Ստեփանակերտում ՀՅԴ 122-ամեակի Տօնակատարութեան Ժամանակ Արտասանուած Ելոյթ. Պարգեւ Արք. Մարտիրոսեանը Բացման Խօսքով Հանդէս Եկաւ ՀՅԴ 122-ամեակի Տօնակատարութեան Ժամանակ

Մեծարգոյ Ազգային ժողովի նախագահ, մեծարգոյ պետական այրեր, սիրելի կուսակցականներ, հայրենակիցներ եւ երիտասարդներ: Այսօր Դաշնակցութիւն կուսակցութեան 122-ամեակի օրն է: Մեր հայկական աւանդական կուսակցութիւններից Դաշնակցութիւնը, որ ունի այսպիսի հսկայ կուտակուած փորձ, մինչեւ այսօր կարողացել է պահել իր ազգային դիմագիծը, մարտունակութիւնը եւ կուսակցութեան դասական կառուցուածքի ձեւը, որը խիստ տարբերում է իրեն, եւ կարողացել է դա պահպանել:

Շատ կուսակցութիւններ կան, որ կապուած են մէկ առաջնորդի հետ: Եթէ առաջնորդը ձախողուի, կուսակցութիւնը կարող է վանուել ժողովրդի կողմից: Բայց Դաշնակցութիւնը տարբերւում է. նա իսկապէս կուսակցութիւն է` բառի դասական իմաստով, եւ իր առաւելութիւններից մէկը դա է: Այն, որ Դաշնակցութիւնը միշտ ձգտել է ազատատենչ լինել, հայրենիքը տեսնել ազատ ու անկախ, այսօր կուսակցութեան եւ ողջ հայութեան երազանքը իրականութիւն է` ի դէմս երկու հանրապետութիւնների: Այն, որ Դաշնակցութիւնը առաջ է մղում Հայ դատը, դա մեր ազգի պատուի եւ արդարութեան խնդիրն է: Դա վսեմ առաքելութիւն է, եւ դա դժուար է գնահատել: Այսօր, համաշխարհայնացման պայմաններում, ինչը համաշխարհային երեւոյթ է` համաշխարհային փոթորիկ, ցունամի, ինչպէս ուզում էք անուանէք, սակայն մենք պէտք է կարողանանք պահել մեր ազգային դիմագիծը: Եւ հայապահպանութեան հարցում, մանաւանդ սփիւռքի պայմաններում, անգնահատելի է Դաշնակցութեան գործը: Ես գրեթէ ամէն տարի լինում եմ սփիւռքում, եւ պէտք է ասեմ, որ այսօրուայ մեր մերձաւոր սփիւռքը` Ռուսաստանը, աւելի վտանգուած է այս իմաստով: Խօսքս ձուլման մասին է` սպիտակ ցեղասպանութեան, որ հայերը շատ արագ ձուլւում են: Եւ այս առումով, ես կարծում եմ, մենք բոլորս միասին մեր ուժերը պէտք է լարենք, որ փրկենք հայկական բեկորները սփիւռքի պայմաններում: Մեծ ազգ չենք այսօր աշխարհում, ընդամէնը 10 միլիոն ենք, միգուցէ` մի քիչ աւելի, բայց ամէն մի հայ մեզ համար շատ թանկ է:

Ես ուզում եմ պատմական փոքր ակնարկ անցկացնել: 1890 թուականից մինչեւ այսօր Դաշնակցութիւնը հաւատարիմ մնաց իր ազատատենչ ոգուն եւ արցախեան գոյամարտում իր կուսակցական ընկերներով մասնակցեց մեր ինքնապաշտպանութեանը, մեր անվտանգութեանը` ապահովելով մեր անկախութիւնը: Դա հասկանալի է, եւ զարմանալի կը լինէր, եթէ դա չլինէր: Դաշնակցութիւնը աշխուժօրէն ներգրաւուած է ե՛ւ մայր Հայաստանում, ե՛ւ Արցախում` քաղաքական կեանքից ներս, եւ իրենից իւրայատուկ քաղաքական գործօն է ներկայացնում իր համարձակ, քննադատական եւ շինիչ հարցադրումներով: Դա պէտք է եւ անհրաժեշտ է: Ցանկացած շինիչ քննադատութիւն պէտք է բոլորիս: Չկայ անթերի մարդ: Չկայ անթերի կառավարութիւն, չկայ անթերի որեւէ կազմակերպութիւն: Դաշնակցութիւնն էլ իր բոլոր լաւ եւ հսկայ գործերով կարող է ունենալ կամ ունեցել է տկարութիւն եւ թերութիւն, եւ դա էլ է բնական: Չի սխալւում նա, ով չի աշխատում:

Սակայն խօսքս ուզում եմ ամփոփել նրանով, որ հսկայ գործ է արել Դաշնակցութիւնը` մատուցելով մեր ազգին եւ մայր հայրենիքին, եւ, որպէս հայ մարդ, ես պիտի իմ երախտագիտութիւնը յայտնեմ, որովհետեւ Դաշնակցութիւնից ծնուել են այնպիսի անուանի մարդիկ. չեմ ուզում թուարկել, քանզի դուք բոլորին ճանաչում էք: Եւ մէկ կարեւոր բան, որպէս պարզ հայ մարդ, գոնէ Ցեղասպանութեան վրէժխնդրութիւնը սկսեցին կազմակերպել եւ աշխարհի տարբեր վայրերում հետապնդեցին նրանց, ովքեր խուսափեցին միջազգային դատից: Մասամբ վրէժխնդիր եղան ամէն մի հայի անունից` իմ անունից, ձեր անունից, մեր նահատակների անունից: Վրէժխնդիր լինելը լաւ չէ, բայց երբ աշխարհը լռում է անմարդկային Ցեղասպանութեան դէմ, հայ մարդն ինքն է ստիպուած ոտքի կանգնում` ձայնն աշխարհով մէկ բարձրացնելով: Յիշենք Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը Գերմանիայում. այն ժամանակ աշխարհը նոր – նոր սկսեց իմանալ, որ եղել է հայոց դաժան ցեղասպանութիւն:

Շնորհաւորում եմ Դաշնակցութեան 122-ամեակի կապակցութեամբ, մաղթում եմ կուսակցութեանը նորանոր ձեռքբերումներ, նորանոր յաջողութիւններ` յանուն հայրենիքի, յանուն հայութեան, որովհետեւ հայրենիքը եւ հայութիւնը, մեր հաւատքի հետ մէկտեղ, ամենանուիրական, ամենասուրբ հասկացողութիւնն է ցանկացած հայի համար: Դաշնակցութիւնն էլ ստեղծուել է հայրենիքը եւ ազգը, ազգային արժէքը պահելու ու պահպանելու համար: Պահէք ու պահպանէք ազգային դիմագիծը: Յուսամ, որ ձեր դասական, աւանդական կուսակցական ձեւը, որ դուք կարողացել էք 122 տարի պահել, կը պահպանէք: Կուսակցութիւն է, մէկ կամ երկու մարդու կազմակերպութիւն չէ:

Իսկ դա ձեզ յաջողուել է:

17/12/2012

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )