Թուրքիայի Բնակչութիւնը Ծերանում Է

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Թուրքիայի բնակչութիւնը ծերանում է. կառավարութիւնը միջոցներ է ձեռնարկում, որ ժողովրդին քաջալերի աւելի շատ երեխաներ ունենալ: Վարչապետ Էրտողանը անգամներ յայտարարել ու պնդել է, որ զոյգերը պէտք է ունենան առնուազն երեք երեխայ: Շուտով երկրում օրէնք է անցկացուելու, ըստ որի, ապօրինի է համարուելու երեխայի վիժումը (1983 թ., ըստ օրէնքի, վիժումը օրինաւոր համարուեց Թուրքիայում, քանի որ մինչ այդ ապօրինի վիժումների պատճառով բարձրացել էր կանանց մահացութեան թիւը: Կանայք ստիպուած էին վիժումը ոչ առողջապահական պայմաններում իրականացնել եւ արդիւնքում` մեծ մասամբ մահանում էին: Ու դա էր պատճառը, որ  1983 թ. կառավարութիւնը օրէնքի ուժ տուեց վիժումներին` կանխելու համար կանանց մահացութեան թուի աճը, որպէսզի նրանք հիւանդանոցներում եւ ապահով ու առողջ պայմաններում դիմեն այդ քայլին):

Թուրքիայի Բնակչութեան Մասին
Վիճակագրական
Տուեալներ

Թուրքիայի բնակչութիւնը 2012 թուականին կազմում էր 75 միլիոն 628 հազար 384 հոգի (ըստ Թուրքիայի պաշտօնական վիճակագրութիւնների), 2025 թուականին հասնելու է 90,18 միլիոնի եւ 2040 թուականին կազմելու է 99,1 միլիոն: Թուրքիայի բնակչութեան թիւը երբեք չի հասնի 100 միլիոնի:

Դրանով հանդերձ, ծերանում է երկրի բնակչութիւնը: Ծնելիութեան գործակիցը նուազում է արձանագրում: 1990 թուականին այդ գործակիցը 24,6 էր իւրաքանչիւր հազարում, 2002 թ. իջել  եւ հասել է 21,3-ի, եւ սպասւում է, որ 2020-2025 ընկած ժամանակաշրջանում ծնելիութեան գործակիցը իջնի 16,3 առ հազարի:

Բարձր եւ միջին տարիքի աճը, համեմատաբար բնակչութեան ընդհանուր աճի, աւելի շատ է: 2000 թուականին Թուրքիան ունէր 67 միլիոն 804 հազար բնակչութիւն, որի 43 միլիոն 701 հազարը կազմում էին 14-64 տարեկաններ եւ 3 միլիոն 859 հազար` 64-ից վեր: Իսկ 2015 թ. կազմում է 82 միլիոն 340 հազար բնակչութիւն, որի շուրջ 57 միլիոնը կազմելու են 14-64 տարեկան եւ 5 միլիոնուկէսը` 64-ից վեր բնակչութիւն: Բնակչութիւնը Թուրքիայում 2020-ին կանխատեսւում է, որ կազմի 86 միլիոն 402 հազար, որից շուրջ 59 միլիոնը կազմելու են 14-64 տարեկան եւ 6 միլիոն ու կէսը` 64 տարեկանից վեր:

Բնակչութեան միջին տարիքը 2011-ին 29,7 էր, իսկ  2012-ին այդ թիւը բարձրացել եւ հասել է 30,1 տարեկանի:

Իւրաքանչիւր հասարակութեան մէջ ծեր բնակչութեան հիմնական խնդիրներն են` ընկերային ապահովութիւնը, առողջապահութիւնը եւ բնակարանը: Թուրքիայի կառավարութիւնը մտահոգ է, որ ապագայում դժուարանալու է բնակչութեան այդ կարիքները հոգալու գործում: Ըստ տուեալների, ներկայում Թուրքիայի բնակչութեան 78 տոկոսը բնակւում է հնամաշ շէնքերում ու միայն 21 տոկոսն է, որ բնակւում է տաս տարուայ վաղեմութիւն ունեցող շէնքերում:

Թուական 2000 2005 2010 2015 2020 2025 2030 2035 2040
Բնակչութեան ընդհանուր թիւ 67.804 72.844 77.919 82.340 86.402 90.183 93.695 96.749 99.114
Կին 33.457 36.101 38.671 40.931 43.027 44.999 46.854 46.493 49.764
Տղամարդ 34.347 36.743 39.248 41.409 43.375 45.184 46.841 48.256 49.330

Թուրքիայի բնակչութեան կանխատեսութիւն (000 հոգի) 2000-2040 թթ.

Ցուցանիշեր 2000 2005 2010 2015 2020 2025
0-14 20.220 21.072.9 21.380.9 21.016.1 20.710.5 20.594.9
14-64 43.701 47.571.5 51.851.5 56.041.3 59.360.4 61.984.2
64-ից վեր 3.659 4.199.3 4.686.3 5.280.8 6.310.7 7.603.6
Ընդհանուր 67.803 72.843.7 77.918.6 82.340.2 86.401.6 90.182.7

 Տարիքային խմբերի բաշխուածութիւն Թուրքիայում (000 հոգի)

 

Աղբիւր` Միացեալ ազգերի կազմակերպութիւն (Ուսումնասիրութիւն` Թուրքիայի մասին)

 

«Ալիք»

Share this Article
CATEGORIES