Յոյն Զօրավարը Պնդում Է, Որ Աթաթուրքն Ու Էրտողանը Թուրք Չեն
Յոյն պաշտօնաթող զօրավար Ֆրանկուլիս Ֆրանկոսն իր «Ո՞ր Թուրքիան եւ ո՞ր թուրքերը» կոչուած գրքում պնդել է, որ Թուրքիայի առաջնորդներից Ֆաթիհ սուլթան Մեհմեթը, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ներկայիս վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը, ինչպէս նաեւ փոխվարչապետ Պիւլենթ Առընչն ազգութեամբ թուրքեր չեն: «Արմենփրես»-ի հաղորդմամբ, թուրքական Զանգուածային լրատուամիջոցները անդրադառնալով յոյն զօրավարի` վերջերս հրապարակած գրքին, մէջբերել են գրքի նախաբանում նրա հետեւեալ գրառումը. «Գրքիս շապիկին Ֆաթիհի, Աթաթուրքի եւ Էրտողանի լուսանկարներն են, քանի որ նրանք երեքն էլ թուրք չեն»:
Ըստ յոյն զօրավարի, Օսմանեան կայսրութեան սուլթաններից Ֆաթիհը յոյն է եւ թաղուել է բիւզանդական եկեղեցում: «Ֆաթիհը մահուանից 6 ամիս առաջ է թոյլ տուել առաջին անգամ նկարել իրեն: Այդ դիմանկարի հետեւում եւս յունարէն է գրուած», յայտնում է Ֆրանկոսը:
Աթաթուրքի վերաբերեալ Ֆրանկոսը գրքում նշում է, որ նա ծնուել է ոչ թէ Թեսաղոնիկէում, այլ` Մալաթիայում, եւ որ նրա մայրը ներկայացուող Զուպէյտան իրականում մօրաքոյրն է: Հետաքրքիր է, որ թուրքական մամուլում եւս վերջերս հրապարակումներ են եղել Աթաթուրքի` իրականում Մալաթիայում ծնուած լինելու մասին եւ պնդումներ արուել, որ քիւրտերով եւ հայերով բնակեցուած Մալաթիայում ծնուած «Քեմալը կա՛մ քիւրտ է, կա՛մ հայ»:
Ֆրանկոսը գրքում պնդում է նաեւ, որ Էրտողանի պապերը եւս յոյն են, ովքեր յունական զինուած խմբերի կազմում կռուել են զաւթիչ թուրքերի դէմ:
Յոյն զօրավարը գրքում համոզմունք է յայտնում, որ Թուրքիայի բնակչութեան միայն 40 տոկոսն է (28,8 միլիոն) իրեն թուրք համարում, նրանք, ովքեր ցանկանում են վերականգնել Օսմանեան կայսրութիւնը: Մի խումբ թուրք գիտնականների կարծիքով, Թուրքիայում զտարիւն թուրքերի թիւը չի գերազանցում բնակչութեան ընդհանուր թուի 5 տոկոսը, որը կազմում է մօտ 3,6 միլիոն մարդ:

