Պատառիկներ 1915 Թ. Աղէտից (Ցեղասպանութիւնից). «Քարաւան»

ԶԵՐՈՒՆ

Կիւրիւնի բոլոր հայ երիտասարդներին բանակ էին զօրակոչել. մնացել էին միայն կանայք, ծերերը, անչափահաս պատանիներն ու երեխաները: Օրէցօր մթնոլորտն աւելի անյոյս եւ անտանելի էր դառնում: Իսկ ժողովրդին պատել էր ահը: Դպրոցը բաց էր, սակայն քանի որ ուսուցիչները զօրակոչուել էին, այդ տարուայ շրջանաւարտներից մէկը նշանակուեց մեր դպրոցի (Պարթեւեան) ուսուցիչ: Նա դեռ առաջին օրը մեզ ասաց. «Ես ուսուցիչ չեմ, դուք էլ աշակերտ չէք, մենք ընկերներ ենք, ովքեր միմեանց սովորեցնում են միայն այն, ինչ չգիտեն կամ էլ մոռացել են»: Մեր շրջապատում հասուն տղամարդ չէր մնացել: Չկար նաեւ քահանայ եւ ուսուցիչ: Մեր դպրոցը վերածուել էր ոստիկանական կենտրոնի:

Քանի որ մեր այգու հովտին մօտ եւ ցածրադիր հատուածն այդ տարի առատ տեղացած անձրեւներով էր ջրուել, հայրս աշորայ ցանեց յաջորդ տարի այդ հատուածը մարգագետնի վերածելու համար: Մի օր հայրս ձեռքիցս բռնեց եւ տանելով աշորայ ցանած հատուած` ասաց. «Տղա՛ս, Զերո՛ւն, ես գնալու եմ, տան մեծը դու ես, մօրդ եւ եղբայրներիդ լաւ նայիր, աշորան էլ կը հնձես եւ տանը կը պահես. միգուցէ դրա կարիքն ունենաք…»:

Հայրս արտասուեց, ես էլ սկսեցի լացել: Նրան չհարցրեցի, թէ ուր եւ ինչու է գնում, որովհետեւ ենթագիտակցօրէն զգում էինք` աղէտը մօտենում է:

Մի քանի օրից կիրակի էր, Սվազ (Սեբաստիա – ակունք»-ի խմբ.) աքսորուածների քարաւանում գտնուող հօրս  ճանապարհելու համար գնացինք Սազին Պողազ: Եկաւ հրաժեշտի պահը, հայրս մէջքի գօտին հանեց, տուեց հօրաքրոջս, ապա ասաց. «Քո՛յր ջան, վերցրո՛ւ, կապի՛ր այս գօտին եւ երեխաներիս տիրութիւ՛ն արա»:

Մի աշնանային օր մայրս ասաց, որ գնամ հօրաքրոջս տուն, դոյլը վերցնեմ եւ ջուր բերեմ: Բախտի բերմամբ տեսայ, որ հօրաքրոջս երկրորդ աղջկայ ամուսինը` Վարդեւար Չաքմաքչեանը, այնտեղ է թաքնւում: Նա, որպէս դասալիք, ընկերոջ` Պետրոս Շամմամեանի հետ միասին ապաստանել էր զոքանչի տանը: Երկուսին էլ ճանաչում էի. մեր թաղից էին: Նրանք ինձ յորդորեցին, որ ոչ ոքի չասեմ, որ իրենց տեսել եմ այնտեղ, որովհետեւ գտնելու դէպքում գնդակահարելու էին ե՛ւ իրենց, ե՛ւ տանտէրերին: Նոյն գիշեր երկուսն էլ միանգամից տեղափոխուեցին մեր տուն, քանի որ այն աւելի ընդարձակ էր: Հօրս փորած անցքերն ու փոսերը աւելի յարմար կարող էին լինել թաքնուելու համար: Մեր տանը երկար ժամանակ մնացին: Ես էլ նրանց համար անհրաժեշտ առարկաներ հայթայթողն էի:

Նոր տարուայ նախօրէին ոստիկանները մեր տան մօտակայքում ծխախոտի մաքսանենգների են հետեւելիս լինում: Թէեւ մաքսանենգներին բռնում են, սակայն ծխախոտը չեն գտնում, ուզում են հետախուզել շրջակայքի տները: Եւ քանի որ մեր տունն ամենամօտն էր, առանց թոյլտւութիւն հարցնելու դռնից ներս են մտնում: Մի բառ անգամ թուրքերէն չիմացող մայրս (կիւրիւնցիները իրար մէջ բացառապէս հայերէն են խօսում, մեծ մասն թուրքերէն մի բառ անգամ չգիտեր) քրոջս օրօրոցի վրայ կռացած նրան կերակրելիս է լինում: Ոստիկաններին տեսնելուն պէս մահու չափ վախենում է եւ կանչում հօրաքրոջս: Տանը նստած` լսեցինք մօրս ձայնը: Հօրաքոյրս, ով յայտնի էր որպէս բժիշկ, հեքիմ եւ փորձառու ու քաջ կին, վազում է մեր տուն եւ սկսում գոռալ ոստիկանների վրայ, թէ ինչու են մտել անտէր ու անպաշտպան կնոջ տուն` առանց լուր տալու: Ոստիկանները հօրաքրոջս յայտնում են կատարուածի մասին եւ նրա ուղեկցութեամբ խուզարկում են տունը: Երկու դասալիքները քանի որ խոհանոցում էին, թաքստոց վերադառնալու հնարաւորութիւն չեն ունեցել եւ ատրճանակները ձեռքներին սպասելիս են եղել: Փառք Աստծոյ, ոստիկաններն այնտեղ չեն մտել:

Յաջորդ օրը մտածելով, որ իրավիճակը աւելի կը վատանայ, գիշերն իրենց ընտանիքներին հրաժեշտ տալով` թաքնուեցին «Ծովի» հետեւի քարանձաւում: Կառավարութիւնը շրջափակեց շրջակայքը: Մէկ շաբաթ դիմադրելուց յետոյ, հաւատալով կառավարութեան ներում շնորհելու խոստմանը` յանձնուեցին: Մի քանի օր յետոյ բռնեցին Սեբաստիոյ ճանապարհը: Չնայած տրուած խոստմանը` երկուսին էլ բոլորի հետ կախաղան բարձրացրեցին:

Անցան ամիսներ, որոնց ամէն մի օրը լի էր միւսից էլ աւելի վատ լուրերով եւ դէպքերով: Մի օր ոստիկանները թաղերը մտան երիտասարդ տղամարդկանց հաւաքելու համար: Նրանք չափահաս տղաներին յատուկ դաս տալու համար հաւաքեցին դպրոցի բակում:

Դպրոցում հաւաքելով 13-15 տարեկան պատանիների մի քանի ոստիկանի ուղեկցութեամբ բոլորիս միասին տարան Շուղուլի բողոքական դպրոց: Այնտեղ տեսանք Օրէնի, Շուղուլի վերին եւ ներքին թաղերի երեխաներին: Նրանց կողքին մենք էլ ծալապատիկ նստեցինք տախտակամածին: Երեկոյեան կողմ բարձրաստիճան մի պաշտօնեայ եկաւ, մի մասին եւ ինձ առանձնացնելով` հրամայեց տուն գնալ: Մենք` մի խումբ պատանիներ, առանց շուրջբոլորը նայելու` ճանապարհ ընկանք դէպի Օրէն:

Երբ հասանք մեր թաղամասի եկեղեցու մօտ, թէեւ բաւականին մութ էր, սակայն մեր թաղամասի բոլոր բնակիչները այնտեղ էին հաւաքուել: Վերադարձածներին ձեռքից ձեռք գցելով` սկսեցին համբուրել եւ լալ: Այս արցունքների պատճառը իրենց ամուսիններին, եղբայրներին եւ հայրերին կորցնելու ցաւ՞ն էր, թէ՞ մեր վերադարձի ուրախութիւնը:

Մեր վերադառնալուց յետոյ, մեզ հետ եկած միւս պատանիներին տարել են կառավարութեան շէնք եւ ձերբակալել: Դրանից յետոյ մի քանի օր շարունակ տարբեր խոստումներով եւ կտտանքների ենթարկելով` բանտարկուած պատանիներին կրօնափոխ լինելու առաջարկներ են արել: Պատանիներից ոմանք կրօնափոխ լինելու առաջարկը ընդունելով` ազատ են արձակուել: Երիտասարդներին ցոյց տալով իրենց ծանօթ հայերի իրերը` ասել են, որ նրանց բոլորին սպաննել են, եւ եթէ իրենք իսլամ չընդունեն, նոյն ճակատագրին կ՛արժանանան:

1-2 շաբաթ պատանիներին կտտանքների ենթարկելուց յետոյ օրերից մի օր ասացին, թէ կրօնափոխ չեղած երիտասարդներին Օրէնի ստորին հատուածով Եօնճալըքի ճանապարհով շղթայակապ տարել են Ատանա` նահատակելու:

Դժնդակ եւ դժբախտ օրերը հետեւում էին մէկը միւսին: Մի օր էլ Սահսորի հայերի աքսորի լուրը եկաւ:

Վարդավառի տօնակատարութեան կիրակի օրը ոստիկանները առաւօտ կանուխ եկան եւ մեզ` օրէնցիներիս, յայտնեցին աքսորի սեւ լուրը: Ամբողջութեամբ հայաբնակ վերին եւ ներքին թաղի բնակիչներին հաւաքեցին: Կէսօրին լաց ու կոծով ճամբայ ընկանք: Երեկոյեան կողմ, յոգնած եւ դժբախտ, գիշերեցինք բացօթեայ մի վայրում: Առաջին երեկոն էր, սկսուեց աքսորի կեանքը:

Յաջորդ առաւօտ նորից ճամբայ ընկանք, երրորդ օրը հեռուից նկատեցինք Էլպիստանը, որտեղ հասանք կէսօրից յետոյ: Ճամբի երկայնքով շարուած թուրքերը փորձեցին աղջիկ փախցնել, սակայն հօրաքոյրս` Վարդենը, ով ներկայիս Հալէպի Սուլթան Տուտուի եւ Հաւրանի գիւղերից մէկում աքսորի մէջ մահացաւ, եւ միւս տարեց կանայք քարաւանի երկու կողմով պատ հիւսեցին եւ այդպէս հասանք իջեւանատուն: Այնտեղ մեզ մի օր հանգստանալու իրաւունք տուեցին` հրահանգելով չլքել իջեւանատունը:

Մեզ Էլպիստանից տարան: Չեմ յիշում, թէ քանի օր ենք քայլել, սակայն մի գետ անցանք: Հրամայեցին, որ քարաւանը գետի ափին կանգնի: Բոլորն իրենց իրերը տեղաւորելուց յետոյ սկսեցին մի բուռ ձաւար կամ ապուր պատրաստել:

Թաւաների ջուրը դեռ նոր էր եռացել, հատիկեղէնը նոր էին աւելացրել, երբ ոստիկաններն իրենց մտրակներով ժողովրդին հրամայեցին գետի ափից վեր բաձրանալ: Նորից սկսուեց հեկեկոցն ու յապաղողների անողոք մտրակահարութիւնը: Ուտելիքը թափելով` դեռ նոր բացած պողչաները հաւաքեցինք եւ ճանապարհ ընկանք:

Կեղեքումն ու աքսորը` ողջ անխղճութեամբ եւ տառապանքներով, սկսեցին հարուածներ հասցնել մեզ: Յոգնածութիւնից ուժասպառ` դեռ նոր էր քուն իջել մեր աչքերին, երբ հեծկլտոց եւ աղաղակ բարձրացաւ: Քարաւանի ուղեկցորդ ոստիկանները երիտասարդ հարսներ ու աղջիկներ էին պահանջում: Ամէն մի մայր ու կին իր մինուճարին պահում էր սեփական փէշի տակ: Կարծես այդ լաթի կտորները անառիկ ամրոց էին դարձել: Շուրջբոլորը տարածուել էր ոստիկանների պահանջած երիտասարդ աղջիկների եւ հարսների սրտակեղեք ճիչերն ու նրանց մայրերի անէծքները:

Յաջորդ առաւօտ կրկին ճանապարհ ընկանք: Ժողովուրդն ամբողջութեամբ յուսալքուած էր, չնայած աներեւակայելի վախին` առաջ էինք գնում: Այլեւս սիրտ չունէինք յիշելու նախորդ գիշեր տեղի ունեցածը: Ամէն մի նոր օր նախորդից աւելի սարսափելի էր. օրուայ մէջ մի քանի անգամ կողոպուտ, մահեր եւ հրէշաւոր գործողութիւններ:

Աքսուի ափը` Կիւրիւնի կողմից, երկու օր շարունակ մեզ համար դարձաւ նախկինից էլ աւելի սարսափելի իջեւանատուն: Օրը ցերեկով երեխայ եւ աղջիկ առեւանգելը, գողութիւնն ու ծեծն անպակաս էին: Երբ երկու անօթով գնացի գետ` ջուր բերելու, վերադառնալիս երկու թուրք յարձակուեց, մէկը գողացաւ ուսիս լաչակը, միւսն էլ` ձեռքիս մետաղեայ դոյլերը: Տարեց կանայք քաջութեամբ այս անգամ եւս պահապան հրեշտակի դեր կատարեցին:

Երբ անցանք գետի միւս կողմը, հրամայեցին, որ մեր իրերը ափից բաւական հեռու դնենք եւ հանգստանանք, սակայն այդ գործողութիւնը դեռեւս չաւարտած, կրկին հրամայեցին հաւաքել իրերն ու ճանապարհ ընկնել: Քարաւանը` անյոյս եւ ուժասպառ, ճանապարհ ընկաւ: Տեղաւորուեցինք մեր կանգ առած վայրից 1-2 ժամ հեռաւորութեան վրայ գտնուող բլրի լանջին:

Երկու օր հանգստանալուց յետոյ կրկին ճանապարհ ընկանք, սակայն այս անգամ մեզ ուղեկցող ոստիկանները փոխուել էին. մեզ հետ էր սերժանտ Զաքարիան: Կտրելով մէկ ժամանոց ճանապարհ` անցանք երկու լանջերը վայրի ծառերով ծածկուած հովտի միջով: Արդէն բոլորին համակել էր վախը. միմեանց վհատ հայեացքով նայելու քաջութիւնն էր մնացել միայն: Ամէն օր մի քանի անգամ մանր-մունր կողոպուտի եւ յարձակումների ենթարկուելով` քայլեցինք օրեր շարունակ:

Այնթապ հասնելու նախորդ օրն անցանք մարգագետնի միջով, որի արեւելեան հատուածը նօսր անտառածածկ էր, իսկ արեւմուտքում քարանձաւ էր: Երկու կողմից սկսեցին կրակել, սերժանտ Զաքարիան ի՞նչ կարող էր անել: Սակայն չյուսալքուեց, շրջուելով արեւմուտք` սպառնալից ձայնով ասաց. «Հէ՜յ, ինձ սերժանտ Զաքարիա են ասում, Աստուած վկայ, էս ժողովրդին այստեղ կը թողեմ, կը գնամ Այնթապից յաւելեալ զօրք կը բերեմ ու վաղուայ Ղուրբան պայրամը գլխներիդ հարամ կ՛անեմ: Ձեզ` դասալիքներիդ, վաղը Այնթապի հրապարակում կախել եմ տալու»:

Քարանձաւից եկող ձայնը սկսեց կրակել անմիջապէս` պատասխանելով. «Եղբա՛յր, մենք դիմացի պաշիպոզուկների վրայ ենք կրակ բացում»: Իսկ Զաքարիան, օգտուելով առիթից, ատրճանակն ուղղեց անտառի կողմը եւ կրակեց: «Մա՜մ ջան» գոռացող մէկը ծառից ցած ընկաւ: Սակայն աւազակներն արդէն խառնուել էին ժողովրդին եւ յափշտակում էին` ինչ պատահի: Այս ու այն կողմ շարունակաբար կրակոցներ էին հնչում: Սակայն Զաքարիան յուսալքուող մարդկանցից չէր: Ձի հեծած, մի ձեռքին ատրճանակ, միւսին մտրակ` սկսեց ցրել աւազակներին: Ըստ էութեան, կէս ժամ անց գառներն ու գայլերն իրարից զատուել էին: Նրանք շնորհակալ էին, որ քիչ թէ շատ աւար են ձեռք բերել, մենք էլ կոտորածից էինք փրկուել: Ճանապարհը շարունակեցինք ուղիղ Այնթապ եւ նոյն երեկոյ հասանք գետի հիւսիսային հատուած: Վարդավառի տօնակատարութեան կիրակի օրը Կիւրիւնից ճանապարհ ընկանք, Ղուրպան պայրամին հասանք Այնթապ:

Երբ հասանք Այնթապ, այնտեղ դեռ հայեր կային, նրանք մեզ ուտելիք տուեցին, իսկ նրանց, ովքեր  ցնցոտիների մէջ էին, հագուստով ապահովեցին: Կիրակի էր, թէեւ մեզ արգելել էին քաղաք մտնել, սակայն տարեկիցներիցս մի քանի հոգու հետ գետն անցանք եւ եկեղեցին գտանք: Այնթապում հանգստանալուց յետոյ մի օր կրկին բռնեցինք «տառապանքների» ուղին, երեկոյեան հասանք Քիլիս: Այստեղ թոյլ տուեցին իջեւանատանը գիշերել: Յաջորդ առաւօտ կրկին ճանապարհ ընկանք: Առաջին անգամ գնացք էինք տեսնելու: Տեսանք, թէ հեռուից ինչպէս է կայծեր արձակում օձի պէս ձգուող երկաթգիծը: Վերջապէս հասանք Քաթմայ կայարան:

Քաթմա` առաջին քուրա, որտեղ հաւաքեցին հայերին… Սա ազգային խաչի շրջա՞ն է: Այնտեղ հոծ բազմութեամբ հաւաքուել էին հայերը: Երկրի տարբեր հատուածներից այնտեղ էին եկել ատանացիներ, կեսարացիներ, գոնիացիներ, մերսինցիներ եւ նոյնիսկ` մի քանի օր առաջ մեզ կերակուր եւ հագուստ տուած այնթապցիներ: Քաթման` իր կարմրահողով, դարձաւ հայերի առաջին եղբայրական գերեզմանը: Այնտեղ տասնեակ մարդ էր մահանում ամէն օր: Ո՛չ ջուր կար, ո՛չ ստուեր. շուրջբոլորը կարմրահող էր, խմելու ջուր բերելու համար անհրաժեշտ էր բերել կայարանից կէս ժամուայ հեռաւորութեան վրայ գտնուող գիւղից: Այնտեղ էլ անհրաժեշտ էր երկար սպասել, որպէսզի հերթը մեզ հասնէր, եւ ջրհորից ջուր հանէինք:

Մեր երկու աւանակը հօրաքրոջս աւանակի հետ միասին վաճառեցինք մի մզկիթի: Մինչդեռ այդ աւանակների համար «մեր ընտանիքի բարեկամ» թուրքերին մի շարք տան իրեր էինք տուել:

Մօտ 15 օր Քաթմայում մնալուց յետոյ մեզ գնացք նստեցրեցին, եւ առաւօտեան, երբ աչքներս բացեցինք, Հալէպում էինք: Երբ գնացքի կարիքները հոգացին, այն շաժուեց առաջ: Երեկոյեան կողմ հասանք Ռայաք, որտեղ փոխեցինք գնացքն ու շարունակեցինք մեր ճամբան դէպի Դամասկոս: Կիւրիւնից Քաթմա մեր կրած տառապանքները, դժուարութիւնները գրեթէ մոռանում էինք, կարծես մեր դժբախտ դէմքերը կեանք վերադարձած մարդկանց դէմքի արտայայտութիւն էր ստանում: Արեւի առաջին ճառագայթները մեզ դիմաւորեցին Դամասկոսի կայարանում, որտեղ «խղճով» օսմանեան կառավարութիւնը իւրաքանչիւրիս ութական հաց բաժանելով` մեզ ճանապարհ դրեց: Կարծես թէ ցանկանում էինք մոռանալ լերան լանջերով, հովիտների միջով կիսաբոբիկ եւ ցնցոտիների մէջ, կիզիչ արեւի տակ յուսալքուած եւ վախուորած  մեր երկար ճանապարհորդութիւնը, որի ընթացքում ենթարկուել էինք թուրք եւ քիւրտ դահիճների բռնութիւններին:

Գնացքը հասաւ Տարաա, որտեղ էլ մեզ բեռնաթափեց: Հասել էինք Հավրանի սահման: Փռուեցինք կայարանի առջեւ տարածուող մարգագետնի վրայ: Ըստ էութեան, մեզանից առաջ բազմաթիւ մարդիկ էին եկել այդտեղ, մեծ մասն էլ ազգակիցներին գտնելու համար էր գալու: Այդ ընթացքում Տէր Զօր ուղարկուած եղբայրները սպաննւում էին թուրքական կանոնաւոր բանակի սուինների, չեչեն, չերքեզ, քուրդ, թուրք եւ տեղացի ժողովրդի փամփուշտների, սրերի եւ մահակների հարուածներից:

Մեզ համար արաբական հողերում նոր կեանք էր սկսւում: Տարատեսակ դժուարութիւններ տեսանք, սակայն զանգուածային կոտորածների սարսափը չկար: Աղքատ էինք. արդէն մեզ կողոպտող աւազակներ չկային:

«Այգիրիտողրուլար»

Թարգմանեց Անահիտ Քարտաշեան
«Ակունք»

Share this Article
CATEGORIES