«Գաղափարի Մարդիկ Յաղթելու Են»

Հազարապետ ԳԱՅԵԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ

Ազատամարտիկ Արթուր Եղիազարեանը օրերս բանակ ճանապարհեց իր երրորդ որդուն: Նրա երեք որդիները այժմ պաշտպանում են այն սահմանները, որոնց ազատագրութեան համար բազմաթիւ հայորդիների հետ միասին պատերազմել է նաեւ իրենց հայրը:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Եղիազարեան, ես առանձնակի սիրով եմ տրամադրուած այս զրոյցին: Թերեւս ընթերցողներին նոյնպէս պատմենք, թէ ինչպէս ենք ծանօթացել: Ես Ֆէյսպուք ընկերային ցանցում հաղորդագրութիւն էի տարածել` խնդրելով ինձ տրամադրել հոգեւոր գրականութիւն: Առաջինը դուք արձագանգեցիք եւ ամենայն մանրամասնութեամբ ներկայացրիք հայոց հոգեւոր մշակոյթը…

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես պատմաբան եմ…

Հ.- Յետոյ ես տեսայ ձեր տեղադրած լուսանկարները համացանցում: Դուք տեղադրել էիք ձեր աճեցրած ծաղիկների լուսանկարները: Այնուհետեւ պարզեցի, որ դուք ազատամարտիկ էք…Այսօր ես առիթ ունեմ անձամբ ծանօթանալու ձեր կենսագրութեանը, ինչի համար շնորհակալ եմ:

Պ.- Հայրս, իր հօր եւ պապի ծննդավայրից ելնելով, առ այսօր իրեն իգդիրցի է համարում: Իգդիրեան (կորցրած հայրենիքի) ախտանիշը, բնականաբար, հօրս զաւակների մէջ էլ կայ ու կար: Բայց մենք գիտէինք, որ ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական կողմի նախնիները 216-217 տարի առաջ, պարսկական արշաւանքի ժամանակ, դուրս են եկել Արցախից: Շատ տարիներ առաջ, երբ աշխատում էի Արցախում, մի տեղանք կար Թարթառ ու Թրղի գետերի մօտակայքում, որտեղ զարմանալի զգացողութիւն էի ունենում` խաղաղւում էի: Այդ տարածքը անբացատրելիօրէն հարազատ էր ինձ ու ձգում էր: Պարզուեց, որ մայրական պապերիս` Մելիք Իսրայէլեանների կալուածներն են եղել:

Իմ ընտանիքի բարոյականութիւնը յենւում էր երկու գաղափարի վրայ` Պետութեան եւ Հայրենիքի (հօրս ու մօրս կերպարով): Հայրս` վաստակաշատ էներգետիկ Ալպերթ Եղիազարեանը, պետական մտածողութեան տիպիկ օրինակ է, օրինակելի քաղաքացու դասական կերպար: Պետական ունեցուածքը փչացնելը, վատնելը աններելի յանցանք է նրա համար:

Մայրս ազգապաշտ է: Նա հայրենիքի ջատագով է: Հայաստանի եւ աշխարհի ցանկացած կէտում, երբ մի հայի յաջողութիւնների կամ յաղթանակի մասին է լսում, անպատմելի ոգեւորւում է: Ահա, այս երկու հզօր արժէքներից (պետութիւն-ազգ) համադրուեց ազգային պետութեան գաղափարախօսութիւնը, որը իմ արժեհամակարգի առանցքն է ու, որպէս անհատի, իմ անձնական բարոյականութեան հիմքը:

Հ.- Ես արդէն գիտեմ, որ դուք մասնակցել էք արցախեան պատերազմին, նաեւ սպայի կենսագրութիւն ունէք…Զօրքերում միջանձնային յարաբերութիւնները կատարելագործելու համար, իրօք, արւում է հնարաւոր ամէն ինչ…Ու յանկարծ էլի ինչ-որ պատահար է արձանագրւում:

Պ.- Որովհետեւ ճիշդ չի ընտրուած պայքարի դաշտը: Ներկայումս պայքարը հետեւանքների դէմ է, մինչդեռ այս խնդրի հենքը, արմատը դրսում է, հասարակութեան մէջ, ընտանիքում: Զինուորը պէտք է ձեւաւորուի մինչեւ ծառայութեան մեկնելը, այլ ոչ թէ` բանակում:

