Ռուսիոյ Ջաւախահայութիւնը Կոչ Ուղղած Է` Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Վերադարձնել Վերջինիս Պատկանող Եկեղեցիները
Ռուսիոյ ջաւախահայութիւնը դիմած է կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ.ին` խնդրելով Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ վրացական թեմին վերադարձնել վերջինիս պատկանող եւ խորհրդային կարգերուն կողմէ իւրացման ենթարկուած հայկական եկեղեցիները, որոնք կը գտնուին Վրաստանի տարածքին:
Ջաւախահայութեան յայտարարութեան մէջ նշուած է. «Ընդունէք մեր անկեղծ շնորհաւորանքները` ձեր գահակալման 35-րդ տարեդարձի, ձեր 80-ամեայ յոբելեանի, ինչպէս նաեւ` Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցութեամբ: Մաղթում ենք ձեզ քաջառողջութիւն, որպէսզի ապագայում եւս նոյն թափով ծառայէք Աստծուն, հայրենիքին եւ վրաց ժողովրդին:
«Այս առնչութեամբ օրերս Վրաստան են ժամանելու ուղղափառ եկեղեցու բազմաթիւ յարգարժան ներկայացուցիչներ: Ուստի դիմում ենք ձեզ, սրբազան Իլիա 2-րդ` խնդրելով Հայոց առաքելական եկեղեցուն վրացական թեմին վերադարձնել վերջինիս պատկանող եւ պոլշեւիկների կողմից չարաշահման ենթարկուած հայկական եկեղեցիները, որոնք գտնւում են Վրաստանի տարածքում` 5-ը Թիֆլիսում, 1-ը` Ախալցխայում:
«Վերջերս Վրաստանում տեղի ունեցած փոփոխութիւններից յետոյ, երկիրն էլ աւելի մեծ առաջընթաց կ՛ապրի` դառնալով լիարժէք ժողովրդավարական պետութիւն: Միաժամանակ Վրաստանում շարունակւում է ներքին եւ արտաքին լարուածութիւնը` որոշ անբարեխիղճ երկրների գործողութիւնների պատճառով:
«Նման իրավիճակը, մեր կարծիքով, կարող է հարթուել միջքրիստոնէական համագործակցութեան եւ քոյր եկեղեցիների միջեւ երկխօսութեան մեկնարկի շնորհիւ: Դրանք հարեւան երկրների միջեւ փոխյարաբերութիւնների բարելաւման կարեւոր աղբիւր են»:

