Մենք. Եւ Ինչ Հեշտ Է Թւում. Ընդամէնը Հարիւր Քայլ Եւ Միասին Հնարաւոր Է Ապահով Հայաստան

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Անցնող երկուշաբթին շաբաթուայ կամ ամսուայ միւս օրերից առանձնապէս տարբերուելու նշաններ ցոյց չէր տայ, եթէ, ի հարկէ, չլինէր Կենտրոնական ընտրական յանձնաժողովի որոշումը. յունուարի 21-ը 2013 թ. նախագահական ընտրութիւնների պաշտօնական քարոզարշաւի մեկնարկի օրն է:

Իսկ իրականում Հայաստանի Հանրապետութեան հազարաւոր քաղաքացիների համար գրեթէ ոչինչ չասող, շարքային օր` անսպասում, անտարբեր, հոգսաշատ:

Տանից դուրս գալիս` շէնքիս պատին նկատում եմ գործող նախագահի մեծադիր նկարն ու մի կարճ պահ տարակուսելուց յետոյ գլխի ընկնում` հա՛, քարոզարշաւն է սկսուել:

Մի քիչ տարօրինակ, մի քիչ զուարճալի, իսկապէս տխուր ու հաստատ վիրաւորուելու չափ ապաքաղաքական ստացուեցին այս ընտրութիւնները: Գուցէ եւ դրսից տպաւորութիւնն այլ լինի. ինչո՞ւ տարօրինակ, տխուր կամ զուարճալի` ի վերջոյ ութ թեկնածուներ են ընդգրկուած «ընտրապայքարում»` նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար, Ամենայն հայոց քաղբանտարկեալ ու ինքնորոշման մարտիկ, դիւցազնավիպագէտ, նախագահի երկու յաւերժական թեկնածուներ, որոնց բոլոր նախորդ ընտրապայքարների միասնական ցուցանիշը 1 տոկոսից չի անցնում, եւ մի անկուսակցական գործիչ, որն այն գլխից, արդարացիօրէն համոզուած լինելով, որ ընտրութիւնները Հայաստանում իշխանութիւն ձեւաւորելու գործիք չեն, քարոզարշաւն սկսել է հացադուլով` նախագահի նստավայրից հարիւր մեթր հեռաւորութեան վրայ ընտրելով հացադուլի վայր:

Ասում եմ «ընտրապայքար» ու ցաւում, հաստատ ցաւում եմ. գրեթէ ինքնաոչնչացման ու փոխադարձ արժեզրկումի այս կացութեան համար, ու մտքիս մէջ տրոփում է Յովհաննէս Թումանեանի յայտնի հեքիաթի պատկերը: Ախր ինչպէ՞ս չտրոփի, երբ քարոզարշաւը չսկսուած` երկուսը հրաժարւում են պայքարից, մէկը հացադուլ է անում, միւսը յայտարարում է, որ մի քանի օրից մի երկու օրով կը միանայ հացադուլին, միւսի ընտրական գրասենեակի պետը, որ նաեւ զոքանչն է, դեռ որոշում չի կայացրել, իսկ դիւցազնավիպագէտ-թեկնածուն, որ հաստատ գիտի, որ «վերեւում Աստուած կայ», քարոզարշաւին հետեւում է հեռուստացոյցով: «Ընդամէնը 100 քայլ» համոզուած է երկիրը մի անգամ տնտեսական անկումի մատնած նախկին վարչապետը, դէ Րաֆֆին էլ սովորոյթի համաձայն քայլում է, քայլում յորդորելով` «միասին հնարաւոր է»:

Սերժ Սարգսեանի քարոզարշաւում այլեւս փուչիկներ չկան, բոլոր փուչիկները վաղուց «դաւադրաբար» պայթել են (պարզւում է հելիոմը պայթում է), ու հաւանաբար նաեւ սա է պատճառը, որ նա այս անգամ «ապահով Հայաստան» է խոստանում: Ու խօսում է, խօսում նախագահը, խոստանում, ո՞վ գիտէ, գուցէ ինքն իրեն լսի, շատ լսի, հաւատայ ու փոխուի ու իսկապէս ապահով Հայաստան ունենանք: Յոյսը վերջինն է մեռնում (այս մէկը Թումանեանից չէր):

Իսկ «Եուրոնիուզ»-ի թղթակիցը, որ հաստատ Յովհաննէս Թումանեան չի կարդացել ու համեմատելու եզրեր չունի, «Եուրոնիուզ»-ի պաշտօնական կայքում Հայաստանի նախագահական ընտրութիւնների մասին գրում է.

«Հայաստանում ընտրողները զրկուել են ընտրութիւն կատարելու հնարաւորութիւնից: Հայաստանցիները փետրուարին նոր նախագահ պիտի ընտրեն, բայց գործող նախագահն արդէն կարելի է ընտրուած համարել: Նրա երկու հիմնական հակառակորդների ընտրապայքարին չմասնակցելու որոշումը Սերժ Սարգսեանին երկրորդ անգամ նախագահ դառնալու անվրէպ հնարաւորութիւն են տալիս»:

Մեր քաղաքական իրողութիւններում տրամաբանութիւն կամ քաղաքագիտական բացատրութիւններ գտնելու ցանկութիւնն այնքան մեծ է նաեւ Հայաստանում Միացեալ Թագաւորութեան դեսպան Քեթի Լիչի մօտ, որ վերջինս, խախտելով ներքաղաքական զարգացումներին չմիջամտելու դիւանագիտական բարոյագիտութիւնը, իր անձնական պլոկում անդրադարձել է մեր ընտրութիւններին: Հաստատ տիկին Լիչն էլ չի կարդացել Թումանեան ու մեր ազգային խառնուածքին ոչ քաջածանօթի պէս, զարմացած ու անկեղծ հարցեր է տալիս, թէ որո՞նք են ընտրութիւններին չմասնակցելու հնարաւոր պատճառները, արդեօք որոշներն ընդդիմադի՞ր են, որոշներն` աւելի՞ ընդդիմադիր, ինչպէ՞ս կարելի է ընտրութիւններին չհաւատալ, բայց մասնակցել 2008-ի եւ 2012-ի ընտրութիւններին:

Իսկ Հայաստանում` ինչպէս Հայաստանում: «Կալլոփ» ընկերաբանական ընկերութիւնը հրապարակում է ընտրութիւնների արդարութեան վերաբերեալ 125 երկրներում անցկացրած ուսումնասիրութեան արդիւնքները: Հայաստանն ամենաքիչը հաւատացող երկրների եռեակում է: Ամենաքիչը ընտրութիւնների արդարութեանը հաւատում են Հայիթիում, Մոնկոլիայում, ապա` Հայաստանում:

Այսօր քարոզարշաւի չորրորդ օրն է` մի քիչ տարօրինակ, մի քիչ զուարճալի ու հաստատ վիրաւորուելու չափ ապաքաղաքական: Այս բոլորը մենք ենք` դերակատար, մասնակից ու արժանի.

Բագրատեանը շարունակում է համոզել, Րաֆֆին` յորդորել, Սարգսեանը` խոստանալ:

Եւ ի՛նչ հեշտ է թւում ամէն ինչ. ընդամէնը հարիւր քայլ եւ միասին հնարաւոր է ապահով Հայաստան:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )