Թուրքիա.- Ազատութեան Տագնապ Եւ Փարանոյա*

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Մեզ բոլորիս պարզ է, որ Թուրքիան ինչպիսի երկիր է եղել անցեալում եւ ինչպիսի տագնապների ու դժուարութիւնների դէմ յանդիման է ներկայում:

Թուրքիայի Օսմանական պատմութիւնը լի է արիւնահեղութեամբ, երկրում բնակւող ազգութիւններին ջարդի ենթարկելով, մարդկային իրաւունքների դէմ յափշտակումներ ու ոտնձգութիւններ իրականացնելով, պետական այրերի միմեանց դէմ դաւեր նիւթելով, միմեանց կասկածի ենթարկելով ու երբեմն իրարու կեանք խլելով:

Գրեթէ նոյնն է եղել նաեւ հանրապետութեան հիմնադրումից մինչ օրս, զինուորական պետական հարուածներ (թուով չորսը), պետական այրերի միմեանց նկատմամբ դաւադրութիւններ, զինուորականները չեն վստահել ու այժմ էլ չեն վստահում ոչզինուորական պետական այրերի, ուրուային պետութեան գոյութիւն (գաղտնի, ստուերային կառավարութիւն` կառավարութեան մէջ), իշխանութիւնը տապալելու փորձեր եւ այսպէս շարունակ անվստահութիւն, կասկածներ, անհանդուրժողականութիւն` միմեանց նկատմամբ, իշխանաւորները` միմեանց հանդէպ, երբեմն էլ` ժողովրդի հանդէպ:

Թուրք պետական այրերի այս չվստահելու, կասկածամտութեան կամ ինչպէս հոգեբանական աշխարհում փարանոյա կոչուող հիւանդագին երեւոյթը արդէն երկար ժամանակ է, որ տարածուել է մամուլի եւ զանգուածային լրատուամիջոցներում աշխատողների նկատմամբ:

Վերջին ամիսներում մի քանի միջազգային ու նաեւ թուրքական վերլուծական կենտրոններ, դրանց շարքում Թուրքիայի ազատ հիմնարկը եւ «Լրագրողներ` առանց սահմանի» կազմակերպութիւնը իրենց հրապարակած ուսումնասիրութիւններում Թուրքիային անուանել են լրագրողների ազատազրկման մեծ ախոյեան`  աշխարհում: Ըստ Եւրոպայի Անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (OSCE), 95 լրագրողներ գտնւում են Թուրքիայի բանտերում, որոնցից երկու երրորդը ազգութեամբ քիւրտ լրագրողներ են, պետութիւնը նրանց հռչակել է ահաբեկիչներ, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ նրանք բանտարկուել են իրենց աշխատանքի, այսինքն` լրագրութեան եւ յօդուածներ պատրաստելու համար: Նրանք քիւրտ լրագրողներ են, որոնք նաեւ անդրադարձել են քրտական հարցին: Ըստ թուրք մի քանի լրագրողների ու մտաւորականների, պետութեան դիտանկիւնից` քիւրտերի մասին գրելը համահաւասար է ահաբեկչական գործողութիւնների մասնակից լինելու հետ: «Լրագրողներ` առանց սահմանի» կազմակերպութիւնը իր հրապարակած տեղեկագրում յստակօրէն նշում է, թէ այդ մեծ թուով լրագրողների ազատազրկումը եւ նրանց ահաբեկիչ հռչակելը բխում են երկրի պետական այրերի կասկածամտութիւնից եւ փարանոյիք վարքագծից:

Անցեալ դեկտեմբերին փոխվարչապետ Պուլենթ Արընչը հարցազրոյցներից մէկում Թուրքիայում ազատազրկուած լրագրողների մասին տրուած հարցմանը պատասխանել էր. «Թուրքիայում ներկայում ազատազրկուած են միայն երեք լրագրող»: Իսկ Եւրոմիութեան հարցերով ներկայացուցիչ Էկեմեն Պաղըշը BBC-ում ունեցած մի ծրագրում յայտնել էր. «Ոեւէ թուրք լրագրող չկայ բանտերում, որ իր աշխատանքի պատճառով բանտարկուած լինի…»:

* * *

Հարցը այն է, որ Թուրքիան, որը յաւակնում եւ ուզում է մեծ ու ազդեցիկ ուժ դառնալ աշխարհում ու Միջին Արեւելքում, Թուրքիան, որ փորձում է միանալ Եւրոպային եւ փորձում է դրական պատկեր ստեղծել իրենից աշխարհում եւ յաւակնում է, որ իր ժողովրդավարութեամբ իբրեւ օրինակ է հանդիսանում արաբական երկրների ու տարածաշրջանի համար, ինչպէս է բացատրում դրսեւորած այս հիւանդագին վարքագիծը:

 

* Խելացնորութեան աստիճան իր տեսակէտները չընդունողներին անձնական թշնամիներ համարել: 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )