Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները: Ֆետերասիոնը բնականաբար հրապարակեց նաեւ այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, ինչպէս նաեւ ճշդեց Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի մրցումներուն վայրերն ու ժամերը:
Ֆետերասիոնը յայտարարեց, որ ուրբաթ, 28 դեկտեմբեր 2012-ին տեղի ունենալիք տարեկան համագումարը յետաձգուեցաւ կիրակի, 20 յունուար 2013-ին: Անիկա պիտի կատարուի «Քորալ Պիչ» պանդոկին մէջ գտնուող «Ամպասատոր» սրահին մէջ, յետմիջօրէի ժամը 15:00-ին` գլխաւոր օրակարգ ունենալով փոփոխութեան ենթարկել ֆետերասիոնին հիմնական եւ ներքին կանոնագիրը:
Ֆետերասիոնը շնորհաւորեց Լիբանանի պիչ-ֆութպոլի ազգային խումբը, որ 14-16 դեկտեմբերին Նիկերիոյ մէջ տեղի ունեցած Լակոսի բաժակի մրցաշարքին գրաւեց 2-րդ դիրքը:
Այս առնչութեամբ ֆետերասիոնը խորին շնորհակալութիւն յայտնեց Նիկերիոյ մէջ Լիբանանի դեսպանատան, որ Լիբանանի կատարած բոլոր մրցումներուն ալ ներկայ գտնուելով քաջալերեց լիբանանցի մարզիկները:
Յայտարարուեցաւ, որ երեքշաբթի, 15 յունուար 2013-ին, երեկոյեան ժամը 18:00-ին Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի պիտի ունենայ ֆութպոլի միջազգային բարեկամական մրցում մը` Կապոնի դէմ:
Այս մրցումը Լիբանանի համար պիտի ըլլայ պատրաստութիւն` Ասիոյ ֆութպոլի, Աւստրալիոյ 2015-ի բաժակի եւ 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքերուն համար:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք ախոյեանութեան մրցումներուն, Գ. դասակարգի 6-րդ հանգրուանին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ պիտի մրցի Պարաղեմ Նապաթիէի դէմ, իր այս մրցումը պիտի կատարէ Սաֆայի դաշտին վրայ, շաբաթ, 22 դեկտեմբերին, յետմիջօրէի ժամը 14:-15-ին: Ֆետերասիոնին կողմէ այս մրցումին հսկող նշանակուած է Ալի Ռաֆեհ:
Ստորեւ կու տանք ֆետերասիոնին կողմէ հրապարակուած մրցումներուն յայտագիրը (նշենք, որ այս շաբաթավերջին Բ. դասակարգի մրցումներ տեղի պիտի չունենան).
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՇԱԲԱԹ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սալամ Սուր – Անսար | 2:15 | Սուր |
| Թրիփոլի – Շապապ Սահել | 2:15 | Թրիփոլի |
| Նըժմէ – Սաֆա | 3:30 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Ղազիէ – Իժթիմահի | 2:15 | Քֆարժոզ |
| Ռասինկ – Ախա Ահլի Ալէյ | 2:15 | Պուրճ Համուտ |
| Ահտ – Թատամոն Սուր | 2:15 | Ահտ |
| ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ | ||
| ՈՒՐԲԱԹ, 11 ՅՈՒՆՈՒԱՐ, 2013 | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Սահել – Խըյուլ | 1:30 | Ահտ |
| Հարաքեթ Շապապ – Թատամոն Սուր | 1:30 | Սաֆա |
| Մապարրա – Սալամ Սուր | 1:30 | Քֆարժոզ |
| Սաֆա – Ահտ | 3:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 12 ՅՈՒՆՈՒԱՐ 2013 | ||
| Ռասինկ – Նեպի Շիթ | 1:30 | Ահտ |
| Իժթիմահի – Ախա Ահլի Ալէյ | 1:30 | Պէյրութ |
| Շապապ Ղազիէ – Թրիփոլի | 1:30 | Սաֆա |
| Նըժմէ – Անսար | 3:30 | Սայտա |

