Յայտարարութիւն

Այսօր` ապրիլի 2-ի առաւօտեան, աշխատավայրի դիմաց ահաբեկչութեան զոհ է դարձել Պռօշեան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադեանը: Տեղի է ունեցել կանխամտածուած ու ծրագրուած սպանութիւն: Ակնյայտ է նաեւ, որ, անկախ կատարողներից, ոճրագործութիւնը անպատժելիութեան եւ անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք է:

Հրաչ Մուրադեանը հաւատաւոր դաշնակցական էր, Արցախեան ազատամարտի առաջին օրերից մինչեւ աւարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել: Պարգեւատրուել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի եւ հայրենիքի պաշտպանութեան համար բազմաթիւ մետալներով: 2005-ից երեք անգամ անընդմէջ ընտրուելով գիւղապետ` նա դրսեւորել էր իրեն որպէս օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռօշեանցիների բազմաթիւ խնդիրների լուծմանը:

Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրոյն եւ ժողովրդի շահերով առաջնորդուող անհատականութիւն` Հրաչ Մուրադեանը վայելում էր համագիւղացիների սէրն ու համակրանքը: Դա յարուցում էր ոմանց ակնյայտ դժգոհութիւնը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապէս փորձ է արուել լարուածութիւն ստեղծել: Բազմիցս դրսեւորուած սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջոյ, հասցրեցին այս վախճանին:

Ցաւով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխաւորուած չէ քաղաքացու անվտանգութիւնը, յանցաւոր գործելակերպը մեր կեանքի անբաժանելի մաս է կազմում: Հրաչ Մուրադեանի կեանքը խլած դաւադիր գնդակը ուղղուած էր ոչ միայն ազնուագոյն հայի եւ համայնքի սրտացաւ ղեկավարի, այլեւ հայոց պետականութեան եւ նրա վարկի դէմ: Դատապարտելով կատարուած ոճրագործութիւնը ՀՅ Դաշնակցութիւնը պահանջում է յանցագործութեան արագ եւ լիարժէք բացայայտում` կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագոյն պատժի կիրառում:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

2 ապրիլ, 2013

Share this Article
CATEGORIES