«Արցախում Իւրաքանչիւրն Իրեն Համարում Է Հայրենիքի Զինուոր» Ասում Է Փոխգնդապետ Լ. Ասրեան
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍԵԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի 2012թ. լաւագոյն զօրամասի հրամանատարի անձնակազմի հետ տարուող աշխատանքի գծով տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Ասրեանը ծնուել է 1970թ. Մարտունու շրջանի Կոլխոզաշէն գիւղում: Դպրոցից յետոյ, 1988թ. զօրակոչուել է խորհրդային բանակ: Զօրացրուելուց յետոյ ընդունուել է Արցախի պետական համալսարանի գիւղատնտեսութեան բաժանմունքը եւ հարազատ գիւղի կամաւորական ջոկատի կազմում մասնակցել պաշտպանական գործողութիւններին:
Շատ չանցած` սկսւում է բանակի կազմաւորման գործընթացը, եւ ջոկատին տրւում է վաշտի կարգավիճակ, իսկ Լեռնիկ Ասրեանը նշանակւում է դասակի հրամանատար: Այժմ նա զօրամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է: Նա պարգեւատրուել է ԼՂՀ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիութեան համար» եւ գերատեսչական մի շարք այլ մետալներով:
Զրոյցը փոխգնդապետ Լ. Ասրեանի հետ Արցախի, արցախցու եւ զինծառայողների հոգեւոր-մշակութային պահանջմունքների բաւարարման ուղղութեամբ տարուող աշխատանքների մասին է:
Հ.- Պարոն Ասրեան, լրացաւ արցախեան շարժման 25-ամեակը, մէկ տարուց էլ կը բոլորի հրադադարի հաստատման 20-ամեակը: Ճիշդ է, սահմանագծում կրակոցներ, տեղային բախումներ, վիրաւորներ ու, ցաւօք, նաեւ զոհեր են լինում, բայց, մեծ հաշուով, խաղաղութիւնը չի խաթարւում, քաղաքների ու գիւղերի վրայ ռումբեր չեն պայթում: Ներկայումս ինչո՞վ է ապրում, շնչում Արցախը, ժողովուրդն ինչո՞վ է զբաղուած:
Պ.- Այո՛, հրադադարը շարունակւում է, Արցախում տօն է, երիտասարդութեան նոր սերունդ է ասպարէզ եկել, բայց ժողովրդի մտածողութիւնն ու հոգեբանութիւնը չի փոխուել: Մարդկանց համար գլխաւոր խնդիրը Արցախի անվտանգութիւնն է: Թէեւ բոլորը վստահ ու համոզուած են, որ բանակն ապահովում է երկրի անվտանգութիւնը եւ անհրաժեշտութեան դէպքում, պաշտպանուելուց բացի, կարող է եւ շատ այլ խնդիրներ լուծել, այնուամենայնիւ, այստեղ իւրաքանչիւրն իրեն համարում է հայրենիքի զինուոր եւ կարող է յանպատրաստից շարք կանգնել, համալրել զինուորների շարքերը:
Այս ամէնին զուգահեռ, Արցախն ու արցախցին ձգտում են յետ չմնալ քաղաքակիրթ որեւէ այլ երկրից, միջազգային զարգացումներից, պետութիւն կառուցելու գործում միջազգային հանրութեան համար ընդունելի գաղափարներից ու սկզբունքներից: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինչպէս իշխանութիւնների, այնպէս էլ հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների, անհատ գործիչների աշխատանքը միտուած է նրան, որ Արցախը միջազգային հանրութեանը ներկայացուի այնպիսին, ինչպիսին այն կայ իրականում, այսինքն` ազատ, ժողովրդավարական, քաղաքակիրթ աշխարհի արժէքներով զարգացող երկիր:
Արցախցու մէջ շատ մեծ է իր ընկերային վիճակն ապահովելու, բարեկեցիկ կեանքով ապրելու ձգտումը: Ձեռներէցութեան ազատութիւնը թոյլ է տալիս եւ դրդում է մարդկանց ստեղծելու, արարելու, ունենալու այն ամէնը, ինչն անհրաժեշտ է ընտանիքին ու պետութեանը: Գիւղատնտեսութիւնը եղել ու մեր երկրի համար մնում է որպէս տնտեսութեան առաջնային ճիւղ: Այն մեր աչքի առաջ օր օրի, տարէցտարի զարգանում, վերելք է ապրում, կառուցւում են նոր տներ, թաղամասեր, հիւրանոցներ, դպրոցներ, կենցաղի ու մշակոյթի օճախներ: Արտադրութիւնն ու առեւտուրը նոյնպէս զարգանում են: Մենք` արցախցիներս, անցնող ժամանակի հետ աւելի լաւ ենք զգում ազատութեան ու անկախութեան համն ու բերկրանքը, ժողովրդավարութեան կարեւորութիւնը:
Հ.- Ի՞նչ է հարկաւոր անել, որպէսզի զօրամասը լինի առաջինը, այն էլ` Արցախի պաշտպանութեան բանակում:
Պ.- Մարտունակութեան հիմնական գրաւականը կարգապահութիւնն է, գիտակցուած նուիրումը ծառայութեանը, աշխատանքին: Գաղտնիք չէ, որ բարոյակամային բարձր յատկանիշներով օժտուած մարդն ի զօրու է յաղթել իրենից շատ ուժեղ, բայց արժանիքներից զուրկ մարդուն: Մենք արցախեան պատերազմում յաղթեցինք մեր մարտիկների բարոյակամային բարձր յատկանիշների, գաղափարական համոզուածութեան ու նուիրուածութեան շնորհիւ: Քանակով զիջում էինք հակառակորդին, բայց մեզ խեղդում էր յաղթելու ձգտումը եւ կռուելով, պաշտպանելով` իւրացնում էինք գաղտնիքները: Ի հարկէ, հեշտ չէր, ու շատերն իրենց ջահել կեանքը զոհեցին: Բայց նրանց կորստեան ցաւն ու կսկիծը մեզ այսօր ստիպում են չնահանջել, բաց չթողնել ձեռքբերումները: Ու չշեղուելով ուղենշից` մենք ձգտում ենք միշտ բարձր պահել զինուորի ոգին: Միասին սովորում ենք, միասին աշխատում ու հանգստանում:
Հ.- Կարդո՞ւմ են մեր զինուորները, ունե՞ն կարդալու ցանկութիւն:
Պ.- Ես վստահ եմ, որ մեր զինուորների ծնողներից շատերը թերի կարծիք ունեն իրենց որդիների մասին, չգիտեն, թէ իրականում որքան լաւն են նրանք: Զինուորի ազատ ժամանակը շատ չէ, բայց կարդացողները քիչ չեն: Կան տղաներ, որ հէնց այստեղ, բանակում են սկսում կարդալ: Զինուորի հետ պէտք է խօսես, շա՛տ խօսես, բացայայտես, տեղեկանաս նրա ցանկութիւններին, մտքերին: Կար ժամանակ, որ չէր ստացւում կազմակերպել հասարակական խորհուրդների աշխատանքը, չէինք կարողանում խորհրդի նախագահ ընտրել, բայց շփումների միջոցով իրավիճակը փոխուեց, այժմ իրենք են ձգտում կազմակերպել, ղեկավարել: Զինուորին պէտք է վստահես, յարգանքով վերաբերուես նրան` որպէս անհատի, յաճախ հետը խօսես, ինչպէս` հաւասարը հաւասարի հետ, առանձին երեւոյթների, իրավիճակների շուրջ հաշուի առնես նաեւ նրա կարծիքը: Այսպիսի մօտեցման դէպքում յարաբերութիւնները դառնում են պարզ ու թափանցիկ, խնդիրները` հեշտ յաղթահարուող:
Հ.- Ինչպիսի՞ն է զօրամասի կապը մտաւորականութեան, մշակոյթի գործիչների հետ:
Պ.- Մենք ստանձնել ենք տարածաշրջանի հինգ դպրոցների շէֆութիւնը: Յաճախ ենք այցելում, արիութեան դասեր վարում: Կապն ամրապնդողը, նախաձեռնողը հիմնականում զօրամասն է: Իրենց հերթին զօրամաս են այցելում մեր ընկերները, պատերազմի վեթերանները, վիրաւորները: Նրանց ասելիքը շատ է եւ կարեւոր: Զինուորները սիրով են նրանց լսում: Հայ մշակոյթի գործիչները երեւի աւելի շատ Արցախի, քան Հայաստանի զօրամասերում են լինում, գալիս են նաեւ Արցախի բանաստեղծները: Սա այն հարցն է, որը սահմանափակում չի ընդունում, որքան շատ լինեն նման հանդիպումները, այնքան լաւ. մեր դռները միշտ բաց են բոլորի առաջ:
«Հայ զինուոր»