«Գիտակցում Ենք, Որ Միայն Մեր Միասնական Կամքով Եւ Հաւաքական Ուժով Կարող Ենք Հզօրացնել Մեր Հայրենիքը Եւ Ապահովել Մեր Բոլոր Հայրենանուէր Եւ Ազգանուէր Իղձերի Եւ Ծրագրերի Իրականացումը» Հաստատեց Լիբանանի Մէջ Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ Եւ Լիազօր Դեսպան Աշոտ Քոչարեան

Ար­ցախ­եան ազա­տա­մար­տի եւ Սում­կա­յի­թի ջար­դերուն 25-ամ­եա­կին առի­թով «Ազ­դակ» հար­ցազ­րոյց մը ու­նե­ցաւ Լի­բա­նա­նի մէջ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան ար­տա­կարգ եւ լի­ա­զօր դես­պան Աշոտ Քո­չար­եա­նի հետ:

«ԱԶԴԱԿ».- Ի՞նչ նշանակութիւն ունեցաւ 1988 թուականը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրաւունքը ստիպուած է եղել պաշտպանել արեան գնով` իրեն պարտադրուած պատերազմի ընթացքում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը  սկիզբ առաւ քառորդ դար` 25 տարի առաջ, որպէս խաղաղ ցոյցերի շարք հայերի կողմից, որոնք ցանկանում էին որոշել իրենց սեփական կեանքը, իրենց ապագան ոչ Ազրպէյճանի իրաւասութեան տակ: 1988 թուականը Լեռնային Ղարաբաղի պատմութեան մէջ եղաւ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրաւունքների ու ազատութեան պաշտպանութեան օգտին: Քաղաքակիրթ  եւ օրինական իւրաքանչիւր գործողութեանը հետեւում էր բռնութեան ծաւալում, հայ ազգաբնակչութեան իրաւունքների զանգուածային եւ համատարած ոտնահարում, բռնութիւններ եւ կոտորածներ, ժողովրդավարական բռնանուաճում, տնտեսական շրջափակում: Մենք ականատես էինք ամենադաժան ցեղային զտումների եւ տեղահանման քաղաքականութեան: Սումկայիթում հայերի դէմ կատարուած բռնութիւնները փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բնոյթը:

«Ա.».- Ինչպէ՞ս կը բնութագրէք ԼՂ հակամարտութեան ներկայ փուլը:

Ա. Ք.- Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկայ փուլը սկիզբ է առել Խորհրդային Միութեան գոյութեան վերջին տարիներին եւ վերածուել է հակամարտութեան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացմանն ի պատասխան Ազրպէյճանի կողմից ուժային քաղաքականութիւն որդեգրելու արդիւնքում: Ղարաբաղի հակամարտութիւնը տարբերւում է նախկին Խորհրդային Միութեան տարածքում ծագած այլ հակամարտութիւններից նրանով, որ Ղարաբաղի ժողովուրդը իրաւաբանօրէն անթերի կերպով իրացրել է իր ինքնորոշման իրաւունքը մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը:

Ղարաբաղեան հակամարտութիւնը յետխորհրդային տարածքի ամենաարիւնալի հակամարտութիւններից էր` տասնեակ հազարաւոր զոհերով, հարիւր հազարաւոր փախստականներով եւ մեծ աւերածութիւններով: Հակամարտութեան ռազմական փուլը աւարտուեց 1994թ. մայիսին, երբ հաստատուեց  զինադադար` անժամկէտ համաձայնագրի ստորագրութեամբ: Զինադադարի հաստատումից յետոյ լայնածաւալ ռազմական գործողութիւններ չեն վերսկսուել: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացում միջնորդ են հանդիսանում ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը` Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսան: Չնայած միջնորդների հետեւողական ջանքերին` ղարաբաղեան խնդիրը դեռեւս կարգաւորուած չէ: Դրա հիմնական պատճառն այն է, որ Ազրպէյճանն իր ապակառուցողական վարքագծով եւ ռազմատենչ յայտարարութիւններով  գործում է Միաւորուած ազգերի կազմակերպութեան նպատակներին հակառակ:

Հայաստանի Հանրապետութեան նախագահի իր վերջին ելոյթներից մէկում նշել է, որ` «Ազրպէյճանի քաղաքականութիւնն ընդհանրապէս եւ մասնաւորապէս դիպուկահարներին հետ քաշելուց հրաժարուելը, շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեքանիզմի գործարկումից հրաժարուելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատեացութիւնը եւ ցեղապաշտութիւնը խրախուսելը, անյուսալի եւ երկերեսանի կեցուածքը բանակցութիւններում որեւէ կերպ չեն նպաստում վստահութեան միջոցների ստեղծմանը եւ ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում: Բնական եւ բանական կը լինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցութիւնների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշուած հարցի շուտափոյթ լուծմանը»:

Հայաստանի կառուցողականութիւնը դրսեւորուել է նրանում, որ Հայաստանը ընդունել է  Մատրիտեան փաստաթուղթը որպէս հիմք բանակցութիւնների համար: Այդ փաստաթուղթը ենթադրում է Լեռնային Ղարաբաղում իրաւաբանօրէն պարտադիր ուժ ունեցող հանրաքուէի անցկացումը, չնայած ԼՂՀ անկախութեան հանրաքուէն անց է կացուել դեռեւս 1991թ. այն ժամանակ գործող  Խորհրդային Միութեան օրէնսդրութեանը եւ միջազգային իրաւունքին լիովին համապատասխան:

«Ա.».-  Իսկ ի՞նչ պատահեցաւ 25 տարի առաջ Սումկայիթի մէջ:

Ա. Ք.- 1988 թ. փետրուարի 26-28-ին Ազրպէյճանի Սումկայիթ արդիւնաբերական քաղաքում հայ բնակչութեան հանդէպ տեղի ունեցած ջարդերը փաստօրէն ցեղային զտման քաղաքականութեան առաջին դրսեւորման օրինակն էին խորհրդային տարածքում: Բարբարոսական յարձակումների եւ խոշտանգումների արդիւնքում եղան տասնեակ զոհեր: Հարիւրաւոր անմեղ մարդիկ վիրաւորուեցին եւ անդամալոյծ դարձան: Բռնաբարուեցին կանայք եւ դեռահաս աղջիկներ, յանցագործ խաժանուժը իշխանութիւնների աջակցութեամբ ներխուժեց հայ ընտանիքների հարիւրաւոր բնակարաններ, կողոպուտի ենթարկեց արհեստանոցներն ու խանութները:

Մինչդեռ ամէն հնարաւորն արուեց կատարուած յանցագործութիւնների հանգամանքները թաքցնելու եւ խեղաթիւրելու համար: Իսկ փաստագրական ապացոյցները, ականատեսների վկայութիւնները, հաւաքուած փաստերը յանգեցնում էին միակ աներկբայ եզրակացութեան. ջարդերը, յանցագործութիւններն  ու վայրագութիւններն իրականացուել էին Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից:

«Ա.».- Եղա՞ն արդեօք միջազգային արձագանգներ կատարուածի առնչութեամբ:

Ա. Ք.- Միջազգային արձագանգը բաւարար չէր: Ցանկալի կը լինէր, որ փլուզուող Խորհրդային Միութեան իշխանութիւններն  տային համապատասխան գնահատական կատարուածին: Ցաւօք, գորբաչովեան վարչակազմը սահմանափակուեց «խուլիկանական տարրերի գործողութիւններ» գնահատականով:  Եղան արձագանգներ միջազգային որոշ կառոյցների, ականաւոր գիտնականների, քաղաքական գործիչների  կողմից: Մասնաւորապէս,  Եւրոպական դատարանը դատապարտեց Սումկայիթում եւ Պաքւում կատարուած ցեղային զտումները հայերի հանդէպ: 2006թ. ընդունուեց նաեւ բանաձեւ, որը դատապարտում է հայկական կրօնական եւ մշակութային յուշարձանների ոչնչացումը նախկինում հայաբնակ Նախիջեւանի մարզում:

Աշխարհահռչակ գիտնական  Անտրէյ Սախարովը ասել է.  «Անհրաժեշտ է արդարացի դատավարութիւն Սումկայիթի կոտորածների ոճրագործների համար»:

Ճորճ Սորոսը հաստատեց, որ առաջին հայկական ջարդերը Ազրպէյճանում հրահրուել են տեղական կազմակերպուած յանցաւոր խմբաւորումների կողմից` կառավարուելով Ազրպէյճանի ապագայ նախագահ Հայտար Ալիեւի կողմից:

«Ա.».- Ինչպէ՞ս ընթացան հետագայ իրադարձութիւնները:

Ա. Ք.- Սումկայիթեան եղեռնագործութիւնից յետոյ ազրպէյճանական իշխանութիւնների նախաձեռնութեամբ յարձակումները հայ բնակչութեան հանդէպ շարունակուեցին ամբողջ երկրի տարածքով: 1988թ. մայիսին Շուշիում, որտեղից յաջորդ մի քանի տարիների ընթացքում հրետանային ռմբակոծութիւններ էին իրականացւում Ստեփանակերտի վրայ կազմակերպուեց հայերի տեղահանում: 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայերի կոտորածները տեղի ունեցան Պաքւում, Կիրովապատում` Գանձակ, Շամախում, Շեմաքորում, Նախիջեւանում, այլ բնակավայրերում: Հայերը սպաննուեցին եւ վիրաւորուեցին Խոջալու գիւղում: Խորհրդային մամուլը նկարագրում էր, թէ ինչպէս ոճրագործները Գանձակում ներխուժել էին ծերանոց, սպաննել անօգնական ծերերին, ներառեալ` անդամալոյծների:  1990թ. սկզբին հայկական հետապնդումներն ու կոտորածները Պաքւում դարձան աւելի կազմակերպուած: Սպաննուեցին հարիւրաւոր անմեղ մարդիկ, մամուլը ամէնօրեայ հաղորդագրութիւններում զետեղում էր նիւթեր աննկարագրելի սարսափների մասին: Օրական սպանութիւնները կատարւում էր տեղական իշխանութիւնների աչքի առջեւ: Ազրպէյճանից հայ փախստականների եւ տեղահանուածների թիւը 400 հազարից աւելի է:

Հայ ժողովրդի դէմ ուղղուած պատժամիջոցներից յայտնի է «Օղակ» գործողութիւնը, որը 1991 թ. ապրիլին անցկացուեց  Ազրպէյճանի ոստիկանութեան յատուկ ջոկատների եւ Խորհրդային Միութեան ներքին գործերի նախարարութեան համատեղ ուժերով: Իրականացուեց պետական ահաբեկչութեան աննախադէպ արարք, որը հետապնդում էր ղարաբաղեան շարժումը գլխատելու, ազգային միասնութիւնը խարխլելու նպատակով: Զոհեր դարձան Խանլարի շրջանի Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերի բնակիչները: Նոյնը կատարուեց  Խանլարի շրջանում 2, Շահումեանի շրջանում 3, Հադրութի շրջանում 15 եւ Շուշիի շրջանում 4 բնակավայրերում: Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գօտում սպաննուեցին հարիւրից աւելի մարդիկ, պատանդ վերցուեցին հարիւրաւոր մարդիկ:

Յաջորդ տարիներին Ազրպէյճանը փորձեց լայնածաւալ ռազմական գործողութիւններ ծաւալել Ղարաբաղի դէմ, սակայն տապալուեց իր նենգ ծրագրերում: Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերն արժանի հակահարուած տուեցին ազրպէյճանական բանակին: Ռազմական պարտութիւնները ստիպեցին ազերիներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ 1994թ. մայիսի 12-ին Խըրխըզստանի մայրաքաղաք Պիշքեքում ստորագրել հրադադարի արձանագրութիւնը:

«Ա.».- Ազրպէյճանի պաշտօնական դիրքորոշումները ինչպէ՞ս կը բնութագրուին այս բոլորէն ետք:

Ա. Ք.- Ազրպէյճանն իր անկախութեան հռչակումից անմիջապէս յետոյ ազատեց դատապարտուած մարդասպաններին եւ հրապարակայնօրէն նրանց հռչակեց ազգային հերոսներ: Նոյնը արուեց անցած տարի, երբ հունգարա-ազրպէյճանական խայտառակ գործարկի արդիւնքում ազատ արձակուեց մարդասպան Սաֆարովը եւ նախագահ Ալիեւի կողմից հռչակուեց ազգային հերոս:  Զաւեշտալին նաեւ այն է, որ ազրպէյճանական քարոզչութիւնը ամէնուր եւ անընդհատ փորձում է նախայարձակի պիտակ կպցնել Հայաստանին եւ Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպուած են եղել զէնք վերցնել բառացիօրէն չբնաջնջուելու համար: Իրականութիւնն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյութեան իր իրաւունքը, պաշտպանել իր արժէքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը: Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետութիւն է: Արցախը, չնայած բոլոր դժուարութիւնների, ծանր փորձութիւնների, առաջընթաց է ապրում, ապրեցնում է պետական – ժողովրդավարական հաստատութիւնները, զարգացնում իր տնտեսութիւնն ու մշակոյթը, պաշտպանում` խաղաղութիւնը:

Միջազգային հանրութեանը վերջնականապէս եւ մէկընդմիշտ պէտք է պարզ լինի, որ Ազրպէյճանն է սկսել զինուած յարձակումը ընդդէմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:

25 տարի յետոյ մեր գլուխն ենք խոնարհում Սումկայիթեան անմեղ զոհերի յիշատակի առջեւ եւ համոզմունք յայտնում, որ հայերի հանդէպ կատարուած յանցագործութիւնները, աննկարագրելի դաժանութիւններն եւ ոճրագործութիւնները կ՛արժանանան համապատասխան գնահատականի եւ կը դատապարտուեն ողջ մարդկութեան կողմից:

Գիտակցում ենք, որ միայն մեր միասնական կամքով եւ հաւաքական ուժով կարող ենք հզօրացնել մեր հայրենիքը եւ ապահովել մեր բոլոր հայրենանուէր եւ ազգանուէր իղձերի եւ ծրագրերի իրականացումը:

 

2013, փետրուար

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )