Նշանաւոր Մարդկանց Կեանքից. Դրուագ, Որ Թաքցւում Է Գարեգին Նժդեհի Գործունէութիւնից

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Իրաւամբ, զարմանալի էր, որ դեռ Գարեգին Նժդեհի կեանքի ու գործունէութեան մասին ժապաւէնը չդիտած` Հայաստանում շատերը քննադատում են բեմադրիչ Հրաչ Քեշիշեանին անորակ գործ նկարելու համար: Ժապաւէնից միայն մի քանի պահեր են ցուցադրուել գովազդային նպատակով, եւ դա արդէն բաւարար էր, որպէսզի ժապաւէնը խիստ քննադատէին ինչպէս շարժապատկերի մասնագէտները, այնպէս էլ շարքային քաղաքացիները:

Ես ժապաւէններից գլուխ չեմ հանում, բայց պատմական դէպքերի եւ դէմքերի մասին ժապաւէններում կարեւորում եմ պատմութիւնը չկեղծելու հրամայականը: Աւելի՛ն. երբ դու գիտակցաբար կեղծում ես պատմութիւնը, յանցագործութիւն ես գործում: Հայկական իրականութեան մէջ, որը հաւանաբար գալիս է խորհրդային տարիներից, պատմական դէմքերին ներկայացնում են կամ որպէս 100 տոկոս հայրենասէր (մարդկութիւնը դեռ չի ստեղծել մի գործիք, որը, ինչպէս ջերմաչափը, կը չափէր հայրենասիրութեան աստիճանը) կամ դաւաճան, սեւ կամ սպիտակ: Ցաւօք, այդպէս են ներկայացուել նաեւ քսաներորդ դարասկզբի հայ ռազմաքաղաքական գործիչները` Նժդեհը, Անդրանիկը, Դրոն:

«Զանգեզուր» ժապաւէնում, օրինակ, Նժդեհը դաւաճան է: Քեշիշեանի նկարած ժապաւէնում, ենթադրաբար, Նժդեհը կը ներկայանայ որպէս հերոս, քանի որ նժդեհականութիւնը դրուած է Հայաստանի այսօրուան գործող վարչակարգի գաղափարախօսութեան հիմքում: Անշուշտ, շատ հարցեր կան, օրինակ` ի՞նչ կապ կարող է լինել Նժդեհի ազգայնականութեան եւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի համազգեստի վրայից Մասիս սարը ջնջող ու հայ-թուրքական արձանագրութիւններ ստորագրող վարչակարգի միջեւ: Բայց իրականութիւնն այն է, որ Սերժ Սարգսեանն ու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնն այսօր, հանգամանքների բերումով, նժդեհական գաղափարախօսութեան կրողն են` պաշտօնապէս:

Հրաչ Քեշիշեանի ժապաւէնը կարելի է գնահատել, ու առաջինը պիտի գնահատեն ժամանակը, ինչպէս նաեւ` շարժապատկերի մասնագէտներն ու պատմաբանները, միայն այն դիտելուց եւ մարսելուց յետոյ: Բայց, ամէն դէպքում, կան մի քանի  «բայց»-եր, որոնց մասին կարելի է գրել նախքան ժապաւէնի պաստառ բարձրանալը` բոլորովին էլ չքննադատելով բեմադրիչին ու չծաղրելով Նժդեհին, ինչը ցաւօք տեղ է գտել մեր իրականութեան մէջ, առաջին հերթին` համացանցի տիրոյթում` ֆէյսպուքում:

«Բայց» առաջին. ինքնին շատ վատ է, որ Նժդեհի մասին նախընտրական շրջանում են ժապաւէն  նկարում ու շատ աւելի վատ է, որ նախընտրական շրջանում են պաստառ հանում: Կարելի էր, անհրաժեշտ էր ժապաւէնը ներկայացնել աւելի հանդարտ ժամանակ: Հաւանաբար ժապաւէնը  ստեղծողներին իրարանցում է պէտք, որպէսզի նաեւ արդարացնեն (ասում են` աստղաբաշխական)  գումարների ծախսը, որ նրանք «պոկել» են անհատներից կամ պետութիւնից:

«Բայց» երկրորդ. շատերը կասկածի տակ են դնում ժապաւէնի անաչառութիւնը, քանի որ գումարը տրամադրել են իշխանական շրջանակի մարդիկ, այսինքն` ժամանակի թելադրանքով եւ պաշտօնապէս նժդեհական գաղափարախօսութիւն ընտրած մեծահարուստներ, իսկ ինքը` Քեշիշեանը եւս իշխանական շրջանակների մարդ է, հետեւաբար չի կարող ժապաւէնում  ներկայացնել Նժդեհի մասին ոչ շահեկան, բայց իրական պատմութիւնները:

Ինձ աւելի շատ հէնց դա է հետաքրքրում: Նժդեհի կեանքի եւ գործունէութեան ամենահետաքրքիր պահերից մէկը նրա` Արցախից նահանջն էր 1920-ի գարնանը, մի դրուագ, որը խնամքով թաքցւում է նրա երկրպագու պատմաբանների կողմից: Արդեօք այդ դրուագը, որը չափազանց կարեւոր է, տեղ գտե՞լ է ժապաւէնում: Եթէ այո, ապա ինչպէ՞ս է այն մեկնուել:

