Մարիա Թիթիզեան. «Չեմ Ուզում Շատ Խիստ Լինել Կանանց Հանդէպ»…

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Հայ յեղափոխական դաշնակցութեան անդամ, Ընկերվար Միջազգայնական կազմակերպութեան փոխնախագահ Մարիա Թիթիզեանի հետ մեր հարցազրոյցը սկսուեց նախագահի պաշտօնում կանանց առաջադրուելու հաւանականութեան մասին իմ հարցից: Պատասխանեց, որ երբ նոր էր եկել Հայաստան, ասում էր, որ ո՛վ առաջադրուեց կին նախագահի թեկնածու, անկախ կուսակցական հայեացքներից, նրան կ՛ընտրի` հաւատով, որ փոփոխութիւն կը բերի… սակայն չգիտի, թէ այսօր նախագահական ընտրութիւններին առաջադրուելու ցանկութիւն յայտնած կանայք որքա՛ն փորձ ունեն…

ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶԵԱՆ.- Այսօր էլ վստահ եմ, որ եթէ կին գայ, շատ բան կը փոխուի: Ուզում եմ հաւատալ, որ կինը նոյնքան փտածութեան ենթակայ չէ, որքան` տղամարդը: Կինն աւելի շատ պատրաստ է համագործակցելու, քան` կամայական որոշում կայացնելու: Կինը միշտ խորհուրդ է հարցնում, առաւել ժողովրդավար է: Ուզում եմ հաւատալ, որ մենք այս մակարդակին հասել ենք, բայց չեմ պատկերացնում, որ այսօր կինը, որ բազմաթիւ ոլորտներում ճնշուած է ու կազմում է փոքրամասնութիւն, կարող է երկիր ղեկավարել: Բացի այդ, դեռ չեմ տեսնում այն կնոջը, ով, իրօ՛ք, արժանի է իր գիտելիքներով եւ կեանքի փորձով առաջադրուել նախագահի թեկնածու:

«Քանակը պէտք է որակ բերի…»:

Յ. Յ.- Փորձ ձեռք բերելու իմաստով, նա յատկապէս կարեւորում է խորհրդարանական ընտրութիւնները: Անդրադառնալով մայիսին կայացած ընտրութիւններին` նա խոստովանում է, որ դրանց հետ կապուած մեծ յոյսեր ունէր եւ վստահ էր, որ դրանց արդիւնքում կանանց թիւը խորհրդարանում կ՛աւելանայ:

Մ. Թ.- Հայաստանը գնում է դէպի ժողովրդավարութիւն, եւ մենք չենք կարող երազել ժողովրդավարութեան մասին, եթէ ազգաբնակչութեան կէսը մասնակից չէ այդ գործընթացին… Հայաստանում կան բազմաթիւ խելացի կանայք, ովքեր պէտք էր յայտնուէին խորհրդարանում: Ցաւօք, այս պարագայում, յոյսերս չարդարացան: Թէպէտ այս ընտրութիւնների արդիւնքում կանանց թիւը խորհրդարանում աւելի շատ է, սակայն այդ ցուցանիշը գոհացուցիչ չէ: Աշխարհում արդէն իսկ հասել են նրան, որ խորհրդարաններում կանանց թիւը միջինում գերազանցում է քսան տոկոսը, իսկ մեզ մօտ հազիւ դրա կէսն է: Եթէ ուսումնասիրենք այն երկրների օրինակները, որտեղ կանանց ներկայութիւնը պատշաճ ձեւով ապահովուած է, ապա կը տեսնենք, որ ընկերային վիճակը առաւել բարձր է, ժողովուրդը բարեկեցիկ պայմաններում է ապրում: Կինը պահանջում է արդարութիւն. նա որպէս մայր է մօտենում խնդիրներին: Կնոջ իւրայատուկ մօտեցումն ու անհանգստութիւնը տարբերւում է տղամարդու վերաբերմունքից: Հէնց դա՛ է պատճառը, որ մենք իրար ամբողջացնում ենք:

Յ. Յ.- Այս պարագայում, չափաբաժնի ճշդումը, ըստ տիկին Թիթիզեանի, միակ փրկութիւնն է: Միաժամանակ նա շեշտում է, որ չափաբաժինը ժամանակաւոր միջոց է: Բացի այդ, այն միայն քանակ ապահովելու քայլ չի կարելի դիտարկել: Նրա խօսքերով` քանակը պէտք է որակ բերի, ինչը, ցաւօ՛ք, ներկայիս խորհրդարանում դեռեւս չի նկատւում: Ուսումնասիրելով ներկայիս Ազգային ժողովի պատկերը` նա յանգել է եզրակացութեան, որ այսօր խորհրդարանում կան կանայք, ովքեր, կարծես, եկել են միայն ներկայութիւն ապահովելու համար:

Մ. Թ.- Ես կը ցանկանայի տեսնել այնպիսի կանանց, ովքեր կը կարողանային ազդել օրէնսդրութեան վրայ եւ նախաձեռնողական վարք ցուցաբերէին օրէնքների նախագծերի մշակման հարցում: Լարիսա Ալավերդեանը, Անահիտ Բախշեանն ու Լիլիթ Գալստեանը, ցաւօ՛ք, չկան. Զարուհի Փոստանջեանը լռութեան մէջ է, Էլինար Վարդանեանն է խոստմնալից, Նաիրա Զոհրաբեանի տեսակն անհրաժեշտ է մեր խորհրդարանին…

Ես չեմ ուզում շատ խիստ լինել կանանց հանդէպ, շատերն անփորձ են եւ առաջին անգամ են յայտնւում խորհրդարանում, ու երեւի ժամանակ է հարկաւոր, որ նրանք կողմնորոշուեն: Դրա հետ մէկտեղ, եթէ համեմատենք խորհրդարանում կին պատգամաւորներին եւ` տղամարդ, ապա պարզ կը դառնայ, որ անգամ ամենաթոյլ կին պատգամաւորը շատ բարձր է մի քանի տասնեակ տղամարդ պատգամաւորներից: Խորհրդարանի իննսուն տոկոսը տղամարդ է, սակայն նրանց մեծ մասը գործարար ու սակաւապետներ են: Քանի՞ տոկոսն է սրա կամ նրա աներձագն ու փեսան: Երբ մենք սթափ հայեացքով ուսումնասիրում ենք պատկերը, ապա յանգում ենք եզրակացութեան, որ կանայք աւելի բարձր են…

«Կանանց եւ տղամարդկանց չափանիշներն են տարբեր…»:

Յ. Յ.- Իսկ թէ ինչո՞ւ կանայք չընդգրկուեցին խորհրդարանում առաւել մեծ քանակութեամբ` դրանում Մ. Թիթիզեանը մեղաւոր համարում է կուսակցութիւններին: Նրա գնահատմամբ, ընտրարշաւներին կանայք ամենաշատն են աշխատել:

Մ. Թ.- Կնոջ մեղաւորութիւնն այն է, որ կինը յաճախ չի ցանկանում առճակատման գնալ` հասկանալով, որ քաղաքական դաշտը շատ կոպիտ է, վայրենի: Խաղի կանոնները տղամարդն է պարտադրում, եւ կնոջ համար շատ դժուար է լինում յարմարուել դրանց: Գործում է երկակի չափանիշ, որը շատ խիստ է կնոջ համար: Իսկ եթէ հասարակութիւնն էլ չի աջակցում, ապա կինը շատ հեշտութեամբ կարող է նահանջ ապրել:

Յ. Յ.- Այսօր Հայ յեղափոխական դաշնակցութիւնը խորհրդարանում միակ կուսակցութիւնն է, որի կազմում կանայք չկան ընդգրկուած…

Մ. Թ.- Ինձ համար, անշուշտ, մտահոգիչ է, որ այսօր մեր կուսակցութիւնում կին պատգամաւոր ընդգրկուած չէ. ի հարկէ, ես կը ցանկանայի Լիլիթի, Ռուզանի նման պատգամաւորներ ունենալ, բայց այս անգամ այդպէ՛ս դասաւորուեց. ես դա չեմ համարում ողբերգութիւն, քանի որ կանայք մեր կուսակցութիւնում միշտ աշխուժ են եղել: Կանանց համար շատ բարդ է քաղաքական դաշտ մտնելը: Կանանց եւ տղամարդկանց չափանիշներն են տարբեր: Կինը պէտք է հարիւր անգամ աւելի շատ աշխատի, որպէսզի կարողանայ հասնել այն պաշտօնին, որ տղամարդը կարող է հասնել` առանց որեւէ ջանք թափելու:

 Զրոյցը վարեց`
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )