«Ազդակ»-ի 85-ամեակը Ռուսաստանում
ԼԻԱՆԱ ԶԱԽԱՐԵԱՆ
Նիժնի Նովկորոտի Ն. Ի. Լոպաչեւսքու անուան պետական համալսարանի միջազգային յարաբերութիւնների բաժանմունքում տեղի ունեցաւ Հայագիտական կենտրոնի հանդիսաւոր բացումը: Հայկական հետազօտութիւնների ծրագիրը, որը 2000 թուականից մեկնարկել էր պատմութեան բաժանմունքում տնօրէն, փրոֆեսէօր Օլեկ Քոլոպովի նախաձեռնութեամբ, 12 տարիների ընթացքում իսկապէս յաջող էր: Հայագիտութեան բնագաւառում բաժանմունքը տպաւորիչ արդիւնքների է հասել. տասնեակ ուսանողներ սովորել են հայերէն, մի ամբողջ շարք հետաքրքիր ուսումնասիրութիւններ եւ աւարտաճառեր են պատրաստուել եւ պաշտպանուել արդիական հարցերի շուրջ: Միջազգային յարաբերութիւնների բաժանմունքում ուսանողներն ու ասպիրանտները փորձառութեան համար պարբերաբար մեկնում են Հայաստան եւ ուղեւորութիւնների արդիւնքները կիրառում իրենց գիտական աշխատանքներում: Նիժնի Նովկորոտի եւ Հայաստանի գործընկեր համալսարանների գիտնականները փոխանակում են իրենց գիտական հրապարակումները: «Հայկական հետազօտութիւնների ծրագրի» շնորհիւ բաժանմունքն արդիւնաւէտ կապեր է զարգացնում Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլաւոնական) համալսարանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան, Հայաստանի սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանեայց առաքելական եկեղեցու հետ:
Հէնց այս կենտրոնում էլ տեղի ունեցաւ երեկոյ` նուիրուած Լիբանանի «Ազդակ» հայկական հրատարակութեան 85-ամեակին:
Միջոցառմանը ներկայ էին Կենտրոնի տնօրէն Ռեգինա Սաֆարեանը, Նիժնի Նովկորոտի հայ համայնքի պատուաւոր նախագահ Լիդիա Պօղոսեանը, «Նայիրի» հայկական ազգային համոյթի գեղարուեստական ղեկավար Կարինէ Քոչարեանը, «Նիժնի Նովկորոտի հայ համայնք» մարզային հասարակական կազմակերպութեան խորհրդի անդամներ, ուսանողներ` ասպիրանտներ եւ քաղաքի մտաւորականներ, այդ թւում նաեւ ռուսներ: Հանդիպման ժամանակ ցուցադրուեց Լիբանանի սփիւռքահայ համայնքի կեանքի, եւ դրանում «Ազդակ» թերթի ունեցած դերի մասին պատմող ժապաւէն: Նիժնի Նովկորոտի «Կամուրջ» ալմանախի գլխաւոր խմբագիր Լիանա Զախարեանը ներկաներին պատմեց Լիբանան կատարած իր այցի մասին, որի ընթացքում հնարաւորութիւն էր ունեցել լինել բազմաթիւ հայկական կրթական, հասարակական եւ մշակութային կենտրոններում:
Ժապաւէնը դիտելուց յետոյ ներկաները բուռն քննարկում ծաւալեցին այսօրուայ սփիւռքին առնչուող հիմնախնդիրների շուրջ, նաեւ խոր երախտագիտութիւն յայտնեցին «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանին, ով հանդէս էր եկել նման միջոցառում կազմակերպելու նախաձեռնութեամբ: Ուսանողների մօտ յարգանքի մեծ զգացում առաջացաւ լիբանանահայութեան հանդէպ` նրանց հայրենասիրութեան եւ միաբանութեան համար, ինչպէս նաեւ մեծ ցանկութիւն` հետագայում կազմակերպել այս թեմային նուիրուած եւս մէկ միջոցառում:
Յաւելենք, որ Նիժնի Նովկորոտի պետական համալսարանի նախագահի հրամանով ստեղծուած «Հայագիտական կենտրոնը» միջազգային յարաբերութիւնների բաժանմունքն է, որի խնդիրների մէջ մտնում են հայ ժողովրդի պատմութեան, լեզուի եւ մշակոյթի ուսումնասիրութիւնը, Հայաստանի Հանրապետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեան վերլուծութիւնը, հայկական սփիւռքի ծագման եւ զարգացման գործընթացների ուսումնասիրումը եւ հայ-ռուսական յարաբերութիւնների տարբեր ոլորտներում օրինաչափութիւնների ու հիմնական ուղղութիւնների բացայայտումը:
«Կամուրջ» ալմանախ
Թարգմանութիւնը` ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

