Յօրինուած Պատմութիւն. Ազրպէյճանը «Ցեղասպանութեան» Արդէն Երկու Տարեթիւ Է Յիշատակում
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ազրպէյճանը վերջին տարիներին «հայերի կողմից ազրպէյճանցի ժողովրդի դէմ իրականացուած ցեղասպանութեան» միանգամից երկու տարեթիւ է յիշատակում` փետրուարի 25-ը եւ մարտի 31-ը: 1992-ի փետրուարի 25-ին արցախեան ուժերը գրոհով վերցրին Ստեփանակերտից մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնուող Խոջալու քաղաքը, որտեղից ամիսներ շարունակ ռմբահարւում էին Արցախի հայկական բնակավայրերը: Պաշտօնական Պաքուն հսկայական միջոցներ է ծախսում եւ պէտք է խոստովանել` կարողացել է միջազգայնօրէն հասարակական կարծիք ձեւաւորել, թէ հայերը Խոջալու բնակավայրում եւ յարակից տարածքներում իրականացրել են խաղաղ ազրպէյճանցիների, այդ թւում` կանանց, ծերերի ու երեխաների ջարդ: Այս հարցում նրանց օգնում է Թուրքիան:
Խոջալուից բացի, պաշտօնական Պաքուն յիշատակում է նաեւ մարտի 31-ը որպէս «ցեղասպանութեան օր»: Նախագահ Հայտար Ալիեւի ղեկավարութեան տարիներին (1993-2003), Պաքուի 1918թ. մարտեան դէպքերը որակուեցին «հայերի կողմից ազրպէյճանցիների դէմ ցեղասպանութիւն»: Ազրպէյճանցիները ներկայումս քարոզում են, թէ հայերն իրենց դէմ ցեղասպանութիւն են իրականացրել 1905-1907, 1917-1920, 1946-1948 եւ 1988-1994 թուականներին: Սփիւռքահայ պատմաբան Արա Սանճեանը ընդգծում է, որ մինչեւ 1990-ականների կէսերը նման որակում չի եղել: Սանճեանի խօսքերով` «արցախեան հակամարտութեան առաջին տարիներին ազրպէյճանցիները եզրակացրին, որ հայ ժողովուրդը երկու տեղ իրենց նկատմամբ առաւելութիւն է վայելում: Առաջինը կազմակերպուած հայկական սփիւռքի գոյութիւնն է, եւ նրանք ներկայումս փորձում են ստեղծել դրան հակակշռելու կոչուած ազրպէյճանական սփիւռք: Պաքւում արդէն հիմնադրուել է ազրպէյճանական սփիւռքի հետ կապերի կոմիտէ: Երկրորդ, չէզոքացնելու համար Հայոց ցեղասպանութեան բարերար դերը աշխարհում հայերի նկատմամբ դրական կարծիք ստեղծելու ուղղութեամբ, ազրպէյճանցիներն այսօր երբեմն նոյնիսկ Թուրքիայից աւելի ոգեւորութեամբ փորձում են ժխտել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, խոչընդոտել վերջինիս միջազգային ճանաչմանը եւ փոխարէնը քարոզել աշխարհին, թէ ազրպէյճանցիներն իրենք են ենթարկուել ցեղասպանութեան հայերի կողմից»:
Հայտար Ալիեւը 1997-ին արձակեց նախագահական հրամանագիր, որով ամէն տարի մարտի 31-ը պէտք է յիշատակուէր որպէս «ազրպէյճանցիների ցեղասպանութեան օր»: Գուցէ հեգնական է, որ տարեթիւը ընտրւում է նախագահական հրամանագրով, սակայն, միւս կողմից, պէտք է գիտակցել, որ Պաքուն միջազգայնօրէն հայերին ու Հայաստանը վարկաբեկելու գործում աննախադէպ արշաւ է ծաւալում, յատկապէս` վերջին երկու-երեք տարիներին: Նաւթային եկամուտներից սնուող «Հայտար Ալիեւի հիմնադրամ»-ը, որը ղեկավարում են Իլհամ Ալիեւի կինն ու դուստրը, մարտի 31-ի եւ Խոջալուի դէպքերի առիթով ամէն տարի կազմակերպում է տասնեակ միջոցառումներ ինչպէս Ազրպէյճանում, այնպէս էլ աշխարհի կարեւորագոյն երկրներում եւ մայրաքաղաքներում:
Խոջալուի մասին շատ է գրուել: Անդրադառնանք 1918-ի մարտեան դէպքերին: 1918-ի փետրուարին Պաքուի նահանգի մի շարք վայրերում բռնկուեցին հայ-թաթարական (ազրպէյճանական) բախումներ, որոնք կարճ ժամանակ անց վերածուեցին արիւնահեղութեան: Բախումներն ունէին երկու հիմնական կողմ` Ստեփան Շահումեանի Պաքուի Սովետը եւ Մուսաւաթը: Շահումեանին միացել էին հայկական ջոկատները, որոնց կորիզը կազմում էր ՀՅԴ-ն, իսկ Մուսաւաթին` «վայրենի տիվիզիան»: Վերջինիս կորիզը կազմում էին Չեչենիայի, Տաղստանի ու Անդրկասպեան թուրքական ցեղերի կամաւորները:
Ապրիլի 13-ին Պաքուից Մոսկուա` Լենինին ու միւս պոլշեւիկներին ուղարկած նամակում Շահումեանը գրում է. «Պաքւում երեք օր շարունակ կատաղի մարտեր էին գնում: Կռւում էին մի կողմից` խորհրդային կարմիր գվարդիան, կարմիր ինտերնացիոնալ բանակը, մեր կողմից կազմակերպուած կարմիր նաւատորմի հետ միասին եւ հայկական ազգային զօրամասերը, միւս կողմից` մուսուլմանական «վայրենի տիվիզիան», որի կազմում քիչ չեն ռուս սպաները, եւ Մուսաւաթի զինուած մուսուլմանների պանտաները: Երկու կողմից մարտերին մասնակցել են աւելի քան 20 հազար մարդ: Արդիւնքները մեզ համար փայլուն են: Թշնամու ջախջախումը լիակատար էր: Երկու կողմերից սպանուածների թիւը երեք հազարից աւելի է»:
Ազրպէյճանական աղբիւրները սպանուածների թիւը հասցնում են աւելի քան 12 հազարի: Հէնց այդ թիւն է ներկայացրել 1919 թ. Փարիզ մեկնած ազրպէյճանական պատուիրակութիւնը, որը մասնակցում էր Ա. Աշխարհամարտի աւարտից յետոյ գումարուած Խաղաղութեան վեհաժողովին: Մուսաւաթական առաջնորդները սպանութիւնների համար մեղադրեցին պոլշեւիկ-դաշնակցական ուժերին:
Ահա սա է 1918-ին տեղի ունեցածը, որը հարիւր տարի անց Ազրպէյճանի պատմագրութիւնը եւ քարոզչութիւնը ներկայացնում է որպէս «հայերի կողմից իրականացուած ցեղասպանութիւն»:
1918 թ. մայիսի 23-ին Շահումեանը Լենինին հեռագրում եւ զգուշացնում է թուրքական զօրքերի դէպի Պաքու արշաւանքի վտանգի մասին: Մայիսի վերջերին Սարդարապատում եւ Բաշ Ապարանում պարտութիւն կրելուց եւ մի քանի հազար զինուոր կորցնելուց յետոյ, յունիսի կէսերին թուրքերը կենտրոնացան Գանձակում, որտեղ հաստատուել էր Ազրպէյճանի մուսաւաթական հանրապետութեան կառավարութիւնը: Էնվէր փաշայի եղբայր Նուրի փաշայի շուրջ 7000 հոգանոց զօրքին Գանձակում միացաւ Միւրսել պէյի տիվիզիան: Յունիսի կէսերից յետոյ թուրքերն ու թաթարները, ինչպէս նաեւ «վայրենի տիվիզիայի» մնացորդները ընդգրկուեցին «իսլամի բանակի» կազմում, որը հաշւուում էր շուրջ 20 հազար: Նրանք պատրաստւում էին արշաւել դէպի Պաքու:
Թուրքերի ճնշման տակ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը 1918-ի յունիսի 10-ին Պաքու էր գործուղել Մարտիրոս Յարութիւնեանին եւ Միքայէլ Արզումանեանին, որպէսզի հայերը չմասնակցէին թուրքական բանակի դէմ սպասուող մարտերին: Սակայն Պաքւում գտնուող հայերն անտեսում են Թիֆլիսից ստացուած յորդորը եւ արդէն յունիսի 12-ին գրաւում են Գանձակից մօտ 150 քմ դէպի արեւելք գտնուող Քիւրդամիր կայարանը: Յունիսի վերջերին թուրքերն անցնում են հակագրոհի, առաջ շարժւում դէպի Պաքու. հայերը տալիս են աւելի քան 1500 զոհ եւ վիրաւոր: Յուլիսի վերջերին Շահումեանը հերթական օգնութիւն է խնդրում Լենինից, բայց վերջինս որեւէ խոստում չի տալիս: Պաքուի Սովետն ընկնում է:
Յուլիսի վերջերից թուրք-թաթարական զօրքերի առաւելութիւնը դարձաւ ակնյայտ: Պաքուի Հայոց ազգային խորհուրդը թուրքերի արեւելեան ճակատի պետ Միւրսել պէյից ստացաւ գրութիւն, որով առաջարկւում էր քաղաքը յանձնել առանց կռուի: Յուլիսի վերջերին թուրքերն արդէն Պաքուի մերձակայքում էին: Օգոստոսի սկզբին թուրքերը անցան կատաղի յարձակման: Կռիւների ժամանակ սպանուածների մէջ էր Սեբաստացի Մուրատը:
1918-ի աշնանը թաթարները վրէժխնդիր եղան մարտեան դէպքերի համար: Սեպտեմբերի 13-ի առաւօտեան մօտ 3000 թուրքեր եւ տեղացի մահմետականներ սկսեցին Պաքուի գրոհը: Սեպտեմբերի 15-ի առաւօտեան Հայոց ազգային խորհրդի անդամները, ինքնապաշտպանութեան կազմակերպիչներն ու ղեկավարները, զինուորներն ու բնակչութեան մի զգալի մասը նաւերով հեռացան Պաքուից: Սիմոն Վրացեանի խօսքերով` «վերջին նաւ նստողն էր Պաքուի հերոսամարտի ոգին` Ռոստոմը, մռայլ, ընկճուած ու յուսաբեկ: Իսկ քաղաքում այդ ժամանակ սկսւում է մեծ եղեռնը: Երեք օր շարունակ կատարուեց սպանութիւն, թալան, բռնաբարութիւն եւ աննկարագրելի գազանութիւն»:
Պաքուի շուրջ 70 հազար հայերի մի մասը միայն փրկուեց: Սպանուած հայերի թիւը առնուազն ինը հազար էր: Հայկական որոշ աղբիւրներ նշում են 17 հազար սպանուած հայերի մասին:
Յատուկ «Ազդակ»-ի համար

