Նախաձեռնութիւն Լիթուանիայում Եւ Ջղագարութիւն` Ազրպէյճանում
ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ինչպէս յայտնի է, փետրուարի 26-ին Լիթուանիայի Սէյմում (խորհրդարան-Խմբ.) ընդունուել է հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Լիթուանիայի Հանրապետութեան բարեկամութեան խմբի ստեղծման մասին: Դա, ուղղակի ասենք, չափազանց նշանակալից իրադարձութիւն է իր միջազգային ճանաչման ճանապարհին ԼՂՀ-ի արտաքին քաղաքական քայլերի տեսակէտից: Ի հարկէ, մենք հակուած չենք չափազանցնել տուեալ իրադարձութեան նշանակութիւնը եւ առաւել եւս երազների մէջ ընկնել կանխավայելելով ԼՂՀ-ի անկախութեան` շուտափոյթ տէ ժիւրէ ճանաչումը: Սակայն իրաւունք չունենք նաեւ թերագնահատել այն: Տուեալ փաստը հարկ է դիտել, ամէնից առաջ, մեր հանրապետութեան ժողովրդավարական զարգացման պարունակում, ինչն, իր հերթին, յուսալի նախադրեալներ է ստեղծում ԼՂՀ-ի հետագայ միջազգային ճանաչման, քաղաքակիրթ ժողովուրդների հանրակցութեան մէջ նրա լիարժէք ներմիասնացման համար:
Մեր թերթն արդէն գրել է Լիթուանիայի Սէյմում տեղի ունեցած խորհրդաժողովի մասին, որը նուիրուած էր այդ մերձպալթեան հանրապետութիւնում եւ Հայաստանում ժողովրդավարական շարժումներն սկսուելու, ինչպէս նաեւ Արցախի հայերի ազգային-ազատագրական շարժման 25-ամեակին, որին մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը: Ղարաբաղեան արտաքին գործերի նախարարը նաեւ հանդիպում է ունեցել բարեկամութեան պատգամաւորական նոր խմբի անդամների հետ` նրա ստեղծման նախաձեռնութիւնն անուանելով ժողովրդավարական սկզբունքների վրայ հիմնուած անկախ պետականութեան կառուցման ճանապարհին ԼՂՀ ժողովրդի նուաճումների անկողմնակալ գնահատական: Այն բանում, որ ԼՂՀ-ի անկախութեան տարիների ընթացքում առաջին անգամ Լիթուանիայի խորհրդարանում է ստեղծուել Արցախի հետ բարեկամութեան խումբ, ի հարկէ հասարակ զուգադիպութիւն չկայ: Եթէ յետադարձ հայեացք ձգենք ոչ վաղեմի պատմութեանը, ապա կարելի է վերյիշել, որ 20-րդ դարի 80-ական թուականների սահմանագծում, դեռեւս ԽՍՀՄ-ի գոյութեան ժամանակ, «Սայուտիս» կազմակերպութիւնը գլխաւորել է խորհրդային ամբողջատիրական վարչակարգի դէմ լիթուանացիների պայքարը` յանուն Լիթուանիայի ազատութեան եւ անկախութեան: Այլ խօսքով, այստեղ կարողանում են գնահատել եւ հասկանալ ժողովուրդների, այդ թւում եւ` ղարաբաղցիների, ժողովրդավարական ձգտումն ազատութեան եւ անկախութեան: Եւ ոչ միայն հասկանալ, այլեւ` սատարել, ինչն էլ ցուցադրեց Լիթուանիայի խորհրդարանականների նախաձեռնութիւնը:
Աւաղ, նման ընկալում ահա արդէն քառորդ դար չենք տեսնում մեր, մեղմ ասած, ընդդիմախօսի կողմից: Ազրպէյճանն այդպէս էլ չկարողացաւ հասկանալ, որ իրեն չի յաջողուի յետ շրջել ԼՂՀ-ի անկախ պետականութեան ստեղծման գործընթացը: Ինչպէս եւ` կասեցնել այդ անկախութեան միջազգային ճանաչման միտումները: Այդ «չհասկացման» պերճախօս վկայութիւնն է ջղագրգիռ, յաճախ էլ յարձակողական արձագանգը ղարաբաղամէտ քաղաքական գործողութիւններին, որոնք հաստատում են ԼՂՀ-ի, որպէս միջազգային իրաւունքի առարկայի, կայացուածութիւնը: Նման գործողութիւններին յաջորդիւ ազրպէյճանական անդորրը խախտողի հասցէով ուղարկւում է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան բողոքի գիր` սպառնալիքների ու շանթաժի տարրերով, ինչն ուղեկցւում է նաեւ ոչ կառավարական մակարդակով զայրոյթի «իններորդ ալիքով»: Այդպէս է եղել անցեալ տարի ամերիկեան Մասաչուսեց եւ Ռոտ Այլընտ նահանգների խորհրդարանների, ինչպէս նաեւ աւստրալիական Նոր Հարաւային Ուելս նահանգի Օրէնսդիր խորհրդի կողմից բանաձեւերի ընդունումից յետոյ, որոնցում ճանաչուել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ ժողովրդավարական անկախութեան իրաւունքը: Այդպէս է եղել նաեւ Ուրուկուէյի խորհրդարանական պատուիրակութեան` ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխէ Օրիկոյի գլխաւորութեամբ ԼՂՀ կատարած այցից յետոյ, ինչը զայրոյթի փոթորիկ է առաջ բերել Ազրպէյճանում:
Այդ ճակատագրից չի խուսափել նաեւ Լիթուանիան` ստանալով բողոքի «իր» դիւանագիտական նոթան: Այդ առնչութեամբ ուշագրաւ է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավարի մեկնաբանութիւնը. «Որոշ քաղաքական գործիչներ ու շրջաններ ձեռնարկում են առարկայականութիւնից ու արդարութիւնից հեռու քայլեր, ինչը խախտում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները»: Նրա խօսքերով, նման քայլերը «կարելի է գնահատել որպէս անձնական ֆինանսական եւ քաղաքական շահերի հետապնդում»: Համաձայնէք, զուարճալի է միջազգային իրաւունքի խախտման մէջ մեղադրանքները լսել մի երկրի ներկայացուցչից, որի քաղաքականութիւնը ղարաբաղեան հարցում հէնց այդ իրաւունքի անսքող, շնական խախտում է: Իսկ միւս` անձնական ֆինանսական շահեր հետապնդելու մասին դրոյթը ոչ պակաս զուարճալի տեսք ունի վերջերս տեղի ունեցած խայտառակութիւնների հեռապատկերի վրայ, որոնք կապուած էին Ազրպէյճանի կողմից մի շարք եւրոպական խորհրդարանականների կաշառման հետ: Այլ խօսքով, պաշտօնական Պաքուն, որը սովոր է միջազգային ասպարէզում գործել կաշառքի մեթոտներով, այն միտքն անգամ չի կարող թոյլ տալ, թէ ինչ-որ մէկն ընդունակ է ղեկավարուել արդարութեան ու բարոյականութեան սկզբունքներով` դրանք չարչիական շահերից աւելի վեր դասելով: Ինչը եւ մենք տեսանք Լիթուանիայի օրինակով:
Կարելի է համարձակօրէն պնդել, որ լիթուանական Սէյմի պատգամաւորներն իրենց ամերիկացի եւ աւստրալիացի պաշտօնակիցների օրինակով նկատել եւ ըստ արժանւոյն են գնահատել ԼՂՀ իշխանութիւնների ու ժողովրդի նուիրուածութիւնը ղարաբաղեան հասարակութեան զարգացման ժողովրդավարական սկզբունքներին: Ըստ երեւոյթին, շատերն են արդէն սկսում հասկանալ, որ ԼՂՀ-ն, որպէս ինքնուրոյն քաղաքական գործօն, անկախ պետականութեան լիակատար իրաւունք ունի: Նման միտումներ նկատուել են անցած տարում եւ, ուզում ենք կարծել, իրենց շարունակութիւնը կը գտնեն եւ այս տարի: Յամենայն դէպս Լիթուանիայի Սէյմի անդամների նախաձեռնութիւնը, որը հերթական քայլը դարձաւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման սկսուած գործընթացում, դա յուսալու հիմքեր է տալիս:
ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ» օրաթերթի
գլխաւոր խմբագիր

