Տէր Կանգնենք Խիղճը Չկորցրած Ազրպէյճանցիներին

ՌԱԿԸՓ ԶԱՐԱՔՕԼՈՒ

Զարաքօլու

Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած թուրք մտաւորական, «Պելկէ» հրատարակչութեան սեփականատէր Ռակըփ Զարաքօլուն Ազրպէյճանում հայկական ջարդերի մասին «Քարէ երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի նկատմամբ իշխանութիւնների կողմից սանձազերծուած զանգուածային հետապնդումների կապակցութեամբ հանդէս է եկել «Տէր կանգնենք խիղճը չկորցրած ազրպէյճանցիներին» հրատապ կոչով:

«Արմէնփրես»ը ներկայացնում է Թուրքիայի Մարդու իրաւունքների եւ հասարակութեան պատմութեան հիմնադրամի համահիմնադիր, Միջազգային PEN կազմակերպութեան Թուրքիայի կենտրոնի անդամ, Թուրքիայի գրողների արհմիութեան անդամ, Թուրքիայի Հրատարակիչների միութեան եւ հրատարակութիւնների ազատութեան միջազգային հիմնադրամի յանձնաժողովի անդամ, Շուէտի խորհրդարանի անդամների եւ GIT-ի Ֆրանսայի բաժանմունքի Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի թեկնածու Ռակըփ Զարաքօլուի կոչը, որը հրապարակել է թուրքական aykiridogrular.com լրատուական կայքը:

«Խիղճը մարդկութեան կարեւորագոյն արժանիքներից է: Խիղճ ունեցողներ, ուղղամիտներ, ճշմարտախօսներ… Ի՛նչ անուն ուզում էք` տուէք, ի վերջոյ դրանք են հանդիսանում ցանկացած ժողովրդի եւ երկրի իրական հպարտութիւնը: Իսկ կացին բռնողները` երբեք: Ազրպէյճանցի մի գրող, ով պէտք է դառնար սեփական երկրի պարծանքը, վերջին օրերին յայտնուել է մահուան սպառնալիքի առաջ: Եւ այդ սպառնալիքի աղբիւրն անձամբ այդ յետխորհրդային երկրի մենատէր նախագահն է: Նա գրողին զրկել է պետութեան կողմից շնորհուած «Ժողովրդական գրող» կոչումից, նրա ստացած պետական այլ պարգեւներից, անհատական թոշակից, նրա կնոջն ու որդուն հեռացրել են աշխատանքից:

Գրող, բեմագիր եւ թատերագիր Աքրամ Այլիսլին այն ստեղծագործողներից է, ովքեր իւրացրել են խորհրդային մեծ գրող Մաքսիմ Գորկու քարոզած ժողովուրդների բարեկամութեան փիլիսոփայութիւնը` դեռեւս Մոսկուայի Մաքսիմ Գորկու անուան Գրականութեան հիմնարկում սովորելու տարիներին: 75-ամեայ Այլիսլին բազմաթիւ յօդուածների, պատմուածքների, բեմագրութիւնների եւ վէպերի հեղինակ է, 2005 թ.ին ընտրուել է Ազրպէյճանի խորհրդարանի պատգամաւոր: Գրական ասպարէզ է մուտք գործել 1959 թ.ին հրատարակած բանաստեղծութիւնների գրքոյկով: Բազմաթիւ ստեղծագործութիւնների հեղինակը ազրպէյճաներէն է թարգմանել Կապրիէլ Գ. Մարքեսի, Թուրկենեւի, Չինկիզ Այթմաթովի եւ այլոց ստեղծագործութիւնները: Նրա հեղինակած բեմագրութեամբ ներկայացումներ են բեմադրուել նախկին խորհրդային բազմաթիւ քաղաքներում, այդ թւում` Երեւանում:

Այն, ինչին ժամանակին նման կերպ մենք ականատես էինք եղել Մարաշում եւ Սեբաստիայում, այսօր նրա տան մօտ է կուտակւում գրողին լինչի դատաստանի ենթարկելուն պատրաստ խաժամուժը: «Վերցրու կացինդ ու արի», այս կոչով են նրանք դիմում ազրպէյճանցի սպայ Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ.ին Պուտափեշտում հայրենիք վերադառնալուց 20 օր առաջ կացնով գլխատել է քնած հայ սպայ Գուրգէն Մարգարեանին, որի հետ նա համատեղ մասնակցում էր ՕԹԱՆ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակում կազմակերպուած դասընթացներին:

Երբ 2009 թ.ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուել էին յարաբերութիւնների կարգաւորմանն ու սահմանների բացման ուղղուած արձանագրութիւնները, մի շարք ազրպէյճանցի պատգամաւորներ շտապել էին մեկնել Անգարա եւ հանդիպումներ ունեցել Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Քէօքսալ Թոփտանի, գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան առաջնորդ Տենիզ Պայքալի եւ Ազգայնական շարժում կուսակցութեան նախագահ Տեւլեթ Պահչելիի, ինչպէս նաեւ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան պաշտօնեաների հետ եւ յաջողացրել խափանել արձանագրութիւնների վաւերացումը: Ահա, այդ ազրպէյճանցիների շարքում էր նաեւ Մալահաթ Իպրահիմկըզըն, որն Ազրպէյճանի խորհրդարանում ունեցած իր յարձակողական ելոյթում յայտարարել էր, որ` «իր այս քայլով Այլսիլին վիրաւորանք է հասցնում ոչ միայն ազրպէյճանցիներին, այլ` ամբողջ թուրք ազգին»` սրանով փորձելով լինչի դատաստանի արշաւը տեղափոխել նաեւ Թուրքիա: Ազրպէյճանի խորհրդարանում նոյնիսկ գրողին ԴՆԹ (ծինային-Խմբ.) փորձաքննութեան ենթարկելու եւ Ազրպէյճանի քաղաքացիութիւնից զրկելու կոչեր են հնչել:

Եւ այս բոլորի համար առիթ է հանդիսացել 75-ամեայ Աքրամ Այլիլսիի «Stone Dreams» (Քարէ երազներ) վէպը, որը լոյս է տեսել ռուսական «Տրուժպա նարոտով» (ժողովուրդների բարեկամութիւն) գրական հանդէսում: Այն նոյնիսկ ազրպէյճաներէն չի հրատարակուել: Այն բանից յետոյ, երբ այս մասին տեղեկացան մամուլում, գազազած ամբոխը հաւաքուել է գրողի տան առջեւ եւ սկսել այրել նրա գրքերն ու ճակատին խաչ պատկերուած նկարները, վանկարկելով` «ամաչիր, դաւաճան» կարգախօս:

Վէպի թեման երկու ազրպէյճանցի տղամարդկանց պատմութիւնն է, ովքեր փորձում են բռնարարքներից պաշտպանել իրենց հայ հարեւաններին: Բարեխիղճ ինքնաքննադատութեան սահմաններում գրողն անդրադառնում է նաեւ Սումկայիթում եւ Պաքւում տեղի ունեցած հայկական ջարդերին, որոնք հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում թշնամանքով լի մի ժամանակշրջանի սկիզբ հանդիսացան: Իրականում այս վէպն աւարտուել է 2007 թ.ին, սակայն, միայն հինգ տարի անց այն հրատարակուել է ռուսերէնով:

Հետաքրքիր է, որ համարեա միաժամանակ հայ գրողներից մէկը նոյնպէս խղճի տեսանկիւնից անդրադարձել է հայ-ազրպէյճանական հակամարտութեանը եւ արժանացել Ազրպէյճանի Հանրապետութեան մրցանակին: Գրողների միութիւնը, որի անդամն էր հանդիսանում այս գրողը, վերջինիս դատապարտել է այդ մրցանակը ստանալու (այլ ոչ թէ պատմուածքը գրելու) համար, գրողն էլ, ի նշան բողոքի, դուրս է եկել կազմակերպութեան շարքերից: Սակայն նրա դէմ ատելութեամբ լի կարգախօսներով հալածանքներ չեն կազմակերպուել, ինչպէս դա այժմ արւում է Պաքւում:

Հրապարակախօս Սարգիս Հացպանեանը նշում է, որ հայ գրող Լեւոն Ջաւախեանը 2008 թ.ին յայտարարել է, որ ազրպէյճանցիներն իր թշնամին չեն, եւ հրատարակել է իր «Քիրվա» պատմուածքը: Իսկ Աքրամ Այլիսլին, ով 5 տարի անց Լեւոն Ջաւախեանի պէս հնչեցրել է «հայերն իմ թշնամին չեն» կարգախօսը, այժմ կանգնած է լինչի դատաստանի սպառնալիքի առաջ: Ի պատասխան Արեւմուտքից եւ Ռուսաստանից ստացուած հրաւէրների, Աքրամ Այլիսլին հպարտ կեցուածք է ընդունում եւ յայտարարում. «Սա իմ հայրենիքն է եւ ես չեմ պատրաստւում լքել այն»:

Կոչ եմ անում միջազգային հանրութեանը, Թուրքիայի եւ Ազրպէյճանի ժողովրդավարական ուժերին համախմբել իրենց ջանքերը Աքրամ Այլսիլիին պաշտպանելու գործում եւ թոյլ չտալ, որպէսզի կրկնուի Հրանդ Տինքի սպանութեան պատմութիւնը»:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )