Ստեփան Աշոտի Քոչարեան (1928 – 1997)

Յայտնի միջազգայնագէտ, մտաւորական, քաղաքական մեկնաբան, գիտնական, դասախօս, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր  Ստեփան Քոչարեանը ապրիլի 14-ին կը դառնար 85 տարեկան: Ցաւօք, կեանքից շուտ հեռացաւ` 69 տարեկան հասակում: Դպրոցն աւարտել էր ոսկէ մետալով: Երեւանի Պետական համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի 1951թ. լաւագոյն շրջանաւարտներից էր: 1951-54թթ. մինչեւ թեկնածուական թեզը պաշտպանելը սովորել էր Մոսկուայում` Պետական համալսարանի փիլիսոփայական բաժանմունքի ասպիրանտուրայում: Դոկտորականը` «Պատերազմի եւ խաղաղութեան դիալեկտիկան եւ արդիականութիւնը» թեմայով պաշտպանեց 1970թ. Երեւանում:  Շուրջ 40 տարի ղեկավարել է Հայաստանի տարբեր բարձրագոյն հաստատութիւնների հասարակական գիտութիւնների ամպիոնները: 1986-89 թթ. ղեկավարել է Հայաստանի բարձրագոյն կրթութեան նախարարութեան հասարակական գիտութիւնների դասաւանդման վարչութիւնը:  Արժանացել է մի շարք  պարգեւների եւ մետալների  Խորհրդային Հայաստանի իշխանութիւնների կողմից:

Մեծ հայրենասէր էր, իր աշխատասիրութեամբ եւ նուիրուածութեամբ օրինակելի անձնաւորութիւն մատաղ սերնդի համար: Երազում էր անկախ, ազատ Հայաստանի մասին:  Չնայած հետապնդող հիւանդութիւններին, կեանքի մինչեւ վերջին օրերը տպագրւում էր, ելոյթներ ունենում եւ դասաւանդում փիլիսոփայութիւն եւ միջազգային յարաբերութիւններ Հայաստանի բաց համալսարանում:  Տարիներ շարունակ մինչեւ 1990 թ. Հայաստանի հեռուստատեսութեան 1-ին ծրագրով  վարում էր «Միջազգային համայնապատկեր» հաղորդումը: Հեռուստադիտողներին, ռատիոունկնդիրներին, ուսանողական  լսարաններին հմայում եւ գերում էր իր բարձր հռետորական արուեստով, խորը վերլուծութիւններով եւ մեկնաբանութիւններով, վերին աստիճանի մաքուր եւ գեղեցիկ հայերէնով: Հպարտանում էր հայ ժողովրդի իւրաքանչիւր յաջողութիւնով եւ յաղթանակով` արձանագրուած գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ասպարէզներում: Ցնծութիւն եւ երջանկութիւն  ապրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի յաղթանակների եւ Հայաստանում անկախութիւն հռչակելու օրերին: Դեռ երիտասարդ տարիներից աչքի են ընկնում անասելի աշխատանքային արդիւնաւէտութեամբ, խորը գիտելիքներով եւ պատրաստուածութեամբ:

Նրա միջազգային յարաբերութիւններին վերաբերող բազմաթիւ յօդուածներ տպագրուեցին  հայաստանեան թերթերում եւ ամսագրերում: Ստեփան Քոչարեանի հասարակայնութեան համար բաց դասախօսութիւնները կազմակերպւում էին Հայաստանի տարբեր շրջաններում` քաղաքներում եւ գիւղերում, ուսումնական հաստատութիւններում, մշակոյթի կենտրոններում եւ ակումբներում: Մեծ ժողովրդական հեղինակութիւն էր վայելում: Ամէնուրեք ճանաչում էին, մօտենում, հարցեր տալիս, խնդրում պարզաբանումներ եւ բացատրութիւններ: Չէր զլանում, հաճոյք էր ստանում իւրաքանչիւրի հետ շփումից: Տաղանդաւոր անձնաւորութիւն էր` նուագում էր մի քանի երաժշտական գործիքների վրայ, տիրապետում էր ֆրանսերէն, սպաներէն, ռուսերէն լեզուներին: Մեծ հայրենասէր էր,  սիրում էր դիտել Երեւանի «Արարատ»-ի մասնակցութեամբ ֆութպոլային խաղերը: Երիտասարդ տարիներին  իրեն փորձեց անգամ ֆութպոլային մեկնաբանի դերում, հիմք դնելով ապագայ դասախօսական արուեստին:  Քուպայում, ուր միայն մէկ տարի աշխատեց Սանթիակօ տէ Քուպայի համալսարանում, դասախօսութիւնները կարդում էր սպաներէն եւ ռուսերէն լեզուներով:

Բազմաթիւ մենագրութիւնների, միջազգային յարաբերութիւններին, մասնաւորապէս պատերազմի եւ խաղաղութեան խնդիրներին նուիրուած  գիտական  յօդուածների եւ աշխատութիւնների հեղինակ էր: Վարում էր մեծածաւալ հասարակական աշխատանք  «Գիտելիք» ընկերութիւնում, Հանրապետութեան շրջաններում: Գործընկերները, հարազատները, հազարաւոր ուսանողներն ու ունկնդիրները յիշում եւ բարձր են գնահատում Ստեփան Քոչարեանի անկրկնելի հռետորական դասախօսական արուեստը, բովանդակալից եւ ինքնատիպ վառ ելոյթները, դասախօսութիւններն ու քաղաքական մեկնաբանութիւնները, անմոռանալի եւ սուր հումորը,  շիտակ եւ ազնուագոյն բնաւորութիւնը, սկզբունքայնութիւնն ու բծախնդրութիւնը  աշխատանքի եւ հայրենիքի հանդէպ ունեցած բարձր պատասխանատուութիւնն ու նուիրուածութիւնը:

ԲԱՐԵԿԱՄ ՄԸ

Share this Article
CATEGORIES