Ջաւախքեան Զարգացումներ. Ներկայացնում Է Վահէ Սարգսեանը

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

«Օրերս Ախալքալաքի շրջանային ժողովը միաձայն քուէարկութեամբ ընդունեց որոշում` պաշտօնապէս դիմել երկրի խորհրդարան «ՏԵՂԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ» (Սթրազպուրկ, 05.11.1992) վաւերացնելու պահանջով: Ախալքալաքի օրէնսդիր մարմնի երկար սպասուած եւ միանգամայն ողջունելի այս քայլն իրապէս շրջադարձային նշանակութիւն կարող է ունենալ եւ ջաւախահայութեան կեանքում, եւ Վրաստանի ժողովրդավարացման ճանապարհին:

Գործընթացին առաւել լայն թափ հաղորդելու եւ խորհրդարանի կողմից այն շուտափոյթ ընդունելու համար հարկ է, որ Ախալքալաքի ժողովի այս քայլին հետեւեն նաեւ Սամցխէ-ջաւախք-ծալկայի բոլոր շրջանների ժողովները: Ինչեւէ: Սկիզբը խոստումնալից է, մանաւանդ որ Վրաստանի իշխող քաղաքական ուժի` Ախալքալաքի ժողովում ներկայացուած անդամների այս նախաձեռնութեանը միացել են նաեւ մնացեալ բոլոր, այդ թւում` ընդդիմադիր պատգամաւորները: Իրականում այս գործընթացի սկիզբն այնքան էլ նոր չէ եւ ունի շուրջ 25-ամեայ պատմութիւն: Ելնելով սկսեալ գործընթացի յոյժ կարեւորութիւնից, հարկ ենք համարում հանրութեան առաւել լայն շերտերին հասու դարձնել Ջաւախքի տարածաշրջանում հայերէնին կարգավիճակի շնորհման ողջ պատմութիւնը: Սրանով մենք կ՛օգնենք բոլորին` տեղեկանալու նախորդ գործընթացների մանրամասներին, դրանով նաեւ սրբագրել այն բոլոր էական ու ճակատագրական բացթողումները, որոնք հանդիսացել են այս ոլորտում առկայ ձախողումների պատճառ:

Եւ այսպէս` Սամցխէ-Ջաւախք-Ծալկայ (Ջաւախք) տարածաշրջան. ինչո՞ւ գոյութիւն չունի հայոց լեզուն` որպէս տարածաշրջանում երկրորդ պետական լեզու (յօդուածի առաւել ծաւալուն եւ գիտական տարբերակին հնարաւոր է ծանօթանալ մեր կողմից 2009 թ. հրատարակուած «Ջաւախքը 1988-2008 թթ.» գրքում):

Ներկայումս Վրաստանի կազմում գտնուող Սամցխե-Ջաւախք-Ծալկայ (այսուհետ` Ջաւախք) հայկական տարածաշրջանում առկայ հիմնախնդիրների մեծ մասը բխում են այն իրողութիւնից, որ մինչ օրս այս տարածաշրջանը պետական լեզուի` վրացերէնի կողքին չի կարողանում իր մայրենի հայոց լեզուն գործածել որպէս երկրորդ պաշտօնական լեզու: Քաղաքական այս խնդրի լուծուած չլինելը տարածաշրջանի բնակչութեան համար մշտապէս հանդիսացել է գործազրկութեան եւ այստեղից բխող` արտագաղթի, երկրի հասարակական-քաղաքական կեանքից մեկուսացուած լինելու, ուսանողութեան շրջանում` սեփական հայրենիքում աշխատանք գտնելու յոյսի կորստի, սեփական` հայկական մշակոյթից ու ազգային ինքնութիւնից հետզհետէ հեռացման եւ բազմապիսի այլ չարիքների աղբիւր: Վրաստանը դեռ 1990-ական թուականներից` Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի ինքնորոշումից եւ դրան յաջորդող` փաստացի եւ իրաւական անկախութեան ձեռքբերումներից սարսափահար, լսել անգամ չի ուզում հայերի եւ ազրպէյճանցիների շրջանում որոշակի ազգային «արտօնութիւնների» մասին, ինչպիսին, օրինակ, լեզուի կարգավիճակի տրամադրման հարցն է: Վրաստանն այս քայլով կանխում է նաեւ իր կազմում ներառուած բազմաթիւ ենթացեղերի (մեկրելներ, սուաններ եւ այլն), այս հողի վրայ հնարաւոր զարթօնքները:

Ջաւախքի տարածաշրջանում, որպէս հայապատկան տարածաշրջան, առաւել սուր հետեւանքներ են թողել վրացական մշակոյթի ու լեզուի արհեստական տարածման տարբեր դրսեւորումները: Ջաւախքից այս ամէնին «արձագանգել են» դեռ 1980-ական թուականներից. այսպէս, 31.07.1989 թուագրմամբ Ախալքալաք քաղաքից եւ համանուն շրջանի գիւղերից բնակչութիւնը դիմում-պահանջագիր է յղել նոյն շրջանի շրջկոմի քարտուղար Մ. Ֆիդանեանին (դիմումին հետեւում է շուրջ 216 ստորագրութիւն), որի մէջ, ի շարս այլոց, նշւում է. «…պահանջում ենք մեր ներքոյիշեալ պահանջները ներկայացնել վրացական կառավարութեանը. …բ) օրինականացնել եւ այս ուսումնական տարում մտցնել հայ ժողովրդի պատմութեան ուսուցումը հայկական դպրոցներում»:

Այս ընթացքում Ջաւախքում ծնունդ առած «Ջաւախք» կոմիտէ, Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում», «Ջաւախք» ժողովրդական շարժում անուններով կազմակերպութիւնը, որը հետագայում (մինչեւ 1990-ական թթ. կէսերը) էական դերակատարութիւն էր ունենալու տարածաշրջանի քաղաքական կեանքում, իր ծրագրերում եւ որդեգրած մարտավարութեան մէջ տեղ էր յատկացրել ազգային ինքնութեան պահպանման խնդրին, որի մէջ գլխաւոր տեղը յատկացուած էր հայոց լեզուի կարգավիճակի եւ հայոց պատմութեան ուսուցման խնդիրներին:

Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերութեան Կանոնադրութեան «Ընկերութեան նպատակներն ու խնդիրները» գլխի Ա կէտում նշւում է. «Բարձրացնել շրջանի բնակչութեան մշակութային մակարդակը, ժողովրդականացնել մեր երկրի ժողովուրդների եւ համաշխարհային մշակոյթների նուաճումները` առանձնապէս ուշադրութիւն դարձնելով հայոց լեզուի եւ հայ մշակոյթի քարոզչութեանը` որպէս մեծամասնութիւն կազմող ժողովրդի լեզուի եւ մշակոյթի…»:

1990թ. յունուարի 27-ին, առաջին խորհրդաժողովի ժամանակ «Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերութիւնը», վերափոխուելով «Ջաւախք» ժողովրդական շարժման, իր նոր ընդունած ծրագրում նշում է հետեւեալը. «Մեր շարժումն աստիճանաբար աւելի միասնական է դառնում, հոգեպէս, բարոյապէս եւ գաղափարապէս հասունանում եւ ամրապնդւում է պայքարում, որի հիմնական նպատակն է Ախալքալաքի սարահարթում ընդմիշտ պահել ու պահպանել ազգային գիրն ու լեզուն, երաժշտութիւնն ու արուեստը, գրականութիւնն ու կենցաղային սովորոյթները, նպաստել շրջանի տնտեսական, ընկերային, մշակութային ու կենցաղային զարգացմանը… …մեր ժողովրդի գոյատեւման ու հոգեւոր զարգացման երաշխիքը եղել եւ մնում է հայոց լեզուն: Առանց մայրենի լեզուի` հայ ազգը դատապարտուած է»:

«Ջաւախք» ժողովրդական շարժման առաջին խորհրդաժողով ընդունուեցին մի շարք բանաձեւեր, որոնցից խնդրոյ առարկայ թեմային են առնչւում հետեւեալները. «Կազմակերպութիւնը կարեւորագոյն համազգային հարց է համարում ազգային դպրոցներում հարազատ ժողովրդի պատմութիւնը սովորելը: Այս առումով պէտք է անբաւարար համարել պայքարը, որը ծաւալուել էր շրջանում եւ հայկական դպրոցների ուսումնական ծրագրում հայ ժողովրդի պատմութեան դասընթաց մտցնելու եւ համապատասխան ուսումնական ձեռնարկներ հայթայթելու համար: Այդ պայքարը հարկաւոր է շարունակել ու հասցնել ցանկալի արդիւնքի»:

«Ջաւախք» ժողովրդական շարժմանը կից ստեղծուած տարբեր յանձնաժողովներից` մշակոյթի պահպանման, մարմնակրթանքի եւ մարզաձեւերի յանձնաժողովը եւս ունէր բաւականին հետաքրքրական ծրագրեր. «…շրջանի կուսակցական ու խորհրդային մարմինների միջոցով հասնել այն բանին, որ հայկական դպրոցների համար ընդունուած ուսումնական պլանում Վր. ԽՍՀ ժողկրթնախարարութիւնը նախատեսնի հայ ժողովրդի պատմութեան համար դասագրքեր, եւ ոչ թէ (դասագործընթացն ընթանայ միայն` Վ. Ս.) Վրաստանի ժողկրթնախարարութիւնը դասագրքերով»:

«Ջաւախք» ժողովրդական շարժման առաջին խորհրդաժողովից (1990թ. յունուարի 27) շուրջ կէս տարի անց` 1990թ. յուլիսին, Ջաւախքում (ք. Ախալքալաքում) ստեղծուեց Վրաստանում գործող հայկական հասարակական ու բարեգործական միութիւնների ու կազմակերպութիւնների համակարգող խորհուրդ, որի մէջ մտան շուրջ երկու տասնեակ կազմակերպութիւններ: Նորաստեղծ կազմակերպութեան նպատակներից էր, ի շարս այլոց, «… – հասնել Վրաստանում գործող հայ դպրոցը, հայ ազգաբնակչութեան հոգեւոր մշակութային կեանքը ինքնուրոյնաբար տնօրինելու սահմանադրական իրաւունքի…»:

1991 թ. Վրաստանի անկախութեան հռչակումից, անմիջապէս յետոյ Ջաւախք տարածաշրջանի բնակչութեան թիւ մէկ խնդիրներից էր նորանկախ Վրաստանի իշխանութիւնների կողմից գործադրուող լեզուի մասին օրէնքից ձերբազատուելը, որով հասարակական բոլոր ոլորտներում պարտադրւում էր վրացերէնի գործածումը: Այդ օրէնքի 13-րդ յօդուածում, օրինակ, նշւում էր, որ դատավարութիւնը պէտք է լինի վրացերէն լեզուով: Տարածաշրջանի բնակչութիւնը բազմիցս դիմում-բողոքներ յղեց այս «ապօրինի» օրէնքի դէմ` պատճառաբանելով, որ բնակչութեան գերակշիռ մեծամասնութիւնը չի տիրապետում վրացերէն լեզուին: Բողոքների մէջ պահանջւում էր նաեւ, որպէսզի դպրոցական ծրագրի մէջ մտցնեն հայոց լեզու եւ հայոց պատմութիւն առարկաները: Վրաստանի Գերագոյն խորհուրդը տարածաշրջանի հայ բնակչութեան այս բոլոր հայցադիմումները բաւարարեց «մասնակիօրէն». 1991թ. յուլիսի 25-ին Վրաստանի Գերագոյն խորհրդի որոշումով «պարզաբանում» մտցուեց Վրաստանի սահմանադրութեան 75-րդ յօդուածի կէտերի վերաբերեալ: Որոշումով «բացատրւում էր». «… Վրաստանի սահմանադրութեան 74-րդ յօդուածով Վրաստանի ողջ տարածքում պետական լեզուն վրացերէնն է: Ըստ այդմ, պետական, հասարակական օրկաններում, կրթական, մշակութային եւ լուսաւորչական այլ կազմակերպութիւններում որպէս պետական լեզու օգտագործւում է վրացերէնը: Միաժամանակ, 75-րդ յօդուածի 3-րդ կէտով վերոնշեալ կազմակերպութիւնները ազատօրէն կարող են օգտագործել այն լեզուները, որն օգտագործում է տեղի բնակչութիւնը: Սահմանադրութեան այս կէտի հիման վրայ պետական եւ հասարակական կազմակերպութիւններում, մշակութային-լուսաւորական եւ այլ տեղերում վրաց լեզուի շարքում կարող են օգտագործուել նաեւ ռուսերէն եւ հայերէն լեզուները»:

1990-ական թթ. Ջաւախք տարածաշրջանում զգալիօրէն թուլացած եւ գրեթէ իր գոյութեան մայրամուտն ապրող «Ջաւախք» ժողովրդական շարժումը, վերջինիս հետ նաեւ` մեծ ու փոքր այլ հասարակական կազմակերպութիւններ (այդպիսիներից էին` «Դեմոկրատների միութիւնը», «Սուրբ Խաչը», «Կանաչների միութիւնը», «Օտան», «Ձայն Ջաւախքին», «Արշալոյսը», «Ժողովրդավարական միութիւնը», «Վրաստանի քաղաքացիների համերաշխութեան միութիւնը», «Փարուանա» «Շարլ Ազնաւուր» կազմակերպութիւնները), այլեւս ի վիճակի չէին հասնելու ինչ-ինչ յաջողութիւնների: Ի սկզբանէ չունենալով գործունէութեան հայեցակարգ եւ Վրաստանին միասնաբար առաջադրուող պահանջներ` Ջաւախք տարածաշրջանի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնները այդպէս էլ չհասան ոչնչի: Շուտով խնդրոյ առարկայ թեմայով սկսեցին մտահոգութիւններ յայտնել եւ յայտարարութիւններով հանդէս գալ առանձին մտաւորականներ:

Այս ժամանակամիջոցում եւ հետագայում Վրաստանի կողմից արուած միակ «զիջումը»` Վրաստանի պետութեան ղեկավար Է. Շեւարտնածէի` «Վրացական պետութեան ղեկավարի` 1993թ. օգոստոսի 2-ի թիւ 93 հրամանագրով հաստատուած «Վրաստանի Հանրապետութեան շրջանի, քաղաքի պետական իշխանութեան եւ կառավարման տեղական մարմինների մասին» 1995թ. օգոստոսի 12-ին ստորագրած փաստաթուղթն էր, որի երկրորդ կէտով նշւում էր. «Վրաստանի Հանրապետութեան շրջանների, քաղաքների եւ գիւղերի պետական մարմիններում, կազմակերպութիւններում եւ հիմնարկներում թոյլ է տրւում այն լեզուների ազատ կիրառումը, որոնցից օգտւում է բնակչութիւնը»:

Այս ժամանակահատուածում իր ընթացքի վերջին փուլում եւս մի վերջին անգամ աշխուժանալով 1996թ. մարտի 9-ին գումարելով իր հերթական` 5-րդ խորհրդաժողովը` «Ջաւախք» ժողովրդական շարժումը դարձեալ հարց բարձրացրեց ինչպէս այլ, այնպէս էլ` խնդրոյ առարկայ ոլորտի հիմնահարցերի կապակցութեամբ: 1996 թ. մայիսի 5-ին վերջինիս նախաձեռնութեամբ Ախալքալաք քաղաքում տեղի ունեցաւ Ջաւախք տարածաշրջանի բնակչութեան ներկայացուցիչների բազմահազարանոց ժողով-հանրահաւաք, որի ժամանակ ընդունուած եւ երկրի ղեկավար Է. Շեւարտնածէին ուղարկուած բանաձեւում նշւում էր հետեւեալի մասին. «Այսօր մենք ուզում ենք ազատ զարգացնել մեր ազգային աւանդոյթները, մշակոյթը, սովորել հայոց լեզուն եւ հայոց պատմութիւնը, ինքնուրոյն ընդունել այն որոշումները, որոնք անհրաժեշտ են եւ կենսական նշանակութիւն ունեն մեր տարածաշրջանի բնակչութեան համար, այսինքն, մենք ուզում ենք տարածաշրջանում ստեղծել համապատասխան քաղաքական ինքնակառավարման ձեւ, որը կ՛ամրագրուի սահմանադրութեամբ»:

Ջաւախք տարածաշրջանում 1999թ. յունուարի 31-ին ծնունդ առած եւ իր բնոյթով համավրաստանեան ներկայացած «Վիրք» կուսակցութիւնը նոյնպէս իր սկզբունքային նպատակներից էր համարում «… ազգային փոքրամասնութիւնների լեզուի, հոգեւոր, մշակութային արժէքների, ազգային ու կրօնական սովորոյթների զարգացմանը նպաստելը»:

Իրենց բնոյթով հետաքրքրական են նաեւ 1998թ. ընթացքում «Ջաւախք» ժողովրդական շարժման «Ջաւախք» պաշտօնաթերթի համարներից մէկում տպագրուած` «Ջաւախքի կարգավիճակը (նախագիծ), Ջաւախքի տարածքային ինքնավարութեան ստեղծման հիմնաւորումը» եւ «Ջաւախքի ինքնավար հանրապետութեան ապագայ սահմանադրութեան հիմնադրոյթները» խորագրերով յօդուածների բովանդակութիւնները, որտեղ եւս փորձ է արուած բարձրաձայնել խնդրոյ առարկայ հիմնախնդրի մասին:

Հայոց լեզուին Ջաւախք տարածաշրջանում 2-րդ պետական լեզուի կարգավիճակ տալու պահանջով արդէն նոր դարաշրջանում հանդէս եկաւ Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիում գործող հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, որի կազմակերպած «Համարկում, բայց` ոչ ձուլում» նախաձեռնութեան երեք համաժողովներից երկրորդը ամբողջովին նուիրուած էր Ջաւախք տարածաշրջանի կրթամշակութային հիմնախնդիրներին: Տուեալ համաժողովում փաստւում էր այն մասին, որ Ջաւախք տարածաշրջանի «… կրթական ոլորտում կոպտօրէն խախտւում է Սամցխէ-Ջաւախքի հայութեան սեփական պատմութիւնը, լեզուն եւ մշակոյթը ուսումնասիրելու համընդհանուր ճանաչուած իրաւունքը (ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր կողմից ընդունուած` Կրթութեան բնագաւառում խտրականութեան դէմ հռչակագիրը, 1960թ., Վրաստանի սահմանադրութիւն, յօդուած 35, Օսլոյի յանձնարարականներ, կէտ 14, Լունտեան յանձնարարականներ, 1999թ., կէտ 18, Ազգային փոքրամասնութիւնների կրթական իրաւունքի Լա Հէյի յանձնարարականներ, 1966թ., կէտ 1, կէտ 9, Տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնութիւնների լեզուների Եւրոպական հռչակագիր, 1992թ., Ազգային փոքրամասնութիւնների եւրոպական շրջանակային հռչակագիր, 1995թ.)»:

Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի` 2007թ. յունիսին կազմուած հերթական` «Վրաստանի Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի տարածաշրջանների հայ բնակչութեան կացութիւնը բարելաւելու անյետաձգելիութիւնը եւ Վրաստանի պարտաւորութիւններն ու պարտականութիւնները Եւրոպայի խորհրդի առաջ» վերնագրով յուշագիրը, որտեղ բարձրաձայնւում էր նաեւ լեզուական, կրթական եւ մշակութային խնդիրների մասին, նոյն թուականի նոյեմբերի 27-ին խորհրդի ներկայացուցիչներ Արտակ Գաբրիէլեանի եւ Գրիգոր Մինասեանի կողմից յանձնուեց Վրաստանում գործող ՄԱԿ-ի եւ Եւրոմիութեան Վրաստանի խորհրդարանի խօսնակ եւ Վրաստանի նախագահի պաշտօնակատար Նինօ Պուրճանածէի գրասենեակներ, ինչպէս նաեւ` Վրաստանում Հայաստանի Հանրապետութեան եւ Միացեալ Նահանգների դեսպանատներ: Նշենք, որ Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի ներկայացուցիչների ջանքերով յուշագիրը ստորագրել էին Նինոծմինտայի, Ախալքալաքի, Ասպինծայի, Ախալցխայի, Պորժոմի, Ծալկայի եւ Մառնէուլիի հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, շրջանային քաղաքապետական պատգամաւորներ, դպրոցների հոգաբարձուների խորհուրդների նախագահներ եւ այլ պաշտօնատար անձինք, որոնց ընդհանուր թիւը հասնում էր մօտ 130-ի:

