճիշդ օգտագործել հզօրանալու համար, չնայած միշտ ասում ենք առանց սփիւռքի չկայ Հայաստան, առանց Հայաստանի չի կարող սփիւռքը լինել: Դա ընդամէնը բառախաղ է, եւ այդ բառախաղը պէտք է դադարի բառախաղ լինելուց: Սփիւռքին պէտք չէ տնօրէնի աչքերով նայել: Օրինակ` 1947 թ. ներգաղթը, ճիշդ է, գաղափարական կնիքի տակ էր, բայց այդ ներգաղթից Հայաստանը շահեց: Բոլոր բնագաւառներում, կենցաղից սկսած` բոլոր շերտերում դրական փոփոխութիւնները ակնյայտ էին:
Հ.- Բայց 80-ականներին սկսուեց այդ նոյն հայրենադարձուածների արտագաղթը:
Պ.- Հիմա անդրադառնամ այդ երեւոյթին: Այդ «արտագաղթ» կոչուող շապիկը, որ հագցրել ենք երեւոյթին, ես ճիշդ չեմ համարում: Աւելի ճիշդ` ես այն կ՛անուանէի փախուստ:
Հ.- Այդքան տարի անկախութիւն երազելուց եւ դրան հասնելուց յետոյ յանկարծ սկսում են փախչել: Ինչո՞ւ:
Պ.- Արտագաղթը պարտադրուած է լինում: Տե՛ս` 1915թ. պարտադրուած արտագաղթը ծնեց սփիւռք: Այսօրուայ փախուստից, որ բոլորը կոչում են արտագաղթ, սփիւռք չի ծնւում: Կարո՞ղ ես Մոսկուայում կամ Ռուսաստանում վերաբնակեցուած հային համարել սփիւռքահայ: Կամ` նոյնը Միացեալ Նահանգներում: Այսօրուայ հեռացած հայը չի մերւում ճակատագրով սփիւռքահայ դարձածի հետ: Դրանք տարբեր բաներ են: Սփիւռքահայը ինքը ճակատագիր է: Տես սուրիահայերին եւ մի պահ համեմատիր նրանց Ռուսաստան փախած հայերի հետ: Երկուսն էլ փախել են: Երկուսն էլ իրենց երկրներից, բայց մի դէպքում սուրիահայը պարտադրուած փախել է հայրենիք, իսկ միւս դէպքում հայրենիքից են փախել Ռուսաստան:
Հ.- Սուրիահայերի համար էլ հայրենիքը որոշ առումով տարանցման երկիր է: Նրանք էլ են գնում, չեն մնում:
Պ.- Ցաւօք, այս դէպքում հայրենիքը նրանց համար դարձել է ընդամէնը ապահով վայր, դադար առնելու վայր: Ես երբ իմ առաջին գիրքը գրում էի, ներքուստ զգում էի, որ Հալէպը մեզ համար լաւ կիսակայարան է: Ես գրել էի` շնորհակալ եմ քեզանից Հալէպ, որ տեղ տուիր, ապաստան տուիր իմ հայրենակիցներին, բայց, միեւնոյն է, ներքուստ զգում էի, որ այն կիսակայարան է: Դա 90-ականներն էին` Հալէպի ծաղկուն եւ Հայաստանի անկախութեան հաստատման շրջանը: Եւ այն ժամանակ ում հետ զրուցում էի, բոլորի համար Հայաստանը պէտք էր դառնար ոչ թէ ապաստանի երկիր, այլ վերջնական հաստատման վայր` իրական հայրենիք: Բայց եթէ այսքանից յետոյ մարդը գալիս է եւ որոշ ժամանակ յետոյ հեռանում, ասենք` Շուէտ կամ Քանատա, նշանակում է նա փախուստի անվտանգ տարբերակն է ընտրել` հայրենիքը: Նոյն հարց կարող ենք տալ այսօր Հայաստանից փախչող հային` թէ ինչո՞ւ Հայաստանն իր համար հայրենիք չդարձաւ: Երբ հայրենիքը չի դառնում քո կենսագրութիւնը, չի դառնում քո արեան շրջանառութիւնը, այդ դէպքում հայրենիքը մնում է լոկ տարածք:
Հ.- Ի՞նչ է պէտք անել, որ հայրենիքը դառնայ ՀԱՅՐԵՆԻՔ:
Պ.- Ես նորից պէտք է Իսրայէլի օրինակին դիմեմ: Հետաքրքիր բան ասեմ: Մենք ինչ մտածում էինք 18-19 դարերում, հրեաները դրանք օգտագործեցին: Մեզ համար մեր մտածածը երազանք մնաց, նրանք իրականացրեցին: Հրեաները 3000 տարի յետոյ հայրենիք ստեղծեցին, գնացին, հաւաքուեցին ու ստեղծեցին իրենց իրական հայրենիքը: Նրանք համբերատար իրենց գործը արեցին եւ հաւաքուեցին ու ստեղծեցին իրենց երկիրը: Մենք երկու անգամ պետականութեան հրաշքը ունեցանք 1918-1920 թթ. եւ 1920-1991թթ: Այո՛, չլինէին այս երկու շրջանները, չէր լինի այս երրորդ շրջանը: Մենք էլի կ՛ունենա՞նք այսպիսի հնարաւորութիւն: Աստուած էլ չի տայ այսպիսի հնարաւորութիւն: Այո, սա Աստծու պարգեւն է, որովհետեւ անկախութիւնը Աստծոյ պարգեւ է: Ոնց որ մարդն է Աստծոյ պարգեւը, այնպէս էլ` անկախութիւնն ու ազատութիւնը: Քեզ Աստուած ստեղծել է, որ ազատ ապրես, եւ երբ դու ստրուկի հոգեբանութեամբ ես ապրելու, Աստուած քեզ դրանից կը զրկի:
Հ.- Քո ընկեր` լուսահոգի Վազգէն Սարգսեանը ասում էր, 21-րդ դարը մերն է լինելու:
Պ.- Դա հէնց այնպէս ասուած խօսք չէ: Դա մեր սերնդի ցանկութիւնն է: Եթէ մենք չհաւատայինք, այդ ցանկութեամբ ապրած չլինէինք, չէր ասի: Մեր սերնդի երազանքն էր Վազգէնը արտայայտում: Եթէ մենք դրան չհաւատայինք, 88-ին ոտքի չէինք կանգնի:
Հ.- Հաւատացինք, բերեցինք անկախութիւնը, սպաննեցինք Վազգէնին, նրա տեսակը: Հիմա, ըստ քեզ, ինչպիսի՞ն է լինելու 21-րդ դարը:
Պ.- Եթէ ես չհաւատամ, որ 21-րդ դարը իրօք մերն է լինելու, ուրեմն զուր եմ ապրում:
Հ.- Կարո՞ղ ենք համարել, որ ովքեր չեն հաւատում, թողնում գնում են հայրենիքից:
Պ.- Գիտես, փախնողների մէջ յուսահատութիւն կայ: Մենք երկու փախուստ ունեցանք անկախութիւնից յետոյ: 90-ականների փախչողներն ովքե՞ր էին: Նրանք, ովքեր չէին հաւատում, չէին դիմանում եւ փախան: Հիմա ուրիշ փախուստ է: Հիմա փախչողների 90 տոկոսը ոչ թէ փախչում է մի փոր հացի համար, այլ` չնուաստանալու, չվիրաւորուելու, չստորանալու, չքծնելու համար: Նկատե՞լ ես` քծնանքը ինչ մեծ դեր է խաղում այսօր: Ասում են` կաշառակերութիւնը վերացնենք: Ո՞նց կարող են կաշառակերութիւն վերացնել, երբ թիւ մէկ խնդիրը արիական ժողովրդի համար դարձել է քծնանքը: Քծնանքը շատ աւելի վատ բան է, քան կաշառակերութիւնը: Կաշառակերութիւնն ու քծնանքը քոյր եւ եղբայր են: Եթէ մէկը կայ, միւսը չի կարող չլինել:
Հ.- Ի՞նչ է պէտք անել սուրիահայութեան խնդրով, որ այսօր չի արւում կամ նուազ է արւում:
Պ.- Ես այդ դեղատոմսը չունեմ, բայց նկատում եմ, որ այս հարցը կառավարական մակարդակով առաջնային խնդիր չի դիտարկւում: Ինձ թւում է, որ սուրիահայութեան հարցը մշտապէս պէտք է լինի մեր ուշադրութեան կենտրոնում: Զանգուածային լրատուամիջոցներում այս հարցն առաջնային տեղ պէտք է զբաղեցնի, բայց երբ նայում կամ կարդում ես լրատուութիւնը, այն երրորդական, չորրորդական դիրքերում է, այն դէպքում, երբ սուրիահայ գաղթօճախ ասելով` միայն գաղթօճախ պէտք չէ նկատի ունենանք: Այն յիշողութեան պուլիկ է: Մենք մօտենում ենք Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Այսօր շատ լրատուամիջոցներ գրում են` «Ցեղասպանութեան 100-ամեայ յոբելեան»: Անհեթեթութիւն է, չէ՞: Քեզ կոտորել են, իսկ դու այն յոբելեան ես անուանում: Էլի բերեմ հրեաների օրինակը: Նրանք երբեք այսքան չէին էժանացնի իրենց ողբերգութիւնը: Նրանք աշխարհին պարտադրեցին ճանաչել իրենց ցեղասպանութիւնը: Մենք հէնց մեր ուժեղ սփիւռքով պէտք է պարտադրենք աշխարհին Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, հէնց այդ նոյն սուրիահայ գաղթօճախի շնորհիւ: Որովհետեւ ամենամեծ վկայութիւնը Տէր Զօրն է, իսկ հալէպահայութիւնն ու այդ միջավայրը այսօր փլուզման ճանապարհին է: Այն, ինչ թուրքերը ծրագրել էին, 100 տարի յետոյ էլ շարունակում են անել` օգտուելով մեր տգիտութիւնից, անկրթութիւնից, մեր անկարողութիւնից: Որովհետեւ ի՞նչ է նշանակում, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը յայտարարում է, թէ իրենք պատրաստ են սուրիահայերին տեղ տրամադրել իրենց երկրում, իսկ մեր արտաքին գործերի կամ սփիւռքի նախարարութիւնը լռում են: Մի՞թէ դրանց հակազդելու բան չունեն: Այսինքն` Թուրքիան շատ լաւ տեղեակ է այստեղի վիճակից, սուրիահայութեան վիճակից, լաւատեղեակ է, թէ մենք ինչպէ՛ս ենք ընդունում մեր հայրենակիցներին, ի՞նչ խնդիրներ կան եւ ըստ այդմ էլ` շնականօրէն յայտարարութիւններ է անում, որի շնականութիւնը միայն մենք ենք հասկանում, իսկ արտաքին աշխարհի համար դա աւելի շատ մարդասիրական ժեսթ է: Նրանք շատ լաւ գիտեն` որքան հայ եկաւ Հայաստան, որքանը գնացին Շուէտ, որքանն են պատրաստւում մեկնել Քանատա եւ այլն: Նրանք այս վիճակից հրճուանք են ապրում, որովհետեւ, եթէ նրանք մտածէին, որ սա այն որձ երկիրն է, որ իր հայրենակիցներին տէր է կանգնում, ժամանակաւոր ապաստան է տալիս, որ յետոյ առօք-փառօք նորից ճանապարհի Սուրիա, իրենց խնդիրն այլ կը լինէր: Շուտ թէ ուշ Սուրիայում վիճակը կարգաւորուելու է: Ես Սուրիան առանց հայութեան չեմ պատկերացնում: Եթէ այնտեղ էլ հայութիւնը պէտք է յիշողութիւն դառնայ, ուրեմն մենք երկրորդ ողբերգութիւնն ենք ապրում: Մնացած գաղթօճախներին էլ նոյն ճակատագիրն է սպասւում: Մենք Ամերիկայում այդպիսի գաղթօճախ, այդպիսի ազգային նկարագիր կրող գաղթօճախ երբեք չենք ունենալու եւ որեւէ տեղ չենք ունենալու:
Շարունակելի