Ես հին Երեւանի «Ցախի մէյտան» կոչուող թաղում եմ մեծացել: Տարիների ընթացքում ոչինչ չի փոխուել, Հայաստանում վարից վեր գործում են «քուչի» օրէնքներն ու արժեհամակարգը, երբ մի քանիսը իրենց «ճիշդը» պարտադրում են միւսներին` որպէս բարոյականութեան չափանիշ: Եւ ամենացաւալին զոհի` իրեն ճնշողի հետ նոյնականացման ախտանիշն է: Երբ զոհը ոչ թէ պայքարում է դահիճի դէմ, այլ փորձում է նմանուել նրան, զոհի կարգավիճակից բարձրանալ դահիճի կարգավիճակի` զոհելով իրենից թոյլին եւ ինքնահաստատուելով նրա վրայ:

Յաճախ ընտանիքում ծնողը երեխային սովորեցնում է անհանդուրժողականութիւն, յարձակողապաշտութիւն, որովհետեւ ցանկանում է, որ իր զաւակը կենսունակ լինի…Ընտանիքներ կան, որտեղ ամէն մէկն իր փողն է ծախսում, ամէն մէկն իր համար է ապրում. խարխլում են բոլոր հորիզոնական եւ ուղղահայեաց կապերը:

Մենք երկու աշխուժ եղբայրներ էինք, բայց երբ հայրս մտնում էր տուն, ամէն մէկս մեր անկիւնն էինք վազում: Հօրս խօսքը օրէնք էր, գնահատականը` չափանիշ: Այսօր շատ դէպքերում նուազել է տղամարդկային ներկայութիւն ե՛ւ ընտանիքում, ե՛ւ դպրոցում: Չաշխատող` կնոջից ծխախոտի փող խնդրող հօրից չես կարող տղամարդկային ներկայութիւն ակնկալել ընտանիքում: Դպրոցում տղամարդ ուսուցիչները գրեթէ վերացել են: Կանանց փէշի տակ մեծացած, կամ փողոցում դաստիարակուած տղաները (երկու բեւեռ) հանդիպում են իրար բանակում…

Հ.- Դուք ընդամէնը 39 տարեկան էք, բայց 19 տարեկան տղաներ ունէք (զոյգ): Ե՞րբ էք հասցրել:

Պ.- Ես 19 տարեկանում եմ ամուսնացել, Արցախում, պատերազմի ժամանակ: 1992 թուականն էր, Շուշիում էինք: Կնոջս շուշեցի տատիկը աշխուժ կին էր, սիրում էր շփուել ազատամարտիկների հետ, հիւրասիրում էր յատկապէս մեզ պէս երիտասարդներին, ովքեր «դրսից» էին եկել Արցախ: Այդ օրը, երբ առաջին անգամ տեսայ կնոջս, Ստեփանակերտից հիւր էր եկել տատիկին: Երկու ամիս անց ամուսնացանք: Եկայ Հայաստան, ծնողներիցս թոյլտուութիւն խնդրեցի, բայց չթողեցի գան Շուշի. Լաչինով անցնելը դեռ վտանգաւոր էր այն ժամանակ` Կուբաթլիի կողմից ռմբակոծւում էր ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Մարտական ընկերներով, հրամանատարներով գնացինք աղջիկ ուզելու: Սկզբում աներս չէր համաձայնում, յետոյ երջանկայիշատակ Շոշի Ագոն (Արգամ Յարութիւնեանը) բարեխօսեց եւ էլի ուրիշ հեղինակաւոր մարդիկ…

Հ.- 20 տարեկանո՞ւմ էք հայր դարձել…Ա՛յ քեզ քաջութիւն:

Պ.- Պատերազմը խտացնում է ժամանակը, ու օրը տարուայ տարողութիւն ունի: Նայէք ռազմիկների նկարներին: Թաթուլ Կրպէեանը զոհուեց 26 տարեկանում, բայց 40 տարեկանի տեսք ունէր: Հոգով ու գիտակցութեամբ էլ էր այդքան հասուն: Ես մօրուք ունէի ու սափրեցի, որովհետեւ 40 անց էի երեւում, 20 տարով մեծ` իմ իրական տարիքից: Մեր սերունդը վաղաժամ հասունացաւ: Մենք կարող էինք 20 տարեկանում ընտանիք կազմել, պատասխանատուութիւն կրել կնոջ ու երեխաների համար, զաւակ դաստիարակել: Իմ զոյգ տղաները` Արամն ու Արան, յաղթանակից յետոյ ազատագրուած Շուշիում ծնուած առաջին երկուորեակ տղայ երեխաներն են: Տղաներիս ծնունդը համաժողովրդական տօնի վերածուեց: Ողջ Շուշի քաղաքն էր տօնում` լուսածիր փամփուշտներով հրավառութիւն էին տալիս: Երբ տղաներիս լոյս աշխարհ գալու լուրն իմացայ, ասացի` երկու զինուոր ծնուեց:

Հ.- Կը պատմէ՞ք արցախեան պատերազմի մասին: Ես չեմ ուզում որոշակի հարց տալ, որպէսզի չուղղորդեմ ձեր ասելիքը…

Պ.- Կար մի տարօրինակ իրողութիւն` հայրենապահ հայի ծինային արթնացումը: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնց եռամսեայ հաւաքով թաքստոցից էին բերել ռազմաճակատ, բայց ռազմի դաշտում նրանք նոյնքան քաջասիրտ էին, որքան` ինքնազոհաբերուելու պատրաստ կամաւորականները: Ես ճանաչում եմ մէկին, որին գորգի միջից էին հանել ու բերել սահման (կինը փաթաթել էր գորգի մէջ ու թաքցրել ամուսնուն): Այդ մարդը քաջաբար էր կռւում: Մենք չենք ուսումնասիրել արցախեան պատերազմի երեւոյթը, գրեթէ չենք ուսումնասիրել` ո՛չ ռազմարուեստի, ո՛չ էլ հոգեբանական տեսանկիւնից: Դասական ռազմարուեստի տրամաբանութեամբ, յաջողութեան հասնելու համար յարձակուող կողմը պէտք է իր ուժերով 3 անգամ գերազանցի պաշտպանուող կողմին: Բայց մեր պարագայում հակառակն էր, հայկական դասակը յարձակւում էր ազրպէյճանական գումարտակի վրայ, ու մէկը երեքի դէմ կռուելով` հայրենիք էր ազատագրում:

Հ.- Փաստօրէն պատերազմից յետոյ ուսուցիչ էք աշխատել Շուշիի վարժարանում` ռազմագիտութիւն եւ պատմութիւն էք դասաւանդել: Եղել էք Մարտակերտի վարչական շրջանի ղեկավարի խորհրդական-տեղակալը եւ մօտ 6 տարի ծառայել էք ազգային բանակում…

Պ.- Ես Շուշիում ուսուցիչ եմ աշխատել նաեւ պատերազմի ժամանակ: Շուշիի «Արամ Մանուկեան» վարժարանի հիմնադիրներից եմ: Մենք ռազմաճակատ գնացած ուսանող ընկերներով դասաւանդում էինք Շուշիի վարժարանում…Հետագայում, Արցախի հարաւային գօտիների, մասնաւորապէս Հադրութի շրջանի` «Օղակ» գործողութեամբ ոչնչացուած հայկական գիւղերի վերականգնման ծրագիր էինք մշակում…Զուգահեռաբար քննութիւն էինք յանձնում համալսարանում, փոխադրւում լսարանից լսարան…Երկիրը դրսից պաշտպանելուց զատ ուզում էինք երկիրը պահել երկրի ներսում:

Մենք գաղափարի շուրջ համախմբուած մարդկանց կարիք ունենք` կամաւորականի, զինուորի: Թայֆաբազութիւնը երկիրը քանդում է ներսից:

Ես լաւատես եմ: Ե՛ւ քաղաքացիական կեանքում, ե՛ւ բանակում, ե՛ւ իշխանական լծակների մօտ, ե՛ւ ընդդիմութեան մէջ, ե՛ւ քաղաքներում, ե՛ւ գիւղերում Արժէք կրող, Գաղափարի մարդիկ կան, իրենց տեսակի համար կռիւ տուող, ինքնազոհ…Ու նրանք յաղթելու են:

 

«Հայ Զինուոր»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )