Երջանիկ Է Նա, «Ով Ասում Է` Թո՞ւրք Եմ», Թէ՞ «Ով Թուրք Է»
ԱՅՇԷ ՀԻՒՐ
1922 թ. հոկտեմբերին Մուսթաֆա Քեմալը մի խումբ ուսուցիչների ասաց. «Երեք ու կէս տարի առաջ ապրում էինք որպէս կրօնական համայնք… Այդ ժամանակից ի վեր ապրում ենք որպէս թուրք ազգ»:
Ըստ իս` Ժողովրդահանրապետական կուսակցութեան անդամ Պիրկիւլ Այման Կիւլերը, ով ցեղամոլութիւն բուրող «թուրք ազգն ու քիւրտ ազգը հաւասար չեն» արտայայտութեամբ «օրակարգի վրայ իր կնիքը թողեց», յետ քայլ կատարեց եւ ասելով, թէ «Իմ խօսքերը նոյնն են, ինչ Աթաթուրքի ազգի սահմանումը»` սկիզբ դրեց մի երկրորդ քննարկման: Շարունակենք մեր ճանապարհորդութեան այն հատուածից, որտեղ կանգ էինք առել` պատասխանելով Այմանի այս վերջին պնդմանը:
Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Շեւքեթ Սիւրէյեայի` «Թուրք չե՞նք» հարցին «Քաւ լիցի» պատասխան տուած կովկասեան ճակատի օսմանեան զինուորներին «Երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ» գոչել տալը շատ ժամանակ չխլեց: Այս ծայրայեղական ճանապարհի ճարտարապետ Մուսթաֆա Քեմալն ապահովեց սոյն փոխակերպման երեք փուլը: Առաջին փուլում` «Ազգային ազատագրական պատերազմ»-ի` (նկատի ունի 1919-1922 թթ. թուրք-յունական պատերազմը, որը թուրքերը համարում են ազգային-ազատագրական /Türk Istiklâl Harbi, Millî Mücadele/-ակունքի խմբ.) տարիներին, Անատոլիայի եւ Ռումելիի իսլամ բնակչութեանը մեծ տէրութիւնների դէմ միաւորելու համար կրօնական արտայայտութիւններ են օգտագործել: Օրինակ` 1920 թ. մայիսի 1-ին «Ազգային մեծ ժողով»-ին դիմելիս Մուսթաֆա Քեմալն ասել է. «Խնդիրը մէկ անգամ եւս չկրկնելու խնդրանքով ուզում եմ անդրադառնալ մէկ-երկու կէտի. այստեղ ցանկալի եւ ձեր Բարձրագոյն խորհուրդը կազմած անձինք միայն թուրք, չերքեզ, քիւրտ, լազ չեն, բոլորի բաղադրիչ տարրը իսլամն է, անկեղծ հաւաքածու է…»:
Երեք Ու Կէս Տարում «Ազգ» Դառնալ
Երկրորդ փուլում «կրօնական» բնորոշումը կամաց-կամաց իր տեղը զիջում է «քաղաքական» բնորոշմանը: Նախ` 1921 թ. փետրուարի 8-ին «Ազգային մեծ ժողով»-ի անուանման սկզբում դրուեց «Թուրքիա» բառը: «Թուրք» բառը Մուսթաֆա Քեմալն առաջին անգամ որպէս «քաղաքական եզր» օգտագործեց 1922 թ. սեպտեմբերի 21-ին «Մեծ յաղթանակ»-ի կապակցութեամբ կատարած յայտարարութեան մէջ: Մուսթաֆա Քեմալը մի խումբ ուսուցիչների ասաց. «Երեք ու կէս տարի առաջ ապրում էինք որպէս կրօնական համայնք… Այդ ժամանակից ի վեր ապրում ենք որպէս թուրք ազգ»:
Այն, թէ թուրք ազգն ինչ տարրերից է բաղկացած, Մուսթաֆա Քեմալը ներկայացրեց 1923 թ. մարտի 16-ին Ատանայի «Թուրքական օճախ»-ի արհեստաւորական համայնքի հետ թէյի շուրջ ելոյթի ժամանակ. «Մեր ընկերներն իրենց ելոյթների ժամանակ ասել են, թէ մեր Ատանայում առաւելութիւն ունեցող միւս տարրերը` սրանք-նրանք, հայերը, զաւթել են մեր արհեստի օճախները` դառնալով երկրի տէր ու տիրական: Անկասկած, սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ զրպարտութիւն եւ լկտիութիւն: Հայերն այս բարեբեր երկրում որեւէ իրաւունք չունեն: Երկիրը ձերն է` թուրքերինը: Այս երկիրը պատմութեան ընթացքում թուրք է եղել, հիմա թուրք է եւ թուրք էլ լինելու է…»:
Bu irkçi yaklaşim, 8 Nisan 1923 tarihinde Halk Firkasi՛nin kuruluşunu müjdeleyen Dokuz Umde՛deki «Türkiye Halki» ile dengelenmeye çalişildiysa da, 24 Temmuz 1923՛te Lozan Bariş Antlasmaşi’nin imzalanmasindan sonra, Milli Mücadele ittifaklarina ihtiyaç kalmadiğini düşüdüren adimlar atilmaya başlamişti.
Թէեւ այս ցեղապաշտական մօտեցումը աշխատեցին հաւասարակշռել 1923 թ. ապրիլի 8-ին Ժողովրդական կուսակցութեան հիմնումն աւետող «9 սկզբունքներում» տեղ գտած «Թուրքիայի ժողովրդի» միջոցով, սակայն 1923 թ. յուլիսի 24-ին Լոզանի հաշտութեան պայմանագրի կնքումից յետոյ սկսել էին այնպիսի քայլեր անել, որոնք մտածել էին տալիս, թէ Ազգային պայքարում իրենց դաշնակիցների կարիքն այլեւս չէր մնացել:
1924 Թ. Սահմանադրութեան Քաղաքացիութեան
Սահմանումը
Օրինակ` 1924 թ. սահմանադրութեան քննարկումների ժամանակ Համտուլլահ Սուպհին (Թանրըօվեր), յայտնել է, որ հայերը, յոյները եւ հրեաներն այնքան ժամանակ չեն ճանաչուելու «թուրք ազգի մի մաս», մինչեւ որ չիւրացնեն Թուրքիայի լեզուն եւ մշակոյթը, իսկ Ճելալ Նուրին (Իլերի) առաջ է քաշել այն գաղափարը, թէ «Թուրքիայի իսկական քաղաքացիները թուրքերէն խօսող հանաֆի մուսուլմաններն են»: Արդիւնքում սահմանադրութեան 88-րդ յօդուածը, որը սահմանում է քաղաքացիութիւնը, ձեւակերպուել է այսպէս. «Թուրքիայում իւրաքանչիւրը, առանց լեզուի եւ կրօնի խտրութեան, թուրք է»: Համաձայն 12-րդ յօդուածի` «Թուրքերէն կարդալ-գրել չիմացողները չեն կարող պատգամաւոր ընտրուել». սրանով ոչ մուսուլման փոքրամասնութիւնների եւ քրտերի ճանապարհը կտրում էին:
Հաւանաբար այս արհամարհանքի հակազդեցութիւնը եղած շէյխ Սայիտի ապստամբութիւնը ճնշելուց յետոյ վարչապետ Իսմեթ փաշան «Վաքըթ» թերթի 1925 թ. ապրիլի 27-ի համարում լոյս տեսած յայտարարութեան մէջ ասում է, որ վարչակարգը ցեղապաշտութեան մէջ հաստատակամ է լինելու. «Ազգութիւնը մեր միակ միաւորիչ ուժն է: Միւս տարրերը թուրք մեծամասնութեան վրայ ազդելու ուժ չունեն: Մեր պարտքն է թուրքական հայրենիքում գտնուողներին անմիջապէս թուրք դարձնել: Այն տարրերը, որոնք թուրքերին եւ թրքականութեանը կ՛ընդդիմանան, կը ճզմենք: Այն յատկանիշները, որոնք պէտք է փնտռել հայրենիքին ծառայողների մէջ, նախ եւ առաջ թուրք եւ թուրք ազգայնամոլ լինելն է»:
Ցեղի Բարեփոխումը Քաղաքակրթութեան Հարց Է
Յայտնի է, որ որոշ ժամանակ Մուսթաֆա Քեմալը համակ ուշադրութեամբ ուսումնասիրել է այնպիսի ցեղապաշտ մտածողների ստեղծագործութիւնները, ինչպիսիք են Կոպինոն եւ Փիթարտը: Քեմալի ցուցումներով 1925 թ. ստեղծուած Թուրքական մարդաբանական հետազօտութիւնների կենտրոնի կատարած առաջին աշխատանքների շարքում են «Քարաճաահմետ գերեզմանատնից հաւաքած գանկատուփերի չափումը» եւ «տարբեր ցեղերի պատկանող` թուրք, հայ, յոյն եւ հրեայ երեխաների վրայ» կատարուած համեմատական հետազօտութիւնները:
1926 թ. սեպտեմբերի 30-ին Չանքայայի նախագահական պալատում Մուսթաֆա Քեմալը Թուրքիայի մարզական միութեան քոնկրեսը ներկայացնող պատուիրակութեանն ասաց. «Այսքան կարեւոր մարզական կեանքը մեզ համար աւելի կարեւոր է, որովհետեւ ցեղային հարց է: Ցեղի բարելաւման եւ հոգեկան հանգստութեան հարց է: Ըմբոստութեան եւ նոյնիսկ մի քիչ էլ քաղաքակրթութեան հարց է»: Այնուհետեւ 1927 թ. հոկտեմբերի 20-ին երիտասարդութեանն ուղղուած ելոյթի ժամանակ ասելով` «Թո՛ւրք երիտասարդ, ուժը, որի կարիքն ունես, երակներովդ հոսող արեան մէջ է», ցեղապաշտութեան տուեց փոխաբերական ձեւ: Յաջորդ տարի համալսարանական երիտասարդների սկսած «Քաղաքացի՛, թուրքերէն խօսի՛ր» եւ «Թուրքական ազգային պետութեան համար թուրք քաղաքացի դաստիարակէք» արշաւների արդիւնքում գործը թափ ստացաւ:
Մահմուտ Էսատ Պոզքուրթի Մարգարիտները
1927 թ. փուլ առ փուլ շարունակուող Արարատի քրտական ապստամբութիւնն արեան մէջ ճնշած այդ ժամանակուայ արդարադատութեան նախարար Մահմուտ Էսատ (Պոզքուրթ) պէյի` «Աքշամ» թերթի 1930 թ. սեպտեմբերի 1-ի համարում լոյս տեսած հետեւեալ արտայայտութիւնները օսմանեան «թուրքերի» համար կատարած սահմանումների գրեթէ կրկնօրինակն էին. «(Քրտերն) իրենց կեանքում չեն հասկացել դառնութիւնների իմաստը: Արիւնարբու, անվախ, վայրի են: Շատ ստոր են: Բռնելու դէպքում մէկ փամփուշտով ձեզ չեն սպաննի: Աչքներդ կը հանեն, քիթներդ կը կտրեն, եղունգներդ կը հանեն եւ այդպէս կը սպաննեն:… ասում են` նրանց կանայք էլ են իրենց նման…»:
Մահմուտ Էսատ պէյի ամենայայտնի խօսքը 1930 թ. սեպտեմբերի 18-ին Օտեմիշ հանդակում արտասանած ճառն է. «Ես կարծում եւ համոզուած եմ, որ այս երկիրն ինքնին թուրք է: Նրանք, ովքեր մաքուր թուրք չեն, այս թուրքական հայրենիքում մի իրաւունք ունեն, այն է` լինել ծառայ, ստրուկ»:
Ալպիական Ցեղի Առանձնայատկութիւնները
1932 թ. յուլիսի 2-11 տեղի ունեցած Առաջին պատմագիտական խորհրդաժողովի ժամանակ, որտեղ քննւում էր թուրքական պատմագիտական թեզը, համաձայն որի` աշխարհի բոլոր քաղաքակրթութիւնները թիւրքերն են ստեղծել, Ռեշիտ Կալիփը «արտօնեալ թուրքական ցեղը» հետեւեալ կերպ բնորոշեց. «Բարձրահասակ, սպիտակամորթ, ուղիղ կամ էլ մի փոքր կեռ նուրբ քթով, հաւասար շրթունքներով, մեծաւ մասամբ կապուտաչեայ, ոչ թէ շեղաչք, այլ` հորիզոնական բացուող ակնակապիճներով «ալպիական ցեղ» (…) Յայտնի են այնպիսի ընկերային առանձնայատկութիւններով, ինչպիսիք են Ա. խմբի արեան օրկանական առանձնայատկութիւնները` քաղաքակրթութիւն, հերոսութիւն, արուեստի ունակութիւն»: Մարդաբան փրոֆեսէօր Շեւքեթ Ազիզ (Քանսու) պէյը, ով խորհրդաժողովին, որպէս թուրքական ցեղի օրինակ, ներկայացրել էր գիւղացի շիկահեր ամուսինների` իրենց երեխաների հետ, շրջուելով Ղազիի (Մուսթաֆա Քեմալ- «Ակունք»-ի խմբ.) կողմը, ողջունեց որպէս այդ զարգացած ցեղի առաջնորդ` արժանանալով բարձր ծափահարութիւնների:
1933 թ. Նոր տարուան կրթութեան նախարար Ռեշիտ Կալիփի` Մուսթաֆա Քեմալին նուիրած գրքերից մէկը «պատահական բացում» եւ կարդում է հետեւեալ ենթավերնագիրը. «Այսօրուայ թուրք երեխաները, ովքեր որոշել են իրենց միտքն ու հոգին լուսաւորել ամենավերջին առաջադէմ կրակով, գիտեն կամ պէտք է իմանան, որ իրենք 4 հարիւր վրան ունեցող աշիրեթից չեն սերում, այլ տասնեակ հազարաւոր տարիների պատմութիւն ունեցող, արիական, քաղաքակիրթ, բարձր ցեղից սերող ունակութիւններով օժտուած ազգ են» (անընդհատ ծափահարութիւներ): Ինչպէս յայտնում է Աֆեթ Ինանը, այս խօսքերն անձամբ Մուսթաֆա Քեմալն էր գրել տուել:
1933 թ. 5 տարի ընդմիջումից յետոյ համալսարանական երիտասարդները «Քաղաքացի՛, թուրքերէ՛ն խօսիր» արշաւով հասարակութեան ոչ թուրք հատուածին նորից սկսեցին ահաբեկել:
Բնակեցման Օրէնքի Ցեղապաշտական Լեզուն
1934 թ. յունիսին ընդունուած բնակեցման մասին օրէնքով, որով նպատակ ունէին կարգաւորել «քրտական հարցը» եւ լուծել Թուրքիա գաղթած իսլամ գաղթականների բնակեցման հարցը, օգտագործելով այնպիսի եզրեր, ինչպիսիք են` «ցեղ», «մշակոյթ», «լեզու», Թուրքիան բաժանուեց երեք շրջանի: Օրէնքի ձեւակերպման մէջ թիւ 1 շրջանը կազմում էին այն վայրերը, որոնք պէտք էր ունենային հոծ թուրք բնակչութիւն: Թիւ 2 շրջանի մէջ մտնում էին այն վայրերը, որոնք առանձնացուած էին թուրքական մշակոյթին ձուլելու համար նախատեսուած բնակչութեան տեղահանման եւ բնակութեան համար: Թիւ 3 շրջանի մէջ այն վայրերն էին, որոնք առողջական, տնտեսական, մշակութային, քաղաքական, ռազմական եւ կարգ ու կանոն հաստատելու պատճառներով պէտք էր դատարկուէին. բնակեցման համար արգելուած էին: Այսպիսով, 1924 թ. սահմանադրութեան 88-րդ յօդուածում տեղ գտած «կոչւում է թուրք» արտայայտութեան տողատակի իմաստը մէկ անգամ եւս հասկանալի է դառնում:
1936 թ. Աֆեթ Ինան, ով ձեւակերպել է Արեւային լեզուի տեսութիւնը, որտեղ մասնաւորապէս ասւում է. «Ինչպէս որ բրախիկեֆալ թուրքական ցեղի ստեղծած մշակոյթն է ժամանակակից աշխարհի քաղաքակրթութեան համար աղբիւր հանդիսացել, այնպէս էլ Եւրոպայից Ափրիկէ, նոյնիսկ մինչեւ Ամերիկա ընկած բոլոր լեզուների մայր լեզուն թուրքերէնն է», որպէսզի «ցոյց տայ, որ թուրքերը բրախիկեֆալ ալպիական ցեղի փառահեղ ներկայացուցիչ են», զուիցերիացի մարդաբան Փիթարտի ղեկավարութեամբ դոկտորական աշխատանքի ժամանակ Աթաթուրքի հրահանգով 64 հազար հոգու վրայ մարդաբանական չափումներ է կատարել: Նման «ցեղապաշտական» աշխատանքը, որն անգամ նացիական Գերմանիայում չի կատարուել, իրականացուել է վարչապետի, ազգային անվտանգութեան, առողջապահութեան եւ կրթութեան նախարարութիւնների տարատեսակ աջակցութիւնների արդիւնքում: Չափումները կատարել են քաղաքացիական եւ զինուորական բժիշկները, առողջապահութեան պաշտօնեաները, մարմնամարզութեան ուսուցիչները: Աֆեթ Ինանին փորձաքննման համար կամաւոր զինուորներ են տուել:
Մարդաբանութեան Կիրառութիւնը
1937 թ. սեպտեմբերի 20-25-ին տեղի ունեցած Պատմագիտական երկրորդ խորհրդաժողովին Սատրի Մաքսուտի Արսալը ներկայացնում է «Մարդկութեան պատմութեան ընթացքում պետութեան եւ իրաւունքի պատրանքը եւ թուրքական ցեղի դերը կազմակերպութիւնների զարգացման ընթացքում» զեկոյցը, Հասան Ռեշիտ Թանքութը` «Լեզուի եւ ցեղի յարաբերութիւնները» զեկոյցը, դոկտոր Նուրէտտին Օնուրը` «Արեան խմբերի տեսանկիւնից թուրքական ցեղի ծագման վերաբերեալ ուսումնասիրութիւն»: Խորհրդաժողովին, որը կոչուած էր եւս մէկ անգամ յայտարարելու, որ թուրքական պատմագիտական թեզը ճիշդ է, զեկոյցով հանդէս է եկել նաեւ Փիթարտը: Իսկ կրթութեան նախարարի «պաշտօնական ղեկավարութեամբ» 1925-1939 թթ. լոյս տեսած թուրքական մարդաբանական ամսագիրը, այդ ժամանակ մարդաբանութիւնը որպէս գիտական գործիք օգտագործելով, բազմաթիւ օրինակներով ապացուցում է թուրք ազգի առաւելութիւնը:
Եւս երկու օրինակ բերենք` ցոյց տալու, որ ցեղապաշտութիւնը տեսութեամբ չի սահմանափակուել, եւ վերջացնենք. «Ճումհուրիյէթ» թերթի 1937 թ. յուլիսի 24-ի համարում լոյս տեսած մի յայտարարութեան մէջ Անգարայի ռազմական անասնաբուժութեան դպրոց ընդունուելու համար դիմորդներից պահանջուող չափանիշներից մէկն էլ «թուրք ազգից լինելն էր»: «Ճումհուրիյէթ» թերթի 1938 թ. սեպտեմբերի 6-ի համարում «Թուրքքուշուի» տնօրինութիւնը ինքնաթիռի ուսուցիչների վերաբերեալ մէկ այլ յայտարարութեան մէջ դնում է հետեւեալ պայմանը `«Անհրաժեշտ է լինի թուրք ազգից»:
Բաւականին հետաքրքիր է թուրքական ցեղապաշտութեան 1938 թ. աւարտը, սակայն մի՞թէ գրածիցս հասկանալի չէ, որ Պիրկիւլ Այման Կիւլերի` ցեղապաշտութեան բուրող գաղափարները Աթաթուրքի օրօք սկսուած եւ մինչ մեր օրերը անդադար ձգուած «շինարարական» գործընթացի արդիւնք հանդիսացող եւ, եթէ հակիրճ փորձենք ներկայացնել, «թուրքական ինքնութիւնը միւս ինքնութիւններից բարձր է» ընկալման վնասուած լինելու ցաւալի արտացոլումն է:
Գրականութեան ցանկ
1.- Atatürk՛ün Söylev ve Demeçleri, Atatürk Araştirma Merkezi, 2006.
2.- Ahmet Yildiz, «Ne Mutlu Türküm Diyebilene» Türk Ulusal Kimliğinin Etno Seküler Sinirlari (1919-1938), Iletişim, 2001.
3.- Nazan Maksudyan, Türklüğü Ölçmek, (Bilimkurgusal Antropoloji ve Turk Milliyetçiliginin Irkci Çehresi), Metis, 2005.
4.- Suavi Aydin «Cumhuriyet՛in Ideolojik Şekillenmesinde Antropolojinin Rolü: Irkçi Paradigmanin Yukselişi ve Düşüşü», Modern Turkiye՛de Siyasi Düşünce, Kemalizm, C.2, Iletisim, 2001, s. 344-369.
5.- Uluğ Iğdemir, Cumhuriyetin 50. Yilinda Türk Tarih Kurumu, TTK, 1973.
6.- Afet Inan, Medeni Bilgiler ve M. Kemal Atatürk՛ün El Yazilari, TTK, 1969.
7.- Naci Kutlay, «Ismet Paşa՛da Dönemsel Irkçi Anlayişlar”, Özgür Politika, 9-12 Kasim 2003.
«Ռատիքալ»
Թարգմանեց` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»