«Լռութեան Ձայնը. Խօսում Են Տիգրանակերտցի Հայերը»

«Հրանդ Տինք» հիմնադրամը բանաւոր պատմութեան շրջանակներում կատարուած ուսումնասիրութեան արդիւնքում հրատարակել է «Լռութեան ձայնը-II. խօսում են տիգրանակերտցի հայերը» աշխատութիւնը, որը հիմնուած է Տիգրանակերտի 18 հայերի պատմութեան վրայ:

Այդ մասին հաղորդում է «Ակունք» կայքէջը` յղում անելով թուրքական «Պիանեթ» լրատուական կայքին: Աղբիւրին համաձայն, գրքի շնորհահանդէսը կայացել է «Ճեզայիր» ժողովասրահում` գրքի կազմող Ֆերտա Պալանճարի, Պողազիչի համալսարանի պատմութեան ամպիոնի դասախօս Արզու Օզթիւրքմենի եւ Էմինէ Քոլիվարի մասնակցութեամբ:

Աշխատութեան մէջ ներկայացւում են Տիգրանակերտում ապրող 8 կին եւ նոյնքան տղամարդ հայերի պատմութիւնները: Իրականում գրքի կազմողները հանդիպել են 81 տիգրանակերտցի հայերի հետ, որոնցից 22-ն ապրում են Պոլսում, 16-ը` Տիգրանակերտում, 9-ը` Լիբանանում, 9-ը` Նիւ Եորքում, 4-ը` Լոս Անճելըսում, 7-ը` Մոնրէալում, 4-ը` Թորոնթոյում, 4-ը` Երեւանում եւ 3-ը` Նիւ Ճրզիում:

Ինչպէս շնորհահանդէսի ժամանակ յայտնել է Էմինէ Քոլիվարը, գրքի առաջին հատորում ընդհանուր ներկայացուած են եղել Թուրքիայում ապրող հայերը, իսկ սոյն հատորում` միայն Տիգրանակերտի հայերի պատմութիւնները: Նա նաեւ յաւելել է, որ այս հատորը Տիգրանակերտի հայերին նուիրելու գաղափարը ծնուել էր Սուրբ Կիրակոս եկեղեցու բացմանը հայերի հոծ մասնակցութեան պատճառով, եւ որ իրենք շարունակելու են ուսումնասիրել Արեւմտեան Հայաստանի այլ շրջանների հայերի պատմութիւնները:

Բանախօսներից Ֆերտա Պալաճարը նշել է, թէ այն անձինք, որոնց պատմութիւններն ընդգրկուել են գրքում, Տիգրանակերտում եւ մերձակայ շրջաններում իսլամացած հայ ընտանիքների զաւակներն են, որոնք մեծացել են որպէս իսլամ եւ միայն հետագայում տեղեկացել իրենց հայկական ծագման մասին: Նա նաեւ  հաղորդել է, որ Տիգրանակերտում ապրող հայերը թէ՛ հայկական համայնքի կողմից ընդունուելու խնդիր են ունեցել եւ թէ՛, հայկական ինքնութեան պատճառով, հարցերի հանդիպել իրենց ապրած տարածքներում:

Գրքի վերջաբանի հեղինակ Արզու Օզթիւրքմենն էլ յաւելել է. «Բանաւոր պատմութիւնները մեզ մի կողմից տեղեկութիւն ստանալու այնպիսի հնարաւորութիւն են ընձեռում, որն անհնար է գտնել գրաւոր աղբիւրներում, միւս կողմից էլ` ապահովում, որ գրաւոր աղբիւրներում չարձանագրուած տեղեկատուութիւն ստանանք»:

Յիշեցնենք, որ բանաւոր պատմութեան ծրագրի շրջանակներում Հրանդ Տինքի անուան հիմնադրամին աշխատակցող Մելիսա Պահարը եւ «Ակօս» շաբաթաթերթի թղթակից, Հրանդ Տինքի անուան հիմնադրամի աշխատակից Մարալ Տինքն աւելի վաղ հարցազրոյց էին տուել «Ակունք»-ին: Հարցազրոյցում Մարալ Տինքը Տիգրանակերտում ապրող իսլամացած հայերի մասին նշել էր. «Մինչ օրս այնպէս է եղել, որ նրանց լռեցրել են. նրանք չեն պատմել այդ դէպքերի մասին, միգուցէ խօսել են միայն իրենց ընտանիքների մէջ: Անընդհատ վախեցել են, ճնշուել, միշտ իրենց պատմութիւնները թաքցրել` իրաւացի լինելով դրանում…»:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ
ՀԱՐՑԵՐՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆ

 

Share this Article
CATEGORIES