Ամենաշատ «Մամուլի Գիշատիչները»` Ապհ Երկրներում. Իլհամ Ալիեւը Եւ Վասիֆ Թալիպովը` Ազրպէյճանից

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Նախիջեւանի նրա համախոհ ու ազգական Վասիֆ Թալիպովը այս տարի եւս ընդգրկուել են «Մամուլի գիշատիչներէ վարկանիշային ցուցակում, որը ամէն տարի մայիսի 3-ին` Մամուլի համաշխարհային օրը, հրապարակում է հեղինակաւոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը:  Ազրպէյճանի եւ Նախիջեւանի ղեկավարները այդ ցուցակում միասնաբար ընդգրկւում են արդէն երկրորդ տարին անընդմէջ:

Ազրպէյճանի պետական AZTV հեռուստաընկերութիւնը, որը հասանալի է արբանեակով, իր լուրերի ազրպէյճաներէն, ռուսերէն եւ անգլերէն թողարկումներում յիշեցրեց, որ մայիսի 3-ը Մամուլի համաշխարհային օրն է, սակայն ոչ մի բառ չասաց հայրենի «գիշատիչների»` Ալիեւի եւ Թալիպովի մասին: Փոխարէնը` հեռուստաընկերութիւնը նշեց այն «յաջողութիւնները», որին մամուլի ազատութեան ոլորտում հասել են «Ազրպէյճանի համազգային առաջնորդ Հայտար Ալիեւն ու նախագահ Իլհամ Ալիեւը»:

Այս տարի «Մամուլի գիշատիչներէ վարկանիշային ցուցակում ընդգրկուել են 39 կազմակերպութիւններ եւ գործիչներ` պետութիւնների ղեկավարներ, քաղաքական ու կրօնական առաջնորդներ, ովքեր, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութեան, մասնակից են  լրագրողների եւ մամուլի այլ աշխատակիցների սպանութիւնների, առեւանգման, հետապնդումների ու խոշտանգումների:

Հայաստանից, ինչպէս նախկինում, այնպէս էլ այս տարի, որեւէ պաշտօնեայ չի ընդգրկուել այդ անպատուաբեր ցուցակում: Այս տարուայ յունուարին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը հրապարակել էր աշխարհում մամուլի ազատութեան տարեկան զեկոյցը,  որում Հայաստանը 179 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը: Հայաստանի անմիջական հարեւան երկրներից Վրաստանը զեկոյցում 100-րդն էր, Թուրքիան` 154-րդը, Ազրպէյճանը` 156-րդը, Իրանը` 174-րդը:

Ամէնից շատ «Մամուլի գիշատիչներ» կան նախկին խորհրդային` ԱՊՀ հանրապետութիւններում: Ռուսաստանից այդ ցուցակում ընդգրկուել են երկրի նախագահ Վլատիմիր Փութինն ու Չեչենիայի առաջնորդ Ռամզան Քատիրովը, Պիելոռուսիայի նախագահ Ալեքսանտր Լուքաշենքոն, ինչպէս նաեւ Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետութիւններից երեքի` Ուզպեքստանի, Ղազախստանի եւ Թուրքմէնստանի նախագահներ Իսլամ Քարիմովը, Նուրսուլթան Նազարպայեւը եւ Կուրպանկուլի Պերտիմուհամետովը:  Քարիմովն ու Նազարպայեւը իրենց երկրները անընդմէջ ղեկավարում են 1991-ից, իսկ Լուքաշենքոն` 1994-ից:

«Մամուլի գիշատիչների» վարկանիշային ցուցակում ընդգրկուած յայտնի դէմքերից են Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մահմուտ Ահմատինեժատը, աֆղանական «Թալիպան» շարժման առաջնորդ մոլլա Օմարը, Սէուտական Արաբիայի թագաւոր Ապտալլա պըն Ապտելազիզ ալ Սէուտը, Սուրիայի նախագահ Պաշշար Ասատը, Հիւսիսային Քորէայի առաջնորդ Քիմ Չեն Ինը, Պահրէյնի թագաւոր Համատ պըն Իսա էլ Խալիֆան, Քուպայի նախագահ Ռաուլ Քասթրոն:

Այս տարի ցանկում ներառուել են հինգ նոր «գիշատիչներ»` Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը, Սուրիայում գործող «Ժապհաթ  Նուսրա» ժիհատական խմբաւորումը, Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպութեան անդամներն եւ աջակիցները, Փաքիստանի պելուճների զինուած խմբաւորումները եւ Մալտիվների կրօնական ծայրայեղականները: Նախորդ տարուայ համեմատ, այս տարուայ ցուցակից հանուել են չորս «գիշատիչներ»` Պաղեստինի «Համասն» ու Պաղեստինի Ինքնավարութեան անվտանգութեան ուժերը, պասքերի ԷԹԱ խմբաւորումը, Մեանմարի նախագահն ու Սոմալիի տեղեկատուութեան նախկին նախարարը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Քրիսթոֆ Տելորը յայտարարել է. «Մամուլի գիշատիչները աստիճանաբար աւելի աշխուժ են դառնում: Այսպէս` 2012-ին մամուլի նկատմամբ բռնութիւններն աննախադէպ մակարդակի են հասել եւ սպաննուել են մրցանշային թուով լրագրողներէ: Բոլոր «գիշատիչներին» բնորոշ ընդհանուր գիծը իրենց սեփական կարծիքն ու վստահութիւնն է այն հարցում, որ իրենք վեր են օրէնքից:

Այս տարի աւելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը Ազրպէյճանի իշխանութիւններին յորդորել էր անյապաղ ազատ արձակել ձերբակալուած չորս լրագրողներին` Հիլալ Մամետովին, Վուկար Ղոնաղովին, Զաուր Կուլիեւին եւ Աւազ Զէյնալիին:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը այս տարի իւրաքանչիւր «գիշատիչի անունից» նրանց սեփական արժանիքների մասին պատմող իւրատեսակ էսսէ է հրապարակել: Իլհամ Ալիեւի մասին պատմող էսսէում մասնաւորապէս ասւում է. «Ուղղակի կամ անուղղակի` ես վերահսկում եմ բոլոր հեռուստաընկերութիւնները: Մենք 2009-ից Ազրպէյճանի տարածքում արգելեցինք «Պի.Պի. Սի.»-ի, «Ազատութիւն» ռատիոկայանի եւ «Ամերիկայի ձայն»–ի հեռարձակումը, քանի որ նրանք փորձում էին անհանգստացնել մեզ: 2011-ին` «Արաբական գարնան» պատճառով,  Ազրպէյճանում տեղի ունեցան փողոցային բողոքի ցոյցեր, որոնք ինձ սարսափ պատճառեցին: Ես ձերբակալել տուեցի ընդդիմադիր պլոկերներին: Քանի որ մեր դրամարկղերը լցւում են նաւթատոլարներով, մենք անգամ կարիք չունենք կեղծ ժողովրդավարութեան խաղալէ:  Ալիեւի մասին պատմող էսսէի վերջում ասւում է. «Հայրիկս ինձ սովորացրել է, թէ ինչպէս պէտք է փակել այլախոհների բերանը»:

Վասիֆ Թալիպովը Իլհամ Ալիեւի մերձաւոր ազգականներից է եւ Նախիջեւանը ղեկավարում է 1995-ից ի վեր: Սեփական արժանիքների մասին պատմող էսսէում Թալիպովն ասում է, որ իր ընկերը` Իլհամ Ալիեւը, իրեն թոյլ է տուել մեկուսացուած Նախիջանը կառավարել այնպէս, ինչպէս կ՛ուզեմ: Ապա Թալիպովը շարունակում է. «Մեկնաբանները Նախիջեւանի Ինքնավար հանրապետութիւնը յաճախ անուանում են «Ազրպէյճանի Հիւսիսային Քորէա»: Կարծում եմ, որ նրանք չափազանցում են: Եթէ ես իմ ձեռքում եմ կենտրոնացրել ողջ իշխանութիւնը, ապա դրա պատճառն այն է, որ մեր խորհրդարանականները իսկապէս փափաքում են, որ ես հինգ տարին մէկ վերընտրուեմ: Բայց քաղաքականութիւնը ինձ համար ձանձրալի է: Որպէսզի փոխհատուցեմ բոլոր զոհողութիւնները, ես պարտաւոր եմ Նախիջեւանի ամենաեկամտաբեր պիզնեսները իմ մենաշնորհը դարձնել: Տեղական լրատուամիջոցները այլեւս չեն ասում բաներ, որոնք ես չեմ ուզում լսել: Նախիջեւանի երկու հեռուստաընկերութիւններից մէկը պետական է, միւսի տէրը իմ եղբայրն է: Պաքւում տպուող ընդդիմադիր թերթերը չեն հասնում Նախիջեւան: Հիմա ես պէտք է մի ձեւ գտնեմ, որպէսզի մարդիկ չկարողանան արբանեակով դիտել թուրքական հեռուստաընկերութիւնները»:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES