Դասեր` Քրտական Շարժումից

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Չլուծուած տագնապներով ու դժուարութիւններով առատ մի երկիր է Թուրքիան: Քիւրտերի պայքար, Հայոց ցեղասպանութիւն, Կիպրոսի բռնագրաւում, ուրուային պետութեան եւ օրինաւոր պետութեան դաւադրութիւններ` միմեանց դէմ, Եւրոմիութեան անդամակցութեան խոչընդոտներ, փոքրամասնութիւնների հարցեր, մարդկային իրաւունքների ոտնահարում եւ այլն:

Նոր տարին Թուրքիայի համար սկսուեց քրտական հարցով. Թուրքիայի 74 միլիոն բնակչութեան 15 միլիոնը քիւրտերն են կազմում, որոնք տասնամեակներ է, որ այդ երկրում պայքարում են ազատութիւն ձեռք բերելու համար:

Քիւրտերի պահանջն է ունենալ ներքին ինքնավարութիւն եւ իրենց լեզուն, մշակոյթն ու ազգային դիմագիծը պահպանելու հնարաւորութիւններ, մի բան, որից տարիներ է, որ զրկուած են:

1984 թուականից սկսեալ` Քրտական Աշխատաւորական կուսակցութիւնը` ՔԱԿ (քրտերէնով «Փարթիա Քարքերան Քիւրտստան»` ՓՔՔ, հիմնուած 1978 թ.) պայքարում է Թուրքիայի կառավարութեան դէմ այդ հարցով. այս մօտ 30 տարուայ ընթացքում երկու կողմից էլ արձանագրուել են զոհեր` շուրջ 40.000 հոգի: Թուրքիայի կառավարութիւնը միշտ բուռն կերպով է հակազդել քիւրտերին` ճնշելով նրանց եւ ընթացք չտալով նրանց պահանջներին, հալածելով, բանտարկելով, սպաննելով թէ՛ քիւրտ ղեկավար, թէ՛ ոչ ղեկավար դէմքերի ու երբեմն էլ` անմեղների:

Այժմ թւում է, թէ Թուրքիայի կառավարութիւնը փոխել է իր ընթացքը, այդ երկրի ամենակարեւոր, ամենատագնապալի եւ առաջնահերթութիւն ունեցող հարցի, այսինքն` քրտական հարցի նկատմամբ:

Ապտիւլլա Օճալանը ՔԱԿ-ի ղեկավար եւ Թուրքիայի Քրտական շարժման ամենակարեւոր դէմքն է, որը տարիներ է, որ գտնւում է թուրքական բանտում: Վերջերս կառավարութիւնը բանակցութիւններ սկսեց Օճալանի հետ (տարիներ շարունակ թուրքական իշխանութիւնների համար բացառուած է եղել քիւրտերի հետ բանակցութիւն վարելը). ասւում է, թէ այդ բանակցութիւնների արդիւնքում (որոնք դեռ ընթացքի մէջ են) պէտք է գծուի մի ճանապարհային քարտէս, ըստ որի, պէտք է զինադադար յայտարարուի քիւրտ զինեալների ու Թուրքիայի կառավարական զինեալ ուժերի  միջեւ, ազատ պէտք է արձակուեն քիւրտ քաղաքական բանտարկեալները եւ Թուրքիայի կառավարութիւնը պէտք է ճանաչի քրտական լեզուն ու մշակոյթը` որպէս երկրի պաշտօնական լեզուներից ու մշակոյթներից մէկը:

Բանակցութիւնների այս ընթացքը հաճելի չէ երկրի թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քաղաքական դաշտում գործող դերակատար ուժերի ու դէմքերի համար, յատկապէս` այն դէմքերի, որոնք ունեն ծայրայեղ ազգային հակումներ, որոնք համարում են, թէ Թուրքիան միայն պատկանում է թուրքերին, որոնք տարիներ ղեկավարել են այդ երկիրը, սակայն այժմ նուազել է նրանց ուժն ու հեղինակութիւնը` երկրի քաղաքական դաշտում. նրանք գլխաւորաբար ուրուային պետութեան պարագլուխներն են:

Արդէն մի քանի շաբաթ է, որ ընթացքի մէջ է բանակցութիւնների գործընթացը: Անցեալ չորեքշաբթի օրը Փարիզում Քրտական տեղեկատուական կենտրոնի գրասենեակում սպաննուեցին երեք քիւրտ կին քաղաքական դէմքեր`

– 55-ամեայ Սաքինէ Ճանսըզը, որը եղել է ՔԱԿ-ի հիմնադիրներից եւ Օճալանի մերձաւորներից: Նա 1979-1991 թթ. բանտարկուած է եղել Թուրքիայում, 2007-ից հաստատուել է Փարիզում եւ հիմնականում զբաղւում էր քրտական շարժման համար նիւթապէս եւ բարոյապէս հովանաւորողներ ապահովելով, նա կողմ էր այս բանակցութիւնների գործընթացին:

28-ամեայ Ֆիտան Տողանը, որը Քրտական ազգայնական քոնկրեսի պրիւքսէլեան գրասենեակի պաշտօնեան էր:

25-ամեայ Լէյլա Սէօյլամազը, որը Փարիզում քրտական Երիտասարդական միութեան պատասխանատու դէմքերից էր:

Այս տմարդի ոճրագործութիւնը մեծ յուզում եւ բողոքի ալիք բարձրացրեց թէ՛ Փարիզում` հանրութեան եւ քաղաքական դէմքերի մօտ եւ թէ՛ ողջ քրտական աշխարհում: Յիշեալ ոճրագործութեան վերաբերեալ  տարբեր տեսակէտներ եւ վարկածներ են շրջանառուել.

* Թուրքիայի վարչապետ Էրտողանը եւ նրա կողմնակիցները այն կարծիքին են, թէ այդ երեք սպանութիւնները կատարուել են բանակցութիւնների ընթացքը խափանելու միտումով եւ թուրք պետութեանը քիւրտերի մօտ վտանգաւոր եւ անվստահելի ներկայացնելու նպատակով:

* Մի շարք թուրք քաղաքական դէմքեր այն կարծիքի են, թէ այդ ոճրագործութիւնը ՔԱԿ-ի զուտ ներքին պառակտումների ու հաշուեյարդարների արդիւնք է (Բայց, քանի որ ՔԱԿ-ը իր ստեղծուելու օրուանից չունի նման հաշուեյարդարների անցեալ եւ զոհերից մէկը, այսինքն` Սաքինէ Ճանսըզը, կողմնակից է եղել բանակցութեան գործընթացին, ուստի` բացառւում է այդ վարկածը):

* ՔԱԿ-ը այս առթիւ իր պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշել է, որ այդ ոճրագործութիւնը թուրք ծայրայեղ ազգայնական ուժերի գործն է, ովքեր չեն ցանկանում, որ քիւրտերին ազատութիւններ տրուեն Թուրքիայում:

* Մի շարք քաղաքական շրջանակներ եւս այն կարծիքի են, թէ Փարիզում տեղի ունեցած այս դէպքը Ֆրանսա-Թուրքիա առկախ յարաբերութիւնները աւելի առկախելու նպատակով է եղել (անցեալ տարի Ֆրանսա-Թուրքիա յարաբերութիւնները սառեցուեցին Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի պատճառով, որը որ նորընտիր նախագահ Ֆրանսուա Հոլանտը խոստացել է հետապնդել):

* Մի շարք շրջանակներ եւս Փարիզում տեղի ունեցած ոճրագործութիւնը վերագրում են այն հարցին, թէ մի շարք ուժեր փորձում են վտանգել ու խափանել Թուրքիայի վարկն ու հեղինակութիւնը եւ, հետեւաբար, ազդեցութիւնը` տարածաշրջանում:

«Ալիք»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )