«Ազրպէյճանի Գլխաւոր «Գաղափարախօսը» Վերահսկողութեան Տակ Է Վերցուել»
«ՓԱՆՈՐԱՄԱ»
Իլհամ Ալիեւն իր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւին, չորս տեղակալների նշանակումով, «շրջափակման» մէջ է վերցրել, իսկ Մեհտիեւը դեռեւս նրա հօր` Հայտար Ալիեւի պաշտօնավարման շրջանից սկսած` համարւում է Ազրպէյճանի քաղաքական իշխանութեան գլխաւոր «գաղափարախօսը», գրում է «Ազատլիկ»-ը եւ աւելացնում, Ալիեւն իր` նոյեմբերի 29-ին ստորագրած հրամանագրով նախագահական աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամետովին, տարածաշրջանային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների գծով բաժնի պետ Զէյնալ Նաղտալիեւին, նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասատովին նշանակել է Ռամիզ Մեհտիեւի տեղակալներ:
Իսկ վերջերս Ալիեւը եւս երեք հրամանագիր է ստորագրել: Նրանցից մէկով նա նախագահի անվտանգութեան եւ պաշտպանութեան հարցերով օգնական Վահիտ Ալիեւին եւս նշանակել է Ռամիզ Մեհտիեւի տեղակալ, միւսով էլ` Պաքուի գլխաւոր ոստիկանական վարչութեան նախկին պետ, Տաճիկիստանում Ազրպէյճանի նախկին դեսպան Մահառամ Ալիեւին նշանակել է նախագահի աշխատակազմի պահպանութեան հարցերով բաժնի պետ: Երրորդ հրամանագրով Ազրպէյճանի նախագահը Մահառամ Ալիեւին տեղակալ-զօրավարի կոչում է շնորհել:
«Ազատլիկ»-ը գրում է, որ Իլհամ Ալիեւի այդ նշանակումները տարբեր մեկնաբանութիւնների պատճառ են դարձել:
Բանը նրանում է, որ աշխատակազմի ղեկավարի պաշտօնից յետոյ երեք կարեւոր ծառայութիւններ կան. հասարակական-քաղաքական բաժին, իրաւապահ մարմինների հետ աշխատանքի բաժին եւ տարածաշրջանային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների բաժին: Բայց հետաքրքիրն այն է, որ Իլհամ Ալիեւը դրանից միայն մէկին` Զէյնալ Նաղտալիեւին է տեղակալ նշանակել Ռամիզ Մեհտիեւին: Աշխատակազմի ղեկավարից յետոյ կարեւոր դիրքեր զբաղեցնող հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը եւ իրաւապահ մարմինների հետ աշխատանքների գծով բաժնի պետ Ֆուատ Ալեսքերովը «չեն գրաւել» Իլհամ Ալիեւի ուշադրութիւնը:

