Հայաստանի Չքացումը Քարտեսից

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ

«Ազգ» օրաթերթի 2006-ի օգոստոսի 25-ին թարգմանաբար ներկայացուեց Միացեալ Նահանգների զինուած ուժերի պաշտօնաթող գնդապետ Ռալֆ Փիթերսի յօդուածը Մերձաւոր եւ Միջին Արեւելքի նրա առաջարկած փոփոխուած քարտեսով («Armed Forces Journal»-ի կայքէջ, 20 օգոստոս): Ըստ այդ քարտեսի, ստեղծուելու է ազատ Քիւրտիստան Սեւ ծով ելքով եւ «միացեալ» Ազրպէյճան: Որքան էլ Փիթերսը ընդունում է հայերի ցեղասպանութիւնը Թուրքիայում, բայց «մեծահոգաբար» Հայաստանին, որպէս «շահող» երկրի, «նուիրում» է ընդամէնը մի փոքր հատուած` Արարատ լեռով, փոխարէնը զրկելով Արցախի Հանրապետութիւնից եւ Իրանի հետ ընդհանուր սահմանից: Ինչո՞ւ: Որովհետեւ, նրա պատճառաբանումով, հայերի հանդէպ «Օսմանեան կայսրութեան ցեղասպանութիւնը երբեք չի կարող փոխհատուցուել տարածքային նուիրատուութեամբ»: Թերեւս խնդրի պատմութեանն անտեղեակութեան պատճառով է Փիթերսը սուլթան Համիտ երկրորդի տիրակալութեան` Օսմանեան կայսրութեան հոգեվարքի շրջանին վերագրել նաեւ հետագայում երիտթուրքերի, ապա եւ Մուսթաֆա Քեմալի կազմակերպած հայերի ցեղասպանութիւնները: Իրականում նրան չի էլ հետաքրքրել, թէ հայերը երբ եւ որքան են կոտորուել, քանզի ինչպէս նրա, այնպէս էլ տարածաշրջանի քարտեսի փոփոխում ծրագրողների տեսադաշտում հայերն ու Հայաստանը էական դերակատարութիւն չունեն, թերեւս, նոյնիսկ, աւելորդ գլխացաւանք են: Ինչպէս իրաւացիօրէն շեշտեց Սարգիս Գէորգեանը «Քարտեսային սադրանք» յօդուածում («Հայոց աշխարհ», 26 օգոստոս, 2006) «Ունիվերսալ պայթուցիչը ապագայ ազատ Քիւրտիստանն է լինելու»: Փորձելով մեղմել Թուրքիայի բուռն հակազդեցութիւնն այդ ծրագրին` ամերիկեան պատասխանատու որոշ գործիչներ շեշտեցին, որ Փիթերսի քարտեսը եւ տեսակէտները կապ չունեն Քոնտոլիզա Ռայսի առաջադրած Նոր Միջին Արեւելքի հետ: Մինչդեռ, ինչպէս հակադարձեց Յակոբ Չաքրեանը, «Որքան էլ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւնից եւ Փենթակոնից յայտարարեն, որ Փիթերսի քարտեսը չի արտացոլում արտաքին գործերի նախարարի արտայայտած Նոր Միջին Արեւելքը եւ բացառեն տարածաշրջանում սահմանների ձեւափոխման հաւանականութիւնը, այնուամենայնիւ քարտեսի օգտագործումը ՆԱԹՕ-ի պաշտպանութեան քոլեճում, այն էլ` ամերիկեան ռազմական ակադեմիայի աշխատակցի կողմից, վկայում է դրա առնչութեամբ պաշտօնական Ուաշինկթընի լուրջ մտադրութեան մասին» («Ազգ», 13 հոկտեմբեր, 2006): Այդ քարտեսում յստակ գծուած են փոփոխուած սահմանները: Քիւրտիստանը, շրջակայ այլ երկրների մասերից բացի, գրաւում է հիմնականում Արեւմտահայաստանի տարածքներ: Սահմանները Փիթերսը ձեւել է իբր ցեղային սկզբունքով, օրինակ, ներկայ շինծու Ազրպէյճան պետութիւնը միացրել է Իրանի բուն պատմական Ազրպէյճանին` արհամարհելով «երկու Ազրպէյճանների» միջեւ ընկած, տեղաբնիկ թալիշների գոյութիւնն ու Թալիշստան ստեղծելու նրանց, ինչպէս եւ ներկայ Ազրպէյճանի հիւսիսի տեղաբնիկ լեզգիների՝ սեփական երկիր ունենալու իրաւունքը:

2012-ի դեկտեմբերի 11-ին «Հրապարակ» թերթը տպագրեց մի այլ քարտես` կարճառօտ հետեւեալ տեղեկութեամբ. ըստ Միացեալ Նահանգների հետախուզական մարմինների (ճիշդը` «U.S. National Intelligense Council», «Միացեալ Նահանգների Ազգային վերլուծական խորհուրդ») «Համաշխարհային միտումներ 2030» զեկոյցում ներկայացուած տարածաշրջանի իրադարձութիւնների զարգացումների հաւանական բեմագրութիւններից մէկի` Քիւրտիստանի հզօրացումով Թուրքիան կանգնելու է իրական տրոհման վտանգի առաջ, «Քիւրտիստանի վերելքը հարուած է հասցնելու Թուրքիայի տարածքային ամբողջականութեանը եւ աւելացնելու է հարեւան երկրների հետ հակամարտելու ռիսքերը»: Մինչդեռ «Հրապարակ»-ի մատուցած քարտեսը հակառակն է ապացուցում. Քիւրտիստան այնտեղ չկայ, Թուրքիայի սահմաններում են յայտնուել Կիպրոսը, Կրետէ կղզին, Իրաքի հիւսիսային մասը, Յունաստանից` Թրակիայի մի համեղ պատառ, եւ ի հարկէ` արեւմտեան քաղաքականութեան քաւութեան նոխազ Հայաստանն Արցախով: Սա բացայայտ սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլեւ միւս նշուած երկրների դէմ: Մի՞թէ Միացեալ Նահանգների հետախուզական մարմինները այսպէս են պատկերացնում Թուրքիայի «տրոհումը»:

Որտեղի՞ց է «Հրապարակ»-ը հայթայթել այս քարտեսը եւ առանց որեւէ մեկնաբանութեան տպագրել ու գնացել տուն` հանգիստ քնելու: Սրանով ո՞ւմ է ծառայում, եթէ ոչ` թուրքական ծաւալապաշտական նկրտումներին, թէկուզ «թղթի վրայ» ընդունելով սեփական հայրենիքի զոհաբերումը (եթէ, ի հարկէ, «Հրապարակ»-ը Հայաստանն իր հայրենիքն է համարում, եթէ թուրքական ջատագովական օճախ չէ): Եւ սա կոչւում է խօսքի, մամուլի ազատութի՞ւն: Ինչ ուզեն` կ՛անեն, պատասխանատուութեան կանչես, կը ծածկուեն «եւրոպական արժէքների»  վահանով ու կը վազեն Լա Հէյի դատարան` բողոքելու: Իսկ այդ «արժէքների» տէրերը արդէն յայտնի է ում պիտի պաշտպանեն: Բայց վերջին հաշուով, աշխարհի թէկուզ ամենափոքրիկ, ամենաթշուառ պետութիւնը իրաւունք չունի՞ պաշտպանուելու նման ոտնձգութիւններից, որ այլ բան չեն, քան` զանգուածային գիտակցութեան ձեւախեղումների, հայրենածախութեան դաւադիր փորձեր:

Եթէ առանձին անձի արժանապատուութիւնը վիրաւորող յօդուածի համար որեւէ խմբագրութեան օրէնքով կարելի է դատարան կանչել, Հայաստանի գոյութեան դէմ նիւթուած նման սադրանքների համար ինչո՞ւ չի կարելի: Թէ՞ այդ իրաւունքը միայն մեծ տէրութիւնների պետանվտանգութեան մարմիններին է վերապահուած, ու բնաւ երբեք փոքրերին: «Հրապարակ»-ը դեղին, իսկ աւելի ճիշդ` ժանգոտ մամուլի ճռճռոցով ի՞նչ նպատակ է հետապնդում:

Արդէն շատերին վարակած հիւանդութիւն է ոչ միայն անտարբերութիւնը սեփական հայրենիքի բախտի նկատմամբ, այլեւ` օտարացումը հայրենիքին: Մեր-իմ երկիրը, մեր-իմ հայրենիքը, մայր հայրենիք, մեր-իմ Հայաստանը արտայայտութիւնները փոխարինուել են էս երկիրը ականջ ու հոգի սղոցող արտայայտութեամբ: Էս երկրացիների մէջ ի հարկէ, կան թելադրողներ եւ կամայ-ակամայ ենթարկուածներ: Մարդիկ, որոնք երկիրը քայքայելու նպատակով են պարտադրում նման մտայնութիւն, մարդիկ, որոնց երկրում տիրող ելուզակները, գցել են այնպիսի ծանր վիճակում, որ ոչ միայն իրենց դառնութիւնն են արտայայտում այդ ձեւով, այլեւ ճարահատուած հեռանում են հայրենիքից: Չգիտես ո՞ր երկրի քաղաքացի, նորայայտ կոսմոպոլիտ, «համաշխարհայնացուած» որոշ «մտաւորականներ» մինչեւ իսկ զանգուածային լրատուամիջոցներով «ապացուցում» են հայրենասիրութիւն, հայրենասէր, ազգասէր հասկացութիւնների աւելորդութիւնը, նոյնիսկ վնասակարութիւնը 21-րդ դարում: Չհասկանալով, որ վիթխարի հակասութիւններով յղի դարը ամէն վայրկեան կարող է փոշիացնել ոչ թէ լոկ հազարաւոր, այլ միլիոնաւոր էս երկրացի աշխարհաքաղաքացիների, որոնք ենթադրում են «համաշխարհայնացումով» փրկել իրենց խակ գլուխները: Խակ, քանզի երբ չկայ որեւէ երկրի, հայրենիքի, ազգայնութեան հասկացողութիւն, չկայ ինքնորոշում, չկայ կազմակերպութիւն, չկայ ինքնապաշտպանութիւն: Եւ ինքնաբերաբար էս երկրացիները դառնում են որեւէ ազգից ու հայրենիքից դուրս մղուած անպաշտպան խլեակներ:

Չքացած Հայաստանով քարտես տարածողները, տպողներն ու անտարբեր դիտողները պատրա՞ստ են, ըստ այս քարտեսի, գոյութիւն քարշ տալ Միացեալ Թուրքազրպէյճանում: Եթէ ոչ, ի՞նչն է նրանց դրդում էս երկրի որդնած մտայնութեամբ ընդունել, ամենայն հաւանականութեամբ, նոյն այդ թուրանացեղ հարեւանների պատրաստած սադրանքը: Հարցը, դժբախտաբար հռետորական չէ: Անկախութիւնից յետոյ սկսուած ինքնացեղասպանութեամբ եթէ ոչ 2030-ին, ապա 40-50-ին, առանց թշնամի հարեւանների մասնակցութեան Հայաստանը դատարկուած կը լինի իր բնակչութիւնից: Միայն մի դաժան, վերջին փաստը դրա խօսուն վկայութիւնն է: Ըստ Հայաստանի գաղթի ծառայութեան հրապարակման` 2012-ի 11 ամիսներին Հայաստանից մեկնող-ժամանողների բացասական տարբերութիւնը 71,347 մարդ է, անցեալ տարուանը` 64,917 մարդ: Անցած երեք տարում հեռացածների թիւը մօտ 160,000 է: Արտագաղթը շարունակուի նոյնիսկ սրանից աւելի պակաս թափով` տարին, ասենք, 30-40,000, հաշուէք, երբ Հայաստանի վերջին քաղաքացին «կը հանգցնի լոյսն» ու կը հեռանայ տուն-հայրենիքից: Չգիտեմ, էս երկրացիները ցաւ զգո՞ւմ են այս իրողութեանը բախուելիս, բայց գոնէ մի պահ ուշքի գան, մտածեն, տեսնեն, թէ սեփական երկրի հանդէպ նման պահուածքը առաջին հերթին հէնց իրենց ուր կը հասցնի:

Ընդհուպ մինչեւ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները տրոհուած պատկերող այսպիսի սադրանք-քարտեսներ շատ կան. տրոհուած, տարածքներ կորցրած, բայց ոչ` Հայաստանի նման վերացած երկրների: Օհայոյում 1981-ին ծնուած, այժմ Մոսկուայում բնակուող Թիմ Քերպին Միացեալ Նահանգների տրոհուած որոշ քարտեսների առիթով ասում է. «Նման դէպքերում ես յիշում եմ 90-ականների այսպիսի վերնագիր. բացայայտուած է Միացեալ Նահանգները իրար մէջ բաժանելու քանատացիների եւ մեքսիքացիների գաղտնի պայմանագիրը». բարեբախտաբար, ծրագիրը դեռեւս գործի չի դրուել: Քարոզչական հրահրումներ, անջատողականներ կան միշտ եւ ամէնուր: Ցանկացած երկիր վտանգի տակ է… ուժեղների եւ թոյլերի տարբերութիւնը միայն այդ մշտական վտանգին դիմադարձելու ուժեր ունենալն է («Վրամեան», Լ. Ա., 16-22 նոյեմբեր, 2012):

Մոսկուայում բնակուող ամերիկացին մտահոգւում է աշխարհի ամենահզօր երկիր իր հայրենիքի ապագայով, իսկ Հայաստանում նստած լրագրողը անհաւատալի անտարբերութեամբ ընդունելով թուրք-ազրպէյճան թշնամիների հերթական այս դաւադրութիւնը հրապարակում է իր «Հրապարակ»-ում որպէս Թուրքիայի «տրոհման», իրականում Հայաստանի չքացման վկայութիւն:

«Ազգային գաղափար»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )