Թուրքիա. Նախարարների Փոփոխութեան Իմաստը
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Ուրբաթ, 25 յունուարին, Թուրքիայի վարչապետ Էրտողանը փոփոխութիւններ մտցրեց կառավարութեան դահլիճի նախարարների կազմում` փոխելով չորս նախարարների: Այսպէս`
– Մշակոյթի եւ զբօսաշրջութեան նոր նախարար նշանակեց Օմար Չելիքին (քաղաքական ուժեղ դէմք եւ խորհրդարանի երեսփոխան` Ատանայից, նա նաեւ ներկայ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան փոխնախագահն էր):
Չելիքը փոխարինեց Էրթուղրուլ Կիւնային, որը տարիներ եղել է Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարը, նա յայտնի է իր ձախ եւ հակակրօն հակումներով: Ասւում է, թէ Էրտողանը նրան գլխաւոր պաշտօն է առաջարկելու Զմիւռնիոյ նահանգում:
– Առողջապահութեան նախարար է նշանակուել Մեհմեթ Մուէզինօղլուն, որը փոխարինում է նախկին նախարար դոկտ. Ռեճեպ Աքտաղին:
– Ուսումնադաստիարակչութեան նոր նախարար է նշանակուել Նապի Աւճըն, որը փոխարինեց Օմար Տինչերին:
Իսկ ամենակարեւորը…
Ներքին գործերի նոր նախարար է նշանակուել Մուամմեր Կիւլերը: Նա փոխարինում է ներքին գործերի նախկին նախարար Իտրիս Նայիմ Շահինին:
Էրտողանի միջոցով նախարարների կազմում տեղի ունեցած այս փոփոխութիւններն ունեն իրենց իմաստը:
Ըստ թուրք եւ ոչ թուրք քաղաքական փորձագէտների ու վերլուծաբանների, մի քանի իմաստ ունեն այս նոր նշանակումները: Նախ, չփոխելով արտաքին գործերի նախարար Տաւութօղլուին եւ մի քանի այլ ուժեղ դէմքերի (պետնախարարներ` Ալի Պապաճանին եւ Պիւլենթ Առընչին)` նշանակում է, թէ կառավարութիւնը անփոփոխ է պահում իր մօտեցումները արտաքին քաղաքականութեան ու տնտեսական հարցերում:
Նաեւ ասւում է, թէ Էրտողանը պատրաստւում է 2014 թուականին Թուրքիայի նախագահական ընտրութիւնների համար, եւ քանի որ ինքն է ցանկանում դառնալ երկրի նախագահ, իր մի շարք ուժեղ դէմքերին ձերբազատելով նախարարների կազմից եւ ուղարկելով կարեւոր քաղաքներ ու շրջաններ` փորձում է այդ շրջաններում կայանալիք ընտրութիւնները արդիւնաւորել ի շահ իրեն:
Սակայն նախարարների փոփոխութեան ամենահետաքրքիր բաժինը ներքին գործերի նախարար Իտրիս Նայիմ Շահինի պաշտօնանկ անելն է, յատկապէս` այս օրերին, որ կառավարութիւնը բանակցութիւններ է վարում Թուրքիայի քրտական շարժման գլխաւոր դէմքերի հետ` վերջնականապէս լուծելու Թուրքիայի համար այդքան կարեւոր եւ գլխացաւանք դարձած քրտական հարցը:
Նախկին ներքին գործերի նախարար Շահինը յայտնի է իր ծայրայեղ ազգայնական մօտեցումներով, նա յայտնի է նաեւ իր հակաքիւրտ ընթացքով, որը միշտ տագնապներ է ստեղծել կառավարութեան դահլիճում, Շահինը չսիրուած դէմք է նաեւ քիւրտերի մօտ:
Ասւում է, թէ Էրտողանը ամիսներ է, որ խուսափում է նրա հետ հանդիպումներ ունենալուց: Շահինը բազմիցս տարբեր ելոյթներով ու առիթներով ստորացուցիչ արտայայտութիւններ էր ունեցել քիւրտերի հասցէին, զանոնք անուանելով ահաբեկիչներ եւ մաքսանենգներ` նա խոչընդոտում էր քիւրտերին իրաւունքներ տալու հարցում:
Էրտողանի միջոցով Շահին-Կիւլեր փոխարինումով նշանակում է մասամբ դրական մօտեցում` քրտական հարցին: Նորանշանակ նախարար Մոամմեր Կիւլերը Մարտին նահանգից է, որտեղ բնակւում են հոծ թուով քիւրտեր, նա նաեւ կապեր ունի տեղի քիւրտ համայնքի հետ եւ մօտիկից ծանօթ է քիւրտերին: Կիւլերը յայտնի է իր չափաւորական մօտեցումներով, եօթ տարի եղել է Պոլսոյ կուսակալ, նաեւ փոխտնօրէնն է եղել ներքին գործերի նախարարութեան անվտանգութեան բաժնի. նրա միջոցով են նշանակուել ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի պետերը` քրտաբնակ շրջաններում:
Ի դէպ, Մոամմեր Կիւլերի անունը հոլովւում էր «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանդ Տինքի սպանութեան գործով: Տինքի ընտանիքի փաստաբանները 2012 թուականին «սպանութիւնը հրահրելու եւ դրա կատարմանն, օգնելու», ինչպէս նաեւ «կանխամտածուած սպանութիւնը անփութօրէն չկանխելու» մեղադրանքով պահանջել էին դատավարութիւն սկսել Կիւլերի դէմ, սակայն դատարանը փակել էր գործը…
Կիւլերը վարչապետ Էրտողանի վստահուած անձերից է համարւում: Այս նոր փոփոխութիւններով Էրտողանը իր վճռակամութիւնն է ցուցաբերել քրտական հարցը իր լուծմանը մօտեցնելու գործում:

