Թուրքիայի Պատմութիւնը` Ըստ Քիւրտ Պատմաբանի
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՒԵԱՆ
Ֆրանսայում լոյս է տեսել ծագումով քիւրտ պատմաբան Համիտ Պոզարսլանի «Թուրքիայի պատմութիւն. կայսրութիւնից մինչեւ մեր օրերը» գիրքը («Histoire de la Turquie. De l՛empire à nos jours», Hamit Bozarslan. Editeur: Tallandier, 590 p.):
Հեղինակը մեծացել է Թուրքիայում, ներկայումս ֆրանսահպատակ է: Նա իրեն համարում է «այլախոհ դպրոցի» ներկայացուցիչ, ինչպէս Հալիլ Պերքթայը կամ Թաներ Աքչամը: Քիւրտ պատմաբանի աշխատութիւնը հնարաւորութիւն է տալիս ամբողջապէս աւելի լաւ ըմբռնելու Օսմանեան կայսրութեան կազմաւորումը, բնոյթը եւ պատմական զարգացումները:
Հեղինակը 1908 թուականի երիտթուրքական յեղաշրջումը առանցքային իրադարձութիւն է համարում Թուրքիայի ժամանակակից պատմութեան երկու ժամանակահատուածների միջեւ: Նա երկրի պատմութիւնը դիտարկում է պատմական ընկերաբանութեան տեսանկիւնից, այն է` հասարակական, կրօնական եւ քաղաքական դէպքերի վերլուծութեամբ, քննելով մշակութային, աշխարհագրական եւ քաղաքական առումներով երկիրը ձեւաւորած խաչաձեւող ազդեցութիւնները:
Օսմանեան կայսրութեան մայրամուտին սկիզբ առած ազգայնական շարժումները դիտարկելով` հեղինակը յատկապէս կենտրոնանում է իթթիհատական շարժման գերիշխանութեանը յանգեցրած գործընթացի վրայ: Պոզարսլանն անդրադառնում է երիտթուրքական կառավարութեան իրականացրած Հայոց ցեղասպանութեանը, ինչպէս նաեւ քեմալականների կողմից Տերսիմի քրտերի եւ ալաւիների ոչնչացմանը: Հեղինակը փորձում է արեւմտահայերի բնաջնջումը բացատրել 19-րդ դարում տարածում գտած «բնական ընտրութեան» եւ «հասարակական տարուինիզմի» գաղափարների լոյսի ներքոյ:
Երիտթուրքական շարժման ղեկավարների եւ հայկական յեղափոխական կուսակցութիւնների հիացմունքով եւ միաժամանակ ատելութեամբ լի փոխյարաբերութիւններն արժանացել են պատշաճ ուշադրութեան: Հեղինակը մատնանշում է թուրքական ազգայնական շարժումները եւ Անատոլիայի ու Պալքանների քրիստոնէական յեղափոխական կոմիտէներին բաժանող անջրպետի գաղափարախօսական պատճառները. առաջիններն ազդուած էին եւրոպացի աջ ազգայնականների գաղափարախօսութիւններից, իսկ երկրորդները (հայեր, պուլկարներ, մակեդոնացիներ) Եւրոպայի ընկերվարական եւ մարքստական առաջադիմական մտքի ջատագովներն էին:
Գիրքը ուսուցողական հետազօտութիւն է եւ նախատեսուած է լայն հասարակայնութեան համար: Հեղինակը հանդէս է գալիս Թուրքիայում իսկական ժողովրդավարութեան հաստատման օգտին, իսկ դա ենթադրում է ցեղային, կրօնական եւ քաղաքակրթական իրաւունքների ճանաչում:
Փարիզ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

