Ինչպիսի՞ն Են Հայաստանի Հարեւանների Ազգային Տնտեսութիւններում Առկայ Հիմնախնդիրները

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հայաստանի տնտեսութիւնում առկայ թերութիւնների եւ հիմնախնդիրների մասին շատ է խօսուել, այդ պատճառով հետաքրքիր կը լինէր ներկայացնել նաեւ մեր հարեւանների ազգային տնտեսութիւնների ժամանակակից հիմնախնդիրները: Բնականաբար այդ հիմնախնդիրները ունեն ոչ միայն ընթացիկ, այլ նաեւ խորքային եւ կառուցուածքային առանձնայատկութիւններ, որոնց ազդեցութիւնը տնտեսական գործընթացների վրայ աշխուժանում է` բազմաթիւ արտաքին եւ ներքին գործօններով պայմանաւորուած: Յատկապէս առանձնացուել են այն հիմնախնդիրները, որոնք ներկայ պահին կարեւորւում են եւ գտնւում են այդ երկրների հասարակութիւնների, կառավարութիւնների եւ փորձագէտների ուշադրութեան կենտրոնում:

Վրաստանում վերջին իշխանափոխութիւնից յետոյ «վրացական տնտեսական հրաշքի» մասին առասպելները աստիճանաբար յօդս են ցնդում: Վրաստանում, ըստ էութեան, «Վարդերի յեղափոխութիւնից» յետոյ պահպանուել է քլանային մենաշնորհը, փտածութիւնը դարձել է աւելի վերնախաւային, իսկ ամբողջ խոշոր պիզնըսը գտնուել է այն անձանց ձեռքը, որոնք մօտ են եղել Սահակաշվիլիի քլանին: Թէեւ Սահակաշվիլիի իրականացրած բարեփոխումները տուեցին զգալի արդիւնքներ, ինչպէս, օրինակ, յաղթահարուեց Վրաստանի ուժանիւթային կախուածութեան խնդիրը, դիւրացուեցին պիզնըսին առնչուող շատ գործընթացներ, բարենպաստ պայմաններ ստեղծուեցին արտաքին ներդրումների համար, սակայն, ըստ էութեան, Վրաստանը չկարողացաւ որակապէս զարգացնել իր տնտեսութիւնը, մասնաւորապէս` արդիւնաբերութիւնը եւ գիւղատնտեսութիւնը: Վրաստանը ներկայումս սպասարկութիւնների եւ տարանցումային ուղղուածութեան երկիր է, որտեղ երկրի զարգացման ռազմավարութիւնը ենթադրում էր ծառայութիւնների ու սպասարկման, ինչպէս նաեւ հաղորդակցման ու բեռնափոխադրման ոլորտների եւ դրանց ենթակառուցուածքների զարգացում:

Զարմանալիօրէն Վրաստանում վերջին տարիներին ՀՆԱ-ի եւ պետական պիւտճէի աճի թափի զուգընթաց չի կրճատուել իրական գործազրկութեան մակարդակը, թէեւ պէտք էր հակառակը լինէր. պաշտօնական տուեալներով այն վերջին տարիներին տատանուել է 15-16 առ հարիւր սահմաններում, այն դէպքում, երբ 2005թ.-ին այն աւելի ցածր է եղել եւ կազմել է 13.8 առ հարիւր: Վրաստանում աղքատութեան մակարդակը նոյնպէս աճել է, պաշտօնական տուեալներով, եթէ այն 2007 թ.-ին կազմել է 6,4 առ հարիւր, ապա 2011թ.-ն 9,2 առ հարիւր: 2012թ.-ին Վրաստանի ՀՆԱ-ն 2003թ.-ի համեմատ թէեւ աճել է 3,9 անգամ, միաժամանակ արտաքին պարտքը նոյնպէս աճել է 4-ից 5 անգամ եւ կարելի է ասել, որ վրացական տնտեսութիւնը հիմնականում աճել է արտաքին վարկերի եւ օտարերկրեայ ֆինանսական մեծածաւալ օգնութիւնների հաշուին, որն էլ կասկածի տակ է դնում տնտեսութեան որակական զարգացման վարկածը: Ընդհանրապէս տնտեսութեան աճին ամենամեծ նպաստ ապահովել է ֆինանսական գործառնութիւնների մարզի աճը: Ներկայումս Վրաստանի համախառն արտաքին պարտքը գերազանցում է 13,2 միլիառ տոլարը, որը կազմում է ՀՆԱ-ի 83,3 առ հարիւրը (ՀՆԱ-ն կազմել է մօտ 16 միլիառ տոլար, 2012թ.): Դրանում պետական (կառավարութեան) արտաքին պարտքը կազմում է` 4,1 միլիառ տոլար, իսկ Ազգային դրամատան արտաքին պարտքը` 651,8 միլիոն տոլար: Պետական պիւտճէն նոյնպէս ձեւաւորւում է վարկերի եւ նուիրատուութիւնների հաշուին, իսկ պիւտճէի ծախսերի զգալի մասը ուղղորդւում է արտաքին պարտքի ընթացիկ ծախսերի մարմանը: 2007-2008 թ.-ի համեմատ զգալիօրէն նուազել են նաեւ ուղղակի օտարերկեայ ներդրումները: Տարէցտարի մեծանում է առեւտրի բացասական սալտոն, որը նախորդ տարի կազմել է 5,4 միլիառ տոլար, իսկ ներմուծում-արտահանում յարաբերակցութիւնը կազմում է 3,3: Իսկ նոր կառավարութեան գործունէութեան արդիւնաւէտութեան մասին դեռեւս վաղ է գնահատական տալը:

Ազրպէյճանի տնտեսութեան թիւ 1 հիմնախնդիրը նաւթի արդիւնահանման ծաւալների կրճատումն է: Իսկապէս 2012թ.-ին Ազրպէյճանում լուրջ մտահոգութիւններ առաջացան նաւթի արդիւնահանման ծաւալների կրճատման պատճառով, թէեւ այդ միտումները սկսուել էին դեռեւս 2010թ.-ից: Անկումը սկսուեց աւելի շուտ, քան սպասւում էր, որն էլ խուճապային տրամադրութիւններ ստեղծեց յատկապէս իշխանական վերնախաւի մօտ: Անցած տարի այն նուազեց 2,4 միլիոն թոնով կամ 5,3 առ հարիւրով` կազմելով 43 միլիոն թոն: Դրա արդիւնքում նուազում են նաեւ ՀՆԱ-ի աճի թափը: ՀՆԱ-ի աճը կազմել է 2.2 առ հարիւր,  որտեղ նաւթի եւ կազի բնագաւառում անկումը կազմել է 5 առ հարիւր, իսկ ոչ նաւթային բնագաւառում աճը կազմել է 9.7 առ հարիւր: ՀՆԱ-ի որոշակի աճի նմանակութիւն ապահովելու համար կառավարութիւնը զգալիօրէն աւելացրել է պետական ներդրումները ոչ նաւթային բնագաւառում: Ազրպէյճանում վերջին երկու տարիներին ոչ նաւթային բնագաւառում կատարուած ներդրումները առաջին անգամ գերազանցեցին նաւթային բնագաւառում կատարուած ներդրումներին, այն էլ մի քանի անգամ: Կառավարութեան առաջնահերթութիւններից է համարւում տնտեսութեան եւ արտահանման տարբերայնացումը, սակայն մեծ ջանքեր են պէտք այդ կախուածութեան նուազեցման համար: Փտածութիւնը, մենաշնորհները, վարչական խոչընդոտները, դիւանակալութիւնը խանգարում են ոչ նաւթային բնագաւառի զարգացմանը, միաժամանակ ոչ նաւթային բնագաւառում ներդրումների արդիւնաւէտութիւնը բարձր չի:

Ազրպէյճանի տնտեսութեան յաջորդ խնդիրը դա ուժեղ մանաթն է, որը անընդհատ արժեւորւում է եւ բացասական է ազդում արտահանման վրայ, առանց այդ էլ ոչ մրցունակ եւ շատ սահմանափակ քանակի ազրպէյճանական ապրանքների համար: Ազրպէյճանի հիմնախնդիրներից են նաեւ տարածաշրջանների ոչ հաւասարաչափ զարգացուածութիւնը, Պաքուից դուրս շրջանների բնակչութեան ցածր կենսամակարդակը եւ իրական գործազրկութեան մեծ մակարդակը:

Իսկապէս, Ազրպէյճանի տնտեսութեան հիմնախնդիրը ազրպէյճանական տնտեսութեան մեծ կախուածութիւնն է նաւթային արդիւնաբերութիւնից: Նաւթատոլարների մեծ հոսքը դեռեւս օգնում է իշխանութիւններին բազմաթիւ խնդիրներ լուծել: Բազմաթիւ մեծատնտեսական ցուցանիշներ դրական ցուցանիշներ են գրանցում պարզապէս տնտեսութիւն մուտք գործող մեծ գումարների արդիւնքում: Սակայն ազրպէյճանական հասարակութիւնը արդէն ըմբռնում է, որ նաւթը յաւերժ չէ եւ ապագայում նաւթի արդիւնահանման նուազմանը զուգընթաց Ազրպէյճանը կը կանգնի ընկերային, մեծատնտեսական եւ դրամական ռիսքերի առջեւ, որն էլ իր հերթին անկայունութեան ռիսքեր է ստեղծում: Ըստ էութեան, չկայ որեւէ այլընտրանք նաւթային մարզի փոխարէն, իսկ բնական կազը, նոյնիսկ Շահ Տենիզ 2-ի գործարկումից յետոյ չի կարող փոխարինել նաւթից ստացուող եկամուտներին: Այլընտրանք չի կարող լինել նաեւ ոչ նաւթային մարզը, որի աճի թափի մասին շատ է գովերգւում իշխանութիւնների կողմից: Բացի այդ` ոչ նաւթային բնագաւառի բուն գոյութիւնը էապէս կախուած է նաւթային բնագաւառի եկամուտներից: Ամէն դէպքում նաւթի եւ կազի ստացուող եկամուտները մօտ ապագայում թէեւ նուազող, սակայն մեծ ֆինանսական հոսքեր դեռեւս կ՛ապահովեն այդ երկրին:

Իրանի տնտեսութեան համար ներկայ ոչ բարենպաստ փուլում, արտաքին գործօնների ազդեցութեամբ պայմանաւորուած բացասական հետեւանքները աւելի գերիշխող են, քան` ներքին գործօններով պայմանաւորուած հետեւանքները: Արտաքին գործօնները պայմանաւորուած են ոչ այնքան համաշխարհային տնտեսութիւնում տեղի ունեցող գործընթացներով, որքան` Արեւմուտքի կողմից իրականացուող ամպարկոյով: Գաղտնիք չէ, որ Իրանի պիւտճէի 60-70 առ հարիւրը եւ արտահանման 80 առ հարիւրը ապահովւում է նաւթի եւ կազի վաճառքից: Պատժամիջոցները պատճառ են դառնում ազգային արժոյթի արժեզրկմանը եւ գնաճին: Դա իր հերթին հարուածում է ֆինանսական եւ դրամատնային մարզին: Մեծ է պահանջարկը արտարժոյթի նկատմամբ: Արտարժոյթի պահանջարկի նուազման համար Իրանը աւելի է դժուարացնում ներմուծման արարողակարգը: Չնայած արտաքին առեւտրի սալտոն դրական է, սակայն այն նուազում է արտահանումից եկամուտների կրճատման պատճառով: Օտարերկրեայ ներդրումների մակարդակը նոյնպէս կտրուկ նուազել է: Պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարողանում ձեռք բերել ժամանակակից արհեստագիտութիւններ եւ վերազինել նաւթի եւ կազի արդիւնահանման եւ վերամշակման ենթակառուցուածքները: Ուժանիւթի բնագաւառը, որն Իրանի տնտեսական զարգացման հիմքն է, ներկայումս դարձել է ամենախոցելի կէտը:

