Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկը Հրատարակել Է Գէորգ Վարդանեանի «Յոյն Բնակչութիւնն Օսմանեան Կայսրութիւնում Եւ Փոքրասիական Աղէտը (1914-1923 Թթ.)» Գիրքը

Akunq.net

Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը հրատարակել է պատմական գիտութիւնների թեկնածու Գէորգ Վարդանեանի «Յոյն բնակչութիւնն Օսմանեան կայսրութիւնում եւ փոքրասիական աղէտը (1914-1923 թթ.)» գիրքը:

Մենագրութիւնը նուիրուած է Օսմանեան կայսրութիւնում յոյն բնակչութեան կարգավիճակի եւ 1914-1923 թթ. յոյների ցեղասպանութեան ուսումնասիրութեանը: Գրքում ներկայացւում է Օսմանեան կայսրութիւնում յոյն բնակչութեան ներկայութեան, նրա իրաւական, քաղաքական, ընկերային-տնտեսական դրութեան, ինչպէս նաեւ 1914-1923 թթ. թուրքահպատակ յոյների զանգուածային տեղահանութիւնների եւ կոտորածների ուսումնասիրութիւնը: Աշխատութեան աղբիւրագիտական հենքն են կազմում Հայաստանի Ազգային արխիւի նիւթերը, Կ. Պոլսի յունական Տիեզերական պատրիարքարանի «Սեւ գրքերը» եւ փաստաթղթերը, 20-րդ դարասկզբին Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների յունական կոմիտէների հրապարակած տեղեկագրերը, ինչպէս նաեւ արխիւային փաստաթղթերի (այդ թւում նաեւ` յունական) ժողովածուները:

Գրքի առաջին գլխում ներկայացւում է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում յոյն բնակչութեան տեղաբաշխումն ըստ վիլայեթների, ինչպէս նաեւ` յոյների ընկերային-տնտեսական ու քաղաքական դրութիւնը: Առանձին քննութեան է առւում նաեւ 1908-1914 թթ. յոյների իրաւական կարգավիճակը:

Գրքի երկրորդ գլխում ուսումնասիրւում են Ա.  Համաշխարհային եւ 1919-1922 թթ. յոյն-թուրքական պատերազմի տարիներին յոյների զանգուածային տեղահանութիւններն ու կոտորածներն Արեւելեան Թրակիայում, Փոքր Ասիայի արեւմտեան հատուածում, Պոնտոսում եւ Օսմանեան կայսրութեան այլ շրջաններում: Ներկայացւում են նաեւ 20-րդ դարի առաջին քառորդին հայերի եւ յոյների համագործակցութեան փորձերը:

Երրորդ գլխում քննութեան են առւում Լոզանի խորհրդաժողովում յունական հարցի քննարկումները եւ «Թուրքիայի ու Յունաստանի միջեւ բնակչութեան փոխանակման վերաբերեալ» պայմանագիրը:

Զուգահեռներ են անցկացւում նաեւ հայերի ու յոյների ցեղասպանութիւնների պատճառների եւ իրականացման մեքանիզմների միջեւ:

 

Share this Article
CATEGORIES