Նոյն 2007թ. Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը հանդէս եկաւ նոր նախաձեռնութեամբ: Նախաձեռնութիւնն իր առաջ խնդիր էր դրել հասնելու այն բանին, որ տարածաշրջանի սակրեպուլոներից (Շրջանային ժողով, օրէնսդիր մարմին)` Ախալքալաքի եւ Նինոծմինտայի սակրեպուլոները որոշում ընդունեն հայոց լեզուին տարածաշրջանային լեզուի կարգավիճակ տալու խնդրի առնչութեամբ: Նշենք, որ Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, յանձինս խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիէլեանի, վերոնշեալ հարցի կապակցութեամբ դիմել էր Նինոծմինտայի շրջանային Սակրեպուլոյին եւ ստացել մերժում: Ինչպէս նշում է այդ մասին Կումպուրտօ եւ Զրեսկ գիւղերից Ախալքալաքի Շրջանային Ժողովի (սակրեպուլոյի) պատգամաւոր, Ախալքալաքի սակրեպուլոյի Երիտասարդական ֆրակցիայի նախագահ Անդրանիկ Աբէլեանը, «այսօր մենք` սակրեպուլոյի 24 անդամներով (Ախալքալաքի սակրեպուլոյի անդամների ընդհանուր թիւը 32 է` Վ. Ս.) ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը պէտք է ներկայացուէր Վրաստանի խորհրդարան, եւ որում բարձրացւում էր Սամցխէ-Ջաւախք-ծալկայում հայոց լեզուն` որպէս տարածաշրջանում երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը: Բայց ինչ-ինչ պատճառներով այդ փաստաթուղթը մնում է սեղանին»: Ի՞նչ ճակատագիր ունեցաւ լեզուի կարգավիճակի մասին ստորագրուած փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը, որքան էլ զաւեշտալի է եւ մեր համար ամօթալի, պաշտօնապէս ոչ մի տեղ չի ուղարկուել, մնացել է Ախալքալաքի Շրջանային ժողովի դարակներում: Ի՞նչն է պատճառը: Բանը նրանումն է, որ չի կազմուել Շրջանային ժողովի նիստի համապատասխան արձանագրութիւնը, որի հիման վրայ այդ դիմում-փաստաթուղթը կը յանձնուէր վրացական պատկան մարմիններին: Եթէ չկայ համապատասխան որոշմամբ արձանագրութիւնը, իրաւաբանօրէն վաւեր չի ոչ մի որոշում: Իսկ թէ ինչո՞ւ չի կազմուել այդ արձանագրութիւնը, ոչ թէ շրջանային սակրեպուլոյի` նիստ չլինելու պատճառով է, այլ` նիստերի ընթացքում այդ կարեւոր հարցը օրակարգից անընդհատ հանելն ու միւս նիստ տեղափոխելը: Այդպիսի «տեղափոխումներն» ու «յետաձգումները» տեւեցին 6-7 ամիս` այնքան ժամանակ, մինչեւ որ այն մի գեղեցիկ օր հերթական անգամ օրակարգից հանուելուց հետ այլեւս ընդմիշտ չմտցուեց:

Այս պայմաններում Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը Վրաստանի իշխանութիւնների է յանձնել որոշման բնագիրը` Ախալքալաքի շրջանային սակրեպուլոյի պատգամաւորների 24 ստորագրութիւններով հանդերձ, որը, փաստօրէն, չի կարող ունենալ իրաւական ուժ եւ առանց համապատասխան նիստի արձանագրութեան` անվաւեր է:

Ահա սա է այն ամբողջական ուղին, որով ընթացել է Ջաւախք տարածաշրջանը` յանուն նրա, որ հայոց լեզուն հռչակուի տարածաշրջանում որպէս երկրորդ պետական լեզու:

Հ.գ. Անշուշտ, ջաւախահայութեան այս պայքարին են միացել նաեւ Երեւանում եւ արտերկրում գործող մի շարք կազմակերպութիւններ, պետական եւ հասարակական գործիչներ, որոնց գործերը նոյնպէս արժանի են յիշատակման, սակայն սոյն յօդուածով մեր առաջ խնդիր էինք դրել հիմնական գծերով արտացոլելու հայերէնին կարգավիճակի շնորհման շուրջ բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել բուն Ջաւախքում:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
«Միտք» վերլուծական կեդրոն»-ի
տնօրէն

«Թայմզ. ամ»

 

Share this Article
CATEGORIES