Քուէագող Բառը Արդի Հայերէնում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Փետրուարի 18-ի ընտրութիւններից յետոյ զարմանքով հասկացայ, որ արդի հայերէնում չկայ «քուէագող» բառը: Երեւանի պետական համալսարանի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի», Աշոտ Սուքիասեանի «Հայոց լեզուի հոմանիշների բառարան», Էդուարդ Աղայեանի «Արդի հայերէն բացատրական բառարան», Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան» եւ Հրաչեայ Աճառեանի «Հայերէն արմատական բառարան» կոթողային աշխատութիւններում հանդիպում է «քուէ», «քուէատուփ», «քուէարկել», «քուէատոմս» եւ «քուէ» արմատով բազմաթիւ բառեր, սակայն բացակայում է «քուէագող» բառը:

Պատճառները մի քանիսն են հաւանաբար: Մեր լեզուաբանները չեն մտածել անգամ, որ եթէ կայ «գրագող» եւ «գող» առհասարակ, ապա կարող է լինել նաեւ «քուէագող», այսինքն` մարդ, ով գողանում է ուրիշի քուէն: Այն շրջանը, որ ապրել ու ստեղծագործել են մեր նշանաւոր լեզուաբանները, Հայաստանում ընտրութիւններ այսօրուայ ընկալումով չեն եղել, հետեւաբար նաեւ` չեն եղել ընտրակեղծիքներ: Այսպիսով, մեր լեզուաբանները չէին կարող մտածել «քուէագող» բառի ստեղծման անհրաժեշտութեան մասին:

1991-ի անկախութիւնից յետոյ հայերէնի քաղաքական բառապաշար են մտել բազմաթիւ նոր բառեր, այդ թւում` օտարալեզու, սակայն զարմանալիօրէն չի ստեղծուել «քուէագող» բառն այն դէպքում, երբ Հայաստանի նախագահական եւ այլ ընտրութիւններ կեղծւում են 1996-ից ի վեր:

«Քուէագող» բառը ինձ առաջին հերթին հետաքրքրում է որպէս լրագրողի եւ արդի քաղաքական պատմութեան հարցերով ուսումնասիրողի:

Ես հարցեր ունեմ մեր լեզուաբաններին, Լեզուի պետական տեսչութեանը, Հայաստանի լրագրողական կազմակերպութիւններին ու լրագրողական բարոյագիտութեան հարցերով զբաղուող փորձագէտներին:

Առաջին. կարելի՞ է, հնարաւո՞ր է արդի հայերէն բառապաշարում օգտագործել «քուէագող» բառը: Այսինքն, քուէագողն այն անձն է, ով նախապէս լրացուած քուէաթերթիկներ է լցնում քուէատուփ (կարեւոր չէ` Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի կամ այլ թեկնածուի օգտին): Քուէագող է նաեւ այն անձը` յանձնաժողովի անդամը, ով քուէարկութիւնից յետոյ, երբ բացում են քուէատուփը եւ բարձրաձայն կարդում անուն ազգանունը, ասենք` Րաֆֆի Յովհաննէսեան կարդալու փոխարէն` կարդում է Սերժ Սարգսեան: Քուէագող է նաեւ այն մարդը` սպայ կամ պաշտպանութեան ու ներքին գործերի նախարար, ով հայ զինուորներին ու ոստիկաններին սպառնում եւ ստիպում է քուէարկել ոչ թէ Վազգէն Մանուկեանի, այլ միայն եւ միայն Լեւոն Տէր Պետրոսեանի, ոչ թէ Ստեփան Դեմիրճեանի, այլ միայն եւ միայն Ռոպերթ Քոչարեանի, ոչ թէ Րաֆֆի Յովհաննէսեանի, այլ միայն եւ միայն Սերժ Սարգսեանի օգտին:

Ակնկալում եմ, որ հայ լեզուաբանները եւ Լեզուի պետական տեսչութիւնը կ՛արձագանգեն իմ այս հարցերին եւ կը տան պատասխան:

Հարցս ուղղում եմ Հայաստանի լրագրողական կազմակերպութիւններին ու լրագրողական բարոյագիտութեան հարցերով զբաղուող փորձագէտներին: Երբ լրագրողը գրում է սիւնակ, խմբագրական կամ մեկնաբանութիւն, այսինքն օգտւում է կարծիքի ժանրից, կարո՞ղ է քուէագող անուանել այն մարդուն, ով  նախապէս լրացուած քուէաթերթիկներ է լցնում քուէատուփ: Իսկ եթէ ընտրութիւնները անցնում են համատարած կեղծիքներով եւ բռնութիւններով, տեղական եւ կամ միջազգային կառոյցները այդ ընտրութիւնները որակում են ոչ արդար, ոչ ազատ եւ ոչ թափանցիկ, ապա լրագրողը կամ լրատուամիջոցը կարո՞ղ է գործածել «քուէագող» եւ «քուէագողութիւն» բառերը:

Եւ վերջապէս, կարելի՞ է Հայաստանում այսուհետ օգտագործել «քուէագող նախագահ» բառակապակցութիւնը եւ այն, բացի սովորական սպառնալիքներից, արդեօք պատճառ չի՞ դառնայ, որ լրագրողը ենթարկուի դատական պատասխանատուութեան: Այսպէս, երբ մենք օգտագործում ենք «քրէաօլիգարխիկ» (քրէասակաւապետական,- Ա.) բառը, չենք ենթարկւում դատական պատասխանատուութեան կամ լինչի դատաստանի սափրագլուխների կողմից: Նունը վերաբերում է «կեղծարար», «ընտրակեղծարար» կամ քաղաքական լեզուի մաս կազմող բազմաթիւ այլ կոշտ բառերի ու ձեւակերպումների:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար  

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )