Այո՛, Ես Կը Նախընտրէի Սեւրի Դաշնագիրը

ԱՅՇԷ ԳԻՒՆԱՅՍՈՒ

Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրմանը վերաբերող առասպելներից ամենահիմնականը թերեւս այն է, ըստ որի` Սեւրի դաշնագիրը մեր գերութիւն էր կայսերապաշտներին, իսկ Լոզանի պայմանագիրը` «փրկութիւնը»: Ասացի` ամէնահիմնականը, քանի որ պետութեանը յաջողուել է բոլորին համոզել այդ հարցում: Սեւրի վրայ դրուած թապուն դեռ չեն կարողացել յաղթահարել: Այդ պատճառով Սերտար Քայայի հեղինակութեամբ «Թարաֆ» օրաթերթում` 2012 թ. յուլիս-օգոստոսին հրապարակուած յօդուածաշարը շատ էական է, քանի որ «առաջինն է» այդ առումով: Քայայի գրչին պատկանող` «Սեւրի փարանոյեան», «Հասկանալ Սեւրը», «Սեւրի քարտեսը», «Վատ անգլիացիները», «Լաւ թուրքերը» յօդուածները կարելի է գտնել http://www.serdarkaya.com/taraf/ կայքէջում:

Սեւրի դաշնագիրը, անշուշտ, ծառայում էր մեծ ուժերի կայսերապաշտական նպատակներին, բայց Օսմանեան կայսրութիւնը եւս չնայած գտնւում էր ծուատուած վիճակում, այնուամենայնիւ, կայսերապաշտական ուժերից մէկն էր եւ պատերազմի մէջ էր ներքաշուել` իր կայսերապաշտական հաշուարկների պատճառով, ինչպէս նաեւ, առիթից օգտուելով, սարսափելի ցեղասպանութիւն էր իրագործել սեփական քաղաքացիների հանդէպ: Ըստ Հանս-Լուքաս Քիզերի` «19-րդ դարի եւ մեկնարկող 20-րդ դարի ոչ մի այլ պետութիւն այդչափ մեծ բռնութիւններ չէր կիրառել` իր տիրապետութեան տակ գտնուող ցեղային քարտեսը հաշուարկային կերպով փոխելու ուղղութեամբ»:

Սեւրի դաշնագիրը, Օսմանեան կայսրութեան մասնատման եւ ազգային պետութիւնների միջև բաժանման հետ մէկտեղ, նպատակ ունէր նաեւ պատժել այն յանցագործութիւնների հեղինակներին, որոնք իրագործուել էին այս պետութեան կողմից` սեփական քաղաքացիների նկատմամբ: Թաներ Աքչամի եւ Ումիթ Քուրթի հեղինակութեամբ լոյս ընծայուած նոր գրքում, որը կրում է «Օրէնքների ոգին» վերնագիրը, համառօտ կերպով ներկայացուած են Սեւրի դաշնագրի այն յօդուածները, որոնք վերաբերում էին այդ հարցին: Սոյն պայմանագրի 141-րդ յօդուածը նախատեսում էր չեղեալ համարել 1914 թ. նոյեմբերի 1-ից սկսած` կատարուած բռնի կրօնափոխութիւնները, 143-րդ յօդուածը` օգտագործել պետութեան բոլոր հնարաւորութիւնները` նոյն ամսաթուի դրութեամբ աքսորուած, կորած, բանտարկուած մարդկանց գտնելու համար, 144-րդ յօդուածը` ապահովել ոչ թուրք օսմանեան քաղաքացիների` հայրենիք վերադառնալը, իրենց ունեցուածքին տէր կանգնելը եւ գործերին անցնելը, նրանց կամ ժառանգորդներին վերադարձնել բռնագրաւուած գոյքը կամ փոխհատուցում վճարել դրա դիմաց:

Հէնց միայն դրա համար` հայերի, յոյների, ասորիների մնացորդացի` սեփական գիւղեր, այգիներ վերադարձի, նրանց կրած կորուստների դիմաց պետութեան փոխհատուցման համար ես կը նախընտրէի Սեւրի դաշնագիրը:

Ինչպէս խիստ ակնյայտ կերպով նշւում է Սերտար Քայայի վերոյիշեալ յօդուածներում, Սեւրը պարունակում էր նաեւ բաւականին արդար դրոյթներ: Օրինակ` Զմիւռնիան, որի բնակչութեան մեծամասնութիւնը ոչ մուսուլման էր, Սեւրի դաշնագրով թողնւում էր թուրքական տիրապետութեան տակ (անգամ նշուել է, թէ որպէս այդ տիրապետութեան խորհրդանիշ` բերդի վրայ օսմանեան դրօշն է քաշուելու), սակայն քաղաքի կառավարումը յանձնւում էր Յունաստանին,և ապահովւում, որ ոչ մուսուլման աքսորեալ զմիւռնիացիները քաղաք վերադառնան: Ստեղծուելիք մի տեղական խորհուրդ էր քաղաքը տեղում ղեկավարելու, իսկ 5 տարի յետոյ հնարաւոր էր լինելու այն Յունաստանին կցելու մասին որոշում կայացնել: Զմիւռնիան «ազատագրուեց» արիւնարբու Սաքալլը Նուրեթթին փաշայի կողմից: Երանի թէ  չազատագրուեր: Քանզի «ազատագրուած» քաղաքը դարձաւ յոյն ժողովրդի զանգուածային սպանութեան, կանանց հաւաքական բռնաբարութիւնների վայր, որտեղ ֆրանսացի պատմաբան Էտուար Տրիոլի բնութագրմամբ` Զմիւռնիոյ նաւահանգիստի մօտ ծովի մակերեւոյթն այնպէս էր ծածկուած դիակներով, որ անգամ «կարելի էր քայլել նրանց վրայով» (Tessa Hofmann, Matthias Bjornlund, Vasileios Meschanetsidis, The Genocide of Ottoman Greeks, Caratzas Yayinevi, 2011, էջ 88): Այո՛, նոյնիսկ միայն Զմիւռնիոյ աղէտը չլինելու համար ես կը նախընտրէի Սեւրի դաշնագիրը:

Սեւրի պայմանագիրը, հակառակ մեզ մատուցուող տեղեկութեան, մասնատում էր ոչ թէ Անատոլիան, այլ` Օսմանեան կայսրութիւնը: Սեւրի դաշնագրում օսմանեան տարածքներից անջատւում էին Եգէականի կղզիները, Հիճազը, Սուտանը, Կիպրոսը, Լիպիան, Մուսուլը, Քերքուքը: Ինչպէս տեսնում ենք, այդ առումով որեւէ տարբերութիւն չկայ Սեւրի եւ Լոզանի միջեւ:

Սեւրի դաշնագրով չէր նախատեսւում Քիւրտիստան անուամբ պետութեան ստեղծումը, թէեւ մեզ այդպէս է ներկայացւում, բայց ճանաչւում էր քրտերի ինքնավարութիւնը. անկախութեան որոշումը թողնւում էր քրտերի կամքին, որն արտայայտուելու էր հանրաքուէի միջոցով: Այո՛, նաեւ դրա համար, քրտերի ինքնորոշման իրաւունքը երաշխիքի տակ առնելու համար ես կը նախընտրէի Սեւրի դաշնագիրը:

Սեւրը Կիրասոնի Վանայ լճի միջեւ եղած գծի հիւսիս-արեւելքում մնացած հատուածում նախատեսում էր մի հայկական պետութեան հիմնում: Այդպիսով, օսմանեան պետութիւնը պատժուած էր լինելու` մարդկայնութեան դէմ իր կատարած ոճիրների պատճառով. դէպի Անդրկովկաս ելած սարսափայարոյց մահուան ճամբորդութիւնից ողջ մնացած հայերը կարողանալու էին վերադառնալ այն հողերը, որտեղ ապրել էին 3000 տարի: Հէնց այդ կէտում կայսերապաշտական ուժերը նախընտրեցին սեփական շահերը եւ Անատոլիայի` ցեղասպանութեանը զոհ դարձած քրիստոնեայ ժողովուրդների իրաւունքներն իրենց շահերին զոհելով` պայմանաւորուածութիւն ձեռք բերեցին «երիտասարդ Թուրքիայի Հանրապետութեան» հետ, որովհետեւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնը յաղթանակով էր պսակուել, և Թուրքիան արգելակի դեր էր կատարելու նորաստեղծ ԽՍՀՄ-ի դէմ: Ռազմավարական շահերը պարտադրեցին այնպիսի սառըպատերազմեան դարաշրջանի պայմանագրի կնքումը, ինչպիսին Լոզանն էր: Ի հարկէ, ես նաեւ այդ պատճառով կը նախընտրէի Սեւրը:

«Օզկիւր Կիւնտեմ» պարբերականի «Մետիա երկխօսութիւն» սիւնակում, որին միշտ հետեւում եմ եւ յաճախ էլ հատուածներ կիսւում, երբ խօսք է գնում «ստորացուցիչ» հաշտութեան մասին, եւ ասւում, թէ` «օրինական չեղող եւ հարկադիր, զէնքով, ուժով պարտադրուած նման խաղաղութեան դէմ առաջին իսկ առիթի դէպքում «զէնքով» դիմադրելը ամէն մի ժողովրդի իրաւունքն է: Ինչպէս, օրինակ, Սեւրի հաշտութեան դէմ թուրքերի զինուած դիմադրութիւնը…», ներսումս այս ամէնն ասելու ցանկութիւնն առաջացաւ:

 

http://www.ozgur-gundem.com

Թարգմանեց Մելինէ Անումեանը

Akunq.net

 

 

Share this Article
CATEGORIES