Լեռ Կամսարն Ու 1921 Թ. Փետրուարեան Ապստամբութիւնը
ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍԵԱՆ
Նիւթը պատրաստելիս միտում ունէի ապացուցել, որ Լեռ Կամսարը զէնք չէր վերցնի փետրուարեան եղբայրասպան խռովութեան ժամանակ: Բայց երբ մի անգամ էլ ելայ ու իջայ պատմութեան այդ աստիճաններով, արիւնը խփեց գլխիս, սահմռկեցի: Հայը խոշտանգելով սպաննի՞ իր ծոցիծ ելած, իրեն կեանքի գնով պաշտպանած իր հերոս զաւակներին: Չնայած պոլշեւիկը ի՞նչ հայ…
Թո՜ւ, մարդ արարած` ի՜նչ զարհուրանք ես դու…
Ինձ նաեւ ցաւեցնում է, որ ժամանակակից մտաւորականներից շատերը մտան այդ արիւնարբու կուսակցութեան մէջ իրենց որդիների հետ միասին (ինչպէս Սարդարապատում կռուող հայ զօրավարներն էին իրենց որդիների հետ կռւում) եւ սկսեցին վեր մագլցե՜լ ու մագլցե՜լ համայնավարական մութ անտառներում…
1935թ. նոյեմբերին, երբ Չեկան ձերբակալեց Լեռ Կամսարին, բազում զրպարտանքների հետ նա մեղադրւում էր նաեւ փետրուարեան զինուած ապստամբութեան մասնակցութեան համար: Հիմա շատ եմ ափսոսում, որ զէնք չի վերցրել (ո՞վ գիտի, հլ ա մի լաւ քրքրեմ օրագրական արխիւը` կարո՞ղ է ինձ պարզերես անի), չնայած նա գրչով էլ կարող էր մահացու խոշտանգել պոլշեւիկ «ազատարարներին», քանի որ ճիտին էր հասել «կարմիրների» գազանութիւնը:
Պոլշեւիկներն իրենց իշխանութեան կարճ ընթացքում արդէն ցոյց էին տուել իրենց բարբարոս էութիւնը: Աջ ու ձախ գնդակահարում էին: Պարէնը զոռով խլում էին ժողովրդից` սովամահ անելով նրան: Ձերբակալել էին թուրքից մեզ փրկած ազգի հերոսներ Թովմաս Նազարբեկեանին, Մովսէս Սիլիկեանին եւ բազում սպաների: Սարդարապատի հերոս Դանիէլ բէկ Փիրումեանին գնդակահարել էին Դիլիջանի շրջանում ուրիշ հերոսների հետ միասին: Եղբայրը` Պօղոս բէկ Փիրումեանը, չդիմանալով այս անարդարութեանը եւ ծաղրուծանակին (վաստակած ուսադիրներն էին պոկել ու ծիծաղում էին վրան) ինքնասպան եղաւ: Բանտերում էին Յովհաննէս Քաջազնունին, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը եւ շատ ուրիշ պետական գործիչներ եւ մտաւորականներ:
Ժողովուրդն ալեկոծուեց եւ ծառս եղաւ: Առաջինը (փետրուարի 13-ին), ինչպէս միշտ, Արագածոտնի սասունցիներն էին (մեր դիւցազնավէպը վկայ), ապա տարերայնօրէն քաղաքացիական կռիւները բռնկուեցին այլ շրջաններում: Ապստամբութիւնը գլխաւորում էին նախկին խմբապետները: Ապստամբութեան հենքը մեծ մասամբ արեւմտահայ գաղթականութիւնն էր:
Գրաւելով Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ախտան` ապստամբները Կուռօ Թարխանեանի եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գլխաւորութեամբ փետրուարի 18-ին մտան Երեւան եւ դուրս շպրտեցին պոլշեւիկներին` բանտերից ազատ արձակելով քաղաքական գործիչներին եւ մտաւորականութեանը:
Գիտեմ, որ բանտարկեալներին բանտից ազատելուն Լեռ Կամսարն անմիջական մասնակցութիւն ունեցել է, ապա ընկերների հետ օրեր շարունակ (այնքան շատ էին` իրար վրայ դարսուած) բանտի գուբից կացնով գլխահատուած դիակներ է դուրս բերել եւ թաղել հողում: Գիտեմ, որովհետեւ շատ յետոյ էլ, երբ երգիծաբանը խռովայոյզ էր քնում, երազում նրան հետապնդում էին այդ անգլուխ մարմինները, եւ նա վեր էր թռչում սարսափելի մղձաւանջներից:
Երեւանի գրաւումից յետոյ Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ ստեղծուեց «Հայրենիքի փրկութեան կոմիտէն», որը պէտք էր կառավարէր երկիրը մինչեւ կառավարութեան ձեւաւորումը: Իսկ Լեռ Կամսարն էլ անցաւ իր մշտական գործին` ինչ անում էր բոլոր իշխանութիւնների ժամանակ, այսինքն` գրել:
Պոլշեւիկները, որոնք ապաստանել էին Ղամարլուում (Արտաշատ), օգնութեան կանչելով ռուսական 11-րդ Կարմիր բանակը` մարտի 25-ին սկսեցին հուժկու հակահարուածը:
Նրանք գրաւեցին Ապարանը, Կոտայքը եւ ապրիլի 2-ին մտան Երեւան: Մայրաքաղաքը աւերածութիւնից փրկելու եւ աւելորդ արիւնահեղութիւնից խուսափելու համար որոշուեց Երեւանը յանձնել առանց մարտի: Քաղաքը պոլշեւիկներին յանձնելու համար ստեղծուել էր յանձնախումբ, որի մէջ ընդգրկուել էին պարսից հիւպատոսը, ամերիկացի բժիշկ Լոշերը եւ Յովհաննէս Թումանեանը: «Հայրենիքի փրկութեան կոմիտէն», զօրքը եւ մեծ թուով բնակիչներ Բաշ-Գառնի-Դարալագեազ գծով բռնեցին դէպի Զանգեզուր նահանջի ճանապարհը: Զանգեզուրում նրանք միացան Գ. Նժդեհի ուժերին, իսկ յուլիսին նրա հետ անցան Պարսկաստան: Նրանց հետ էր Լեռ Կամսարը: Ահա ի՛նչ է գրում ժամանակակիցը:
«1921-ապրիլ: Կարմիր մատիտը ողջ մնայ»:
«Փետրուարի 18-ի ըմբոստութեան գործողութիւնները վերջ գտած էին ու կռիւները կը շարունակուէին Լեռնային Հայաստանի մէջ: Տաճկահայերը գիտակցելով, որ ռուսահայերը (ՀՅԴ) իրենց բարեացակամութիւնը շահագործած են, Զանգեզուր հասնելէ վերջ որոշեցին ալ չկռուել: Այս շարժման գլուխը անցած էր զօրավար Անդրանիկի օգնական Սմբատ Մշեցին:
Փրկութեան կոմիտէն, սակայն, հաղորդած էր հազարապետ Նժդեհին, որ տաճկահայերը զինաթափ ընէ ու թոյլ չտայ, որ անոնք Պարսկաստան անցնեն: Տաթեւի մէջ նկատեցինք, թէ սպարապետ Նժդեհը իր հրամաններուն տակ կը դնէր կարմիր ստորագրութիւնը:
Այս տողեր գրողը, որ իր կամքին հակառակ միացած էր այս «նահանջ բիւրոցին», Երեւանի փողոցէն յափշտակուած, անպատրաստ, երբ կը դիմէր իր գրասենեակը` սպասելով Երեւանի ռմբակոծման վերջանալուն, երեք երիտասարդներ զինք բռնեցին եւ ինքնաշարժի մէջ նետելով` իրենց հետ տարին մինչեւ ասորի Դուին գիւղը, գրպանիս մէջ կը մնային երկու կարմիր մատիտ:
– Կարմիր մատի՞տ,- ըսաւ Լեռ Կամսարը,- փրկուած ենք,- ու թելադրեց, թէ ինչպէս պիտի գրէինք ճամբորդական արտօնագիրը:
Այսպէս արտօնագրերը կը գրէինք կապոյտ մատիտով եւ ստորագրութիւն կը դնէինք կարմիր մատիտով եւ արձակ համարձակ կը ճամբորդէինք նախարարներէն առաջ, որոնց միայն տրուած էր արտօնագիր ճամբորդելու եւ անցնելու Պարսկաստան օգնական ուժեր ղրկելու Լեռնային Ղարաբաղ, կռիւները շարունակելու:
Եւ, երբ Փրկութեան կոմիտէին նախագահը իր փոքրաթիւ հետեւորդներով Մեղրի հասաւ, մեր խմբակը հոն գտաւ եւ, երբ հետաքրքրուեցաւ, թէ ինչպէ՛ս կրցած էինք իրենցմէ առաջ Մեղրի հասնել, Լեռ Կամսարը պատասխանեց, թէ.
– Պարոն Ն-ի կարմիր մատիտը ողջ մնայ…»:
Պարսկաստանի սահմանը անցնելուց կարճ ժամանակ անց, Խորհրդային Հայաստանի իշխանութիւնը համաներում շնորհեց ապստամբութեան մասնակիցներին, բայց երբ նրանք վերադարձան, համարեա բոլորին գնդակահարեց, բանտարկեց կամ աքսորեց:
Լեռ Կամսարը նոյնպէս բռնադատուեց 20 տարով եւ մինչեւ կեանքի վերջը համարուեց persona non grata.
Արամ Թովմասի Թովմաղեանի
Հարցաքննութեան Արձանագրութիւնը
25. 01. 36 թ. (հատուած)*
ՀԱՐՑՈՒՄ.- Հետաքննութիւնը փաստեր ունի, որ 1921 թ. դաշնակցական աւանտիւրայի ժամանակ «Ազատ Հայաստան» դաշնակցական պաշտօնաթերթում գրել էք մի շարք ֆելիետոններ, որոնք ուղղուած էին կոմունիստական կուսակցութեան եւ սովետական կարգերի դէմ: Ընդունո՞ւմ էք այդ:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Այդ հարցին չեմ ուզում պատասխանել:
Հ.- Ինչո՞ւ չէք ուզում պատասխանել հետաքննութեան տուած հարցին:
Պ. – Ուղղակի չեմ ուզում պատասխանել:
Հ.- Ուրեմն, դուք ընդունում էք, որ 1921 թ. փետրուարեան աւանտիւրայի ժամանակ «Դաշնակցութիւն» կուսակցութեան ճամբարում էիք եւ նրանց պաշտօնաթերթում քաղաքական պայքար էիք տանում կոմկուսի եւ սովետական իշխանութեան դէմ: Այդ պատճառով էլ խուսափում էք ըստ էութեան տրուած հարցի պատասխանից:
Պ.- Իրօք, դաշնակցական աւանտիւրայի ժամանակ «Ազատ Հայաստան» դաշնակցական պաշտօնաթերթում գրել եմ երկու յօդուած: Այդ երկու յօդուած-ֆելիետոնները գրուած էին Հայաստանում սովետական կարգերի գոյութեան ժամանակ գործող զինուորական կոմունիզմի եւ կոմկուսակցութեան դէմ, բայց դրանով ոչ մի քաղաքական նպատակ չէի հետապնդում:
Հ.- Դուք հարցից խոյս մի՛ տուէք: Հետաքննութիւնը ձեզ առաջարկում է յստակ պատասխանել` դաշնակցական պաշտօնաթերթ «Ազատ Հայաստան»ում գրե՞լ էք ֆելիետոններ զինուորական կոմունիզմի եւ կոմունիստական կուսակցութեան դէմ:
Պ.- Ես գրել եմ ֆելիետոններ, բայց դրանք ուղղուած են եղել ոչ թէ ընդհանրապէս կոմունիզմի գաղափարախօսութեանը եւ ամբողջ կոմունիստական կուսակցութեանը, այլ` սովետական իշխանութեան ժամանակ Հայաստանում գործող սովետական մասնակի ձեռնարկութիւններին եւ կոմկուսի մասնաւոր անդամներին:
Հ.- Բայց այն ժամանակ, երբ գրել էք ֆելիետոնները, Երեւանում սովետական կարգեր չկային, չկային նաեւ սովետական հիմնարկներ, ինչո՞ւ էք այդ դէպքում գրել դրա մասին, եթէ քաղաքական նպատակներ չունէիք:
Պ. – Դա ուղղակի գրել եմ` որպէս յուշ պոլշեւիկների մասին:
Հ.- Դուք հարցից խոյս մի՛ տուէք, քանի որ հետաքննութիւնը գտնում է, որ դա «յուշ չէ պոլշեւիկների մասին», ինչպէս դուք էք ասում, այլ գաղափարական պայքար` կոմկուսի եւ սովետական իշխանութեան դէմ, որովհետեւ ձեր ֆելիետոնների շնորհիւ դաշնակցական մամուլը վարկաբեկում էր սովետական իշխանութիւնը եւ կոմկուսը:
Ընդունո՞ւմ էք դա, թէ՞ ոչ:
Պ.- Գուցէ, դաշնակցականները զինուորական կոմունիզմի եւ առանձին կոմունիստների մասին գրածս ֆելիետոններն իրօք օգտագործում էին իրենց քաղաքական նպատակների համար` որպէս սովետական իշխանութեան եւ կոմկուսի վարկաբեկում: Անձամբ ես նման նպատակ չէի հետապնդում:
Հ.- Այն ժամանակ, երբ Երեւանում 1921 թ. փետրուարին ստեղծուեց «Հայրենիքի փրկութեան կոմիտէ» նախկին վարչապետի` Ս. Վրացեանի գլխաւորութեամբ, ասացէ՛ք, գրե՞լ էք որեւէ ֆելիետոն` դաշնակների կողմից կազմակերպած աւանտիւրայի մասին, որը հազարաւոր մարդկային զոհերի պատճառ դարձաւ:
Պ.- Ո՛չ, չեմ գրել:
Հ.- Ինչո՞ւ չէք գրել:
Պ.- Որովհետեւ կառավարութիւնը, որը ղեկավարում էր «Հայրենիքի փրկութեան կոմիտէն», երկար գոյութիւն չունեցաւ:
Հ.- Բայց այն ժամանակ սովետական իշխանութիւնը նոյնպէս առանձնապէս երկար գոյութիւն չի ունեցել, ինչո՞ւ այդ դէպքում դուք ժամանակ գտաք դաշնակցական մամուլում վարկաբեկելու սովետական իշխանութիւնը:
Պ.- Այդ հարցի պատասխանը չունեմ:
Հ.- Փետրուարեան աւանտիւրայի ժամանակ դաշնակցական մամուլում ձեր հանդէս գալը հետաքննութիւնը դիտում է որպէս մասնակցութիւն նշուած աւանտիւրային, այդ պատճառով էլ հետաքննութեանը տուած ձեր բացատրութիւնը այն մասին, որ դուք Իրան էք փախել տարբեր պրովոկացիաների պատճառով, չի համապատասխանում իրականութեանը. փաստօրէն, դուք` որպէս աւանտիւրայի մասնակից, համարուել էք քաղաքական վտարանդի, ընդունո՞ւմ էք դա:
Պ.- Արձանագրութիւնը կարդացուել է ռուսերէն եւ հայերէն լեզուներով, արձանագրութիւնը կազմուած է իմ խօսքերից:
Արամ Թովմաղեան ստորագրութիւն
Հարցաքննեց Իսրայէլեանը ստորագրութիւն
**Լեռ Կամսար «Բանտիս օրագիրը»
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
Երեքշաբթի 29.- Պետական թատրոնին նուիրուած պանքեթի մը մէջ, երբ հայ բանաստեղծ մը բաժակ կը վերցնէ Հայաստանի կենացը խմելու, կոմունիստ հանդիսականը անդիէն կը պոռայ.
– Ո՞ր Հայաստանի:
– Առհասարակ Հայաստանի,- կը պատասխանէ ճառախօսը:
– Առհասարակ Հայաստան գոյութիւն չունի,- կ՛ըսէ կոմունիստը,- կայ միայն Խորհրդային Հայաստան:
Կը նշանակէ` առհասարակ հայ ալ չկայ:
Իսկ առհասարակ մա՞րդ:
Կամ որեւէ առհասարակ բան գոյութիւն ունի՞ սա երկրին մէջ…
Ու… եթէ իրօք խորհրդայնացումէն անդին Հայաստան չըլլար, ու Արեւելքի քաղաքակրթութեան պատմութիւնը սկսեր է 1920 թիւէն, այսինքն` այն օրուընէ, երբ պոլշեւիկները Դիլիջանի վրայով Հայաստան արշաւեցին: Գոյութիւն ունեցած չըլլային Ասորեստանի թագաւորները, ոչ ալ` իրենց քաջագործութիւնները պատմող սեպագիր ժայռերը. ըսել կ՛ուզեմ` ժայռերը ըլլային, բայց վրան գրութիւն չըլլար: Այսօր, այս նոր արշաւողները այդ նոյն ժայռերու վրայ սապէս պիտի սեպագրէին.
«Ես, Աթարբեկեանս (կամ Աւիսս), յեղկոմ բոլոր յեղկոմներու, ես սոցիալիստս, ես կոմունիստս, Չիբուխլուի վրայով Ելենովկա արշաւեցի, հաւաքեցի բոլոր տաճկահայ գաղթականներուն, մի մարագ ածեցի ու կացինով կոտորեցի, 73 հոգի ձեռները ետեւ կապած ծովի ափ շարեցի, գնդակահարեցի ու ծովը նետեցի: Երեւանի բանտի նկուղը 17 կանգուն փորեցի, 120 հոգի սպաննեցի ու ձկան նման իրար վրայ շարելով` հողով ծածկեցի: Երկրի բոլոր պարէնը հաւաքելով` մնացեալներուն սովի մատնեցի ու քաղաքի ոսկին կողոպտելով` փառաւորուեցի, ե՛ս Աթարբեկեանս (կամ Աւիսս), ես հզօ՛րս, ես արդարադատս, որդի Լենինի, որդի Բուխարինի, որդի Ստալինի…»:
«Մահապուրծ օրագիր» 1926թ.
1920 թուականին Հայաստանը ընկաւ երկու ամենաոխերիմ թշնամիների արանքը. մէկ կողմ թուրքն էր կանգնած իր մերկացած սրով, միւս կողմը հայ պոլշեւիկը` կացինը ուսին դրած: Ո՞ւմ անձնատուր լինել. թուրքի՞ն, թէ՞ հային: Այն հայերը, որոնք սրի սիրահար էին, խողխողուել կ՛ուզէին, թուրքին յանձնուել նախընտրեցին, իսկ նրանք, որ կացնով իրենց գլուխները երկու մասի բաժանել կ՛ուզէին, պոլշեւիկներին նախամեծար համարեցին եւ վերջում պոլշեւիկներին էլ յանձնուեցին եւ յանձնեցին իրենց երկիրը` նրանց գթասրտութեանը ապաւինելով:
Եկաւ պոլշեւիկը: Ամէնքը ակնապիշ սպասում էին, թէ ինչպէ՞ս հայը հային պիտի կոտորի: Որովհետեւ հայոց պատմութեան մէջ յոյն, թուրք, արաբ, պարսիկ կոտորել էին հայերին, բայց հայը հային առաջին անգամ պիտի կոտորէր եւ դա չէր կարող հետաքրքիր չլինել հայի համար, ի հարկէ:
Պոլշեւիկը Հայաստան մտաւ սադայէլեան ժպիտը երեսին: Սաստիկ սոված էր, որովհետեւ կոմունիստական Ռուսաստանից էր գալիս: Մի գիշերուայ մէջ հաւաքեց ժողովրդի բոլոր մթերքը` իւղ, միս, ալիւր, շաքար, չոր միրգ, աղ, պղպեղ, վերջապէս` ամէն ինչ: Կերաւ կշտացաւ, բեղերը մաքրեց, կացնի սրութիւնը փորձեց ու վեր կացաւ երկրում «սոցիալիզմ կառուցելու»:
Նախեւառաջ հաւաքեց ու բանտերը լցրեց Հայաստանի բոլոր խելացի, բոլոր ազնիւ, ժողովրդի մէջ յարգանք վայելող բոլոր մարդկանց: Բայց որովհետեւ Հայաստանի բանտերը քիչ յանցաւորների համար էին կառուցուած, հետեւաբար չէին կարող իրենց մէջ տեղաւորել մի ամբողջ ժողովուրդ, այդ պատճառով հրամայուեց հաւաքուած «յանցաւորներին» մի կողմից կոտորել, որ տեղ բացուի նորերին:
Ու կոտորւում, սելեոդկա ձկան նման շարւում էին բանտի ներքնայարկերում փորուած անդնդախոր գերեզմանում:
Հետագայում, պոլշեւիկների հեռանալուց յետոյ ես անձամբ տեսայ: Հարիւրաւոր ընտիր հայեր ձեռներն ետեւը կապուած, գլուխները մէջտեղից կիսած` դարսուած էին իրար վրայ, արեան ճապաղիքի մէջ…
Ինչպէս գէշ տիրուհիներն իրենց տգեղ սպասուհիներ են վարձում նրանց մօտ գեղեցիկ երեւալու համար, պոլշեւիկներն էլ վերջ էին տալիս բոլոր խելօք մարդկանց, որպէսզի իրենց յիմարութիւնը աչքի չզարնուի:
Լա՜ւ, բայց եթէ կոտորածն այս նպատակով ընթանար, նշանակում է` ոչ մի մարդ չէ՞ր մնալու ողջ երկրում, քանի որ ինչքան էլ ժողովուրդը յիմարանար, դարձեալ հայ պոլշեւիկներից խելօք պիտի մնար: Ուրեմն, ի զէն գոչեցին ողջ մնացած հայերը եւ ջարդ տալով իրենց «բարերարներին»` Հայաստանից դուրս շպրտեցին 21 թուականի փետրուար ամսին:
Գնացին պոլշեւիկները եւ վերադարձան ռուսական զօրքով: Կռիւն անհաւասար էր, եւ Հայաստանի արու բնակչութիւնը իր կին ու երեխաներին պոլշեւիկներին թողած` Պարսկաստան փախաւ եւ յետոյ էլի վերադարձաւ:
Ի՞նչ երկարեմ, ասեմ միայն, որ այն թուականից մինչեւ հիմա պոլշեւիկեան կառավարութիւնը ժողովրդին լցրել է մաղի մէջ` մաղում է, մեծերին, արժանաւորներին սպաննում, իսկ տականքներին ամբար լցնում: Որի հետեւանքով այս րոպէիս մի մարդ չի մնացել ողջ Սովետական Միութիւնում, բոլորը կեղծաւոր, պնակալէզ, լիզող, քծնող ներքինիներ են` իրենց մարդկային կերպարանքը կորցրած:
Ամերիկա՜, երբ մեր երկիրը ազատելու գաս, չմոռանաս հետդ մարդու սերմ բերել Սովետական Միութիւնում ցանելու համար: Մեզ մօտ մարդ չի մնացել:
«Կարմիր օրեր» 1957թ.
* Ն(շան) Յովհաննիսեան:
** Յուշագրութեան բնագիրը գտնւում է Գրականութեան թանգարանում:
«ՀԵՏՔ», չորեքշաբթի, 13 փետրուար4
հետաքննող լրագրողներ