ՀՅԴ ԳՄ Փոխներկայացուցիչ Աղուան Վարդանեանի Պարզաբանումը. «Գիմ»-ից Առաջ Պէտք Է «Այբ»-ն Ու «Բեն»-ը Ասել
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Վարդանեան, այսօր Ազատութեան հրապարակում «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննէսեանը յայտարարել է, որ Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւնների համար «Ժառանգութիւն»-ը, որպէս գործակցութիւն, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխաւորի Լիլիթ Գալստեանը: «Եւ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչեւ վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար», ասել է Յովհաննէսեանը, նաեւ` յայտարարել, որ համաձայն չէ այն տեսակէտին, որ ընտրութիւններին ոչ իշխանական ուժերի միասնական ցուցակով հանդէս չգալու պատճառն փառատենչութիւններն էին ու վստահեցրել, որ «Ժառանգութեան» մօտ դրանք ամենանուազն են, ուրիշների մօտ` գուցէ շատ: Նախ կը խնդրէի անդրադառնայիք Յովհաննէսեանի այս յայտարարութեանը եւ պարզաբանէք նաեւ, թէ ինչո՞ւ ի վերջոյ Լիլիթ Գալստեանը չընդգրկուեց ՀՅԴ ցուցակում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո, պրն. Յովհաննէսեանը ճիշդ է ասել, այդ առաջարկը եղել է: Բայց սա մեր քննարկումների, խորհրդակցութիւնների, բանակցութիւնների մի մասն է միայն: Հարցն ունի նախապատմութիւն: Պէտք է ասել ամբողջը: Եթէ ասում ենք «գիմ»-ը, պէտք է արդէն ասած լինենք «այբ»-ն ու «բեն»-ը:
Ես կը ցանկանամ, որ այս հարցն ամբողջովին յստակ ու պարզ դառնայ, այստեղ ոեւէ մէկին մեղադրելու խնդիր չունենք:
Բնականաբար, այս շարժման առաջին օրերից, երբ հրապարակում ելոյթներ էինք ունենում, յայտարարել ենք, որ իբրեւ հանգրուանային լուծում, ելք` ամէն ինչ պէտք է անենք, որ միասնական ուժերով գնանք Երեւանի աւագանու ընտրութիւններին եւ յաղթենք: Մեր մօտեցումը եղել է հետեւեալը. Երեւանի աւագանու ընտրութիւնները քաղաքական ընտրութիւններ են, քանի որ քաղաքական կուսակցութիւններն իրենց համամասնական ցուցակներով են մասնակցում, երկրորդ` նախագահական ընտրութիւններից յետոյ ստեղծուած մթնոլորտն ինքնին քաղաքականացուած է եւ շատ կարճ ժամանակ է մնացել մինչեւ Երեւանի աւագանու ընտրութիւններ: Բնականաբար ամէն ինչ պէտք է արուի, որ այս շարժումը, այս ոգեւորութիւնն աւելի ընդլայնուի, աւելի ուժեղանայ եւ իբրեւ առաջին հանգրուանային յաղթանակ` արձանագրուի Երեւանում: Եւ մենք նոյնիսկ մինչեւ եռակողմ հանդիպումների` ՀՅԴ-ԲՀԿ- «Ժառանգութիւն» ձեւաչափը, խորհրդակցութիւններ ենք ունեցել ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ «Ժառանգութեան» հետ:
Մենք «Ժառանգութեանն» առաջարկել ենք` ամենաճիշդ տարբերակն այն է, որ միասնական ցուցակը գլխաւորի Րաֆֆի Յովհաննէսեանը, մենք պատրաստ ենք լինել երկրորդը: Բայց պրն. Յովհաննէսեանը որոշ տատանումներից յետոյ յստակեցրել է` ինքը չի ցանկանում գլխաւորել ցուցակը: Մենք նաեւ փորձել ենք համոզել, ապացուցել, որ միասնական ցուցակ գլխաւորելը չի նշանակում հրաժարուել այս պայքարից, չի նշանակում վերջնականապէս ընդունել նախագահական ընտրութիւնների արդիւնքները: Մենք ունենք անցած աւագանու ընտրութիւնների օրինակը, երբ Լեւոն Տէր Պետրոսեանը նախագահական ընտրութիւններից յետոյ գլխաւորեց ՀԱՔ-ի ցուցակը, 2012թ.-ի խորհրդարանականի ժամանակ էլ ընտրուած գործող նախագահը գլխաւորեց ՀՀԿ-ի ցուցակը:
Այս երկու զուգահեռ գործընթացները միմեանց չեն բացառում, եւ միակ ճիշդ լուծումն այն է, որ ցուցակը գլխաւորի հէնց Րաֆֆի Յովհաննէսեանը, ինչն ինքնին կարող էր նպաստել ոչ իշխանական ուժերի միաւորմանը:
Դրանից յետոյ «Ժառանգութիւն»-ն առաջարկել է, որ ցուցակը գլխաւորի Արմէն Մարտիրոսեանը: Մենք ասել ենք` ճիշդ լուծում չէ` նոյն նկատառումներից ելնելով: Եթէ գնում ենք միասին եւ այս ընտրութիւնները դիտում ենք հանգրուան, պէտք է կուսակցութեան ղեկավարը, առաջնորդը ցուցակը գլխաւորի: Նաեւ ասել ենք` եթէ Րաֆֆի Յովհաննէսեանը ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը պէտք է գլխաւորի ցուցակը: Սա ոչ թէ փառամոլութեան խնդիր է, այլ քաղաքական պայքար տանելու հանգրուան:
Ցաւօք, մեր գործընկերներն այս տարբերակը չընդունեցին:
Այնուհետեւ, մեր նախաձեռնութեամբ, եղան եռակողմ խորհրդակցութիւնները` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգութեան» ներկայացուցիչների մասնակցութեամբ: Այդտեղ էլ մենք նախ կարեւորել ենք, բացատրել, թէ ինչո՛ւ ոչ իշխանական ուժերը պէտք է միասին գնան այս ընտրութիւններին: Մենք ասել ենք` մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի է` 1. ոչ իշխանական ուժերի համատեղ ցուցակը գլխաւորում է Րաֆֆի Յովհաննէսեանը, 2. եթէ ինչ-ինչ պատճառներով նա չի ցանկանում, ապա մեզ համար կարող է քննարկելի, ընդունելի լինել, որ այն գլխաւորի Վարդան Օսկանեանը: ԲՀԿ-ն եւ «Ժառանգութիւնն» այստեղ համաձայնութեան չեկան: Մենք հասկանում ենք երկուսի փաստարկներն էլ եւ քննադատական կամ մեղադրական որեւէ բան չենք ասում: Բնականաբար «Ժառանգութիւնն» մտածում է, որ այսօր ընդդիմութեան հիմնական համախմբման դերակատարը Րաֆֆի Յովհաննէսեանն է, հսկայական ձայներ են հաւաքել եւ իրենք պէտք է լինել առաջինը: ԲՀԿ -ն էլ ասում է, որ սրանք միակ ընտրութիւնները չեն, եղել են խորհրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքները կան, ԱԺ ԲՀԿ-ում ունի 30-ից աւել պատգամաւոր, իսկ «Ժառանգութիւնը»` 3 կամ 5 պատգամաւոր:
Ինչեւէ, դրանից յետոյ մենք նորից ենք շարունակել բանակցութիւնները, «Ժառանգութեան» հետ եւ պնդել մեր համոզումը, մեր տեսակէտը, որ ճիշդը Րաֆֆի Յովհաննէսեանի գլխաւորելն է: Յետոյ, երբ արդէն պարզ էր, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին եւ ցուցակը գլխաւորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, մեզ առաջարկութիւն է եղել` պրն. Յովհաննէսեանն ասում է թող ցանկը գլխաւորի Լիլիթ Գալստեանը: Մենք ասել ենք` Լիլիթ Գալստեանը մեր ընկերուհին է, Երեւանի հարցերով բազմիցս ելոյթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետեւեալն է` սա քաղաքական պայքար է, եւ քաղաքական առաջնորդները պէտք է ղեկավարեն, սա պէտք է լինի քաղաքական, այլ ոչ թէ քաղաքացիական նախաձեռնութիւն: Մենք նորից պնդել ենք մեր առաջարկութիւնը` Րաֆֆի Յովհաննէսեանը գլխաւորի ցուցակը: Բացի այդ, մենք «Ժառանգութեան»-ը նաեւ ասել ենք` մենք յարգում ենք ձեր տեսակէտը, գնահատում ենք Րաֆֆի Յովհաննէսեանի դերը, բայց ոեւէ մէկը չի կարող ՀՅԴ-ին թելադրել, թէ դաշնակցականներից ով լինի ցանկում:
Պրն. Յովհաննէսեանն այսօրուայ իր ասուլիսում ասել է նաեւ, թէ իբր իրենք միակն են, որ վերկուսակցական ցանկ են կազմել, ու վեր են կանգնել նեղ կուսակցական շահերից: Շատ լաւ է, շատ գնահատելի, բայց ոեւէ մէկը նեղ կուսակցական շահերով չի առաջնորդուել, այլ առաջիկայ ընտրութիւնների բնոյթով. սա քաղաքական ուժերի ընտրապայքար է: Երեւանի օրէնքն իր բնոյթով կուսակցութիւնների համամասնական ցուցակների ընտրութիւն է` քաղաքականն ու քաղաքացիականը հակադրելը ճիշդ չէ ու պարկեշտ էլ չէ: Մենք փառամոլութիւնը չենք դրսեւորել, մենք ունեցել ենք յստակ փաստարկներ եւ ինչպէս յարգում ենք իրենց փաստարկները, ակնկալում ենք, պահանջում, որ իրենք էլ յարգեն մեր փաստարկները:
Ցաւօք, ունենք այն, ինչ ունենք: Բայց սա արդէն անցած փուլ է: Հիմա պէտք է կենտրոնանալ, որ ոչ իշխանական ուժերը համախմբուեն օրինական ընտրութիւններ ապահովելու համար եւ մտածեն յետընտրական դաշինք ձեւաւորելու մասին: Բազմիցս ասել եմ նաեւ, որ գուցէ վատ չէ, որ իւրաքանչիւր ուժ առանձին մասնակցի եւ առաւելագոյն ձայներ հաւաքի:
Լիլիթ Գալստեանի հետ կապուած. վստահ եմ` մեր հասարակութիւնը, լրագրողները յիշում են, երբ ակնյայտ է, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին, մամուլում էլ գրուեց, որ մեր ցանկի առաջին համարներից մէկը լինելու է Լիլիթ Գալստեանը, ցաւօք վերջին պահին նա, թերեւս, անձնական, կամ ինչ-որ այլ մօտեցումների պատճառով չհամաձայնեց լինել Դաշնակցութեան ցանկում` փորձելով իրեն հեռու պահել քաղաքական այս պայքարից: Իր անձնական խնդիրն է:

