Օտարալեզու Դպրոցի Փոխարէն` Արեւմտահայ Դպրոց. Արեւմտահայերէնի Պաշտպանութեան Եւ Զարգացման Վայրը Հայաստանն Է

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայոց ցեղասպանութեան պատճառով հայ ժողովուրդը կորցրեց մէկուկէս միլիոն մարդ, հարիւրաւոր եկեղեցիներ ու վանքեր, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագոյն մասն ու երեքհազարամեայ մի ողջ քաղաքակրթութիւն: Արեւմտահայ լեզուն, որի կրողների մեծ մասը զոհ գնաց թուրքական եաթաղանին, շարունակեց ապրել ու զարգանալ հիմնականում այն վայրերում, որտեղ հաստատուեցին Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերը: Հալէպում, Պէյրութում, Գահիրէում ու բազմաթիւ այլ քաղաքներում ու գիւղերում հայրենազուրկ հայութիւնը կառուցեց դպրոցներ ու եկեղեցիներ, հրատարակեց թերթեր ու գրքեր: Եթէ 1920-ական թթ. սկզբներին խորհրդայնացուած Հայաստանում անցում կատարուեց աբեղեանական ուղղագրութեան, ապա սփիւռքում պահպանուեց մեսրոպեան կամ դասական ուղղագրութիւնը, իսկ հայկական դպրոցներում ուսումը շարունակուեց արեւմտահայերէնով:

Հարիւր տարուայ ընթացքում արեւմտահայերէնով ստեղծուել է ծով գրականութիւն, հազարաւոր հայեր կրթութիւն են ստացել ու շարունակում են ստանալ հէնց արեւմտահայերէնով, տպագրուել ու տպագրւում են օրաթերթեր, հանդէսներ, գրքեր: Սրա հետ մէկտեղ` արեւմտահայերէնը վերջին տասնամեակներում նահանջ է ապրել սփիւռքի գրեթէ բոլոր գաղթօճախներում, անգամ` Սուրիայում ու Լիբանանում: Շատերը սա համարում են բնական երեւոյթ` պնդելով, որ երկարաժամկէտ առումով մայրենի լեզուն, գիրն ու գրականութիւնը, աւանդոյթներն ու սովորոյթները հնարաւոր է պահպանել միայն անկախ պետականութիւն կամ պետականութեան որոշակի մակարդակ (օրինակ` Խորհրդային Հայաստանը) ունենալու դէպքում:

2010 թուականին ԵՈՒՆԵՍՔՕ-ն արեւմտահայերէնը դասեց աշխարհի վտանգուած լեզուների շարքում: Յատկապէս վերջին շրջանում սփիւռքի հայկական կազմակերպութիւնները, որոնք տասնամեակներ եղել են արեւմտահայերէնի պահպանութեան ու զարգացման ջահակիրները, իրենց գրագրութիւններում եւ այլ գործառնութիւններում սկսել են անցնել երկլեզուութեանը` աւելի ու աւելի շատ հակուելով այն լեզուին, որը իրենց պետութեան մէջ համարւում է պաշտօնական: Բազմաթիւ հետազօտութիւններ ցոյց են տալիս, որ սփիւռքում հայկական դպրոցներ յաճախող երեխաների թիւը կտրուկ անկում է ապրում: Թւում է` այս միտումը անշրջելի է:

Լեզուն ազգի պահպանութեան հիմնական, ես կը պնդէի, միակ միջոցն է: Դու անգամ կարող ես դաւանել այլ կրօն, բայց շարունակում ես հայ մնալ, քանի դեռ խօսում ես հայերէն, քո լեզուամտածողութիւնը հայերէնով է:

Արեւմտահայերէնի պահպանութեան ու զարգացման գործում մեծ աւանդ են ունեցել առաջին հերթին Սուրիոյ ու Լիբանանի, իսկ աւելի վաղ` Եգիպտոսի ու մի քանի այլ երկրներում հաստատուած հայ համայնքները: Հալէպը, Պէյրութը, Գահիրէն եղել են հայ գրատպութեան կարեւորագոյն կենտրոններ: Այսօր Մերձաւոր Արեւելքը ցնցումների մէջ է, քրիստոնեաները, այդ թւում` հայերը, զանգուածաբար հեռանում են այլ երկրներ: Ոչ վաղ անցեալի պատմութիւնը յուշում է, որ Եւրոպա ու Ամերիկա տեղափոխուած հայութեան երկրորդ, երրորդ սերունդները մոռանում են հայերէնը եւ ձուլւում: Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի, Եւրոպայի երկրներում հայութեան թիւը հաւանաբար երեք միլիոնի սահմաններում է, սակայն նրանց մեծագոյն մասը չի խօսում հայերէնով կամ նախընտրում է խօսել տուեալ երկրի լեզուով, նրանց երեխաների մեծագոյն մասը չի յաճախում հայկական դպրոց:

Այո, այսօր էլ, բարեբախտաբար, այդ գաղթօճախներում կան հայկական դպրոցներ: Մեծ զոհողութիւններով ու դժուարութիւններով շարունակւում են տպուել թերթեր, արեւմտահայերէնով շարունակւում է ստեղծուել լաւ գրականութիւն, տպագրւում են արժէքաւոր գրքեր ու  հետազօտութիւններ, սակայն միտումները մտահոգիչ են:

Բարեբախտաբար այսօր ունենք Հայաստանի Հանրապետութիւն: Այո՛ այդ հանրապետութիւնը ունի բազմաթիւ դժուարութիւններ, դիմակայում է մարտահրաւէրների, այդ երկրում կան անարդարութիւններ ու ընկերային անհաւասարութիւն, այդ երկրի  իշխանական վերնախաւը կենտրոնացած է իր համար հարստութիւն դիզելով` փոխանակ արտագաղթի առաջն առնելու:

Հայաստանում տեսանելի արտագաղթի կողքին կայ նաեւ ներգաղթ, ճիշդ է` շատ փոքր ծաւալներով, գուցէ` պարտադրուած ներգաղթ: Երբ տասը տարի առաջ Իրաքն ընկաւ ցնցումների, պատերազմի ու ահաբեկչութիւնների մէջ, իրաքահայութեան մի հատուած եկաւ Հայաստան: Սակայն կարճ ժամանակ անց նրանց մեծագոյն մասը հեռացաւ հայրենիքից:

Այսօր Սուրիան է յայտնուել ցնցումների, պատերազմի ու ահաբեկչութիւնների մէջ: Սուրիահայերի մի հատուած ապաստան է գտել հայրենիքում, սակայն եթէ ձեռք չառնուեն անհրաժեշտ միջոցառումներ, ապա նրանք եւս, կամ` նրանց մեծ մասը, արտագաղթելու է Արեւմուտք:

Այո՛, պէտք է հասկանալ, որ Հայաստանը այսօր ի վիճակի չէ իտէալական պայմաններ ապահովել սուրիահայերի եւ ընդհանրապէս այն սփիւռքահայերի համար, ովքեր կը ցանկանային ներգաղթել: Սակայն Հայաստանը կարող է եւ պարտաւոր է ստեղծել պայմաններ, որոնց առկայութեան դէպքում միայն սուրիահայերը կամ նրանց մի հատուածը վստահաբար կը հաստատուի Երեւանում, Հայաստանի ու Արցախի այլ քաղաքներում:

Իւրաքանչիւր սփիւռքահայ ընտանիքի համար, ով Հայոց ցեղասպանութիւնից ու հայրենազրկումից յետոյ օտար վայրերում իր հայ ինքնութիւնը տասնամեակներ պահպանել է լեզուի շնորհիւ, շատ կարեւոր է իր երեխաներին ուսման տալ այնպիսի դպրոցում, որտեղ դասաւանդւում է արեւմտահայերէնը` մեսրոպեան ուղղագրութեամբ:

Հայաստանի իշխանութիւնները մի քանի տարի առաջ յանդգնութիւն ունեցան կանաչ լոյս վառել օտարալեզու դպրոցներ բացելու ճանապարհին: Ի՞նչն է խանգարում, որպէսզի այսօր բացուեն մի քանի դպրոցներ, որտեղ ուսուցումը,  առաջինից մինչեւ վերջին դասարան, կը լինի արեւմտահայերէնով եւ մեսրոպեան ուղղագրութեամբ: Չէ՞  որ դրա պահանջը այսօր կայ Հայաստանում: Աւելի՛ն. նման դպրոցների բացումը կարող է ճանապարհ բացել այն սփիւռքահայ ընտանիքների համար, ովքեր իրենց ապագան պատկերացնում են Հայաստանում:

Այսօր ժամանակն է նաեւ, որպէսզի Հայաստանում տպագրուի օրաթերթ արեւմտահայերէնով ու դասական ուղղագրութեամբ: Հայաստանում կան բազմաթիւ համալսարաններ, որտեղ ուսուցման լեզուն արեւելահայերէնն է: Հնարաւոր չէ՞ եւ կամ ինչո՞ւ չունենալ մի համալսարան ու կից հայագիտական կենտրոն, որտեղ ուսուցումը կը լինի արեւմտահայերէնով ու դասական` մեսրոպեան ուղղագրութեամբ:

Սրանք քայլերն են, որոնք կարող են խթանել սփիւռքահայերի ներգաղթը, աւելի առարկայական հիմքերի վրայ դնել Հայաստան-սփիւռք կապերը, ինչպէս նաեւ` ջանքեր թափել ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից աշխարհի վտանգուած լեզուների շարքին դասուած արեւմտահայերէնի կեանքը երկարացնելու ու փրկելու ուղղութեամբ:

Հասկանալի է, որ արեւմտահայերէնի պահպանութեան ու զարգացման իտէալական ու բնական վայրն Արեւմտեան Հայաստանն է, որը, ցաւալիօրէն, մենք կորցրել ենք:

Յատուկ «Ազդակ»-ի համար   

 

Share this Article
CATEGORIES