Սեսիլիէ Պանքէ. «Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Հարցը Յիշողութեան Համաշխարհային Մշակոյթի Մաս Է»

«Նիուզ. ամ» որոշակի կրճատումներով ներկայացնում է Միջազգային հետազօտութիւնների դանիական հիմնարկի ցեղասպանութեան եւ Ողջակիզման հետազօտութիւնների բաժնի ղեկավար Սեսիլիէ Պանքէի յօդուածը, որը հրապարակուել է «Տը Քոփընհակըն փոսթ»-ում:

Մաքիաւելին գրել է, որ հնարաւոր է յաղթել ժողովրդին, սակայն անհնար է յաղթել նրա յիշողութեանը: Նա եկել է այն եզրայանգման, որ յիշողութիւնները կը պոռթկան ամենապատեհ առիթին: Ասուածի ժամանակակից լաւագոյն օրինակ է Ա. Համաշխարհայինի ժամանակ հայերի կոտորածը: Վերջին երկու տասնամեակում աւելի մեծ ուշադրութիւն է դարձւում այդ հարցին:

Բոլորովին վերջերս Դանիոյ Թագաւորական գրադարանը կտրուկ քննադատութեան ենթարկուեց երկու կողմից էլ` Հայոց ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս կազմակերպելու որոշման համար:

Առաջին հերթին այն քննադատութեան ենթարկուեց Թուրքիայի դեսպանատան կողմից: Յետոյ, երբ գրադարանը թոյլ տուեց թուրքերին ներկայացնել պատմութեան իրենց մեկնաբանութիւնը,  բողոք յայտնեց հայկական կողմը:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը դարձել է  յիշողութեան համաշխարհային մշակոյթի մաս, որը վերջին երկու տասնամեակներին  սկսել է առաւել կարեւոր դեր ունենալ միջպետական  եւ պետութիւնների ու փոքրամասնութիւնների խմբերի միջեւ յարաբերութիւններում: Պետութիւնները կարող են բարելաւել իրենց յարաբերութիւնները հարեւանների հետ, եթէ բացայայտ ընդունեն անցեալի յանցագործութիւնները: Դրա ամենայայտնի օրինակը Արեւմտեան Գերմանիան է, որը ճանաչեց Ողջակիզման յանցագործութիւնը:

Վերջերս «Տը Նիւ Եորք Թայմզ»-ում թուրք պատմաբան Թաներ Աքչամը գրել էր. «Հայերի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը տագնապալից ազդանշան է  տարածաշրջանում քրիստոնէական փոքրամասնութիւնների համար: Նման մեկնաբանութեան դէպքում ոչ միայն ժամանակակից Թուրքիայի, այլ օսմանեան պատմութեան պահպանման պատասխանատուութիւնը պէտք է դիտարկել տարածաշրջանում  անվտանգութեան, կայունութեան  ու ժողովրդավարութեան  համընդգրկուն հարցերի տեսանկիւնից, որտեղ անցեալի մեղքերի ժխտումը միայն աւելացնում է լարուածութիւնը ցեղային եւ կրօնական խմբերի միջեւ»:

Աքչամի հայեացքները կարելի է դիտարկել նաեւ որպէս յիշողութեան համաշխարհային մշակոյթի միտում. ակնկալւում է, որ երկրները բացայայտ կը խոստովանեն իրենց անցեալն այնպէս, ինչպէս դա արեց Գերմանիան:

Այսօր մենք ակնկալում ենք, որ պետութիւնը կը ճանաչի իր մեղքը, կը քաւի իր մեղքը եւ կը փոխհատուցի զոհերին: Դա հէնց այն է, ինչի դէմ պայքարում է Թուրքիան: Նա նաեւ չի  կարծում, որ  այնպիսի արարք է կատարել, որը համադրելի է Գերմանիայի յանցագործութեան հետ, եւ որ` պէտք է քաւի մեղքը կամ փոխհատուցի ինչ-որ բան: Քանի դեռ ակնկալիքներ կան, որ Թուրքիան կը ճանաչի իր անցեալը, այն հետագայում եւս կը դիմակայի միջազգային ճնշմանը:

Սակայն Թուրքիային հայերի կոտորածի իր տարբերակը ներկայացնելու հնարաւորութիւն տալը չի նպաստի եւրոպացի եւ ամերիկացի պատմաբանների կողմից իրականացուող` Հայոց ցեղասպանութեան ժամանակակից պատկերը կազմելու նպատակին: Հայերը կը կարծեն, թէ Դանիան տրուել է թուրքական ճնշմանը: Դրա փոխարէն` գրադարանը պէտք է պաշտպանի պատմաբանների ջանքերը` Հայոց ցեղասպանութիւնը ներառելու պատմական համատեքստում կրօնական դրդապատճառով միւս բռնի գործողութիւնների հետ, որոնք տեղի են ունեցել Օսմանեան կայսրութեան անկման շրջանում: Դա թոյլ կը տար քննարկումը ծաւալել ոչ թէ հարցի շուրջ` դա ցեղասպանութիւն էր, թէ ոչ, այլ` պատմական հետազօտութիւնների եւ փաստաթղթաւորման կողմը, ինչը բխում է  բոլոր մասնակիցների շահերից:

Յիշողութիւնը այն է, թէ ինչպէ՛ս ենք մենք ընկալում անցեալում կատարուածը: Պատմութիւնն այն է, որը մեզ իմաստուն է դարձնում:

Share this Article
CATEGORIES