«Կեաւուրի Վիժուածք» Մահմետականները

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Թուրքիայում «տեօնմէ»` կրօնափոխ բառն օգտագործելիս միանգամից շատերն են այս ու այն կողմ մատնանշում. «Ահա՛, այստեղ կան, այնտեղ կան»…: Ու մի պահ կարելի է մտածել, որ նրանք ամէնուր են, ամէն քայլափոխի… Մեզանում նրանց մասին խօսակցութիւնները սահմանափակուել են Ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումներով, Պոլսի հայկական համայնքում նրանք չկան, իսկ թուրքական հասարակութեան մէջ նրանց խնդիրն ընդհանրապէս պաշտօնապէս գոյութիւն չունի: Ովքեր են երկու կողմից փոքրամասնութիւն համարուող այդ հայերը…

Քրիստոնեայ են, բայց քրիստոնեայ չեն, մահմետական են, բայց մահմետական չեն: Իրականում ապրում են, գոյութիւն ունեն, բայց փաստացի ոչ մի համայնքում չկան:

Ցեղասպանութեան վերաբերեալ հայկական գրականութեան մէջ տեւական ժամանակ «մահացածներ»-ի կամ այս ու այն կերպ հայ ազգի շարքերից «վերացած»-ների շարքում գտնուող մահմետականացած հայերի կեանքը 1915թ. յետոյ չի ընդհատուել…

Ցեղասպանութիւնից յետոյ արդէն չորրորդ սերնդի ներկայացուցիչ 17 տարեկան Էլիֆը (հեղինակը նիւթում նրա անունը փոխուած է ներկայացնում` նրա իսկ ցանկութեամբ-«Ակունք»-ի խմբ.) պատմում է իր կեանքի պատմութիւնը. աւելի ճիշդ` այն, ինչ հասցրել է իմանալ այդ պատմութեան մասին.

«Ընտանիքիս անդրադառնալիս առաջինը տատիկիս եմ յիշում… Մինչեւ վերջին շունչը նամազ է արել, բայց բոլորը շրջապատում նրա մասին փսփսում էին` «Կեաւուրի վիժուածք» ասելով… Ասում են, թէ հայերէն խօսել իմացել է, բայց ես երբեք չեմ լսել:

Ընդհանրապէս, չկայ այն սերունդը, որը կը պատմի ինձ իմ ընտանիքի մասին կամ գոնէ հայերէն մի քանի բառ կը սովորեցնի … Մաս-մաս, կցկտուր տեղեկութիւններ կան միայն: Մայրս ընդամէնը ասել է, որ իր տատիկի անունը Յուշնակ է եղել: Մեր ազգանունն էլ հին հայերէնով ինչ-որ բան էր նշանակում, բայց չեմ կարող յիշել` ինչ… Տերսիմից են եղել: Գաղթել են, յետոյ նորից վերադարձել, մահմետական դարձել: Եթէ հիմա մեծերը, այդ սերունդը ողջ լինէր… շատ բան կը հարցնէի…

Ծնողներիս ոչ նամազ անելիս եմ տեսել, ոչ էլ խաչակնքուելիս: Երբեւէ չեմ նկատել, որ ատելութեամբ խօսեն թուրքերի մասին, բայց հաստատ դրական զգացմունքներ չեն ունեցել թուրքերի հանդէպ: Բաւական ժամանակ է, ինչ եկեղեցի եմ գնում: Ես իսկապէս չեմ յիշում` երբ ամէն ինչ սկսուեց: Մերոնք երբեք չեն խօսել կրօնի ու նման բաների մասին: Հայրս եւ մայրս… Ի հարկէ, միշտ էլ իմացել եմ մեր ծագման մասին, բայց ինչպէ՞ս ասեմ… Ծնողներս մանրամասներ երբեք չեն պատմել, բայց չեն էլ հերքել: Ես շատ հետաքրքրասէր եմ, բայց նրանք երբեւէ չեն հետաքրքրուել, փորփրել… Երբ մօրս հարցնում եմ այդ մասին, ասում է. «Առանց այդ էլ ապրածներս ինձ բաւական են, էլ ի՞նչ փորփրեմ… Ի՞նչ ես ուզում իմանալ: Լա՛ւ, մենք ո՛չ հայ ենք, ո՛չ թուրք, ո՛չ էլ քիւրտ: Մարդ ենք: Այսքանով սահմանափակուի՛ր, աղջի՜կս»:

Բոլորս նոյն զգացումով ենք ապրել, ամէն կողմից վտարուած լինելու զգացումով: Հայրս դեռ դիմադրում է, իսկ մայրս հաշտուեց իմ այս վերաբերմունքի հետ, ինձ նոյնիսկ խաչ է նուիրել… Սակայն երբեւէ իրենց որեւէ կրօնի կապուած չեն զգացել: Մահմետականների համար «կեաւուր» են եղել, քրիստոնեայ հայերի համար էլ` «տաճիկ»:

Գուցէ սա է ծնողներիս հակազդեցութեան պատճառը` չգիտեմ… Կարծում եմ, որ փորձել են ինքնապաշտպանուել: Այսինքն` «Ես ձեզ հետ գործ չունենամ, դուք էլ ինձ ձեռք մի տուէք» մտայնութեամբ…

Այդպիսի զգացում կայ… Ես փորձեցի յաղթահարել այն, յամենայնդէպս հիմա, որ արդէն խօսում եմ այդ մասին, նշանակում է` ինքս ինձ յաղթահարել եմ… Բայց ինչքան բան ենք բաց թողել… Աւագ եղբայրս, ում այդքան սիրում եմ եւ այդքան մօտ ենք… Երբեք չեմ իմացել, որ նա էլ է իմ զգացումներով ապրում: Սկսել ենք միասին եկեղեցի գնալ: Կարծում էի, թէ ընտանիքում միայն ես եմ, որ նման դիրքորոշում ունեմ, սակայն արի ու տես` եղբայրս անգամ մկրտուելու ցանկութիւն է յայտնում…

Երջանիկ մարդ եմ ինձ զգում այդ պահին ու միեւնոյն ժամանակ ինքս ինձ մեղադրում, թէ այդ ինչպէ՞ս եղաւ, որ այսքան տարի ոչ ես եմ լսել իմ եղբօր հոգին, ոչ էլ նա է պատմել իր հոգու մէջ ծուարածների մասին: Միասին նստում ենք ու փսփսում, միմեանց ցաւերը կիսում ու ծրագրում` ինչպէս ենք միասին գնալու, որ մկրտուենք: Բայց ախր ինչո՞ւ այսքան ուշ… Եթէ միայն իմանայի… Վախ չէ դա, ո՛չ… Ուղղակի բոլորս նոյն դաստիարակութեան միջով ենք անցել. չենք իմացել` հարցնելն ինչ է, չենք իմացել, որ կարելի է հարցնել… Պատկերացում չունէինք, որ կարող ենք հետաքրքրուել այդ ամէնով: Բոլորս ենք այդ դաստիարակութեան զոհը… Ես ինչպէս մեղադրեմ այն թուրք երեխային, որն առանց հասկանալու` դպրոցում պարտադիր արտասանում է. «Ի՜նչ երջանիկ եմ, որ թուրք եմ ծնուել»: Ես այդ երեխային չեմ կարող ատել այն բանի համար, որ նա ինձ է ատում, այն բանի համար, որ նա ստիպուած է ինձ ատել: Հեռուստացոյցը միացնեմ թէ չէ, նողկանք եմ ապրում… Չեմ ուզում մեղադրել որեւէ մէկի… Դպրոցում էլ փորձում եմ ինձ տիրապետել, բայց երբեմն չեմ դիմանում ու պոռթկում եմ:

Քիւրտ ընկերներս, օրինակ, ասում են. «Դէ. մեր պապերին ասում էին` 7 հայ սպաննողը դրախտ կը գնայ»: Ուզում եմ գոչել. «Այդքան յիմար բան ասել չես կարող, եղբա՛յր, բայց ի՞նչ ասեմ ախր… Այդ մասին հանգիստ խօսում ու պատմում են եւ գուցէ հիմա էլ եթէ կանգնեն ու ասեն` 7 հայ սպաննողը դրախտ է գնալու, շատերը նոյնը կ՛անեն: Կարծում եմ` կան նման մարդիկ… Եթէ կարող են հանգիստ ասել` «Պապս այսքան հայ է սպաննել»: Եթէ առանց ամաչելու` իմ ներկայութեամբ կարող են նման բաների մասին խօսել, ուրեմն քիչ բանով են իրենց պապից տարբերւում:

Միեւնոյն ժամանակ շատ տարբեր ընկերներ ունեմ… Շատ անկեղծ ու մտերիմ: Երբ Հայաստանից մի աղջկայ հետ էի խօսում… Այնպիսի ծանր զգացողութիւն ունեցայ… Երբ իմացաւ, որ հայ եմ, միանգամից ասաց. «Իսկ ինչո՞ւ էք մնացել դրանց մէջ` թշնամիների մէջ, ինչպէ՞ս ես ասում, որ հայ ես, երբ հայերէն չգիտես: Այ որ գաղթէիք մեզ պէս, այդ ժամանակ կ՛ասէիր` հայ եմ, թէ չէ հիմա ի՞նչ գործ ունես` մնացել ես թշնամիների մէջ»…

Նախ` դա շատ ծանր զգացում առաջացրեց իմ մէջ: Ես յաճախ եմ մտածել այն մասին, թէ ինչքա՜ն լաւ կը լինէր` մերոնք էլ գաղթէին, ու հիմա այստեղ չմնայինք… Յետոյ մի պահ հակառակւում եմ ինքս ինձ, մի պարզ բան եմ հասկանում` սա իմ հայրենքն է: Այն Թուրքիա կ՛անուանես թէ մէկ այլ բան` չգիտեմ… Բայց մենք այստեղ շատ աւելի վաղուց ենք, քան այդ «թշնամին»: Ինձ ոչ մի գնով իմ հողից չկարողացան պոկել: Դա եմ հասկանում: Իմ պապն էլ է այստեղ ծնուել, տատս էլ, ծնողներս էլ, ես էլ… Ու դա մէկ այլ, անգամ հպարտութիւն առաջացնող զգացողութիւն է: Ես այնքան խորն եմ կապուած այս հողին, որ… Մենք ամէն գնով մնացինք այնտեղ, որտեղ որ իրականում եղել ենք միշտ:

Նաեւ գիտեմ, որ հայեր կան, ովքեր ասում են. «Երբեք Թուրքիա ոտք չեմ դնի»… Ա՜խ, եթէ տեսնէին այս անտէր մնացած եկեղեցիներն ու խաչքարները… Ա՜խ, եթէ զգային այս ամէնը… Ո՞ւմ են թողնում… Այս երկրի ամէն մի ոլորտում հայի հետք կայ իրականում: Հիմա ես մէկ մտածում եմ, որ ուզում եմ գնալ այս երկրից, մէկ էլ մտածում եմ, որ դրա իրաւունքը գուցէ չունեմ… Ինչերի՜ գնով են այստեղ մնացել հայերը… Մնացել են: Ո՞ւր գնամ…

Ի հարկէ, Թուրքիայում էլ են հայերը տարբեր… Շատ մեծ տարբերութիւն կայ Կ. Պոլսի համայնքի ու արեւելքում ապրող հայերի միջեւ… Հայկական համայնքում ես ոչ ոք չունեմ, այժմ ստիպուած եմ համբերել, մինչեւ կը կարողանամ մկրտուել… Գուցէ չեն վստահում: Հայերէն չգիտեմ, համայնքում ոչ մի ազգական, բարեկամ չունեմ… Զարմանում են, երբ մտնում եմ եկեղեցի… Մի պահ այնքան էի վրդովուել այդ օտար հայեացքներից, որ էլ չցանկացայ հայկական եկեղեցի գնալ: Վիրաւորանք չէր, բայց ներփակուեցի իմ մէջ: Ես չեմ կարող մեղադրել այդ մարդկանց. ի վերջոյ, իրաւունք ունեն չվստահելու, ի՞նչ իմանան` ո՞վ ես, ի՞նչ ես…

Քիչ բան չեն ապրել այս երկրում… Բնական է, որ պէտք է տարբեր կերպ ապրեն, տարբեր արժէքներ կրեն իրենց մէջ. ինքնապաշտպանական բնազդներ ունեցող փոքրամասնութիւն… Այդքան հարուածներ կրած համայնք… Այդ պատճառով հասկանում եմ նրանց այս պահուածքն ու մտածելակերպը… Իրենց երեխաները հայկական դպրոցներ են գնում, միասին Իշխանաց կղզիներ են գնում, հարսանիքներին, տօներին կանչում իրար, փորձում ներհամայնքային ամուսնութիւններ կազմակերպել… Սովորոյթներին հետեւել… Չեն ցանկանում, որ իրենց երեխաները թուրքերի հետ հանդիպեն եւ այլն: Ստիպուած են այդ կերպ պաշտպանուել… սա համայնք է, ըստ էութեան` փակ կառոյց, ու մէկ էլ յանկարծ «արտաքին աշխարհից» մէկը գալիս է եւ ասում` ես հայ եմ, հայերէն չգիտեմ, ինձ մկրտէք…

Բայց, օրինակ, յունական եկեղեցում այլ կերպ եղաւ. շատ լաւ ընդունեցին, նոյնիսկ ասացին` կարող եմ իրենց մօտ յունարէն սովորել: Յոյնի արիւն անգամ չկայ իմ մէջ, բայց շատ էական ջերմութիւն զգացի: Հիմա չեմ ուզում, դրանից ելնելով որոշում կայացնել, յուսամ, որ մի օր հայկական եկեղեցում կը լինեմ: Յամենայնդէպս, ես այդ ժամանակ բոլորովին այլ կերպ կը վարուեմ: Երբ բաւականաչափ գիտելիքներ ունենամ, մեծ սիրով կրօնի եւ լեզուի դասեր կը տամ իմ նման հայ երեխաների: Հաճոյքով կ՛անեմ դա, անկեղծ…

Հայկական եկեղեցու մօտակայքում հայերէն խօսող մօրաքոյրներ կան, վախեցայ մօտենալ եւ ասել` «Ինձ նոյնպէս սովորեցրէ՜ք»…

Մայրս եւ հայրս լռում են, երբ խօսում եմ այս թեմայով… Բայց զգում եմ, որ ներքուստ երջանիկ են: Գուցէ այն պատճառով, որ անում եմ այն, ինչը չեն համարձակուել անել իրենք»:

 

«Ակունք»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )