Մենք. Աստուծոյ Ու Հողի Միջեւ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Ոչ հեռաւոր 90-ականների սկզբին, երբ արդէն եղել էր Սումկայիթը, երբ մեր ինքնութեան ու անկախութեան ճանապարհն Օփերայի հրապարակով էր անցնում, երբ ամէն օր, մինչեւ ուշ գիշեր այնտեղ էի` համոզուած, որ իմ վտիտ ներկայութեամբ պիտի չպակասի մեր յամառ հաւաքականութիւնը, երբ պարետային ժամ էր ու ռուսական հրասայլերն օղակելով հրապարակը` պտոյտներ էին գործում հրապարակի շուրջն ու պողպատէ թրթուրների սառը, մահաձայն աղմուկով փորձում էին ահաբեկել ցերեկները «Լենին-պարտիա-Գորբաչով» վանկարկող, իսկ գիշերները հրապարակի ներսում` ասֆալտի վրայ խարոյկի շուրջ խմբուած ինձ պէս ոչ քչերին, երբ հայրս արդէն տասը օր գնում էր փոքր օդակայան` Արցախից ուղղաթիռով բերուող զոհուածների ու վիրաւորների մէջ փնտռելու Գետաշէնի մարտերից յետոյ հօրաքրոջս կորած 22 տարեկան որդուն, հայեացքս կանգ առաւ շարունակ ռուսական ալիքի վրայ մնացող հեռուստացոյցի պաստառին: Այն ժամանակ մենք` միամիտներս Քրեմլինից, Ուաշինկթընից կա՛մ Եւրոպայից արդարութիւն ու համակրանք էինք սպասում:

Պաստառին իմ սիրելիներն էին` Չինգիզ Այթմատովն ու Մարկ Զախարովը. զրուցում էին խառն ու փսորած ժամանակների, պատերազմի, կորսուած մարդու ու փլուզուող խորհրդային միութեան մասին: «Բոլորի Աստուածը մէկն է ու Աստծոյ դէմքով ստեղծուած մարդկային կեանքն անգնահատելի, ինչպէս կարելի է սահմանի կամ հողի համար արիւն հեղել, մարդ սպաննել». բարձրաձայն մտածում էր Այթմատովն, ու նրա խօսքերը մեր Ազատութեան հրապարակն օղակող ռուսական հրասայլի սառն ու պողպատէ թրթուրների մահաբեր սառնութեամբ իջնում էին հոգուս:

Ես դատարկ եմ, դաւաճանուած, ու մի ակնթարթում կորցրած սիրելիի պէս ինձ խորթ են դառնում իմ ու նրա գրականութիւնը` «Կառափնարանը», «Սպիտակ շոգեկառքը», նոյնիսկ «Եւ դարից երկար ձգւում է օրը» վէպը` իր հետ տանելով նաեւ Նարեկացու բնաբանը: Ես երկար ժամանակ չեմ նայում նաեւ Զախարովի ժապաւէնները:

Առաջին անգամ Արցախում եմ Շուշիի ազատագրումից երեք-չորս օր յետոյ. ծխացող Լաչինի, ճանապարհների երկայնքով ու բլուրների արանքներում լքուած, անկենդան, մեռած ու այրուած հրասայլերի, մեզ ընդառաջ եկող, խանձուած ու ազնիւ դէմքերով ֆիտայի-զինուորներով կքուած բեռնատարների, Ստեփանակերտի նկուղներում պատսպարուող նիհար, մահ տեսած աչքերով երեխաների, ճաքած ու ռմբակոծուած պատերով հիւանդանոցներում ապաքինուող անտարբեր հայեացքով զինուորների ու պատերազմի աղմուկը դեռ չմարած, անխաչ Ղազանչեցոց եկեղեցու ու գրեթէ ամայի ու մշուշաթաղ Շուշիի դէմքով հանդիպեցի պատերազմին:

«Աստծոյ դէմքով ստեղծուած մարդկային կեանքն անգնահատելի է»` տրոփում էր Այթմատովի խօսքը, իսկ ժամանակը հաստատում «Հողը արիւնով են պահում» ցեղիս բանաձեւը:

Ու պատերազմը շարունակւում էր` դառնալով սովորական, չփակուող վէրքի պէս անբաժան լինելով մեր ամէնօրեայ գոյութիւնից:

90-ականների վերջին պիտի սովորեմ Եւրոխորհրդի քաղաքական հետազօտութիւնների դպրոցում: Մեզանից` հայերից բացի նոյն խմբում երիտասարդ քաղաքական գործիչներ են լինելու` Ռուսաստանից, Վրաստանից ու Ազրպէյճանից:

Ես անհամբեր եմ, մի քիչ էլ անհանգիստ: Վերջին ազրպէյճանցին, որ տեսել-շփուել եմ Ծածկած շուկայում հսկայական պարկից ադիբուդի (փթթան կորեկ-Խմբ.) վաճառող, խոշորամարմին, ծաղկաւոր ծոպքերով գլխաշորով Բաջին էր, որ քսան կոպեկի մի բանկա ու մի բուռ համով, աղի ադիբուդի էր լցնում «Սովետական Հայաստան» թերթից պատրաստած փաթեթի մէջ:

Մենք ու ազրպէյճանցիները կամաց-կամաց ուսումնասիրում ենք միմեանց, դասընթացների ժամանակ դառնում անտանելի, գրեթէ «մորթում» միմեանց ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան, ստալինեան դաւադիր (դաշնագրերի) ու միջազգային համաձայնագրերի այս կամ այն կէտի իմացութեամբ, իսկ երեկոները հիւրանոցի ճեմասրահում լսում մեր մանկութիւնից լսած խորհրդային երգեր, հին բարեկամի պէս զրուցում մեր երիտասարդութիւնից հաւասարապէս ծանօթ գրականութեան ու ժապաւէնների մասին, նոյնիսկ` անեկդոտներ յիշում: ազրպէյճանցի x-ը, որ քննարկումների ժամանակ, ի թիւս այլ մեղադրանքների, իբրեւ արհաւիրք հնչեցնում է նաեւ «դաշնակ» բառը, նախաճաշին ու ընթրիքին միշտ նստում է կողքս, զրուցում մշակոյթից ու նոյնիսկ հրաւիրում պարի: Ես գիտեմ, որ x-ը հայր Ալիեւի խորհրդականն է ու աննկարագրելի սարսուռ է իջնում վրաս, երբ իմանում եմ, որ այն ժամանակ` 88-ին եղել է Սումկայիթի դատախազը:

«Աստծոյ դէմքով ստեղծուած մարդկային կեանքն անգնահատելի է» տրոփում էր Այթմատովի խօսքը, իսկ ժամանակը յամառօրէն հաստատում է «հողը արիւնով են պահում» ցեղիս բանաձեւը: Դասընթացի աւարտին x-ին ասում եմ` ես դաշնակցական եմ: Գիտեմ, պատասխանում է նա ու իբրեւ յուշանուէր-յիշատակ` մեկնում ազրպէյճանական հարիւր մանաթանոցը:

Իսկ պատերազմը շարունակւում է` սովորական, չփակուող վէրքի պէս անբաժան լինելով մեր ամէնօրեայ գոյութեանից:

Ազրպէյճանցիների հետ յաջորդ հանդիպումս Պրիւքսելում է` տարիներ անց. Եւրանեստ խորհրդարանական վեհաժողովի հիմնադիրների թւում հայ եւ ազրպէյճանցի պատգամաւորներ են:

Միմեանց ուսումնասիրելու կարիք չունենք, մենք դարձեալ անտանելի ենք, գրեթէ «մորթում» ենք միմեանց ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան, ստալինեան դաւադիր դաշնագրերի ու միջազգային համաձայնագրերի իմացութեամբ, իսկ երեկոները մասնակցում մեր պատուիրակութիւնների պատուին եւրոպական այս կամ այն կառոյցի կողմից կազմակերպուած ընթրիքին: Քաղաքավարական բաժակ ենք խփում ու երբեմն անգամ հայերէն խօսում միմեանց հետ (ազրպէյճանցիներից մէկ երկուսը Հայաստանում են ծնուել): Իսկ եւրոպացիները, որ հաւասարապէս յոգնել-ձանձրացել են մեզանից, անկեղծանում են ու ասում` միմեանց հետ լեզու գտէք:

Ազրպէյճանցիների հետ հերթական հանդիպումը Հայաստանում է: Ես իսկապէս ուրախ եմ, որ նրանք մասնակցում են Եվրանեստի երեւանեան նիստին ու ընթրիքի ժամանակ հին բարեկամի պէս ինձ սեղանակից, մեճլիսի պատգամաւոր Ռովշան Ռզայեւին (կարծեմ` ազգային հերոս) ասում` վերջերս Շուշիում էի, չքնաղ էր Շուշին: Ռովշանի աչքերում չթաքցուող արցունք է յայտնւում. Շուշիում եմ ծնուել, ասում է Ռովշանը ու ես արդարանալու պէս շարունակում եմ` Նախիջեւանում հայ չի մնացել:

Մեր յաջորդ հանդիպումը Պաքւում է: Հայերը ֆաշիստ են, եւրոխորհրդարանի երկու հարիւրից աւելի պատուիրակների ներկայութեամբ վեհաժողովն ուղղուած խօսքում յայտարարում է Ալիեւը: Ֆաշիզմի էութիւնն ու գինը լաւ իմացող եւրոպացիները լռում են, աւելի շուտ մեզ մենակ թողնում ու վեհաժողովի նոյն ամպիոնից ես եմ հակադարձում Ալիեւին. «Ոեւէ մէկն անկախ այս երկրում ունեցած իր դիրքից իրաւունք չունի մեզ ֆաշիստ անուանել»:

Գրեթէ անհամ ու անիմաստ դարձած վեհաժողովի դադարին ինձ են մօտենում պատերազմի եզրին ապրող, ու հաստատ ատելութեան թոյնից զզուած ազրպէյճանցի գործընկերներս ու նրանցից մէկն արդարանալու պէս ասում` ամրանը Անթալիայում հանգստացող որդիս շնչակտուր մօտեցաւ ինձ ասելով` հայրիկ, ծովափին հայեր կան:

Պաքուից վերադառնում եմ` մտքիս մէջ ու յիշողութիւնիցս անբաժան Աստծոյ դէմքով ստեղծուած մարդկային կեանքի անգնահատելիութեան ու արիւնով պահուող հողի ճշմարտութեան մասին կռիւը:

Այս օրերին Պաքւում դարձեալ ատելութեան ու ֆաշիզմի մրրիկ է մոլեգնում: Ազրպէյճանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլին (Ագուլեցի) համարձակութիւն է ունեցել գրելու Աստծոյ դէմքով ստեղծուած մարդու ու այդ մարդուն զոհ ու նահատակ դարձնող թուրք-ազրպէյճանական իրականութեան մասին:

«Ձեռքերն արնոտ մարդասպանը», որ նաեւ մեճլիս ու նախագահ ունի, եւրոպական ընտանիքի մաս է զգում իրեն, սեփական գրողի ականջի համար տասը հազար տոլար է խոստանում:

Ես ուզում եմ նայել մեզ ու ազրպէյճանցիներին նոյն նժարի վրայ դնող եւրոպացիների աչքերին, ու Ալիեւի ելոյթի ժամանակ խլացած նրանց ականջներին կարդալ Լեւոն Խեչոյեանի «Քո դէմքով ու նմանութեամբ» պատմուածքի այն հատուածը, երբ շրջափակման մէջ ընկած ազրպէյճանցի զինուորին հայ հրամանատարը համոզում է չբացել նռնակի օղակը. «Մի հատ փորձիր յիշել ձեր գիւղի բուրմունքը, ջրափոսերը, ամէն մի ջրափոսի մէջ քո պատկերն էր, ամբողջ օրը վազել ես գառների ետեւից, տուն ես եկել քերծուած ծնկներով, միայն ձեր գիւղում այդպէս կը լոպկտուէին ծնկներդ: Մի արա, օղը դիր տեղը»:

Երանի Այթմատովն էլ ողջ լինէր, ու ես կը կարդայի Խեչոյեանի պատմուածքի շարունակութիւնը` ազատամարտիկ Մակին լացում է նայելով կապկպուած ազրպէյճանցուն. «Ես այլեւս չեմ կարող, մի նրա խալը տեսէք, նա հօրս շատ է նման»:

Իսկ պատերազմը շարունակւում է` արդէն սովորական չփակուած վէրքի պէս անբաժան լինելով մեր ամէնօրեայ գոյութիւնից:

Երէկ ազրպէյճանցին կրակում էր Չինարիի ուղղութեամբ…

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )