Սրբագրելով Մեր Գործած Սխալները… Զգօն Լինենք…

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Այսօր աշխարհի հայութեան հայեացքը կրկին ուղղուած է իրենց հայրենի հողին, բոլորիս մտահոգութիւնը կրկին մեր երկրում իր իրաւունքների համար ոտքի կանգնած ժողովուրդի արդար պահանջի իրականացման խաղաղ յաղթանակն է:

Թէեւ մեր հայրենի երկրի իշխողների համար աշխարհով մէկ ցրուած հայութեան պահանջն ու ձայնը միշտ արհամարհուել է աւելի քան իր երկրում ապրող ժողովրդի պահանջը, բայց մեր կառավարութիւնը թող իմանայ, որ մենք` երկրից դուրս ապրող հայերս էլ, մեր ժողովրդի հետ ենք, մեր ձայնն էլ միացնում ենք վերջապէս իր լռութիւնը պատռած մեր հայրենի ժողովրդի ձայնին:

Այսօր ողջ հայութիւնն է ըմբոստացել հայրենի երկիրը եւ ժողովրդին աստիճանաբար ոչնչացնողների դէմ: Սա ոչ թէ մէկ անձի, այլ մի ամբողջ ղեկավարման ձեւի եւ միջոցի դէմ ըմբոստացում է: Ղեկավարման, որի սխալ ու հիւանդագին սկիզբը դրուեց մեր անկախացման օրը եւ որը դեռ շարունակւում է:

Մեր անկախութիւնից յետոյ երկրի իշխանութիւնը ստանձնողներին թուաց, որ հիմնովին ոչնչացրել, անդամալուծել է ժողովրդի համբերութեան ջիղը եւ նրան յաւէտ կարող է ընչազուրկ ու ստրուկ պահել:

Նրանք ոչ միայն սխալուել էին ժողովրդի համբերութեան տարողութեան իրենց հաշուարկներում, այլ բոլորովին աչքաթող էին արել մեր ժողովրդի իմաստուն համբերութեան խորութիւնը, կրկին անգամ հաստատելով, որ առանց ճանաչելու իրենց ժողովրդին, երեք նախագահներն էլ, տէր էին դարձել մի երկրի, որի հանդէպ հասարակ յարգանք ու պարտականութիւն չէին տածում եւ չարաչար էին վարւում մեր բազմիցս տանջուած ժողովրդի հետ:

Մեր երկրի ղեկավարները եւ կառավարութեան ողջ կազմը այնքան էին տարուած իրենք իրենցով, իրենց կողոպուտով, որ չէին նկատում ոչ միայն ժողովրդի օրէ օր աճող չքաւորութիւնը, այլ նրա բացայայտ արհամարհանքը իրենց` իշխողների հանդէպ:  Բնականաբար այդ արհամարհանքի ողջ պատճառը ի վերջոյ տեսանելի պիտի դարձնէր իրեն հալածողներին, նոյն ինքը, լռած ու համակերպուած ձեւացող, իր հողի վրայ ոտնատակ գնացող ժողովուրդը:  Եւ եկաւ փետրուարեան այդ օրը, երբ ժողովրդի քսան տարուայ կուտակուած տառապանքը ձայն դարձրեց  մեր հանրապետութեան նախկին արտաքին գործերի նախարար, այժմ նախագահութեան թեկնածու Րաֆֆի Յովհաննէսեանը, որը քսան տարուց ի վեր ականատեսն ու վկան է իր ժողովրդի ու երկրի կողոպտուող վիճակին:

Ժողովուրդն զգաց, որ այդպէս թեւաթափ նստելով` կորցնում է ոչ միայն իր արժանապատուութիւնը որպէս մարդ, կորցնում իր իրաւունքները որպէս երկրի քաղաքացի, այլ կորցնում է իր զաւակներին, իր ընտանիքը, իր տունը, իր պապենական հողը, իր աւանդոյթները, այդ ամէնը ինքնակամօրէն յանձնում է պատահական երջանկութեամբ գահին յայտնուած եւ նրա շուրջը թաւալ եկող իշխողների մի հսկայ բանակին:

Մեր կառավարութիւնը երբեւէ մտածե՞լ է, որ առանց ղարաբաղեան շարժման նրանք այսօր ժողովրդին իշխելու իրաւունքի տէր չէին լինի:  Սովորական, պարզ թիւ կը լինէին, հաւանաբար` աւելի օգտակար մարդ երկրի համար:

Մտածե՞լ են արդեօք, որ այսօր իրենց դէմ են ելել ոչ միայն տարեցներ, այլ բոլոր նրանք, ովքեր դեռ երեխայ, իրենց ծնողների ուսին նստած, 1988 թ. այն ժամանակ դեռ Թատերական կոչուող հրապարակում, մաքրամաքուր ապագայի յոյսով, ապշած հետեւում էին հրապարակում բարձրացող բռունցքներին` իրենց մանկական փոքրիկ բռունցքներն էլ միացնելով անկախութեան ձգտող հոգիներին:

Մեր առաջին նախագահը չխնայեց նոյնիսկ այդ փոքրիկ բռունցքների մէջ սեղմուած երազներին եւ արագօրէն ջարդ ու փշուր արեց այդ փոքրիկ ու մատղաշ մատների մէջ սեղմուած հաւատը, լոյսը եւ մութի, սովի, սառնամանիքի մէջ պահեց  նրանց, մի ամբողջ երկիր: Արդարացի հաշուարկ եղե՞լ է, թէ քանի երեխաներ, տարեցներ ու միջին տարիքի մարդ կորցրինք այդ տարիներին: Քանի տասնեակներ կուլ գնացին կառավարութեան մաքրագործումին: Սակայն ժողովուրդը լռելեայն տոկաց բոլոր նուաստացումները` մտածելով, որ պատերազմ ու շրջափակում է, դեռ մինչեւ իսկ օգնեց Սումկայիթի, Պաքուի ջարդերից ու Ղարաբաղից մազապուրծ փրկուած իր հայրենակիցներին` իր չունեցածը կիսելով նրանց հետ: Ժողովուրդն այդ ժամանակ հետեւեց իր ներքին իմաստութեանը եւ ամէն տեսակի զրկանք գերադասեց երկրի կորստից: Չէ՞ որ հարցը իր երկրի ճակատագրին էր վերաբերւում:

Հետագայում արդարացի եւ անարդարացի ճանապարհով իշխանութեանը տիրացածները շարունակեցին ու էլ աւելի զարգացրին մեր անկախութեան սկզբից որդեգրած` յօգուտ իշխողների սահմանադրութիւնը. արհամարհել ժողովրդի իրաւունքներն ու գոյութիւնը, դառնալ միահեծան ու ապրել ապագայ սերունդների հաշուին:

Այստեղ տեղին է մեր նախագահներին յիշեցնել Նափոլէոնի խօսքերը. «Զինուորին ծեծել` նշանակում է պատուազրկել նրան, իսկ առանց պատուի զինուորը զինուոր չէ»:  Ես այն ընդհանրացնում եմ ժողովուրդ հասկացողութեամբ, քանի որ ժողովուրդն է իր երկրի զինուորը:  Իրապէս, ինչպէ՞ս կարելի էր պատուազրկել անկախացման այդ դժնդակ ճանապարհը անցած մեր  ժողովրդին:

Ինչպէ՞ս կարելի էր ծնողների ուսերից իրենց երկրի անկախացմանը ականատես ու մասնակից եղող սերնդի երեխաներին, որոնք մեծացան այդ մութ ու ցուրտ տարիներին, ուսում առան իրենց անկախացած երկրում, թողնել անգործ, արհամարհել նրանց մտային հարստութիւնը, աչք փակել մեծ թուով նրանց արտագաղթին, աչք փակել նոյնիսկ այդ նոյն սերնդի այլասերմանը, երկրում եւ երկրից դուրս:

Ինչպէ՞ս կարողացան ժողովրդի հոգուց քերել ազգային աւանդոյթները, ազգային խորը հոգեկան կապերը պատմութեան, նրա ստեղծած բոլոր հարստութիւնների հետ, ընթերցասէր ու մշակոյթով ապրող մի ողջ սերունդ դարձրին օտարի թափթփուքին գերի:  Ինչպէ՞ս կարողացան մտաւորականութեանը դուրս մղել երկրի կառուցումից:

Ինչպէ՞ս կարողացան հանգիստ քնել, երբ իրենց ղեկավարած երկիրը դատարկւում է, երբ ընտանիքները իրենց երեխաներին ամենապարզ կեցութիւն հայթայթելու հնարաւորութիւն չգտնելով` բաժան-բաժան են լինում, տրորւում, ոտնատակ գնում աշխարհի տարբեր ճիւղաւորումներում:  Էլ չեմ խօսում չնչին դրամ վաստակելու համար թշնամի թուրքերի գիրկը նետուող օրէ օր աճող մեր երիտասարդների թուի մասին:

Միայն կարելի է ապշել, թէ ի՞նչ աստիճան բարոյազրկուած ու անտարբեր պիտի լինեն ղեկավարները, որ այս 22 տարում անտեսեն երկրում ծայր առած ու ժամ առ ժամ ժողովրդին դէպի քայքայում տանող այս վիճակը:

Լա՛ւ, եթէ ղեկավարը Երեւանի իր զրահապատ դիրքից, իր «աստուածային» բարձունքից չէր նկատում տանջուող ժողովրդի աղքատացող վիճակը,  մի՞թէ տարբեր շրջանների մարզպետները չէին զեկուցում իրենց համագիւղացիների ծայր աստիճան ոչ թէ աղքատ, այլ թշուառ վիճակը:  Այդ ինչպէ՞ս է, որ մենք, մի քանի օրով այցելուներս, անմիջապէս նկատում ենք այն հսկայական վիհը` հաստատուած չքաւորների ու հարստութիւնից տրաքուող մենատէրերի մէջ:

Ուրեմն այս վիճակի համար միայն նախագահին չի կարելի է մեղադրել:  Մեղադրական աթոռին պիտի նստեն բոլոր իշխանութիւն ու պաշտօն ունեցողները, մի ամբողջ համակարգ:

Որքա՞ն կարելի է կողոպտել մի բուռ երկիրը եւ դեռ թոյլ չտալ, որ կողքինը ապրի:

Որքա՞ն կարելի էր շահագործել ժողովրդի համբերութիւնը:

Մեր ժողովուրդը միշտ ունեցել է մի գերխնդիր` ապրել ազատ իր սեփական հողում, ընտանիք կազմել, զաւակներ մեծացնել, սրբօրէն պահպանել աւանդոյթն ու լեզուն, մշակել ու հարստացնել իր հողը:

Ո՛չ խաները, ո՛չ սուլթանները, ցարերն ու համայնավարները չեն կարողացել կոտրել նրանց մէջ այս ամրակուռ ջիղը:  Կոտորուելով, լլկուելով ապրել, պահել են իրենց հողն ու ընտանիքը:  Բայց ահա, առանց սուլթանների ու ցարերի, ժողովուրդը դարերով պահած իր գերխնդիրը թաղած` անկախացած իր կառավարութեան անկշտում ախորժակում փախչում է իր երկրից, մասնատում իր ընտանիքը, ոտնատակ տալիս աւանդոյթ ու լեզու: 

Այսօր ժողովուրդը օգտագործելով խեղաթիւրուած քուէարկութիւնը` կրկին հրապարակում է, այս անգամ էլ` «Բարեւի յեղափոխութիւն» կարգախօսով:

Թէեւ մեր նախկին պատմական փորձառութիւնից դաս առած պիտի լինէինք, որ այդ «յեղափոխութիւն» անուանարկումը այնքան էլ բարեբեր չէ ոչ մէկի եւ յատկապէս մեզ համար, վկան` մեր պատմութիւնը եւ նաեւ վերջին` Լեւոն Տէր Պետրոսեանի «երգի-պարի ողորմելի յեղափոխութիւնը», որն աւարտուեց մարտեան ողբերգութեամբ:

Ճիշդ է, մենք ուրախանում, ողջունում ենք մեր ժողովրդի արթնացումը եւ միեւնոյն ժամանակ չենք կարող չմտածել այդ արթնացման ծանր հետեւանքների մասին, որոնք մեր ժողովրդին ոչ թէ կ՛ազատեն, այլ կը մխրճեն մէկ այլ աւելի ծանր վիճակի մէջ:

Բոլորս ականատես ենք, որ ժողովուրդը յստակ պահանջներով` իր իրաւունքների յարգմամբ, իր տնտեսական վիճակը թեթեւացնելու, համատարած գործազրկութեան վերացման ուղիներ մշակելու, օրէնքները յստակեցնելու եւ խստօրէն ու ճշդութեամբ այն իրագործելու միջոցների գործադրման առաջարկ-լուծումով չի ելել ոտքի:

Մեզ յայտնի է, որ այս ամէնը կուտակած իր ներսում` բռնկում է դարձել ու ոտքի հանել նրանց իրենց ընտրած թեկնածուին` Րաֆֆի Յովհաննէսեանին տուած իրենց ձայնը պաշտպանելու համար:

Եթէ ժողովուրդը չունի տնտեսական ազատութիւն, եթէ երկիրը մասնատուած է մի քանի տասնեակ յափշտակիչների մէջ, միակ ելքը այդ կողոպտիչներից ազատուելն է: 

Բայց ամէնից առաջ ժողովուրդը իր այս բոլոր պահանջներին գոհացում տուող արդէն պատրաստի մարդուժ պիտի ունենար:  Դա հէնց այնպէս, միանգամից չի լուծւում: Դրա համար պէտք է պատրաստուել, որոշակի լուծում ունենալ ոտից-գլուխ փոխելու մեր գործադիր, օրէնսդիր եւ արդարադատութեան համակարգը:  Պիտի քանդել, վերացնել մի հսկայական շղթայական կապ, իրար սոսնձուած մի ամրութիւն:  Չմոռանանք, որ պաշտօնն ու դիրքը չարաշահելը  ախտ է, որով վարակուած 22 տարի այդ մթնոլորտում ձեւաւորուած մի հոծ բազմութիւն է գոյացել, որն առողջ թեկնածուներ գտնելու գործն է դժուարացրել: 

Այս ամէնը ժողովուրդին փոխանցող, նրան նախապատրաստող աշխատանքը չի տարուած:  Միայն ժողովրդի զարթօնքի եւ ոգեւորութեան վրայ հիմնուելը չի կարող երկրի ներսում արդէն քարացած դարձած իրավիճակները փոխել:

Մենք պատմութիւնից արդէն դաս առած պիտի լինէինք, որ հրապարակներում որոշում չի առնւում:  Հրապարակներում յայտարարւում են որոշումները:

Որքան էլ այս շարժման հետ եմ, որքան էլ տարիներ շարունակ անվերջ իմ ներկայացումներից առաջ միշտ մեր ղեկավար համակարգի արատների մասին եմ խօսում, գրում եմ մեր երկրում տիրող անարդարութիւնների անընդունելի վիճակի մասին, իւրաքանչիւր անգամ տեսնում ժողովրդի աստիճանական պրկումը, դարձեալ այս օրերին ծայր առած բռնկումը աւելի մտահոգութիւն է առաջացնում իմ մէջ, քան` յուսադրում:

Այս օրը ի վերջոյ պիտի գար, դա զգալի էր, բայց ոչ մէկիս գաղտնիք չէ նաեւ, որ մեր տարածաշրջանը վտանգներով ու ահաւոր դիւրաբեկ վիճակում է:  Վկան Միջին Արեւելքի այսօրուայ ողբերգական վիճակը:  Իրանի հանդէպ Արեւմուտքի թշնամանք հրահրող արշաւը:

Ոչ մէկիս գաղտնիք չէ, որ մենք յայտնուել ենք արեւմտեան եւ արեւելեան երկու հզօր պետութիւնների շահերի բախման կէտում, նրանց  պայքարի անմիջական կենտրոնում եւ գիտենք, թէ ի՛նչ է սպասւում մեզ, եթէ որեւէ սխալ քայլ անենք:

Բոլորովին զարմանալի չէ, որ թուրքերը եւ աշխարհը լուռ են մեր երկրում բարձրացող այս շարժման հանդէպ:  Այդ ինչպէ՞ս է, որ ամենափոքր երեւոյթ անմիջապէս դառնում էր մեր թշնամուն եւ աշխարհին յուզող հարց, բայց հիմա այս բացայայտ շարժման հանդէպ անտեսուող լռութիւն է:  Հետեւութիւնը պարզ է` իւրաքանչիւրն սպասում է, թէ ո՞ր թեւը կը յաղթի:

Ուզում եմ այստեղ յիշեցնել Պենճըմին Ֆրանքլինի` երկրի խաղաղութիւնը իմաստաւորող մի  ձեւակերպում. «Կայսրութիւնը նման է կարկանդակի, հեշտօրէն ուտւում է եզրերից»:   Իսկ մեր եզրերը, այսինքն մեր սահմանները` Արցախի, Մեղրիի, Հայաստանի, աւելի քան երբեւէ վտանգուած են այսօր:

Թուրքերն ու ազերիները անհամբեր սպասում են յարմար առիթի` իրենց երազածը ստանալու, եւ այս խառնակութիւնը հեշտօրէն կարող է դռներ բանալ նրանց յոյսերի համար:

Ոչ միայն ոգեւորուած միանանք այս պոռթկումին, այլ միաժամանակ սթափ մտածենք` ի՞նչ ճանապարհով, ի՞նչ միջոցներով մեր ժողովրդին օգնենք իր պահանջներին աւելի հեշտօրէն հասնելուն: 

Մտածենք` ի՞նչ ճանապարհով օգնենք մեր ժողովրդի այս արթնացումը ճիշդ հիմքերի վրայ դնել, որ կրքերի բռնկումով չառաջնորդուենք եւ հին սխալը չկրկնենք: 

Ամէնից առաջ, նոյնիսկ կեցութիւնից էլ վեր պիտի մտածենք մեր երկրի եւ յատկապէս Արցախի խաղաղութեան եւ մեր երկրի ամբողջականութեան մասին: 

Յիշենք, որ թշնամին անհամբեր սպասում է մեր սայթաքումին, որ Արցախի հետ կապուած իր հարցերը վերջնականապէս լուծի:

Կասկածից վեր է, որ սրբագրելու ենք մեր գործած սխալները, 22 տարիներ լռութեամբ հանդուրժելով տզրուկային քաղաքականութեամբ ուռճացած մեր կառավարութեան համակարգին: 

Կասկածից վեր է, որ մեզ անհրաժեշտ է պետական մի նոր համակարգ, երկրի ու ժողովրդի շահերն ու իրաւունքները յարգող ու պաշտպանող, բայց դա արուելու է մտածուած ու ծրագրուած, առանց յոյզերի ու փոթորկումների, առանց օտար ուժերի հրահրմամբ, միայն ու միայն մեր երկրի շահերից ելնելով, միայն ու միայն լուրջ ծրագրումով: 

Ողջ հայութիւնը մեր ժողովրդի հետ է, բայց` զգօն լինելու հրամայականով…

4 մարտ, 2013թ.
Սան Ֆրանսիսքօ

Share this Article
CATEGORIES