Պահպանել Ազատասիրութեան Վերածնուած Ոգին

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում լայնօրէն նշւում է ղարաբաղեան շարժման 25-ամեակը: Փետրուարի 12-ին Մարտունիում եւ Հադրութում, 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցան բազմամարդ հանրահաւաքներ, որոնք մեզ` յիրաւի բախտորոշ իրադարձութիւնների ականատեսներիս ու մասնակիցներիս, մտովի վերադարձրին 1988-ի ցուրտ փետրուարը… Չտեսնուած թափ ձեռք բերած շարժումը հէնց այդ ժամանակ փաստօրէն ելաւ ընդյատակից եւ հրապարակներն ու կենտրոնական փողոցները հեղեղեց զայրոյթով համակուած, պատմական արդարութեան վերականգնում եւ Հայաստանի հետ Արցախի վերամիաւորում պահանջող ժողովրդական զանգուածների ալիքով:

Անցած քառորդ դարը պատմութեան համար սոսկ մի ակնթարթ է: Սակայն ակնթարթն այդ իր մէջ ամփոփել է ծանր փորձութիւնների, ողբերգական կորուստների ու նշանակալից ձեռքբերումների տարիներ, պարտութիւնների դառնութիւն եւ յաղթանակների ցնծութիւն: Բայց ամենագլխաւորն այն է, որ այդ տարիների ընթացքում աճել է արցախցիների նոր սերունդ` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան քաղաքացիների սերունդ: Եւ պէտք է ասել շարժման քառորդդարեայ յոբելեանի տօնակատարութեան համար պետական յանձնաժողովի մշակած հանդիսաւոր միջոցառումների ծրագիրը մեծապէս, հնարաւոր է եւ` ամէնից առաջ, հասցէագրուած է 88-ի փետրուարից յետոյ ծնուած երիտասարդ արցախցիներին: Հէնց այդ պատճառով էլ շարժման 25-ամեակին նուիրուած բոլոր զանգուածային միջոցառումներում կարմիր թելի պէս էր անցնում սերունդների կապի, արցախցիների ազատասիրական ոգու եւ բարոյական այն արժէքների պահպանման մասին միտքը, որոնք ձեռք են բերուել 88-ի յիշարժան, խռովայոյզ օրերին: Համաժողովրդական պայքարի բոցը հանգչել թոյլ չտալու համար (պայքար, որ դեռեւս չի աւարտուել, այլ աշխարհաքաղաքական փոխակերպումների բերումով նոր ձեւեր է ընդունել) գործուն յիշողութիւն է պէտք: Բայց յիշելու համար իմանալ է պէտք:

Երիտասարդ արցախցիներին, որոնք բարեբախտաբար չեն ճաշակել ցեղասպան Ազրպէյճանի կազմում գտնուելու «սքանչելիքները», անհրաժեշտ է իմանալ, թէ ի՛նչ գնով է նուաճուել ազատութիւնը: Նրանց հարկ է անպայման իմանալ եւ յիշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներկայիս անկախութիւնը կնիքուել է հակառակորդի դէմ անհաւասար պայքարով, որը սկզբում փորձել է արեան մէջ խեղդել շարժումը` կատարելով խաղաղ հայ բնակչութեան զանգուածային սպանութիւնների եւ ջարդերի` իրենց դաժանութեամբ աննախադէպ արարքներ: Նրանց հարկ է իմանալ, որ ղարաբաղցիները, որոնք սրբօրէն հաւատացած էին գորբաչովեան վերակառուցման իտէալներին, ստիպուած եղան սաստիկ հիասթափուել եւ այնուհետեւ պայքար մղել խորհրդային ամբողջատիրութեան եւ ազրպէյճանական ազգայնամոլութեան դէմ, որոնք Արցախի ժողովրդի դէմ հանեցին պետական պատժիչ կառոյցի ամբողջ ուժը: Իմանալ, որ հէնց այն ժամանակուայ Մոսկուայի լուռ համաձայնութեամբ է Պաքուն տնտեսական ու կապուղային շրջափակման մէջ առել Լեռնային Ղարաբաղը, ինչն այսօր էլ չի վերացուած: Իսկ այնուհետեւ, ԽՍՀՄ-ի փլուզումից եւ ԼՂՀ-ի հռչակումից յետոյ, հանրապետութեան դէմ արիւնահեղ պատերազմ սանձազերծել` զանգուածային ոչնչացման զէնքի արգելուած տեսակների օգտագործմամբ, որը մեր հազարաւոր հայրենակիցների կեանքն է խլել եւ մեր տնտեսութիւնը համարեա լիովին քայքայել:

Իւր ժամանակ շարժումն իրաւամբ նաեւ յեղափոխութիւն էր անուանւում, որն արմատապէս փոխեց հինաւուրց Արցախի պատմութեան ընթացքը: Սակայն մեր նոր սերունդը պէտք է իմանայ նաեւ այն մասին, որ յեղափոխութիւն է տեղի ունեցել նաեւ արցախցիների գիտակցութեան մէջ` փոխելով նրանց աշխարհայեացքը: Յանուն ճշմարտութեան` հարկ է խոստովանել, որ Խորհրդային Ազրպէյճանի կազմում Լեռնային Ղարաբաղի եօթանասունամեայ գտնուելը արցախցիների մօտ բթացրել էր ազատութեան զգացումը, որը նրան յատուկ է եղել հազարամեակներ ի վեր: Բայց, բարեբախտաբար, այդպէս էլ ոչ ոքի չի յաջողուել մեր մէջ սպաննել ազատասիրութեան ոգին, այն պարզապէս ննջում էր` սպասելով իր աստեղային ժամին:

Ղարաբաղցիների աշխարհայեացքի եղափոխութիւնը յանգեցրել է այն անխախտելի ճշմարտութեան ըմբռնմանը, որ բարձր նպատակի հասնելու կարեւորագոյն պայմանը համաժողովրդական միաբանութիւնն է, որն էլ մեզ թոյլ տուեց տոկալ ու յաղթել: Մենք ձերբազատուեցինք վիպապաշտ պատրանքներից եւ գիտակցեցինք, որ պէտք է ապաւինել ոչ թէ այս աշխարհի ուժեղների ողորմածութեանը, այլ յենուել սեփական ներուժի վրայ: Մեզ կեանքն ինքն է խիստ դասեր տուել: Ծանր կորուստների եւ փորձութիւնների գնով մենք եկել ենք այն համոզման, որ ժողովուրդն ինքն է կերտում իր ճակատագիրը: Որ ժամանակակից աշխարհում, որն իր դաժան կանոններն ունի, նա է գոյատեւում, ով ամուր է կամքով ու ոգով, ով կարողանում է յարգել ինքն իրեն, պաշտպանել իր իրաւունքները, սեփական պատիւն ու արժանապատուութիւնը: Շարժումն արցախցիների համար իւրատեսակ ինքնամաքրում դարձաւ, որի շնորհիւ մենք վերստացանք ինքներս մեզ` թօթափելով մեզ գրեթէ համակած անելանելիութեան զգացումը, պարտուողական տրամադրութիւնները: Մենք  ե՛ւ ամբողջ աշխարհին, ե՛ւ ինքներս մեզ ապացուցեցինք, որ չենք կորցրել ինքնայարգանքի զգացումը, որ լիաչափ կերպով վաստակել ենք արժանավայել կեանքով ապրելու, սեփական պետականութիւն ստեղծելու իրաւունքը:

Կարծում ենք, այսօր ամենագլխաւոր խնդիրներից մէկն է` չկորցնել մեր 25-ամեայ պայքարի նուաճումները: Աւելի՛ն. զարգացնել ու բազմապատկել դրանք, քանզի յաղթանակած ժողովուրդը վաստակել է արժանավայել կեանքի իրաւունքը: Եկել է նոր սերունդ, որը պէտք է շարունակի մեր պետականութիւնը կառուցելու, ամրապնդելու եւ պաշտպանելու առաքելութիւնը: Պետականութիւն, որն ստեղծուել է արցախցիների վերածնուած ոգու, անկոտրում կամքի եւ արիութեան շնորհիւ, եւ որի համար մեր բազում հայրենակիցների կեանքով է վճարուել:

Հանրահաւաքները` այժմ արդէն ղարաբաղեան շարժման 25-ամեակին նուիրուած տօնական հանրահաւաքները, ցուցադրեցին, որ Արցախի երիտասարդութիւնը գիտակցում է իր պատասխանատուութիւնը հայրենիքի ապագայի համար եւ պատրաստ է պահպանել ու պաշտպանել արցախցիների աւագ սերնդի կողմից իրեն կտակուած ազգային արժէքները:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ» թերթի
գլխաւոր խմբագիր

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )