Կեանքի Օրերում
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Տաս տարեկանիս օրերս երկար էին
Արեւի վառ շողերի պէս.
Արագ մեծանալու ցանկութիւնս էր,
Սէգ լեռների բարձունքի պէս…
Երբ դարձայ ես քսան տարուս,
Մտածեցի, հասուն մարդ եմ,
Իմ լաւ վատը, շատ լաւ գիտեմ,
Խելացի ու կատարեալ եմ:
Երեսունին աշխարհն իմս էր,
Քայլափոխիս գետինը դողում էր,
Տարիքով լինե՛լն, ինձանից հեռո՜ւ,
Կարծես ինչ որ մի` առասպել էր:
Երբ հասայ ես քառասուն տարուն,
Գլխիս վրայ մի քանի հատ
Ճերմակ-ճերմակ մազեր տեսայ.
Վա՜յ, մեղա՛յ-մեղա՛յ, շատ մեծացայ…
Չհասկացայ` յիսուն տարիս ինչպէ՞ս անցաւ…
Վաթսուն տարուս թոռնիկներիս գերի դարձայ,
Վազվզեցի, վայելեցի. մայրութիւնս վերյիշեցի…
Եօթանասունի՛ս, վա՜յ, էլ ի՛նչ պատմեմ…
Չհասկացայ ժամանակը արագ անցա՞ւ,
Թէ` իմաստութիւնս շատ ուշացաւ…
Ջահել կեանքս, ժիր օրերս, ա՛յդ ո՞ւր գնաց…
Ութսուն տարուս լաւ չեմ քայլում,
Ուշքից գնում թուլանում եմ,
Միտքս կորցրած մոլորւում եմ…
Մոռանում եմ, որ մոռանում եմ…
Հարցումներս կրկնում եմ,
Ձեռքս է դողում, խլանում եմ,
Գիշեր ցերեկս խառնում եմ,
Ինքս ինձանից հեռանում եմ…
Չեմ հաւատում… ինսունը ե՞րբ դուռս չոքեց,
Չորցած դէմքիս վարած դաշտի ակօս թողեց,
Մէջքս ծռուեց, ծունկս ծալուեց, աչքս մթնեց,
Միտքս էլ գնաց… մանկութիւնը ընկեր մնաց…
Հարիւր տարուս չեմ սպասում.
Ընտանիքիս էլ չեմ ճանաչում…
Ա՜խ, միթէ՞ գլխիս փորձանք եկաւ,
Կարմի՛ր կեանքս, վառ յոյսե՛րս, երազներս
Սեւ ղուշի պէս, Նոյեան Տապանը մոռացաւ…
Նիւ Եորք
Նոյեմբեր 2012

