Հերոս Բառը Չեմ Ընդունում. Արկադի Կարապետեան

Պատրաստեց` ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ

ԼՂՀ հռչակումը, բանակի ստեղծումը ոչ հեռաւոր 80-ականներին շատերի համար անհաւանական էր: Ժամանակը միշտ ծնում է իր հերոսներին եւ այդպիսի հերոսների շնորհիւ է անհաւանականը հաւանական դառնում, անհնարինը հնարաւոր: ԼՂՀ ինքնապաշտպանութեան ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետեանը այնպիսիներից է, որին հերոսի կոչումներով չեն շռայլել, ո՛չ բարձրաստիճան պաշտօններ է  զբաղեցրել, ո՛չ էլ բարձր բեմերից յայտարարել է իր գործերի մասին: Սակայն նրա դերը շատ մեծ է արցախեան շարժման, Արցախի ինքնապաշտպանութեան գործում:

Այս տարի լրանում է արցախեան շարժման, մեր նոր վերածննդի 25-ամեակը:

Տարուայ ընթացքում «Ապառաժ»-ը փորձելու է ընթերցողներին ներկայացնել արցախեան շարժման եւ ազատամարտի իրական հերոսներին:

Մեր առաջին հիւր-հերոսը Արկադի Կարապետեանն է` «Դաշնակ Ագոն»:

«ԱՊԱՌԱԺ».- Պարոն Կարապետեան, ձեզ համար ե՞րբ է սկսուել արցախեան շարժումը եւ ինչպէ՞ս:

ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Թող Աստուած ների մեծամտութիւնս, բայց այդ շարժումը սկսուել է, կարելի է ասել, իմ ղեկավարութեամբ: 1987 թուականի նոյեմբերից ընդյատակեայ շարժման համակարգող էի: Շարժումը ես ուրիշ տեսակ եմ ընկալում: Երբ որ ստեղծուեց Ազրպէյճան շինծու պետութիւնը, որի սահմանները նոյնիսկ պարզ չէր, եւ երբ որոշում կայացուեց Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավար մարզի կարգավիճակ Ազրպէյճանի կազմում, այն ժամանակ էլ սկսուեց շարժումը: Դա քողարկուած չի եղել, այն միշտ բարձրացուել է ժողովրդի կողմից ու միշտ ճնշուել է: 1960-ականներին աւելի մեծ թափ է առել շարժումը, ահագին մարդկանց ձերբակալել են: 1960-ականներին բոլորը յիշում են Բերդաշէնում ազրպէյճանցիների կողմից կատարուած անասնական դէպքը, երբ մորթեցին գիւղի այգեպանի պատանի որդուն, իսկ հայրը վրէժխնդիր եղաւ` վառելով յանցագործներին մեքենայի մէջ: Ես երեխայ էի, բայց յիշողութեանս մէջ մնացին այդ դէպքերը: 16 տարեկան էի, երբ հայրենական գիւղում` Դահրազում, Ետէ հանդում երդուեցի, որ Ղարաբաղը կ՛ազատեմ թուրքերից: Երդումս ապարդիւն չէր: Կամաւորների խումբ ստեղծեցի. եթէ ասեմ, որ գիտէինք` ինչ պիտի անէինք, կը ստեմ, բայց մի բան հաստատ գիտէինք, որ կռիւ պիտի լինի: 1978-1979 թթ. աւելի լրջացանք, ու պատկերացում ունէինք` ինչպէս պիտի շարժուենք: Այդ ժամանակ Աշոտ Բեկորը մեր խմբի անդամ էր: Անընդհատ քննարկումներ էին տեղի ունենում` ինչպէ՛ս պիտի անենք, ինչպէ՛ս զէնք հայթայթենք: Ինքնաշէն զէնքեր էինք հաւաքում, մտածում էինք աւելի մեծ քանակութեամբ զէնք գնելու մասին: 1985-ից արդէն աւելի մեծացաւ կամաւորների թիւը, կապեր հաստատեցինք Հայաստանում մեր համախոհների հետ: Սկսեցինք փաստեր հաւաքել, թէ ինչպէս է Ազրպէյճանը ճնշել, հայաթափել հայկական բնակավայրերը, հակահայ քաղաքականութիւն վարել ղարաբաղցիների նկատմամբ: 1987-ին ես բարեկամներիս, ծանօթներիս յորդորում էի դուրս գալ Պաքուից` մարդիկ քամահրանքով էին վերաբերւում դրան:

1987-ին աւելի լրջացաւ ամէն ինչ. ամէն շրջանում ընդյատակեայ խումբ ունէինք, Ստեփանակերտում` մի քանի խումբ: Ասկերանի շրջանի խումբը ամենակազմակերպուած խմբերից էր, քանի որ ղեկավարը` Սլաւիկ Առուշանեանը, կուսակցական էր` պարտիական, եւ ամէն ինչ շատ լուրջ հիմքերի վրայ էր: Մեր կապը Ասկերանի խմբի հետ ապահովում էր Պատարայի ներկայ գիւղապետ Կարէն Արզումանեանը: Յաճախ նոյնիսկ չգիտէինք, թէ ո՛վ է տուեալ շրջանի խմբի ղեկավարը: Հատրութի խմբի հետ կապը անմիջապէս Արթուր Մկրտչեանի հետ էր:

«Ա.».- Ո՞րն էր որոշիչ խթանը, որ հէնց 1988-ին սկսեցիք ցոյցերը:

Ա. Կ.- Յիշում եմ, երբ Ղրիմում թաթարները բարձրացրին իրենց ազգային հարցը, ցոյց կազմակերպեցին 1987-ի յուլիսին Կարմիր հրապարակում, մի թաթար ինքն իրեն հրկիզեց` ի նշան բողոքի, բոլոր լրատուամիջոցներով տարածուեց այդ լուրը: Մեզ թուաց, թէ նրանց հարցը կը լուծուի, մեր հարցը կը մնայ: Սկսեցինք աշխուժանալ, աւելի սերտ կապեր հաստատել հայաստանեան խմբերի հետ: Իրավիճակը շատ արագ էր փոխւում: Մտածեցի, որ աւելի լաւ կը լինէր, եթէ այստեղ խմբերը աւելի միաւորուած աշխատէին, ամէն մի որոշման համար չդիմէինք Երեւան: Սկզբից դա մի քիչ դժուար ընկալուեց, սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ դա է աւելի արդիւնաւէտ աշխատելու տարբերակը, քանի որ ամէն մի որոշման համար զանգել Երեւան չէինք կարող, իսկ մինչ հասնենք Երեւան` հնարաւոր է իրավիճակը արդէն այլ լինէր: Այդ որոշման մասին առաջինը քննարկումներ եղան Մարտունու խմբի հետ, որոշումը ընդունուեց բոլոր խմբերի կողմից: Հասկացանք, որ որոշակի քայլեր են պէտք, ու սկսեցինք ստորագրահաւաքները, հաւաքեցինք 80 հազարից աւելի ստորագրութիւններ: Երեւանում շարժման ղեկավարն էր Իգոր Մուրադեանը: Ես նրան չէի ճանաչում. հանդիպեցինք Երեւանում, զրուցեցինք իրար հետ, անելիքները որոշեցինք: Նա ղեկավարեց Մոսկուա ուղեւորուած առաջին եւ երկրորդ պատուիրակութիւնները: Ռուսաստանում ոտքի կանգնեցրինք հայ ուսանողութեանը, որոնք Կենտրոնական կոմիտէի դիմաց ցոյց կազմակերպեցին: Այցելում էինք ռուսաստանաբնակ հայ յայտնի գիտնականներին, արուեստագէտներին, ազդեցիկ մարդկանց` խնդրելով աջակցել: Վերադառնալով Ղարաբաղ` սկսեցինք աւելի բացայայտ աշխատել, սկսեցինք համագործակցել ղեկավար, պաշտօնեայ մարդկանց հետ, նրանց, ովքեր կարող էին իրենց յետեւից մարդ տանել: Խոչընդոտներ շատ կային, սակայն գործն առաջ էր ընթանում: Մենք պատրաստւում էինք մեծ ցոյցի: Ես, Հայրիկեան Վալերին, Նորիկը գնացինք Երեւան` թռուցիկներ, ցուցանակներ, բանաձեւերը բերելու. բոլորը հայերէն էին գրուած: Տեսանք, թէ ինչպէս սահմանին զինեալ ազերի ոստիկանները ստուգում են բոլոր մեքենաները, յետ ճամբայ չկար, ընկերոջս ասացի` կազ տուր: Բարեբախտաբար մեքենան աննկատ առաջ ընթացաւ: Մի քանի քիլոմեթր մեքենան վարելուց յետոյ ճանապարհային ազերի ոստիկանը կանգնեցնում է մեքենան ու սկսում ստուգումներ անցկացնել: Հանգիստ էի, քանի որ` նախ վստահ էի, որ ոչինչ չի հասկանայ այդ թռուցիկներից, նաեւ վստահ էի, որ կաշառքով բաց կը թողնի: Այդպէս էլ եղաւ. 10 ռուբլի վերցնելուց յետոյ թոյլ տուեց շարունակել ճանապարհը:

Այդ ընթացքում արդէն Մոսկուա ուղարկեցինք երրորդ պատուիրակութեանը: 1988-ի փետրուարի 10-11-ին Ազրպէյճանի երկրորդ քարտուղար Քոնովալովը պէտք էր գար Ղարաբաղ, եւ «Պարտխոզակտիւի» ընթացքում որոշումներ հանէին, որ այն, ինչ կատարւում է Ղարաբաղում, որեւէ կերպ կապ չունի ողջ ժողովրդի ցանկութեան հետ: Բոլոր շրջաններում ժողովրդին ոտքի կանգնեցրինք` ի նշան բողոքի, բացի դրանից` այդ ժողովների անմիջական մասնակիցների մէջ շատերը հէնց մեր անդամներն էին: Պարտխոզակտիւի ձախողումից յետոյ Ազրպէյճանը որոշեց, որ այդ ամէնը կ՛իրականացնեն պիւրոների օգնութեամբ: Քանի որ մենք մարդիկ ունէինք, որոնք գաղտնի գործում էին կուսակցութեան վերին ատեաններում, այդ տեղեկութիւնը մեզ հասաւ եւ որոշեցինք, որ փետրուարի 13-ին պէտք է ցոյց կազմակերպենք: Որոշումը կայացուեց առաւօտեան. մենք բոլոր հիմնարկներում ունէինք համապատասխան ղեկավարներ, որոնք ասում էին, թէ մօտաւոր քանի մարդ կը ներկայանայ ցոյցին: Այսպիսով, պետական համալսարանի, գիւղատնտեսական ուսումնարանի ուսանողութիւնը սկսեց երթը, միացան ասկերանցիները, ճանապարհին միացան մեծ թուով մարդիկ, ընդհանուր առմամբ 7000 մարդ հաւաքուեց: Փետրուարի 14-ին ցոյց չեղաւ, քանի որ Գէորգովը խնդրեց կանգնեցնել ցոյցերը, ես էլ տղամարդու խօսք տուեցի, որ միայն մէկ օրով ցոյց չի լինի. այդպէս էլ եղաւ: Ամսի 15-ին ցոյցերը շարունակուեցին: Այդ օրը Մոսկուայի մեր պատուիրակութիւնը վերադարձաւ եւ ելոյթներ ունեցաւ ժողովրդի առջեւ: Փետրուարի 20-ին համագումար անցկացրինք. պատգամաւորների մի մասը պատրաստակամ եկաւ, մի մասին էլ ծեծելով բերեցինք. վախենում էին: Մարդիկ հիմա, որպէս ղարաբաղեան շարժման սկիզբ, ընդունում են փետրուարի 20-ը, սակայն շարժումը սկսուել է փետրուարի 13-ին, երբ բոլորը դուրս եկան իրենց բողոքը յայտնելու: Բազմաթիւ մարդիկ, որոնք խանգարել են մեզ, ցանկացել խոչընդոտել ցոյցերի անցկացումը, այսօր շարժման կարկառուն դէմքեր են իրենց հռչակել:

«Ա.».- Ինչպէ՞ս էր հնարաւոր Խորհրդային Միութեան տարիներին մեծ քանակութեամբ զէնք բերել Արցախ: Ի՞նչ ուղիներով էիք զէնք հայթայթում:

Ա. Կ.- Զէնք էինք հաւաքում 1980-ականների սկզբից: Այդ ժամանակ Բեկորը Ստեփանակերտի գինու գործարանում փորձագէտ էր աշխատում:  Աշոտը Վինքենդ գիւղի քուրդերի հետ լաւ լեզու գտաւ: Վագիֆ անունով քիւրտ պատգամաւորի հետ բանակցելու արդիւնքում` նա համաձայնեց 15 հազար ռուբլով վաճառել 10 ինքնաձիգ: Աշոտը գինու գործարանում պայմանաւորուեց, որ որոշ քանակութեամբ լեւի գինի տանի վաճառի Ռուսաստանում եւ ստացած եկամտից որոշ բաժին էլ տայ տնօրինութեանը: Ի հարկէ ոչ ոք չգիտէր, որ գինու վաճառքից ստացած դրամով զէնք պէտք էր գնէինք: 3 հոգով պէտք էր գինին հասցնէին Սարաթով` երկուսը օրինական փաստաթղթերով, իսկ Բեկորը պարզապէս իր վակոնով միացաւ նրանց` առանց օրինական փաստաթղթերի: Մայիս ամիսն էր, բաւականին շոգ էր արդէն: Աշոտենց ինքնաշարժի երկաթէ տնակում ես գինին խառնում էի ջրի հետ, իսկ Աշոտը վարպետօրէն պիտակում էր շշերը: Այդպէս մէկ վակոն գինին լրացրեցինք: Աշոտը գինու վակոնով հասաւ Եւլախ, Գորբաչովի` ալքոլի վաճառքի սահմանափակման մասին հրամանը դուրս եկաւ, սկսեցին ձերբակալել ալքոլ փոխադրողներին, վաճառողներին: Այն երկու գործընկերները ձերբակալուեցին, իսկ Աշոտը կարողացաւ փախչել: Մինչեւ 1991 թուականը ոստիկանութիւնը հետեւում էր Բեկորին, բայց այդպէս էլ չի կարողացել իրեղէն ապացոյցներ գտնել:

Չնայած այս ձախողուած փորձին` մենք շարունակեցինք զէնք հաւաքել, ինքնաշէն զէնքեր պատրաստել: Քիւրտերից էինք զէնք գնում, հին զէնքեր էինք հաւաքում:

«Ա.».- ԼՂՀ ինքնապաշտպանութեան ուժերի առաջին հրամանատարն էք. ինչպէ՞ս ստեղծուեցին ինքնապաշտպանական ուժերը:

Ա. Կ.- Շատերը, որոնք այսօր նոյնիսկ զօրավարներ են, չեն կարող դա հասկանալ. եթէ իմանային` իրենց մի քիչ աւելի պարկեշտ կը պահէին: Անցեալ տարի հոլանտացի մի զօրավար եկաւ Ղարաբաղ. վեց ու կէս ժամ իմ հետ զրուցեց ու այդպէս էլ չհասկացաւ` ինչպէս մենք յաղթեցինք: Ջոկատներ ստեղծուեցին, ինքնաշէն զէնքեր հաւաքուեցին, սակայն դա շատ քիչ էր: Ղարաբաղում կանոնաւոր զէնք տեղափոխուել է Դաշնակցութեան շնորհիւ: Ես 1989-ին 4 ընկերներիս հետ երդում տուեցի եւ անցայ Դաշնակցութեան շարքերը: Նոյն թուականին Երեւանում հանդիպեցի Հրայր Մարուխեանին: Նա հարցրեց, թէ ինչքան գումար եւ զէնք է անհրաժեշտ Ղարաբաղում ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու համար, ներկայացրի` իմ պատկերացումներով ինչ է անհրաժեշտ, Մարուխեանը խոստացաւ ուղարկել: Մի շարք խնդիրների պատճառով մէկ տարի ուշացումով սկսուեց դաշնակցական զէնքի հոսքը: Նոյնիսկ յիշում եմ առաջին խմբաքանակը: Ընդհանուր առմամբ` մինչեւ 1991 թիւը ստացանք 300-ից աւել զէնք: Դա մեծ դեր խաղաց, մարդիկ աւելի վստահ էին. զէնք ունէինք արդէն: Աղայեան Սամուէլը, Պետրոսեան Մուրատը եւ ես հաւաքուեցինք, որոշեցինք ներդաշնակել մեր աշխատանքները: Որոշ ժամանակ անց ինձ նշանակեցին հրամանատար, առաջին անգամ բանակը շարեցի Տումի գիւղի անտառում: Ընդհանուր 68 հոգի էինք: Ինքնապաշտպանական առաջին մարտերն էին: Շարուել հրամանի մէջ հոգեբանական մեծ արգելք կար, շատերը դժուարութեամբ էին համակերպւում դրա հետ: Ժամանակի ընթացքում այդ կարծրատիպը կոտրուեց:

«Ա.».- Ըստ ձեզ, ո՞րն է մեր յաղթանակի գրաւականը:

Ա. Կ.- Երբ որ միաւորուած է հայ ազգը, նրան յաղթել չի լինի: Այն ժամանակ սէրը շատ էր, մարդիկ միմեանց նկատմամբ սիրով ու հանդուրժողականութեամբ էին լցուած, այսօր հանդուրժողականութիւն չեմ տեսնում: Յաղթեցինք Աստծով, քանի որ սէրը հէնց Աստուած է: Ժամանակին եթէ մեր ժողովուրդը աւելի միաւորուած ու զգօն լինէր, մեր պատմութիւնն էլ այլ կը լինէր: Մարդիկ առասպելներ են հնարել իրենց մասին, թէ պատերազմի ժամանակ ինչպիսի հերոսութիւններ են արել, ինչ սխրագործութիւններ են կատարել, մինչդեռ դրանցից շատերին փախչելուց տեսայ: Դա էլ բնական է, վախենալն էլ բնական երեւոյթ է, բայց առասպելներ հնարել պէտք չէ: Հերոս բառը առհասարակ չեմ ընդունում. ընտանիքը, հայրենի հողը պաշտպանելը հերոսութիւն չէ, այլ բնական արարք, պարզապէս կան բնական եւ անբնական մարդիկ: Այսօր շատ են խօսում հայրենասիրութիւնից, հայրենիքից, մինչդեռ քչերն են հասկանում այդ բառերի իմաստը:

«Ա.».- Այսօրուայ երիտասարդութեան հանդէպ արդեօ՞ք լաւատեսութեամբ էք տրամադրուած:

Ա. Կ.-  Միանշանակ` այո: Մեր սերունդը, չնայած որ յաղթանակած սերունդ է, սակայն անշնորհակալ սերունդ է, դրա համար այսօր դեռ այս վիճակում ենք: Ներկայ սերունդն աւելի ազատ է, ուրիշի լուծը չի տեսել: Սակայն մեր սերունդը պէտք է տեղ տայ երիտասարդ սերնդին` աւելի ազատ գործելու համար:

«Ա.».-  Ցաւօք սրտի, արտագաղթողներ դեռ կան. ինչպէ՞ս էք վերաբերում այս հարցին:

Ա. Կ.- Ոչ ոքի չեմ քննադատում, սակայն գնում են թոյլերը: Վստահ եմ, որ մի ժամանակ կը գայ ու հակառակ գործընթացը կը լինի, հայրենիք կը վերադառնան. դրա վառ ապացոյցը մեր սուրիահայ հայրենակիցներն են: Չեմ քննադատում սփիւռքում ապրողներին, պատճառներ կային դրա համար, սակայն այդ պատճառները հիմա չկան, ու հիմա պէտք է մտածել`  ինչ անենք, որ մէկ ազգ, մէկ հայրենիք դառնանք:

«Ա.».- Ինչպէ՞ս էք տեսնում ԼՂՀ հարցի կարգաւորումը, եւ արդեօ՞ք պատերազմի վերսկսման վտանգ կայ` ըստ ձեզ:

Ա. Կ.- Վստահ եմ, որ դեռ պատերազմը պէտք է շարունակուի, մենք դեռ յետ կը վերցնենք այն, ինչ մեզ է պատկանում: Սա մեծամտութիւն չէ, ես հաւատում եմ դրան: Ըստ իս, խաղաղ կարգաւորման գործընթացը եւ Մատրիտեան սկզբունքները սուտ գաղափարներ են:

«Ա.».- Փետրուարի 20-ին լրանում է ղարաբաղեան շարժման 25-ամեակը: Ի՞նչ կը մաղթէք մեր ժողովրդին:

Ա. Կ.- Խորհուրդ կը տամ` սիրել միմեանց. սա է մեր յաղթանակի գրաւականը: Մեզ` հայերիս ի վերուստ է տրուած ընկերութիւն անելու շնորհը: Մարդիկ նոյնիսկ պատերազմի ժամանակ չէին հասկանում` ինչ ասել է հայրենիք, սակայն ընկերների համար կռւում էին ու նոյնիսկ զոհւում յանուն ընկերների: Խորհուրդ կը տամ` իսկական ընկերութիւն անել: Ցանկացած զինուոր պէտք է հասկանայ, որ կողքինը իր ազգի ներկայացուցիչն է, իր եղբայրը, իր ընկերը:

 

 

Share this Article
CATEGORIES