Շահէն Մեղրեան. Հերոս` Չարժանացած Պաշտօնական Տիտղոսի

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍԵԱՆ

Արցախեան ազատամարտի հերոս, Մարտակերտի ջոկատների ընդհանուր հրամանատար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի պատգամաւոր Շահէն Մեղրեանը, ում ծննդեան 61-ամեակը լրացաւ յունուարի երկուքին, այդպէս էլ մնաց չգնահատուած Հայաստանի Հանրապետութեան կողմից: Եթէ չհաշուենք 1993թ. յունիսի 15-ին Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի թիւ 314 հրամանով Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի կողմից ստեղծուած եւ Շահէն Մեղրեանի հրամանատարութեան տակ կռուող զօրամասի անուանակոչումը «Շահէն Մեղրեանի անուան յատուկ նշանակութեան ջոկատ», ապա Հայաստանը որեւէ ձեւով չի գնահատել թերեւս Հայաստանի Հանրապետութեան Ազգային հերոսի տիտղոսի արժանի ազատամարտիկ-հրամանատարին: Ուղիղ մէկ տարի առաջ այս հարցին անդրադարձել էր մեր գործընկեր, «Առաւօտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասեանը, սակայն «Շահէն Մեղրեանին այս անգամ էլ չյիշեցին» վերտառութեամբ այս յօդուածը պատկան մարմինների կողմից անարձագանգ մնաց:

Կարծում ենք` հարցը չի կորցրել իր հրատապութիւնը, եւ նպատակայարմար ենք համարում  ընթերցողներին կրկին անգամ ներկայացնելու Ռուզան Մինասեանի յօդուածը: Յուսով ենք, որ գոնէ այս անգամ այն ուշադրութեան կ՛արժանանայ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան եւ Հայաստանի Հանրապետութեան բարձրաստիճան ղեկավարութեան կողմից:

Յունուարի 2-ին Շահէն Մեղրեանը կը դառնար 60 տարեկան: Նրա կեանքն ընդհատուեց 41 տարեկանում: 1993թ. ապրիլի 17-ին նա զոհուեց ռազմական ուղղաթիռով Շահումեանից Հայաստան գալիս ինքնապաշտպանական գործողութիւններ կազմակերպելու նպատակով: Զոհուեց հերոս ազատամարտիկների հետ, որոնց կողքին համերաշխօրէն հանգչում է Եռաբլուր-պանթէոնում:

Քաղաքական գործչի, նախկին պատգամաւորի, ինքնապաշտպանական ջոկատների աշխուժ կազմակերպչի 60-ամեակը չյիշեցին ո՛չ պաշտպանութեան նախարարութիւնը, ո՛չ նրա հարազատ կուսակցութիւնը, որին անդամագրուել էր 1990 թուականից:

Այդ օրերին հեռուստատեսային քարոզչութիւնը աշխուժ էր յատկապէս տարատեսակ փոքրամասնութիւններին ջատագովելու համար եւ խուլուհամր` իրական հերոսի, իրական հերոսապատման նկատմամբ: Մինչդեռ ժամանակն էր ոչ միայն յիշելու, այլ հերոսի մահով զոհուած հայդուկապետին 60-ամեակի առթիւ յետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու 20 տարի յետոյ: Շահումեանի շրջանն այսօր էլ դիտւում է Շահէնի եւ այնտեղից բռնագաղթուած 20 հազար շահումեանցիների հայրենիք, սակայն ցաւալի է, որ չկան հայրենիքի տէրերը, չկայ հայրենիքի զաւակը, համընդհանուր մոռացում է: Մինչդեռ, շնորհիւ Շահէն Մեղրեանի, մենք ունենք Մարտակերտի ազատագրուած տարածքի մի մաս եւ Քելբաջարի շրջան: Շատերն այսօր մոռացել են, թէ ինչպէս սկսուեց Շահէնի մուտքը ազատագրական պայքար: Խօսքը 1990թ. յունուարի 7-ին Մարտունաշենում ազերիների կողմից դանակահարուած ագարակի պահակի մասին է: Յունուարի 9-ին յուղարկաւորմանը մասնակցելու համար Շահումեանից 19 մարդ ճանապարհւում է Մարտունաշեն: Խանլարի ոստիկանութիւնը, տեղի զինուորականների օժանդակութեամբ, ձերբակալում է շրջանի ղեկավարութեանը` Վլատիմիր Աղաջանեանին, Շահէն Մեղրեանին, եւ շրջանի դատախազ Կենատի Ստեփանեանին: Բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, եւ ռուսների խոստումը, թէ հայերին վնաս չեն տայ եւ թոյլ կը տան մասնակցել հանգուցեալի յուղարկաւորմանը, փուճ եղաւ: Ազերիները մինչ կը խուզարկէին հայ պատանդներին, Շահէնը իր մօտ գտնուող ատրճանակը հանում ու տալիս է ռուս հրամանատարին` «էս էլ ինձնից քեզ նուէր» ասելով:

Մէկ ամիս պահելուց յետոյ ազատ են արձակւում Շահէնը, Շահումեանի ժողվերահսկողութեան նախագահ Արժան Ծատուրեանը եւ Էրքէճի նախագահ Ասքանազ Յովհաննիսեանը: Ի դէպ, պատմում էին, որ նրանց ազատագրման համար կարեւոր դեր են խաղացել Գետաշէնի ջոկատի մարտիկները, որոնք գերել էին Սարիսու գիւղի նախագահի որդուն: Մնացեալին ազատելու համար, ըստ պատմական վաւերագրութեան, Էրքեջում հայերը կալանել էին ազերիների հանրակառքը` 18 ուղեւորով ու փոխանակել գերեալների հետ: Շահէնին ձերբակալելուց յետոյ չէին փոխանակի, եթէ ճանաչէին: Ըստ պատմաբան Աշոտ Պետրոսեանի, «Զինաւոր տայու (Շահէնի հօր) ծանօթներն են Շահէնին ազատել` չիմանալով, թէ ո՛ւմ են ազատում: Նրանց իմացած Զինաւորի որդին եւ Շահէն Մեղրեանը` որպէս շրջանի առաջնորդ, բարեբախտաբար, իրենց պատկերացման մէջ չէր նոյնացուել, այլապէս Շահէնին այդքան հեշտ բաց չէին թողնի կամ ընդհանրապէս բաց չէին թողնի: Իբրեւ Շահումեանի ղեկավարի` նրանք ճանաչում էին Աղաջանեան Վոլոտիային, որն այդ ժամանակ իբրեւ քաղաքական դէմք այլեւս որեւէ ազդեցութիւն չունէր. շրջանի փաստական առաջնորդը Շահէնն էր: Այդ ամէնը թուրքերը չգիտէին»: Ի դէպ, Վոլոտիա Աղաջանեանին ամենավերջինն են ազատել:

Շրջանի ղեկավարութեանը պատանդ վերցնելը Շահումեանի շրջանը ընկճելու, ոգին թուլացնելու, ժողովրդին թեւաթափ անելու առաջին քայլն էր:

Շահէնն իր երեխաներին` Լիլիթին ու Լուսինէին Արտատափից ուղարկած վերջին նամակում գրել էր. «Հայրիկը շատ լաւ է զգում իրեն, միայն թէ շատ է կարօտում ձեզ: Շուտով կը սկսենք աշխատել հայրենիքի ազատագրութեան ուղղութեամբ: Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում: Լուսինէ, Լիլիթ ջան, մամային լսէք, օգնեցէք Զինաւորին, ապային ու այային մի՛ մոռացէք: Շուտով կը հանդիպենք»: Նրա ընտանիքը մինչ բռնագաղթը մնաց Շահումեանում` կրելով պատերազմի բոլոր դժուարութիւնները:

Շահէնը հայրենիք բառը մեծատառով էր գրում: Եւ դա ինքնանպատակ չէր: Պատահական չէր: Որովհետեւ հայրենիքը նրա համար երբեւէ չդարձաւ շահութաբեր հիմնարկ, արտօնագիր. հայրենիքը նրա համար սրբութիւն էր:

«Առաւօտ» օրաթերթ

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )