Իրանի Եւ Ազրպէյճանի Յարաբերութիւնների Ժամանակագրութիւնը 2012 Թ-ին. Փոխադարձ Անվստահութիւնը Պահպանուել Է

ԱՐՄԷՆ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

Երկու հարեւան շիական երկրների` Իրանի եւ Ազրպէյճանի միջեւ վերջին մէկ տարուայ ընթացքում տեղի ունեցած գործընթացների համապատկերում այդ երկու երկրների յարաբերութիւնները, մեղմ ասած, դժուար կը լինի անուանել բարիդրացիական:

Թէեւ պաշտօնական հանդիպումների ընթացքում երկու երկրների պաշտօնեաները յայտարարում են, թէ հակուած են կառուցելու բարիդրացիական յարաբերութիւններ, այնուամենայնիւ իրական քաղաքականութեան մէջ գոյութիւն ունեն մի շարք գործօններ, որոնց առկայութիւնը գրեթէ անհնար է դարձնում կայուն յարաբերութիւններ հաստատելու ձգտումները:

Ազրպէյճանաիսրայէլական Յարաբերութիւններ

Իրանաազրպէյճանական յարաբերութիւններում լարուածութիւն առաջացնող պատճառներից թերեւս ամենագլխաւորը` դա Ազրպէյճանի եւ Իսրայէլի ռազմավարական յարաբերութիւններն են: Ըստ իրանցի փորձագէտների, վերջին երկու տարուայ ընթացքում Ազրպէյճանը շուրջ 3,6 միլիառ տոլարի ռազմական կազմածներ է գնել, որի մեծ մասը բաժին է ընկնում իսրայէլական արտադրանքին: Միայն 2012թ. Իսրայէլի եւ Ազրպէյճանի միջեւ ռազմական կազմածներ ձեռք բերելու մասին ստորագրուած պայմանագրի արժէքը կազմել է շուրջ 1,9 միլիառ տոլար: Թէեւ պաշտօնական Պաքուն յայտարարում է, թէ Իսրայէլից գնուած ռազմական կազմածները (անօդաչու ինքնաթիռներ, հականաւային «Կապրիէլ» հրթիռներ, հակահրասայլային «Սփայք» հրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանութեան, հակապալիստիկ «Պարաք» հրթիռային համակարգեր, ռատարային համակարգեր) ուղղուած է Հայաստանի դէմ, սակայն Իրանը գտնում է, որ դրանք հարկ եղած դէպքում օգտագործուելու են Իրանի դէմ:

Սրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ս.թ. դեկտեմբերի 10-ին իրանական «փրեսսթիւի.իռ» կայքը հաղորդեց, որ Ազրպէյճանի թալիշաբնակ Ասթարա շրջանում ամերիկեան ռատարային համակարգերի գործարկումից յետոյ Ազրպէյճանն իսրայէլացի ռազմական խորհրդատուների աջակցութեամբ կազմուած անօդաչու ինքնաթիռների միջոցով հեռախուզական գործողութիւններ է իրականացնում Իրանի սահմանին: Այդ առնչութեամբ` առանձին յայտարարութեամբ հանդէս եկան թէ՛ Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը եւ թէ՛ խորհրդարանը, որոնք նշեցին, որ եթէ Ազրպէյճանը շարունակի իր գործողութիւնները, ապա ազրպէյճանական անօդաչու ինքնաթիռները նոյն ճակատագրին կ՛արժանանան, ինչպէս իրանեան բանակի կողմից Պարսից ծոցում վնասազերծուեց ամերիկեան անօդաչու ինքնաթիռը:

Իրանցի Թրքալեզու Բնակչութեան
Ցեղային
Խնդիրների Շահարկում

Իրանաազրպէյճանական յարաբերութիւնների լարուածութեան առաջացմանը նպաստող հանգամանք է դիտւում նաեւ Ազրպէյճանի կողմից Իրանի թրքախօս բնակչութեան (ազարիներ) ցեղային հարցերի շահարկումը, որի միջոցով Ազրպէյճանը ջանում է անջատողական տրամադրութիւններ ստեղծել Իրանի Արեւելեան եւ Արեւմտեան Ազարբայճան նահանգներում: Վերջին տարիներին Ազրպէյճանի իշխանութիւնների հովանաւորութեամբ ստեղծուել են մի շարք կառոյցներ («Ազրպէյճանցիների համաշխարհային քոնկրես», «Ազարիների ազգային խորհուրդ»), որոնք թէ՛ Ազրպէյճանում, թէ՛ Թուրքիայում եւ թէ՛ Իրանի հիւսիսային նահանգներում յաճախակի կազմակերպում են հակաիրանական ուղղուածութեամբ տարատեսակ միջոցառումներ:

Դեկտեմբերին Պաքւում հրաւիրուած «Ազրպէյճանցիների համաշխարհային քոնկրես»-ի հերթական նիստի ընթացքում կազմակերպութեան նախագահ, խորհրդարանի երեսփոխան Սապիր Ռուսթամխանլին, խօսելով թրքախօս իրանցիների մասին, մասնաւորապէս նշել էր. «Ցաւօք Հարաւային Ազրպէյճանում, այսինքն` Իրանական Ազրպէյճանում բնակուող մեր հայրենակիցների ազգային, մշակութային, ընկերային եւ քաղաքական իրաւունքների վերաբերեալ Հիւսիսային Ազրպէյճանում, այսինքն` Ազրպէյճանի Հանրապետութիւնում, գրքեր չեն հրապարակւում: Պաշտօնական Պաքուն խուճապային վախ ունի Թեհրանի վարչակարգի հանդէպ, այդ իսկ պատճառով է, որ մեր հայրենակիցների իրաւունքների ոտնահարման հարցը միջազգային ատեաններում չի բարձրաձայնում»:

Այդ առնչութեամբ` Ազրպէյճանում Իրանի դեսպանութիւնը հանդէս եկաւ քննադատական յայտարարութեամբ, որտեղ մասնաւորապէս նշւում էր. «Ազրպէյճանում հերթական անգամ գումարւում է հակաիրանական, անջատողական քաղաքականութիւն որդեգրած, այսպէս կոչուած, «Ազրպէյճանցիների համաշխարհային քոնկրեսի (ԱՀՔ)» նիստը, որը եւս մէկ անգամ կասկածի տակ է դնում Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը: Իրանի դեսպանութիւնը, դատապարտելով ԱՀՔ-ի հակաիրանական խմբաւորման ազատ գործունէութիւնը, սպասում է, որպէսզի Ազրպէյճանի կառավարութիւնը եւս զգայնութիւն ցուցաբերի այդ գործընթացների նկատմամբ»:

Պատմական Եւ Մշակութային Արժէքների Շուրջ
Տարաձայնութիւններ

Պատմական հարցերի շուրջ եւս լուրջ տարաձայնութիւններ գոյութիւն ունեն Թեհրանի եւ Պաքուի յարաբերութիւններում: Ազրպէյճանի դպրոցական դասագրքերում, քարտէսներում Իրանի հիւսիսային մի շարք նահանգներ (շուրջ 400 հազար քառակուսի քմ) ներկայացւում են որպէս Ազրպէյճանի մաս, իսկ վերջերս Ազրպէյճանի խորհրդարանի երեսփոխանները հանդէս եկան մի նախաձեռնութեամբ, որով առաջարկւում էր երկիրը վերանուանել Հիւսիսային Ազրպէյճան:

Ինչ վերաբերում է ներկայիս Ազրպէյճանի Հանրապետութեան ստեղծմանը, ապա Իրանի թէ՛ պաշտօնական եւ թէ՛ գիտական շրջանակները համարում են, որ մինչեւ 1918թ. Ազրպէյճան անունով պետութիւն գոյութիւն չի ունեցել, եւ որ այդ երկիրը ստեղծուել է իրանական պատմական Արան եւ Շիրվան տարածքների վրայ: (Այդ մասին 2012թ. փետրուարի 24-ին Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում յայտարարեց Հայաստանում Իրանի արդէն նախկին դեսպան Սէյիտ Ալի Սաղաեանը):

Բացի տարածքային պահանջներ ներկայացնելուց` Ազրպէյճանը սեփականացնում է նաեւ իրանցի մեծանուն բանաստեղծներին, պատմական դէմքերին եւ Իրանի մշակութային արժէքները: Ազրպէյճանն Իրանի գրականութեան մեծագոյն դասականներից մէկին` Նիզամի Կեանճաւիին, ներկայացնում է որպէս ազրպէյճանական: Չինաստանում Ազրպէյճանի դեսպանութեան ջանքերով Կեանճաւիի արձանն առաջիկայում կը կանգնեցուի Փեքինի այգիներից մէկում, իսկ աւելի վաղ պարսկալեզու բանաստեղծի արձանը կանգնեցուել էր Հռոմում: Իրանի մշակոյթի եւ իսլամական կողմնորոշման փոխնախարար Պահման, անդրադառնալով Ազրպէյճանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Կեանճաւիի արձանը Հռոմին նուիրելու փաստին, նշել էր. «Ազրպէյճանը, չունենալով մշակութային արժէքներ, ստիպուած բռնագրաւում է այլ երկրների մշակութային արժէքները: Ազրպէյճանի նման քայլը բացի մշակութային գողութիւնից` ուրիշ այլ կերպ հնարաւոր չէ որակել»:

Բացի այդ, վերջերս իրանական թառը ԵՈՒՆԵՍՔՕ-ում գրանցուել է որպէս ազրպէյճանական երաժշտական գործիք: Այդ առնչութեամբ` իրանցի երաժշտագէտ Պեհրուզ Վեճտանին, վկայակոչելով թառի վերաբերեալ դեռեւս աքեմենեան Կիւրոս Մեծ թագաւորի ժամանակաշրջանից պահպանուած արձանագրութիւնները, նշել էր, որ Ազրպէյճանի կողմից թառի վերաբերեալ ԵՈՒՆԵՍՔՕ-ին այն պարագայում է յայտ ներկայացւում, որ մինչեւ Ազրպէյճանի Հանրապետութեան ի յայտ գալը, Իրանը թառ ունէր:

Պատմական, մշակութային, ինչպէս նաեւ իրանցի թրքախօս բնակչութեան ցեղային խնդիրների շուրջ Ազրպէյճանի եւ Իրանի միջեւ առկայ փոխադարձ մեղադրանքներից զատ, գոյութիւն ունեն նաեւ մի շարք այլ գործօններ, որոնք երկու երկրների յարաբերութիւնների լարուածութեան առիթ են հանդիսանում:

Մասնաւորապէս իրանական կողմն Ազրպէյճանին մեղադրում է հակաիրանական գործունէութիւն ծաւալող «Մոնաֆեղին» եւ «Փեժակ» ահաբեկչական խմբաւորումներին պետական մակարդակով աջակցութիւն ցուցաբերելու համար: Ըստ իրանական մամուլի, Ազրպէյճանի ազգային անվտանգութեան նախարարութիւնը համագործակցում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորման եւ «Մոսատ»-ի գործակալների հետ: Իրանական «ՄԵՀՐ» լրատուական գործակալութեանը հաղորդմամբ, Ազրպէյճանի իշխանութիւնների համաձայնութեամբ այդ երկրում կը տեղակայուեն հակաիրանական գործունէութիւն ծաւալող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորման շուրջ 2000 անդամներ, որոնք Ազրպէյճանում ռազմական պատրաստուածութեան դասընթացներ (հետախուզական եւ ահաբեկչական գործողութիւններ) անցնելուց յետոյ հարկ եղած դէպքում պէտք է անցնեն իրանական տարածք:

Սահմանային Միջադէպեր

Իրանի եւ Ազրպէյճանի սահմանում յաճախակի տեղի ունեցող զինուած միջադէպերը եւս երկկողմ յարաբերութիւնների լարուածութեան առիթ են հանդիսանում: 2010-2012թթ. իրանաազրպէյճանական սահմանին տեղի են ունեցել հետեւեալ զինուած միջադէպերը:

2010թ. մայիսի 31-ին ազրպէյճանցի սահմանապահները սպաննել էին 52-ամեայ Իրանի քաղաքացու, ով փորձել էր ձկնորսութիւն կատարելու նպատակով անցնել Ազրպէյճանի Հանրապետութեան եւ Իրանի միջեւ գտնուող սահմանային գետը:

2011թ. ապրիլին Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան աշխատակիցների արձակած կրակից սպաննուել է Ազրպէյճանի Եարտիմլի շրջանի բնակիչ Ճաաֆար Ճաաֆարովը, ով փորձել էր անցնել Իրանի տարածք:

2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գիւղի շրջակայքում Ազրպէյճանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան աշխատակիցների հետ տեղի ունեցած զինուած բախման իբրեւ հետեւանք զոհուել էր Իրանի սահմանապահ ծառայութեան 20-ամեայ պատճառով Աքպար Հասանփուրը:

2012թ. օգոստոսի 17-ին Ազրպէյճանի սահմանապահների եւ Իրանի տարածքից ներթափանցած զինուած խմբաւորման միջեւ եւս տեղի էր ունեցել փոխհրաձգութիւն, ինչի պատճառով մէկ հոգի վիրաւորուել էր:

2012թ. հոկտեմբերի 28-ին իրանաազրպէյճանական սահմանին ազրպէյճանցի սահմանապահների եւ Իրանից Ազրպէյճան մուտք գործած անձանց միջեւ տեղի ունեցած փոխհրաձգութեան պատճառով 1989թ. ծնուած իրանեան Արտեպիլ նահանգի Փարսապատ շրջանի բնակիչ Ալի Ղորպանուանտը սպաննուեց:

Անդրադառնալով սահմանային խնդիրներին` նշենք, որ դեկտեմբերի 6-ին Պաքւում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը Ազրպէյճանի գաղթականների կազմակերպութեան նախագահ Ֆերէյտուն Նապիեւի հետ հանդիպման ժամանակ, մատնանշելով Իրանի կողմից Ազրպէյճանի քաղաքացիների համար վիզայի դրութեան միակողմանի վերացման փաստը, պահանջել էր, որպէսզի Ազրպէյճանում ապրող իրանցի ուսանողների, զբօսաշրջիկների եւ գործարարների` ելումուտի հետ կապուած խնդիրները վերացուեն:

Իրանի դեսպանի` Ազրպէյճանի գաղթականների կազմակերպութեան նախագահի հետ հանդիպումից օրեր անց Ազրպէյճանում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի աշխատակցին արտաքսեցին երկրից, իսկ արդէն դեկտեմբերի 11-ին Ազրպէյճանի խորհրդարանը չեղեալ յայտարարեց 2006թ. Իրանի եւ Ազրպէյճանի միջեւ ստորագրուած հեշտացրած կարգով երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի մասին համաձայնագիրը, համաձայն որի` երկու երկրների սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիները (մինչեւ 45 քմ շառաւիղով տարածքներում) կարող են ազատօրէն տեղաշարժուել:

Ազրպէյճանցի քաղաքագէտ Զարտուշթ Ալիզատէն, անդրադառնալով վերոնշեալ համաձայնագրին, նշել է. «Ազրպէյճանն այդ քայլով ցոյց տուեց, որ Իրանից վախենում է: Այնպիսի տպաւորութիւն է, որ Ազրպէյճանը նպատակ ունի, Իսրայէլի եւ Պաղեստինի պէս, Իրանի հետ սահմանին եւս պատ կառուցել»:

Հարկ է նշել, որ Իրանը 2010թ.-ին Ազրպէյճանի քաղաքացիների համար միակողմանիօրէն վերացրել է վիզայի դրութիւնը, ինչը եւս ակնկալում է Ազրպէյճանից: Սակայն պաշտօնական Պաքուն առայժմ խուսափում է վիզայի դրութեան վերացման առնչութեամբ Իրանի հետ բանակցութիւններ վարել: Այդ առնչութեամբ` Թեհրանը բազմիցս յայտարարել է, որ եթէ Ազրպէյճանը Թուրքիայի հետ վերացնի վիզայի դրութիւնը, իսկ Իրանի հետ` ոչ, ապա վերջինս Ազրպէյճանին կ՛արգելի իր տարածքով կապ հաստատել Նախիջեւանի հետ: (Աւելի քան 20 տարի է, ինչ Ազրպէյճանը Նախիջեւանի հետ ցամաքային կապ է հաստատում Իրանի տարածքով):

Ազրպէյճանում գործող Իրանի ներկայացուցչութիւնների գործունէութեան հետ կապուած խնդիրները եւս իրենց բացասական ազդեցութիւնն են թողնում երկկողմ յարաբերութիւնների վրայ: Ըստ իրանական «արաննիւզ.իռ» կայքի, Ազրպէյճանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը պաշտօնապէս յայտարարել է, որ այդ երկրում գործող Իրանի մշակոյթի կենտրոնի աշխատակիցներից ոչ մէկին մուտքի արտօնագիր չի տրամադրելու: Այդ տրամաբանութեամբ, դեկտեմբերի 10-ին Ազրպէյճանում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի աշխատակիցը արտաքսուեց Ազրպէյճանից: Նշենք, որ մէկ տարուայ ընթացքում նա թուով վեցերորդ իրանցի դիւանագէտն էր, որ վտարուեց Ազրպէյճանից:

Շարունակելով Ազրպէյճանի տարածքում հակաիրանական գործունէութիւն ծաւալող ահաբեկչական խմբաւորումների գործունէութեան թեման` նկատենք, որ Իրանը գտնում է, որ վերջին շրջանում իրանցի գիտնականներին նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնները համաձայնեցուել են Ազրպէյճանի հետ:

Կասպից Ծովի Իրաւական Կարգավիճակի Շուրջ
Տարաձայնութիւններ

Կասպից ծովի իրաւական կարգավիճակի, ինչպէս նաեւ բնապահպանական խնդիրների առնչութեամբ եւս որոշակի անհամաձայնութիւններ գոյութիւն ունեն Թեհրանի եւ Պաքուի դիրքորոշումներում: Իրանն առաջարկում է Կասպից ծովը բաժանել 5 հաւասար մասի` պնդելով, որ մինչեւ իր շահերը ծովի իրաւական կարգավիճակի որոշման հարցում առաւելագոյնս ապահովուած չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնուի: Բացի այդ, Թեհրանն Ազրպէյճանին մեղադրում է քարիւղի արդիւնահանման պատճառով Կասպից ծովն աղտոտելու եւ շրջակայ միջավայրի պահպանութեան խնդիրներն անուշադրութեան մատնելու մէջ:

Նկատենք, որ Ազրպէյճանը, Մեղրիի ջրելեկտրակայանի կառուցմանը հարցը շահարկելուց բացի, իր անհամաձայնութիւնն է յայտնում Իրանի` Արաքսից դէպի Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու նախագծի առնչութեամբ: Այդ առթիւ, վերջերս Իրանի Արեւմտեան Ազարբայճան նահանգի նահանգապետ Վահիտ Ճալալզատէն, անդրադառնալով ազարիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնաւորապէս նշել էր. «Ազրպէյճանի բնակչութեան մի հատուած վերջին տարիներին Ուրմիա լճի չորացման առնչութեամբ իր բողոքն է յայտնել, սակայն այժմ, երբ որ լճի փրկութեան համար պէտք է Արաքս գետից ջուր վերցնել, Ազրպէյճանի Հանրապետութիւնը ընդդիմանում է այդ նախագծին: Արաքս գետից դէպի Ուրմիա լիճ ջուր բաց թողնելու ծրագրի առնչութեամբ Ազրպէյճանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկութեան ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից է հանդիսանում»:

Տեղեկատուական Ոլորտի Խնդիրներ

Թեհրանի եւ Պաքուի միջեւ լուրջ տարաձայնութիւններ գոյութիւն ունեն նաեւ տեղեկատուական ոլորտում: Երկու երկրները յաճախ են միմեանց երկրների Զանգուածային լրատուամիջոցներին մեղադրում երկրների ներքին գործերին միջամտելու գործում: Գրեթէ ամէն օր Ազրպէյճանի պետական եւ մասնաւոր լրատուամիջոցների կողմից հակաիրանական հաղորդումներ են հրապարակւում:

Յաջորդ գործօնը, որը զայրացնում է Իրանին, դա այն է, որ Ազրպէյճանի անվտանգութեան ուժերը երկրում գործող կրօնական գործիչների գործունէութիւնը սահմանափակելու նպատակով վերջիններիս մեղադրում են Իրանի հետ համագործակցութեան մէջ, եւ որոնցից շատերը ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում: Աւելի՛ն. Ազրպէյճանը կրօնական ոլորտում Իրանի ունեցած ազդեցութիւնը թուլացնելու նպատակով Իրանում հոգեւոր կրթութիւն ստացած ազրպէյճանցի հոգեւորականներին արգելւում է մզկիթներում քարոզել:

Քաղաքական Յարաբերութիւններ

Ինչ վերաբերում է Իրանի եւ Ազրպէյճանի քաղաքական յարաբերութիւններին, ապա նշենք, որ այդ ոլորտում երկկողմ շփումները կրաւորական են: Ս. թ. նոյեմբերին հերթական անգամ անորոշ ժամանակով յետաձգուեց Իրանի, Ազրպէյճանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսւում էր անցկացնել Էրզրումում: Նշենք, որ 2011թ. ապրիլին Ուրմիայում եւ 2012թ. մարտին Նախիջեւանում Իրան-Թուրքիա-Ազրպէյճան առաջին եւ երկրորդ եռակողմ հանդիպումները եւս տեղի էին ունեցել մի քանի անգամ յետաձգուելուց յետոյ:

Թէեւ Ազրպէյճանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհսեն Փաք Այինը (2012թ. հոկտեմբերի 10) պաշտօնավարման առաջին իսկ օրուանից ջանքեր է գործադրում իրանաազրպէյճանական յարաբերութիւններում առկայ լարուածութիւնը թուլացնելու գործում, սակայն պաշտօնական Պաքուի` Իրանի հետ «բարիդրացիական» յարաբերութիւններ կերտելու յայտարարութիւններն ու գործողութիւնները միանգամայն տարբերւում են: Ուստի, դատելով 2011 եւ 2012թթ. երկու երկրների` միմեանց նկատմամբ ունեցած փոխադարձ անվստահութիւնից, կարելի է ենթադրել, որ 2013թ. եւս Թեհրանի եւ Պաքուի յարաբերութիւններում առկայ լարուածութիւնը կը պահպանուի:

ԱՐՄԷՆ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ, իրանագէտ

«Փանորամա»

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )