Սուտը Ծնում Է Սուտ
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
Ազրպէյճանի համար արդէն «բարի» աւանդոյթ է դարձել ամէն տարուայ փետրուարին, Խոջալու աւանի բնակիչների հետ կատարուած ողբերգական իրադարձութիւնների հերթական տարելիցի նախօրեակին, նախաձեռնել քարոզչական արշաւ` ուղղուած, այսպէս կոչուած, «Խոջալուի ցեղասպանութեան» միջազգային դատապարտմանն ու ճանաչմանը: Բացառութիւն չդարձաւ այս տարին նոյնպէս, եւ 1992թ. փետրուարի 26-ի` խաղաղ բնակչութեան զանգուածային սպանութիւններում հայկական կողմին մեղադրելու Ազրպէյճանի գործողութիւնները յիշեցնում են «տեժավիւ» իրավիճակ: Ազրպէյճանը տարբեր մակարդակներում նորից սկսեց բորբոքել քարոզչական առասպելը Խոջալուում «հայերի կողմից իրականացուած ռազմական գործողութիւնների» մասին:
Ազրպէյճանական մամուլն արդէն յայտնել է, որ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան հերթական համաժողովում, որն անցկացուել է Գահիրէում, ընդունուել է բանաձեւ Խոջալուի ողբերգութիւնը «ցեղասպանութեան արարք եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն» ճանաչելու մասին:
Ազրպէյճանի նախագահին առընթեր ոչ կառավարական կազմակերպութիւնների (ՈԿԿ) պաշտպանութեան խորհուրդը դիմել է տեղական ՈԿԿ-ներին` պաշտպանել Միացեալ Նահանգների վարչակազմին ուղղուած դիմումը` կոչ անելով ճանաչել «Խոջալուում հայերի կողմից իրականացուած ռազմական յանցագործութիւնները», եւ Սպիտակ տան պաշտօնական կայքում արդէն կայ համապատասխան հանրագիր: Եւ չնայած Ազրպէյճանում Միացեալ Նահանգների դեսպան Ռիչըրտ Մորնինկսթարը նշել է, որ դեռեւս վաղ է հանրագրի հետ կապուած կոնկրետ յայտարարութիւն անել, նա միեւնոյն ժամանակ յայտնել է, որ պատասխանի համար աշխատանք է տարւում: Եւրոպա-Ազրպէյճան ընկերութիւնը մտադիր է Եւրախորհրդարանի պատգամաւորների, տարածաշրջանի փորձագէտների, ուղեղային կենտրոնների եւ Զանգուածային լրատուական միջոցներու մասնակցութեամբ անցկացնել յիշատակի արարողութիւն` նուիրուած Խոջալուի ողբերգութեանը: Նմանօրինակ միջոցառումներ են ծրագրուած նաեւ Թուրքիայում: Մի խօսքով, ապատեղեկատուութեան թափանիւը, որը սկսել է գործել երկու տասնամեակ առաջ, տարէցտարի թափ հաւաքելով` աւելի ուժգին է պտտւում:
Խոջալուի ողբերգութեան մասին քիչ չէ ասուել եւ գրուել: Ըստ էութեան, ոչ ոք չի կասկածում նրանում: Ողբերգութիւն, իրօք, կատարուել է, սակայն` ոչ Խոջալուում, եւ քաղաքացիական բնակչութեան սպանութիւնն իրագործել է բնաւ ոչ հայկական կողմը, ինչը փորձում է ներկայացնել Ազրպէյճանը: Սակայն Ազրպէյճանի քարոզչական մեքենան ոչնչի առաջ կանգ չի առնում` ոչ քիչ քաղաքական եւ ֆինանսական պաշարներ օգտագործելով Խոջալուի առասպելը տարածելու համար, որպէսզի մոլորութեան մէջ գցի միջազգային հանրութեանը, միեւնոյն ժամանակ սեփական ժողովրդի մէջ պահպանելով բարձր աստիճանի հայատեացութիւնը:
Ազրպէյճանի պետական հակահայկական քաղաքականութեան հիմքում միշտ ընկած է սուտը: Նրա վրայ է հիմնուած եւ Խոջալուի թեման, որը ղարաբաղեան հիմնախնդրի պարունակում դարձել է Ազրպէյճանի ներքին եւ արտաքին տեղեկատուական քաղաքականութեան անկիւնաքարերից մէկը:
Ազրպէյճանի կողմից «Խոջալուի գործի» խեղաթիւրուած մեկնաբանութիւնը բազմաթիւ անգամ հերքուել է ոչ միայն հայկական մասնագէտների եւ Զանգուածային լրատուական միջոցների, այլեւ իրենց` ազրպէյճանցիների կողմից, որոնք մանրակրկիտ ուսումնասիրել են ողբերգութեան բոլոր հանգամանքները:
Հաւաքուած է բաւականին հարուստ փաստացի նիւթ, որն ապացուցում է, որ Խոջալուի խաղաղ բնակչութիւնը Ազրպէյճանի ներքաղաքական պայքարի պատանդը, իսկ այնուհետեւ նաեւ զոհն է դարձել: Դրա մասին խօսուել է բազմիցս, սակայն յանուն արդարութեան արժէ եւս մէկ անգամ յիշեցնել, որ ի պաշտպանութիւն տուեալ թեզի` ծանրակշիռ փաստերից մէկը Ազրպէյճանի նախկին նախագահ Այազ Մութալիպովի խոստովանութիւնն է` արուած 1992թ. ապրիլին: Նա այդ ժամանակ նշել է, որ սպանդը կազմակերպել է ընդդիմադիր Ժողովրդական ճակատը` նպատակ ունենալով իրեն հեռացնել պաշտօնից, նաեւ հաստատել, որ հայկական ուժերի կողմից տրամադրուել է մարդասիրական միջանցք` Խոջալուի խաղաղ բնակչութեան դուրս գալու համար: Ի դէպ, ազրպէյճանական անկախ հետազօտողները, մասնաւորապէս ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլլայեւը, ինչպէս նաեւ իրադարձութեան որոշ մասնակիցներ նոյնպէս խոստովանել են, որ մարդասիրական միջանցք տրուել էր: Տարրական տրամաբանութիւնը յուշում է, որ հայերը խաղաղ բնակչութեանը թոյլ չէին տայ հեռանալ ռազմական գործողութիւնների գօտուց, որպէսզի այնուհետեւ գնդակահարուէին Աղդամի մատոյցներում` Խոջալուից 15 քմ հեռաւորութեան վրայ. տարածքում, որն այդ ժամանակ գտնւում էր ազրպէյճանական զինուած ուժերի հսկողութեան տակ:
Սակայն Ազրպէյճանի կողմից արարուած սուտը ծնում է նորը, բայց արդէն ամէն տեսակի բանաձեւերի տեսքով` «Խոջալուի ցեղասպանութեան դատապարտմամբ»:
«Խոջալու»-ի թեմայի չարաշահումը շարունակում է մնալ Ազրպէյճանի քարոզչական զինանոցում` որպէս նրա պետական գաղափարախօսութեան կարեւոր տարրերից մէկը: «Խոջալուն» պաշտօնական Պաքուի համար կատարում է բազմաթիւ նպատակներու ծառայող դեր: Այն մասամբ ծառայում է որպէս ներքաղաքական խնդիրների լուծման միջոց` առաջ բերելով հակահայկական տրամադրութիւններ ազրպէյճանական հասարակութեան մէջ, նրան շեղելով ներքին ընկերային-տնտեսական հիմնախնդիրներից: Թուրքիայի հետ միասին արտաքին քաղաքականութեան ոլորտում օգտագործւում է Հայաստանին եւ ԼՂՀ-ին վարկաբեկելու, ինչպէս նաեւ Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը խոչընդոտելու համար: Կատարում է նաեւ իւրայատուկ հակակշռի պաշտօն Սումկայիթում, Պաքւում, Գանձակում եւ Ազրպէյճանի այլ բնակավայրերում հայկական բնակչութեան ջարդի եւ կոտորածի փաստերի վերաբերեալ հասարակական կարծիքի վրայ բացասական ներգործութեան չէզոքացման համար:
Մի խօսքով, Ազրպէյճանը, չնողկալով Խոջալուի իրադարձութիւնների բացէիբաց կեղծումից, նպատակաուղղուած շարունակում է միջազգային եւ սեփական հասարակայնութեան ապատեղեկատուութեան քաղաքականութիւնը: Դա նշանակում է` հայկական համապատասխան կառոյցները նոյնպէս պէտք է շարունակեն «Խոջալու»-ի կեղծարարների մերկացման աշխատանքը եւ Ազրպէյճանի գաղափարախօսական խափանարարութեան հակազդումը:

