Լիլիթ Գալստեան. «Երջանկութեան Ովասիսներ Կան Շուրջս, Որ Ուրախացնում Են»
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ
WomenNet.am–ի հետ զրոյցում անցնող տարին է ամփոփում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստեանը, ում համար հասարակական ու քաղաքական գործունէութիւնը ապրելակերպ է, որ կախուած չէ պատգամաւոր լինելու կամ չլինելու կարգավիճակից: Նա այն եզակի կանանցից էր, որ ողջ եռանդով մասնակցեց այս տարուայ խորհրդարանական քարոզարշաւին, այնուհետեւ նոյն անձնուիրութեամբ միացաւ «Օգնիր եղբօրդ»` սուրիահայերին աջակցելու նպատակով ստեղծուած նախաձեռնութեանը: Ասում է, որ իրեն շրջապատող «երջանկութեան ովասիսներն» են ուժ ու եռանդ հաղորդում իրեն:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- 2012 թուականն անհանգիստ տարի էր: Իսկ, թէ ե՞րբ են մեր ժամանակներն հանգիստ եղել, ես նոյնիսկ չեմ էլ յիշում: Անստոյգ ներկայի եւ անորոշ ապագայի տագնապը հաւանաբար մեր օրերի անբաժան մոթիվն է:
2012-ի առաջին կէսն անցկացրել եմ ԱԺ պատգամաւորի մանտաթով, երկրորդ կէսն` առանց: Սրանից ո՛չ հոգեվիճակս է փոխուել, ոչ էլ հասարակական-քաղաքական տեսակիս հոգս- յանձնառութիւնը: Ինչպէս եւ առաջ, շարունակել եմ ու շարունակելու եմ ինձ համար հաւասարաչափ սիրելի, կարեւոր ու անբաժան քաղաքական եւ մշակութային դաշտերում ծառայութիւնս:
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Ինչո՞վ է նշանաւորուել անցնող տարին ձեր ընտանիքի համար, անձամբ ձեզ համար:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Այս տարի վերջապէս աւարտեցի տան նորոգումը ու տեղափոխուեցի նոր բնակարան. հեւքոտ առօրեայիս մէջ` մի հոգս պակաս: Տան զգացողութիւնը կարեւոր է, ինքս ինձ հետ լինելու անձնական տարածքն է: Երջանկութեան ովասիսներ կան շուրջս, որ ուրախացնում են: Ամէն օր աղօթում եմ, որ Աստուած երկար կեանք տայ ծնողներիս: Եղբօրս տղաները, որ նաեւ իմն են, շուտով բանակ պիտի գնան, աղօթում եմ իրենց ու մեր բանակի բոլոր զինուորների համար, որ ծառայութիւնը խաղաղ ու անվտանգ լինի:
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Իսկ Հայաստանի համար ինչպիսի՞ն էր տարին , որո՞նք էին, ըստ ձեզ, ամենակարեւոր իրադարձութիւնները մեր պետութեան համար:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Անցնող տարին խորհրդարանական ընտրութիւնների տեսքով ու արդիւնքներով, խորացրեց մեր երկրի բարոյական ու քաղաքական ճգնաժամը: Ճշմարիտ արժէքների փսորումը կարծես անկասելի է դարձել: Մեր յուսահատութիւնն ու անպաշտպանուածութիւնը սնող բազմաթիւ օրեր ապրեցինք` Վահէ Աւետեանի սպանութիւնը, քաղաքացիական ընդվզումի պոռթկումներ առաջացրած այլ իրողութիւններ, քաղաքական դաշտի ամլութիւն, մոլորուած եւ չպաշտպանուած իրաւունքներով հասարակութիւն:
Յուսադրող կամ ոգեւորող պահեր էլ ապրեցինք, ու դրանք մշակութային, մարզական դաշտում են: Մեր ազգային արժանապատուութիւնը շոյեցին մեր ճատրակի տղաները ու այլ մարզիկներ:
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Ի՞նչ ակնկալիքներ ունէք 2013-ից:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Մի շարք մշակութային ծրագրեր ունեմ, պիտի փորձեմ իրականացնել դրանք: Իսկ առհասարակ շատ եմ ուզում եմ, որ հասարակութիւնս խաղաղ ապրի, չվիրաւորուած արժանապատուութեամբ, իր հեռանկարն ու ապագան Հայաստանում տեսնի, որ ոչ մի հայ մայր չտագնապի բանակում ծառայող որդու համար:
ԷՆԶԵԼԱԱ ՄԱԿԱՐԵԱՆ.- Ձեր բարեմաղթանքները…
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ամենալաւ բաներն առջեւում են` այս փիլիսոփայութեամբ եմ ապրում: Այսպէս կեանքն աւելի տանելի է դառնում ու հայեացքդ` մաքուր: Կը մաղթէի, որ իմ հայրենակիցները երբեք չկորցնէին լաւատեսութիւնը եւ չմոռանային, որ աւելի լաւ հայրենիք ու պետականութիւն ունենալու մէջ դերակատար են:

