ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ Ո՛Չ ՄԻ ԿՈՂՄԻՑ, Ո՛Չ ԷԼ` ՄԻՒՍ

Այն, ինչ եղաւ, եղաւ տասը զոհերին, ա՛յ, դա վերադարձնել անհնար է: Եւ այդ առումով երկու կողմերն էլ մեղաւոր են: Թէ ինչքա՛ն է ամէն մէկի մեղքի բաժինը, ճիշդ կը լինի, որ յատուկ քննութեամբ ճշդուի: Դաշնակցութիւնը ո՛չ մի կողմից է եղել, ո՛չ էլ` միւս, եւ առաւել քան շահագրգիռ ենք, որ առարկայական քննութիւն անցկացուի ու լիարժէք բացայայտուեն բոլոր հանգամանքները. ասում է ՀՅԴ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք հանրապետութեան նախագահի յայտարարութիւնն այն մասին, որ անհրաժեշտութիւն կայ նոր թափ հաղորդել մարտի 1-ի իրադարձութիւնների հետ կապուած հանգամանքների բացայայտմանը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք դրա մասին վաղուց ենք խօսում, եւ երբ Ազգային ժողովի կողմից մարտի 1-ի եւ 2-ի իրադարձութիւններն ուսումնասիրող ժամանակաւոր յանձնաժողովի ստեղծման մասին համապատասխան եզրակացութիւն էր ընդունւում, այդ ժամանակ էլ յատուկ կարծիքով հանդէս եկանք, որովհետեւ որոշակի հաստատումների վերաբերեալ հիմնական գնահատականներին մենք համաձայն չէինք, թէեւ, դրանով հանդերձ, շատ աշխուժօրէն մասնակցեցինք յանձնաժողովի աշխատանքներին: Հէնց այդ յանձնաժողովի գործունէութեան ժամանակ էլ մեզ համար ակնյայտ դարձաւ երեք հիմնական խնդիր, որի վերաբերեալ ներկայացրինք մեր յատուկ կարծիքը: Եւ հիմա ինչ որ տեղի է ունենում, տեղի է ունենում նոյն տրամաբանութեամբ:

Առաջին հարցն այն էր, որ քննութիւնն իսկապէս ցոյց տուեց, որ ոստիկանների գործողութիւնները միանշանակ չի կարելի գնահատել իբրեւ իրաւաչափ ու համաչափ, այլ ընդհակառակը, հարցեր են առաջացել հէնց համաչափութեան եւ իրաւաչափութեան հետ կապուած: Այդ խնդիրը պէտք է աւելի ամբողջական քննարկել, որովհետեւ ոստիկանութիւնը կարող էր եւ ունէր հնարաւորութիւններ` աւելի համաչափ եւ իրաւաչափ գործելու, որը տեղի չի ունեցել:

Երկրորդ, որ տասը զոհերի հանգամանքները ճշդուած չեն: Ըստ էութեան, դա ամենակարեւոր հարցերից մէկն էր, որովհետեւ քանի դեռ այդ խնդիրը լուծուած չէ, փոխադարձ մեղադրանքներն անընդհատ լինելու են:

Երրորդ, չպարզաբանուած հարցերն ակնյայտ են դարձնում, որ նոր, լրացուցիչ քննութիւն է անհրաժեշտ: Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձութիւնների հետ կապուած էջը վերջնականապէս փակելու համար այս երեք հիմնական խնդիրներն են, որ առկայ են, եւ ես գտնում եմ, որ ժամանակին ՀՅ Դաշնակցութեան տեսակէտը եղել է ամբողջական, խորքային եւ քաղաքական առումով իրավիճակին լիովին համապատասխան:

Հ.- Ըստ ձեզ, ինչո՞ւ հանրապետութեան նախագահը հիմա որոշեց անդրադառնալ հարցին, երբ ընտրութիւններին մէկ տարի է մնացել:

Պ.- Սա նշանակում է, որ սկսուել է երկխօսութիւն: Ըստ էութեան, երկու կողմերն էլ պատրաստակամութիւն են յայտնում երկխօսելու, եւ սա պէտք է դիտարկել հէնց այդ քաղաքական ենթատեքստի մէջ, որը, ի դէպ, ես բնական եմ համարում: Երկխօսութիւններին մենք միշտ էլ կողմ ենք եղել, եւ եթէ երկխօսութիւնն օգնելու է հարցերի բացայայտմանն ու պարզաբանմանը, աւելի յստակ է դարձնելու կողմերի իրական նպատակներն ու քաղաքական ծրագրերը, միայն ողջունելի է:

Հ.- Կարծիքներ կան, որ Տէր Պետրոսեանի եւ Սերժ Սարգսեանի միջեւ պայմանաւորուածութիւն կայ` մարտի 1-ի դէպքերի պատասխանատուութիւնը «բարդել» Ռոպերթ Քոչարեանի ուսերին, այդպիսով, կանխելով վերջինի վերադարձը մեծ քաղաքականութիւն:

Պ.- Չեմ կարծում, որ այդպիսի տարանջատում հնարաւոր է իրականացնել, որովհետեւ այդ օրերին իշխանութիւնը եղել է շատ յստակ միակամ, եւ ինչ որ կատարուել է, կատարուել է իշխանութիւնների կողմից: Բոլոր այսօրուայ պատասխանատուներն այն ժամանակ էլ պատասխանատու էին ներքին քաղաքականութեան հետ կապուած հարցերում, որովհետեւ, ըստ սահմանադրութեան, ներքին քաղաքականութիւնն իրականացնում է կառավարութիւնը, արտաքին քաղաքականութիւնն իրականացնում է նախագահի հետ համաձայնեցուած: Գոյութիւն ունի սահմանադրութիւն, որը յստակօրէն սահմանել է լիազօրութիւնները, եւ փորձել ինչ-որ նոր շեշտադրումներ կատարել ընդհանուր պատասխանատուութեան դաշտի յստակեցման հետ կապուած, կարծում եմ, տեղին չէ:

Շատ աւելի կարեւոր է բացայայտել իրերի իրական վիճակը, եւ այդտեղ պարզ կը դառնայ որոշակի անձանց պատասխանատուութիւնը, դրան համապատասխան էլ պէտք է գնահատուի նրանց գործունէութիւնը: Հէնց դրա համար է պէտք նաեւ այս ամբողջական քննութիւնը: Մենք այս խնդրով միայն շահագրգիռ ենք, առաջին իսկ պահից դա ենք ասել: Նախ դրանից առաջ զգուշացրել ենք, որ այս ամէնը լաւ տեղ չի տանելու եւ յանգեցնելու է բախումների: Երթ կազմակերպեցինք` խաղաղութեան կոչեր անելով, հիմնական թեկնածուների կենտրոնատեղիների մօտ անցկացրինք հանրահաւաքներ` ասելով, որ պէտք է զգուշ լինել, որպէսզի սա չյանգեցնի առճակատման, որ դրանից երկիրը չտուժի: Պատահական չէ, որ մեր գնահատականները շատ աւելի ճիշդ են եղել, եւ հիմա ինչ խօսում են, այդ երեք հարցերի շուրջ են խօսում:

ՇՈՒՇԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

Share this Article
CATEGORIES