Պատժամիջոցների արդիւնքում նուազել են տարբեր տեսակի սուբսիդիաների ծաւալները, որն էլ ազդում է բնակչութեան կենսամակարդակի վրայ: Յայտնի է, որ պիւտճէի ծախսերի զգալի մասը ուղղորդւում է նաեւ իսլամական բազմաթիւ կառոյցների ֆինանսաւորմանը, որոնք էլ իրենց հերթին այդ միջոցները վերաուղղորդում են բնակչութեան ամենաաղքատ խաւերին: Պատժամիջոցները ազդել են նաեւ հարկերի հաւաքման վրայ, որն էլ իր հերթին ազդում է պիւտճէի եկամուտների վրայ: Վերջիվերջոյ, պետութիւնը կը նուազեցնի հարկային արտօնութիւնները եւ կը մեծացնի հարկային վերահսկողութիւնը, որն էլ բացասաբար կ՛ազդի գործարարների եւ ընկերութիւնների վրայ: Արդէն բազմաթիւ ձեռնարկութիւններ փակուել են: Սա էլ իր հերթին կը բերի ռեցեսիայի եւ գործազրկութեան աճի: Բացի ածխաջրածինների արդիւնահանման ու վերամշակման ճիւղերից, Իրանի համար կարեւոր են նաեւ գիւղատնտեսութիւնը եւ յատկապէս սպասարկման ոլորտը, որի դերը վերջին տարիներին բաւականին աճել է: Սակայն ուժանիւթի բնագաւառից ստացուած եկամուտների կրճատումը ուղղակի կամ անուղղակի ազդելու են նաեւ այդ եւ այլ բնագաւառների զարգացման վրայ:

Ինչ վերաբերում է ներքին գործօններին, ապա գաղտնիք չէ, որ Իրանի տնտեսութիւնը մեկուսացուած է արտաքին աշխարհից: Տնտեսական բարեփոխումները թոյլ են եւ դրանց արդիւնաւէտութիւնը ցածր է: Բացի այդ` խիստ զգուշաւորութիւն կայ նա օտարերկրեայ ներդրումների նկատմամբ: Պետութեան մասնակցութիւնը եւ վերահսկողութիւն մեծ է երկրի տնտեսական կեանքում, որը ճնշում է սեփական մարզի աշխուժութեանը: Չմոռանանք, որ մասնաւոր սեփականութիւնը սահմանափակուած է նաեւ սահմանադրութեամբ: Թէեւ անցում է տեղի ունենում դէպի շուկայական տնտեսութիւն, սակայն երկրի մեկուսացուածութիւնը եւ վերը նշուած միւս գործօնները խոչընդոտում են երկրի ամբողջ ներուժի օգտագործմանը:

Թուրքիայի տնտեսութեան ժամանակակից հիմնախնդիրներն են` ընթացիկ հաշուի բացը, գործազրկութիւնը, գնաճի թափի վերահսկողութիւնը եւ աճող կախուածութիւնը օտարերկրեայ ֆինանսական դրամագլխից: Էրտողանի կառավարութեան կողմից իրականացուող արդիւնաւէտ մեծատնտեսական եւ կառուցուածքային փոփոխութիւնները օգնել են յաղթահարել Թուրքիայի տնտեսութեան մէջ առկայ բազմաթիւ խնդիրներ: Վերջին 10 տարում կառավարութեանը յաջողուել է զգալիօրէն նուազեցնել եւ կառավարել արտաքին պարտքը` ՀՆԱ-ի 80 առ հարիւրից հասցնելով 39 առ հարիւր: Աղքատութիւնը եւ գործազրկութիւնը նոյնպէս նուազել են:

Ներկայումս աղքատութեան մակարդակը կազմում է 16 առ հարիւր, իսկ գործազրկութեանը` 9.3 առ հարիւր: Թուրքիայի մրցակցային առաւելութիւններից է համարւում էժան աշխատուժը: Տնտեսական աճը ապահովում է հիմնականում առեւտրի, ֆինանսական եւ շինարարական մարզերի կողմից: Բարձր գնաճը, որը երկար տարիներ լուրջ խնդիր է եղել Թուրքիայի համար, նոյնպէս յաջողութեամբ վերահսկւում է, թէեւ ռիսքերը մնում են: Տնտեսութիւնը ընդլայնւում է, գնաճային ճնշումները դեռեւս բարձր են, իսկ դրամատնային տոկոսադրոյքները ցածր են, այդ պատճառով կառավարութեան համար գնաճի զսպումը դեռեւս հանդիսանում է առաջնահերթ խնդիր, նշենք, որ այն 2012 թուականի դեկտեմբերին կազմել է 6.16 առ հարիւր: Ինչպէս նշեցինք, լուրջ խնդիր է նաեւ ընթացիկ հաշուի բացասական հաշուեկշիռը, որը վերջին տարիներին աճում է եւ ներկայումս կազմում է ՀՆԱ-ի մօտ 9.9 առ հարիւրը: Ինչ վերաբերում է առեւտրի հաշուեկշռին, ապա այն բացասական է եւ բաւականին բարձր` արտահանումը կազմել է 152.5 միլիառ տոլար, իսկ ներմուծումը` 236.5 միլիառ տոլար, որտեղ բացը կազմել է 84 միլիառ տոլար:

Նորից մեծանում է թուրքական տնտեսութեան կախուածութիւնը օտարերկրեայ փոխառութիւններից: Որոշ թուրքական լրատուական միջոցների համաձայն, ամէն ամիս Թուրքիան 10 միլիառ տոլար պարտք է վերցնում: Դեռեւս 2010 թուականին պիւտճէի բացը նոյնպէս լուրջ խնդիր էր եւ կազմում էր ՀՆԱ-ի 5.5 առ հարիւրը, սակայն ներկայումս այն նուազել է եւ կազմում է ՀՆԱ-ի 1.4 առ հարիւրը: Արտաքին պարտքի հիմնախնդիրը ապագայում կրկին կը լինի թուրքական տնտեսութեան ամենահիմնական մարտահրաւէրը: Վարկային պարտաւորութիւնները, զուգակցուած բարձր գնաճի եւ արժեզրկուող ազգային արժոյթի հետ, ստեղծում է դժուարութիւններ տնտեսութեան համար: Տնտեսութիւնը խիստ կարիք ունի օտարերկրեայ ներդրումների: Ցածր տոկոսադրոյքների քաղաքականութիւնը, երբ գնաճը բարձր է, նպաստում է արտարժոյթի արտահոսքին, ստիպելով թուրքական արժոյթին` լիրային արժեզրկուել: Թէեւ այն նպաստաւոր պայմաններ է ստեղծում արտահանման համար, այնուամենայնիւ գնաճը եւ լիրայի արժեզրկումը միշտ խնդիր է եղել թուրքական տնտեսութեան համար, այդ պատճառով Կենտրոնական դրամատունը ներկայումս մեծ ծաւալներով տոլար է վաճառում:

Սակայն Թուրքիայի տնտեսութեան հիմնախնդիրները սրանով չեն սահմանափակւում` քրտերով բնակեցուած արեւելեան շրջանները աղքատ են եւ լրացուցիչ ընկերային լարուածութեան աղբիւր են հանդիսանում թուրքական պետութեան համար: Տնտեսութիւնը կախուած է ուժանիւթի ներմուծումից: Թուրքական տնտեսութիւնը կախուած է նաեւ համաշխարհային տնտեսութեան իրավիճակից, յատկապէս եւրագօտում տիրող իրավիճակից, ինչպէս նաեւ` արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացներից, որոնք նրա արտահանման հիմնական շուկաներն են:

«Թայմզ»

Share this Article
CATEGORIES