Ինչպէս յայտնի է, նախորդ դարի 20-ական թուականների մեր երեք նշանաւոր զօրավարները` Անդրանիկը, Դրոն եւ Նժդեհը, ամենածանր պահին չեն կարողացել օգնել Արցախին, որը խորհրդայնացւում եւ դրւում էր Խորհրդային Ազրպէյճանի իշխանութեան տակ:

Դեռ 1918-ի ուշ աշնանը Անդրանիկը, կորուստներ կրելով, կարողացաւ ճեղքել քրտերի ու մահմետականնների դիմադրութիւնը եւ Գորիսից հասնել Բերձոր (այն ժամանակ` Ապտալլար) այնտեղից Շուշիի հայ բնակչութեանը օգնելու մտադրութեամբ: Սակայն ճանապարհին Անտանտի  ուժերը` բրիտանացիներն ու ֆրանսացիները, Անդրանիկից պահանջեցին դադարեցնել գրոհը` բացատրելով, որ 1919-ին Փարիզում սպասւում է Խաղաղութեան վեհաժողով, որտեղ պիտի որոշուեն սահմանների եւ վիճելի տարածքների հարցերը, այդ թւում` Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ վիճելի տարածքների խնդիրը: Անդրանիկը ենթարկուեց Դաշնակիցների յորդորին: Ճի՞շդ էր Անդրանիկի կեցուածքը` միանշանակ չէ: Սակայն փաստ է, որ նա նահանջեց: Պատմաբանը կամ բեմադրիչը, նկարագրելով զօրավարի անցած ուղին, իրաւունք չունի նրա կեանքի այս դրուագը մոռացութեան տալ:

Դրոն արեց աւելին: Նա օգնութեան հասաւ արցախցիներին այն օրերին, երբ ատամ կռճտացնող թշնամիներով շրջափակուած էր Արարատեան դաշտավայրը: Արցախահայութեան մի հատուած, հիմնականում մանր քաղքենիութիւնը եւ Շուշիի քաղաքային բնակչութիւնը, համաձայն էր Արցախը  թողնել խորհրդայնացուող Ազրպէյճանի կազմում` դա համարելով նոր ջարդերից խուսափելու միակ միջոց: Աւելի մեծ հատուածը` գիւղական բնակչութիւնը, լսել անգամ չէր ուզում: Իրականութիւնն այն է, որ ռուս պոլշեւիկները եւ ազերի թուրքերն ու օսմանեան բանակի մնացորդները կռւում էին արցախահայութեան դէմ, եւ Դրոն, Արցախի Չանախչի (այսօր` Աւետարանոց) գիւղում խորհրդակցելով տեղի զինուորականների հետ, որոշեց նահանջել, քանի որ ուժերն անհաւասար էին: Ասում են, որ Դրոն ասել է, թէ ինքը չի կրակի ռուս զինուորի վրայ: Սա էլ է վիճելի:  Իրականութիւնն այն է, որ վերջին հայ նշանաւոր զօրավարը, ով գլխիկոր ու անսահման տխրութեամբ հեռացաւ Արցախից, Դրոն էր:

Գարեգին Նժդեհը, ով Կապանի կողմերից իր զինուորներով օգնութեան էր հասել Հատրութի ժողովրդին, նոյնպէս նահանջեց` իր նահանջը բացատրելով նրանով, որ իր զինուորները վարուցանք` գիւղատնտեսական աշխատանքներ պէտք է կատարեն: Ահա հէնց այս դրուագն է, որ խնամքով թաքցւում է Գարեգին Նժդեհի սխրանքներով ու հակասութիւններով լի կեանքից: Արդեօ՞ք այն տեղ է գտել աղմկայարոյց ժապաւէնում, որը մեծ պաստառ է բարձրացուելու յունուարի 28-ին:

Եւ վերջում եւս երկու ցաւալի իրողութիւն: Քանի որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է գործող իշխանութիւններից, իսկ գործող իշխանութիւնները յայտարարում  են, որ իրենց իտէալը Գարեգին Նժդեհն է, այդ դժգոհ ժողովուրդը քննադատութեան սլաքն անուղղակիօրէն ուղղում է նաեւ նշանաւոր ռազմաքաղաքական գործչի ուղղութեամբ: Սա անընդունելի է, անշուշտ: Բայց ոչ պակաս անընդունելի է, երբ անկախ հետազօտողները նշանաւոր մարդկանց կեանքի անյայտ էջերը բացայայտում են, նրանց հասցէին հնչեցնում են սպառնալիքներ: Հեգնական է, երբ նման սպառնալիքներ հնչեցնում են միայն վերջին ժամանակներում նժդեհական գաղափարախօսութիւն դաւանող մարդիկ, այսինքն` երէկուայ համայնավարները ու ՀՀՇ-ականները` «Զանգեզուր» ժապաւէնի սիրահարները:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )